Հաղթանակը ուշ է գալիս
Հաղթանակը ուշ է գալիս,
Դիպչում սառող շուրթերին.
Ցրտահարված արդեն-
Անզգա.
Ինչքան քաղցր կլիներ այն,
Կաթիլը միայն.
Ժլա՞տ էր այդքան Աստված:
Բարձր է նրա սեղանը մեզ համար-
Ոտնաթաթերի վրա էլ՝ անհաս:
Փշրանքը փոքր բերանների համար է,
Շիկահավերի համար՝ կեռասը,
Արծիվներին խեղդում է ոսկի նախաճաշը:
Աստված ճնճղուկներին է հավատարիմ,
Որ քիչ սեր ունեն- քաղցել գիտեն:
Սիրտ իմ: Մոռանանք նրան
Սի՛րտ իմ: Մոռանանք նրան.
Դու և այս գիշերը:
Դու ջերմությունը նրա մոռացի՛ր,
Ես մոռանամ լույսերը:
Հենց մոռանաս, ասա՛,
Ես էլ սկսեմ:
Շտապի՛ր, քանի հապաղում ես,
Ես նրան եմ հիշում:
Գնալ երկինք
Գնալ երկինք
Չգիտեմ՝ երբ,
Աղոթել. մի՛ հարցրու
Չեմ կարող ասել
Քեզ՝ ինչպես:
Գնալ երկինք
Աղոտ է հնչում,
Բայց պետք է գնալ,
Ինչպես հոտն է բերում տուն
Հովիվը երեկոյան:
Երևի դու էլ ես գնում,
Ով գիտե՞:
Թե շուտ հասնես ինձնից
Մի փոքր տեղ պահիր
Այն երկուսի կողքում, ում կորցրեցի:
Սովորական մի <<շոր>> հերիք է ինձ,
Ու մի փոքրիկ <<պսակ>>.
Երբ տուն ենք մտնում մենք
Պետք չէ շքեղ հագուկապ:
Լավ է՝ չեմ հավատում,
Թե չէ շունչս կփչեր:
Ուզում եմ մի քիչ էլ
Այս զարմանալի երկիրն նայել:
Լավ է՝ նրանց ում
Այն օրը աշնան
Թողեցի հողին ու էլ չգտա-
Հավատում էին:
Ով չի գտել երկինք ցածում
Ով չի գտել երկինք ցածում-
Կձախողի նաև բարձրում.-
Ուր տեղավորվում ենք մենք,
Հրեշտակներն այնտեղ տուն են վարձում:
Սերն է կյանքից առաջ
Սերն է- կյանքից առաջ-
Մահից հետո-
Սկիզբն արարման,
Ցուցանմուշը հողի:
Ես ժամանակ չուենմ ատելու
Ես ժամանակ չունեմ ատելու,
Քանզի
Գերեզմանը պիտի ինձ ծածկի-
Կյանքը երկար չէ այնքան,
Որ թշնամանքով
Լցնենք այն:
Ժամանակ էլ չունեմ սիրելու,
Բայց քանզի
Մի բան պետք է անել-
Սերն է այն, որին
Կարող եմ
Ծառայել:
Ասում են. <<Ժամանակն է բուժում>>
Ասում են. <<Ժամանակն է բուժում>>-
Չի՛ բուժում ժամանակը,
Իրականում տառապանքն է ուժեղանում-
Ինչպես տարեցտարի՝ ջլերը:
Փորձություն է ժամանակը,
Ոչ թե՝ դարման,
Թե այդպես է, ասա՝
Հիվանդություն չկա:
Ամա՞ռ եք սիրում
Ամա՞ռ եք սիրում: Խնդրե՛մ:
Համեմունքնե՞ր: Այստեղից, ահա, առե՛ք.
Հիվա՞նդ եք: Հատապտուղներ ունենք ջերմի համար.
Հոգնա՞ծ եք: Արձակուրդներ կան.
Շվարա՞ծ եք: Խռովքին մանուշակագույն մի՛ տվեք.
Բանտո՞ւմ եք: Մենք կբերենք ձեզ վարդեր.
Ուշաթափվե՞լ եք: Օդ կներարկենք.
Մահվան դեմ նույնիսկ դեղ ունենք կախարդական:
Ի՞նչ եք ուզում սը՛ր:
Մեծ Փողոցները
Մեծ փողոցները տանում էին այնտեղ,
Որտեղ լռություն էր շուրջը համակ,
Ուր ո՛չ հիշատակ կար, ո՛չ մեղք,
Ո՛չ տիեզերք, ո՛չ օրենք:
Ժամն առավոտ էր, իսկ հեռվում
Զանգերն էին գիշերվա ղողանջում,
Բայց դարն ակունք չուներ այնտեղ-
Ժամանակն էր ցնդել:
Ես մահացա գեղցկության համար
Ես մահացա գեղեցկության համար.
Հազիվ էի գրեզմանիս մեջ հարմարվել,
Երբ մեկը, կողքիս գրեզմանից,
Որ ճշմարտության համար էր մահացել
Հարցրեց կամաց. <<Ի՞նչի մեռար>>:
<<Գեղեցկության համար>>:
<<Ես էլ՝ ճշմարտության,
եղբայրներ ենք>>-ասաց:
Խոսեցինք մենք ինչպես
Գիշերն հանդիպած հարազատներ-
Մինչ մամուռը մեր շուրթերին հասավ
Եվ ծածկեց անունները մեր:
թարգմանությունը՝ Հրեմինե Նվասարդյանի