թոմաս էլիոթ / thomas eliot

թոմաս էլիոթը և նրա երկրորդ կինը՝ վալերին
Դրայ Սալվեյջիս















I
Շատ բան չգիտեմ աստվածների մասին, բայց կարծում եմ որ գետը
Մի զորեղ դարչնագույն աստված է` մռայլ, անընտել և անհնազանդ,
Չափավոր համբերատար, նախ` որպես սահման ճանաչված,
Օգտավետ, անվստահելի՝ որպես տեղափոխման միջոց,
Հետո` լոկ խնդիր՝ կամուրջ կառուցողի համար:
Երբ լուծվում է խնդիրը, քաղաքաբնակ մարդիկ մոռանում են
Դարչնագույն աստծուն, որը, սակայն, հար անփոխարինելի է:
Նա իր եղանակներն ունի, իր զայրույթը` ավերելու և հիշեցնելու
Այն, ինչ մարդիկ գերադասում են մոռանալ: Արհամարված
Մեքենայի երկրպագուների կողմից, բայց սպասող, արթմնի սպասող:
Նրա ռիթմը ներկա էր մանկան ննջասենյակում,
Ապրիլյան պարտեզի փարթամ դրախտածառի մեջ,
Աշնանային սեղանին դրված խողողի բուրմունքի մեջ, և ձմեռային
Գազալամպի շուրջը խմբված մարդկանց մեջ:

           Մեր մեջ է գետը, ծովը` մեր շուրջը.
Ծովը նաև ցամաքի եզրն է, գրանիտը,
Որին հասնում է նա. ծանծաղուտը, որտեղ նա շպրտում է
Ակնարկներ ավելի վաղ և ուրիշ արարման`
Աստղաձուկ, խեցգետին, կետի ողնաշար.
Ջրափոսերը, որտեղ, մեր հետաքրքրասիրությունը շարժելու համար,
Առաջարկում է մեզ նրբին ջրիմուռ և ծովային հողմածաղիկ:
Մեր կորուստներն է նա շպրտում՝ պատռված ցանցը,
Ծովախեցգետնի ճաքած կաթսան, թիակը կոտրված
Եվ ոսկորներն օտար մեռյալների: Ծովը բազում ձայներ ունի,
Բազում աստվածներ և բազում ձայներ:
Փշավարդենու վրա աղն է նստած,
Մշուշը` եղևնիների մեջ:

                                                    Ծովի ոռնոցը
Եվ ծովի կաղկանձը տարբեր ձայներ են,
Որոնք հաճախ միասին են լսվում. վնգստոցը` հանդերձանքի մեջ,
Խոյանքն ու շոյանքն ալիքի, որը կոտրվում է ջրի վրա,
Հեռավոր շառաչը` գրանիտե ատամների մեջ
Եվ ողբացյալ զգուշացումը մոտեցող հրվանդանից՝
Բոլորը ծովի ձայներ են` թե՛ բարձրացող
Ալեկոծությունը, թե՛ ճայը.
Իսկ լռակյաց մշուշի ճնշման ներքո
Ղողանջող զանգը
Ժամանակն է չափում ոչ մեր ժամանակը, անհողմ
Մեռյալ ծփանքի վրա, ժամանակ,
Որն ավելի հին է քան ժամանակաչափը, ավելի հին
Քան անհանգիստ կանանց հաշված ժամանակը
Ովքեր արթուն պառկած` գալիքն են հաշվարկում,
Փորձելով հետ հյուսել, հետ կծկել, հետ խճճել
Եվ կտոր-կտոր հավաքել անցյալն ու ապագան,
Կեսգիշերի և լուսաբացի միջև, երբ անցյալը միայն խաբկանք է,
Ապագան` անապագա, առավոտյան հերթապահությունից առաջ
Երբ ժամանակը կանգ է առնում և ժամանակն անվերջ է.
Իսկ անհողմ ծփանքը, որ է և էր ի սկզբանե,
Հնչեցնում է
Զանգը:

II

Որտե՞ղ է նա վերջանում` կսկածալի ողբն անձայն,
Աշնանային ծաղիկի թառամումը անշշուկ,
Որ թերթիկներ է թափում և մնում է միշտ անշարժ.
Կամ որտե՞ղ է վերջանում ծովի ամեն մի բեկոր,
Եվ աղոթքը հողմածեծ ափին ընկած ոսկորի -
Աղոթքն անաղոթելի՝ ավետումի ժամանակ:

Վերջ չկա, այլ հավելում. հետապնդող մեղմաձայն
Օրերի և ժամերի հետևանքներ լոկ անշուք,
Մինչ զգացմունքն է խլում անզգացմունք ու անվարժ
Տարիները, որոնց հետ գլորվելով ամեն օր,
Հավատացել ենք անխոս ու կարծել ենք հուսալի,
Հետևաբար` շատ հարմար հրաժարման բեռան տակ:

         Կա վերջնական հավելում, հպարտություն տարաձայն
Եվ ձախողվող վրդովմունք` ուժի վրա ընկած շուք,
Նվիրազուրկ թվացող խորթ նվիրում մի չարքաշ
Եվ լողացող մի նավակ, որը ջուր է թողնում խոր
Եվ անբարբառ ունկնդրում` ավետումի խուլ զանգի
Անժխտելի բողոքին՝ դարձած անզոր հպատակ:

Ո՞ւր է վերջը. ձկնորսներն հետևում են միաձայն
Քամու պոչին, ուր մշուշը կծկվում է անշշուկ.
Չենք մտածում մենք անծով ժամանակի մասին վարժ,
Ծովի մասին, որ հավետ անապական է և խոր,
Նաև` անհայտ գալիքի, որը հակված չէ երբեք
Անցյալի պես չունենալ մի վերջնական նպատակ:

Ստիպված ենք սա կոչել մի դատարկում տարաձայն,
Տեղադրում և ձգտում, մինչ իջնում է հողմն անշուք
Ծանծաղ ափին, որ հավետ անփոփոխ է և անմաշ,
Կամ չորացնում է քամին առագաստներ մեղմօրոր
Եվ չի մեկնում ոչ մի տեղ ճամփորդության ծանրակիր,
Չի դիմանում նա ծովի քննությանը անհատակ:

Չի վերջանում ոչ մի տեղ կսկծալի ողբն անձայն,
Չի վերջանում ծաղիկի թառամումը անշշուկ՝
Անանց ցավի շարժումը, որ անցավ է ու անշարժ,
Ծովի ընթացքն անվրդով, նրա ամեն մի բեկոր,
Ոսկորի աղոթքն Աստծուն՝ Մահին: Հազիվ լսելի,
Աղոթելի աղոթքը՝ Ավետումի ժամանակ:

Երբ ծերանում ենք, թվում է, թե անցյալը
Այլ կաղապար ունի և այլևս լոկ հերթականություն չէ,
Կամ նույնիսկ առաջընթաց, վերջինս` մասնավոր մի մոլորություն,
Բարեշրջության մակերեսային պատկերացումներից է քաջալերվում,
Որը, հանրային մտքում, դառնում է անցյալը ժխտելու միջոց:
Երջանկության պահերը - ոչ զգացումը բարեկեցության,
Այլ ձգտումների իրականացումը, ավետումը, ապահովությունն ու սերը,
Կամ նույնիսկ համեղ ճաշը, բացի հանկարծական լուսավորումը...
Ապրեցինք այդ ամենը, սակայն իմաստը բաց թողեցինք,
Իսկ վերաիմաստավորումն այլ կերպ է վերականգնում
Ապրած այդ պահը, որը, ցանկացած իմաստից անդին,
Կարող ենք վերագրել երջանկությանը: Ես ասել եմ արդեն,
Որ իմաստի մեջ անցյալի փորձի վերածնունդը
Սոսկ մեկ կյանքի փորձությունը չէ, այլ
Բյուր սերունդների - չմոռանալով
Մի բան, որ հավանաբար անպատմելի է.
Հետադարձ հայացքը` արձանագրված պատմության
Հավաստիացման հետևում, հպանցիկ հայացքը
Ուսի վրայով՝ նախնադարյան սարսափին ուղղված:
Արդ, սկսում ենք ըմբռնել, որ ակնթարթները հոգեվարքի
(Թյուրիմացության, սխալ բան
Հուսալու թե սխալ բանից սարսափելու պատճառով`
Նշանակություն չունի) նույնքան հարատև են,
Որքան ժամանակը: Սա ավելի լավ ենք հասկանում
Ուրիշների հոգեվարքը դիտելիս, երբ գրեթե ապրում ենք այդ պահը
Եվ գրեթե նույնանում նրանց:
Քանզի մեր անցյալը գործողության հոսանքներով է պատված,
Բայց ուրիշի տառապանքը մնում է մի փորձ`
Հետագա շփումին անհաղորդ և անմասն մնացած:
Մարդիկ փոխվում են, ժպտում, իսկ ցավը մնում է:
Կործանիչ ժամանակը պահպանիչ ժամանակն է;
Ինչպես մեռած սևամորթներով ու անասուններով բեռնված մի գետ,
Դառը խնձոր և խնձորի պատառ,
Խորդուբորդ մի ժայռ` անհանգիստ ջրերում,
Որոնց ալիքներն են լվանում, մշուշը` թաքցնում.
Երբ օրն անդորր է՝ այն լոկ հուշարձան է,
Նավարկելի եղանակին` միշտ առափնյա նշան`
Ճամփան ցույց տվող, բայց մռայլ եղանակին
Կամ հանկարծական ցասման պահին` այն է, ինչ միշտ է՛ր:

III

Երբեմն հարցնում եմ ինձ` արդյոք Քրիշնան սա՞ նկատի ու ներ,-
Այլ մտքերից բացի,- կամ միևնույն մտքի մեկնումներից մեկը չէ՞ սոսկ,
Որ անցյալը թախծոտ ափսոսանքի մի խամրած մի երգ է, Արքայական
Վարդ, կամ նարդոսի ճյուղ՝ նրանց համար, ովքեր չեն ափսոսում,
Երբեք չբացված միգրքի դեղին թերթերի արանքում սեղմված:
Իսկ ճամփան վեր` ճամփա է վար, ճամփան առաջ` ճամփա է հետ:
Անհնար է սա անվերջ դիմակայել, բայց հաստատ է մի բան.
Ժամանակը բժիշկ չէ երբեք. հի անդն այլևս այս տեղ չէ:
Երբ գնացքը շարժվում է, և ուղևորները տեղավորվել են
Մրգի, ամսագրերի և պաշտոնական նամակների դիմաց
(Իսկ նրանց ճանապար հողները լքել են կառամատույցը),
Թեթևանում է նրանց դեմքի թախիծը
Հարյուրավոր ժամերի քնատ ռիթմի ներքո:
Հառա՜ջ, ճամփորդներ, առանց փախչելու անցյալից,
Դեպի տարբեր կյանքեր, կամ ցանկացած ապագա.
Դուք նույն մարդիկ չէք, ովքեր թողեցին կայարանը,
Կամ ովքեր կհասնեն վերջին կանգառին,
Մինչ նեղացող գծերը սահում են ձեր թիկունքում:
Իսկ աղմկոտ շոգենավի տախտակամածին կանգնած,
Դիտելով ակոսը, որ լայնանում է ձեր թիկունքում,
Դուք չեք մտածի, թե «անցյալը վերջացավ»,
Կամ «մեր առջև ապագան է»:
Գիշերամուտին, սարքերի մեջ մեքենայական,
Մի ձայն է երգում (բայց ոչ ականջին`
Ժամանակի շշնջաձայն խեցուն, ոչ որևէ լեզվով).
«Հառա՜ջ, դուք, որ կարծում եք, թե նավարկում եք,
Դուք նույն մարդիկ չեք, ովքեր տեսան
Հեռացող նավահանգիստը, կամ ովքեր կիջնեն ափ:
Այստեղ` այս և հեռավոր ափի միջև,
Մինչ ետ է քաշվել ժամանակը, նայիր ապագային
Եվ անցյալին առանց խտրության:
Կգա մի պահ, որը ոչ շարժում է, ոչ անշարժություն,
Երբ դու սա կստանաս. «կեցության որ ոլորտի վրա էլ
Մարդու միտքը սևեռված լինի
Մահվան ժամին» - սա է այն գործողությունը
(Իսկ մահվան ժամը ամեն ակնթարթ է)
Որ պտուղ կտա կյանքերի մեջ ուրիշների:
Մի մտածիր շարժման պտուղի մասին:
Հառա՜ջ:

                          Ով ծովագնացներ, ով նավազներ,
Դուք որ հասաք նավահանգստին, և դուք որոնց մարմինները
Կրելու են դատն ու դատաստանը ծովի,
Կամ ցանկացած բան` սա է ձեր ժամանումի իսկական վայրը»:
Ահա Քրիշնան, որ հորդորեց Արջունային
Ռազմի դաշտում:
                                               Ոչ թե գնաք բարով,
Այլ հառա՜ջ, նավազներ:

IV

         Տիրուհի, ում տաճարը հրվանդանի վրա է,
Աղոթիր նրանց համար, ովքեր ծովում են,
Ում գործը ձկների հետ է, և
Ովքեր գործ ունեն օրինավոր առևտրի հետ,
Եվ ովքեր առաջնորդում են նրանց:

          Կրկնիր մի աղոթք նաև կանանց
Անունից, որոնց որդիներն ու ամուսինները
Հեռացել են և չեն վերադարձել.
Figlia del tuo figlio,
Երկնքի Թագուհի:

          Աղոթիր նաև նրանց համար, ովքեր նավի մեջ էին
Եվ ավարտեցին իրենց ուղին ավազի վրա, ծովի շուրթերին,
Կամ մթին երախում, որը չի մերժի նրանց,
Կամ այլուր, որտեղ չի հասնի նրանց ծովի զանգի
Հավիտենական ծեսը:

V

Մարսի հետ հաղորդակցվելու համար` խոսեք ոգիների հետ,
Ծովահրեշի վարքը մեկնելու համար
Նկարագրեք բախտացույցը, մարգարեացեք, գուշակեք բյուրեղով,
Հիվանդություն տեսեք ստորագրություններում, կարդացեք
Կենսագրություններ ձեռքի ափի գծերում
Եվ ողբերգություն՝ մատերում, չար նշաններ տեսեք
Գուշակությամբ, տեյի տերևներով, գտեք անխու սափելին
Խաղաթղթերով, դատարկաբանեք հնգանկյուն աստղի,
Բարբիտուրաթթվի հետ, հերձեք
Կրկնվող պատկերն ու նախագիտակից սարսափներ ստացեք`
Զննելու արգանդը, գերեզմանը, երազները. այս ամենն առօրեական
Ժամանցներ են ու թմրադեղեր, մամուլի հոդվածներ,
Եվ միշտ կլինեն, մի քանիսը` հատկապես,
Երբ կա ազգերի տառապանք և անհանգստություն`
Ասիայի ափերին թե Էջվըր Րոուդում:
Մարդու հետաքրքրասիրությունը զննում է անցյալն ու ապագան
Եվ կառչում այդ ծավալից: Բայց անժամանակյա պահի
Եվ ժամանակի տրամախաչման կետն ըմբռնելը
Սրբերի զբաղմունքն է, այսինքն՝ ոչ թե զբաղմունք,
Այլ մի բան, որ տալիս ու վերցնում են,
Երբ մեռնում է կենաց ժամանակը` սիրո,
Եռանդի, եսասիրության և ինքնահանձնման մեջ:
Շատերիս համար գոյություն ունի միայն անխնամ
Պահը` ժամանակի մեջ և ժամանակից դուրս,
Մտացրության նոպան, որ կորչում է արևաշողի մեջ,
Աներևույթ վայրի ուրցը, ձմեռային կայծակը,
Ջրվեժը, երաժշտությունը, որն այնքան խորն ենք լսում,
Որ դառնում է անլսելի, բայց մինչ այն տևում է`
Ինքդ ես երաժշտություն: Սրանք լոկ ակնարկներ և կռահումներ են,
Ակնարկներին հաջորդող կռահումներ. մնացյալը
Աղոթք է, ծես, կարգ, միտք և գործք: Կիսով
Կռահված ակնարկը, կիսով հասկացված ընծան՝ է՛ Մարմնացում:

Այստեղ գոյության ոլորտների
Անհնարին միությունն իրական է.
Այստեղ անցյալն ու ապագան
Նվաճված են և հաշտեցված.
Այլապես գործողությունը կլիներ շարժում,
Մի բան, որ շարժվում է միայն
Եվ իր մեջ չունի շարժման աղբյուր`
Չար, անդրշիրիմյան ուժերից դրդված:
Ճիշտ գործողությունը ազատություն է
Անցյալից, նույնպես և ապագայից:
Շատերիս համար՝ սա է նպատակը,
Որը երբեք չենք ըմբռնի այստեղ.
Մենք, որ միայն անպարտ ենք,
Քանզի շարունակել ենք փորձել,
Մենք` բավարարված ի վերջո,
Երբ մեր դարձը ժամանակավոր
(Կարմրածառից ոչ շատ հեռու)
Սնի կյանքը կենարար հողի:

թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի
կարդալ նաև՝ Չորս Կվարտետ-ից