Thomas Eliot / Թոմաս Էլիոթ

Իսթ Քոուքըր



















I
Իմ սկզբի մեջ իմ վերջն է: Տները հաջորդաբար
Բարձրանում են և ընկնում, փշրվում, ընդարձակվում,
Քանդվում, ավերվում, վերականգնվում, կամ նրանց տեղում
Արդեն բաց դաշտ է, գործարան, շրջանցիկ ճանապարհ:
Հին քար` նոր շենքին, հին փայտ` նոր կրակին,
Հին կրակ` հին մոխրին, և մոխիր` հողին,
Որն արդեն մարմին է, մորթ ու գոմաղբ,
Մարդու և գազանի ոսկոր, ցողուն և տերև:
Տներն ապրում ու մեռնում են. կա կառուցելու ժամանակ,
Եվ ապրելու և սերունդի ժամանակ
Եվ ժամանակ՝ քամու համար՝ կոտրելու թուլացած փեղկը,
Եվ ցնցելու պանելը, որտեղ դաշտամուկն է վազում,
Եվ ցնցելու քրքրված գորգը` լուռ նշանաբանով հյուսված:

Իմ սկզբի մեջ իմ վերջն է: Հիմա լույսն ընկնում է
Բաց դաշտի վրա, թողնելով խորունկ շավիղը
Ճյուղերով ծածկված, մռայլ իրիկնամուտին,
Երբ հենվում ես ցանկապատին, որպեսզի սայլն անցնի,
Իսկ խորունկ շավիղն համառորեն տանում է քեզ
Դեպի գյուղամեջ` էլեկտրական շոգից
Հիպնոսացած: Տաքուկ կիսամշուշում գորշ քարը
Ոչ թե բեկում, այլ կլանում է լույսը հեղձուցիչ,
Գեորգենիները քնած են դատարկ լռության մեջ:
Սպասիր առաջին բվին:

                                              Այդ բաց դաշտում
Եթե շատ չմոտենաս, եթե շատ չմոտենաս,
Ամռան կեսգիշերին, կլսես երաժշտությունը
Թույլ փողի ու փոքրիկ թմբուկի
Եվ կտեսնես խարույկի շուրջը պարողներին -
Հաղորդակցումը տղամարդու և կնոջ`
Ամուսնություն խորհրդանշող շարժումներում.
Վեհասքանչ և պատշաճ հաղորդություն:
Զույգ-զույգ, որպես անհրաժեշտ մերձեցում,
Միմյանց ձեռք կամ բազուկ բռնած
Ինչը համաձայնության նշան է: Պտտվում են նրանք
Կրակի շուրջը, ցատկելով բոցերի վրայով, կամ շուրջպար բռնած,
Գեղջկորեն հանդիսավոր, կամ ծիծաղովգեղջկական
Բարձրացնելով կոպիտ կոշկավոր ոտքերը -
Հողե ոտքեր, կավե ոտքեր - գյուղական ցնծություն.
Ցնծությունը նրանց, ովքեր վաղուց հողի տակ են
Եվ արմատներ են սնում: Պահում են չափը,
Պահում են ռիթմը իրենց պարի մեջ
Ինչպես իրենց կենցաղում, տարվա եղանակներում
Չափն ու ժամանակը եղանակների և համաստեղությունների
Չափն ու ժամանակը կովկիթի և բերքահավաքի
Չափն ու ժամանակը տղամարդու և կնոջ զուգավորման
Նաև կենդանիների: Ոտքեր բարձրացող և իջնող:
Սնունդ և խմիչք: Գոմաղբ և մահ:

Լուսաբացը նշմարվում է, և մեկ այլ օր
Պատրաստվում է շոգին ու լռության: Ծովում արևագալի քամին
Կնճռոտվում է ու տեղապտույտ տալիս: Ես այստեղ եմ,
Այնտեղ, կամ այլուր: Իմ սկզբի մեջ:

II

Ի՞նչ է անում նոյեմբերը ցրտաշունչ
Գարնանային վրդովմունքին լուռումունջ
Էակներին որ լոկ գիտեն ամռան շոգ
Փաթիլներին` ոտքերի տակ լուռ փռված
Դեպի երկինք ձգվող վայրի մոլոշին
Գորշությանն այս` չորս բոլորը սփռված
Եվ վաղ ձյունով` նստած վարդի թևերին:
Փոթորիկը որ աստղերն են պտտել,
Բերում է մեզ պայծառ կառքեր հաղթական
Աստեղային պատերազմին միշտ ընտել
Կարիճն ահա հալածում է Արևին,
Արև, Լուսին իրենց դեմքերն են գոցում
Գիսաստղերը ահա լալիս են, կոծում
Որս են անում լեոնիդներն ահավոր
Սահմռկելի շրջապտույտը մի օր
Բերելու է այս աշխարհին հուր վառման
Մինչև որ այս սառույցները ջուր դառնան:

Կարելի էր և այսպես ասել, բայց սա բավարար չէ,
Շրջասական մի ուրվագիծ` քերթողական մաշված ոճով,
Որը գրողին թողնում է բառերի և իմաստների հետ
Անդիմանալի գոտեմարտի մեջ: Խնդիրը պոեզիան չէ:
Պարզապես (անդրադառնանք) սպասածը չիրականացավ:
Ո՞րն էր լինելու արժեքը հեռավոր ակնկալիքի,
Երկարատև հույսի՝ առ անդորր, աշնան պարզություն
Եվ ծերության իմաստնություն: Խաբե՞ն էին նրանք մեզ,
Մեղմաձայն ավագները, թե՞ իրենք իրենց խաբեցին,
Լոկ խաբկանքի ստացական կտակելով մեզ:
Պարզությունը` միայն միտումնավոր թմբիր,
Իմաստնությունը` միայն մեռյալ գաղտնիքների գիտելիք,
Անօգ` խավարում, որի մեջ նայեցին նրանք,
Կամ որից իրենց աչքերը շրջեցին: Մեզ թվում է որ
Փորձից ստացած գիտելիքի մեջ,
Լավագույն դեպքում, սահմանափակ մի արժեք կա.
Գիտելիքը պարտադրում է կաղապար և կեղծում է,
Քանզի կաղապարը նոր է յուրաքանչյուր պահի մեջ,
Իսկ յուրաքանչյուր պահ նոր է և ցնցող
Գնահատական` մեր ապրած անցյալի: Մենք խաբված չենք
Նրանից որ, խաբելիս, այլևս անվնաս է:
Մեջտեղում, ոչ միայն ճամփի մեջտեղում,
Այլև ամբողջ ճամփին, մթին անտառում, մոշի բացատում,
Զառիթափի եզրին, որտեղ չկա ապահով հենակետ,
Ճիվաղների սպառնալիքի և երևակայական լույսերի ներքո՝
Դյութանքի վտանգի տակ: Ուզում եմ լսել
Ոչ թե ծերերի իմաստության, այլ հիմարության մասին,
Նրանց՝ ահից ու մոլուցքից ահի, նրանց՝ հարստությունից ահի մասին,
Ուրիշին, ուրիշներին, կամ Աստծուն պատկանելու մասին:
Միակ իմաստությունը որ կարող ենք ձեռք բերել
Խոնարհության իմաստությունն է. անսահման է խոնարհությունը:

Բոլոր տները ծովի տակ են հիմա:

Բոլոր պարողները պառկած են բլրի տակ:

III

Խավար խավար խավար: Նրանք ոտք են դնում խավարի մեջ,
Միջաստեղային դատարկության մեջ, դատարկը դատարկի մեջ,
Նավապետները, առևտրականները, ակնառու ուսյալները,
Արվեստի շռայլ մեկենասները, հանրային գործիչներն ու տիրակալները,
Կարկառուն քաղծառայողները, հանձնաժողովների նախագահները,
Արդյունաբերության տերերը, չնչին կապալառուները՝ դեպի խավար,
Խավար Արևն ու Լուսինը, «Գոթական տարեգիրքը»,
«Stock Exchange Gazette»-ը, «Տնօրենների տեղեկատու»-ն,
Սառը զգայարանն ու գործողության կորած շարժառիթը:
Եվ մենք գնում ենք նրանց հետ, դեպի թաղումն անձայն,
Ոչ մեկի թաղումը, քանզի ոչ մեկը չկա թաղելու:
Ես ասացի հոգուս. հանգիստ եղիր, և թող խավարն իջնի քեզ վրա,
Որն Աստծո խավարը պիտի լինի: Ինչպես, թատրոնում,
Մարում են լույսերը` տեսարանը փոխելու համար,
Թևերի սնամեջ թնդյունով, հանց խավարի շարժում՝ խավարի վրա,
Եվ մենք տեսնում ենք թե ինչպես են գլորվելով հեռանում բլուրներն
Ու ծառերը, հեռավոր տեսարանն ու տան ճակատը պատկառազդու
Կամ ինչպես ստորգետնյա գնացքում, որ կանգ է առնում
երկու կայարանների միջև
Իսկ զրույցը բարձրանում և տարրալուծվում է լռության մեջ,
Եվ դու դեմքերի ետևում տեսնում ես խորացող մտավոր անդունդը
Որ ոչնչի մասին մտածելու ահագնացող սարսափ է թողնում միայն.
Կամ հանց հիպնոսում, երբ միտքը գիտակից է, բայց գիտակցում է ոչինչ.
Ասացի ես հոգուս. Հանգիստ եղիր և սպասիր առանց հույսի,
Քանզի հույսը մեր սպասածի համար չէ. սպասիր առանց սիրո,
Քանզի սերը մեր սպասածի համար չէ. կա նաև հավատ,
Բայց հավատը, սերն ու հույսը միայն սպասման մեջ են:
Սպասիր առանց մտքի, քանզի դու պատրաստ չես մտքի համար.
Այսպես խավարը լույս կլինի, իսկ անշարժությունը` պար:
Վազող աղբյուրների շշունջ, ձմեռային կայծակ:
Աներևույթ վայրի ուրցն ու ելակը վայրի,
Ծիծաղը պարտեզում, գտնված զմայլանքի արձագանքը
Մատնանշում են հրամայաբար
Հոգեվարքը մահվան ու ծննդի:

                           Ասում եք թե ես կրկնում եմ
Այն ինչ ասել եմ արդեն: Ես կասեմ նորից:
Ասե՞մ նորից: Որպեսզի ժամանեք այնտեղ,
Որտեղ գտնվում եք, հեռանալու այնտեղից որտեղ չկաք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկա զմայլանք:
Որպեսզի հասնեք այն բանին ինչ չգիտեք,
Դուք պետք է գնաք անգիտության ճանապարհով:
Որպեսզի ունենաք այն ինչ չունեք,
Դուք պետք է գնաք չունևորության ճանապարհով:
Որպեսզի դառնաք այն ինչ չեք,
Դուք պետք է գնաք մի ճանապարհով որտեղ չկաք:
Եվ այն ինչ չգիտեք` ձեր միակ գիտեցածն է,
Եվ այն ինչ ունեք` ձեր միակ չունեցածն է,
Եվ ձեր գտնված վայրն այն տեղն է որտեղ դուք չկաք:

IV

Վիրաբույժը վիրավոր ահա պողպատն է վերցնում,
Որ զննում է անընդհատ մարմնի մասը խանգարված,
Արյունածոր ձեռքի տակ մենք զգում ենք ու տեսնում
Դարմանողի արվեստի թե՛ կարեկցանք, թե՛ հարված,
Որոնք լուծում են այդպես տենդի ամեն առեղծված:

Նա է առողջ կատարյալ, ով հիվանդ է մահացու,
Եթե անսանք մահացող բուժքրոջը ամեն օր.
Մեզ բուժելու համար չէ քույրը դարձել հոգածու,
Այլ` որպեսզի հիշեցնի մեզ անեծքը նախահոր,
Թե՝ որպեսզի լավանա՝ վերքը պիտի դառնա խոր:
Մոլորակը բովանդակ հիվանդանոց է՝ կախված
Որ ապրում է հարուստի օգնությունից մշտական.
Այնտեղ եթե հնազանդ ու խելոք ենք, անկասկած
Կմահանանք ապահով խնամքի տակ հայրական,
Որ մեզ երբեք չի լքի, այլ արգելք է տարրական:

Սառնությունը ոտքերից բարձրանում է ծնկներին,
Տենդն է երգում անդադար լարերի մեջ մտավոր,
Եվ որպեսզի ջերմանամ` պիտի սառչեմ ես կրկին
Քավարանի սառնորակ կրակներում ամեն օր,
Որտեղ բոցը վարդ է ալ, ծուխը` փշեր ճյուղավոր:

Կաթկթացող արյունը մեր խմիչքն է մշտական,
Իսկ արյունոտ մարմինը` մեր սնունդը դառնալի,
Բայց հակառակ ամենի` մտածում ենք ինքնակամ,
Թե առողջ ենք լիովին, միս ու արյուն ենք կարի,
Բայց և այնպես ուրբաթը անվանում ենք միշտ «բարի»:

V

Ուրեմն հասա այստեղ` ճամփի կեսին, քսան տարին թողած ետևում,
Անտեղի վատնած տարիներ` l’entre deux guerres.
Փորձելով բառեր գործածել, և ամեն մի փորձ
Բոլորովին նոր սկիզբ է, բոլորովին այլ պարտություն.
Մենք միայն սովորեցինք հաղթահարել բառերն այն բանի համար
Ինչն ասվելու չէ այլևս, կամ երբ այլևս
Ինքներս տրամադրված չենք ասելու: Արդ, ամեն խիզախում
Մի նոր սկիզբ է, գրոհ նրա վրա ինչ անարտահայտելի է,
Աղքատիկ մի զենքով, որ վատթարանում է միշտ
Զգացմունքի անճշտության խառնաշփոթի,
Հույզերի անվարժ դասակների մեջ: Եվ ինչ կա նվաճելու
Ուժով և հպատակությամբ` արդեն հայտնագործված է
Մեկ, երկու, կամ բազմաթիվ անգամ, մարդկանց կողմից,
Որոնց հետ անհնար է մրցել (թեպետ չկա մրցակցություն).
Կա միայն պայքար` վերադարձնելու այն ինչ կորել է,
Գտնվել ու կորել նորից ու նորից. հանգամանքների ներքո որոնք
Հիմա աննպաստ են թվում: Բայց միգուցե ոչ գյուտ ոչ կորուստ:
Կարող ենք միայն փորձել: Մնացյալի հետ մենք գործ չունենք:
Տունն այն վայրն է որտեղից ճանապարհվում ենք: Մինչ
Ծերանում ենք, աշխարհը դառնում է ավելի օտար,
Ողջերն ու մեռյալներն` ավելի բարդ: Ոչ թե լարված
Ակնթարթը մեկուսի, առանց «հետո» և «առաջ»,
Այլև ամբողջ մի կյանք որ վառվում է ամեն վայրկյան
Ոչ կյանքը միայն մեկ մարդու
Այլև հին քարերի որոնք վերծանել հնարավոր չէ:
Ժամանակ կա երեկոյի համար` աստղալույսի տակ
Ժամանակ երեկոյի համար` լուսամփոփի ներքո
(Երեկո` լուսանկարների ալբոմի հետ):
Սերն այն ժամանակ է ամենից շատ սեր
Երբ այստեղն ու հիման այլևս իմաստ չունեն:
Ծեր մարդիկ պարտավոր են հետախույզներ լինել
Այստեղ թե այնտեղ` նշանակություն չունի
Մենք պարտավոր ենք հանգիստ լինել և հանգիստ շարժվել
Դեպի մեկ այլ լարվածություն
Հետագա միության, ավելի խոր հաղորդության համար
Երբ անցնենք մթին ցրտի, դատարկ միայնության,
Ալիքի կանչի, քամու կանչի, մրրկահավի և ծովախոզի
Անծիր ջրերի միջով: Իմ վերջի մեջ իմ սկիզբն է:

թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի