Անահիտ Հայրապետյան / Anahit Hayrapetyan
















ֆրանկֆուրտ մայնի վրա


անծանոթ քաղաքում
որի նորեկ բնակիչն եմ ես 
միայնության ամենակուլ հարձակումից
պատուհանից ներս թափվող լույսը չի պաշտպանում
այստեղ էդ լույսը շատ հազվադեպ է հատկապես ձմռան խուլ ամիսներին 
այստեղ դու ավելի մենակ ես քան հնարավոր է
ինքդ քեզ այդքան մոտ լինելուց վախեցած

ես եմ ու անծանոթ քաղաքը 
ով ինձ կամաց-կամաց իր գիրկն է առնում
ոչ այնքան գորովագութ մոր 
ոչ այնքան մերժող
ոչ այնքան կարեկցող կամ ընկերական 
իր գիրկն է առնում հենց այնպես
արտասովոր համերաշխությամբ
իր հզոր ձեռքերով 
գրկում մեջքս`
արի պարենք
ասում է վավաշոտ աչքերը վրաս սևեռելով
իսկ երկիրս հեռվում մնաց 
իր ներսում վառվող կրակները ուրիշների համար են
իսկ երկիրս անտեր մնաց
իր ներսում մարող կրակները ինձ համար չեն

երգս 
պանդխտության մասին չի 
ես պանդուխտ հոր զավակ եմ 
չորսից մեկը 
որ մորս հուսահատ հովանու ներքո մեծացանք
մերս չէր ուզում որդիք պանդուխտ դառնան
դարձանք
կալինինգրադ 
ֆրանֆուրտ մայնի վրա
երկու դեպքում էլ բավական պոետիկ է հնչում

ֆրանկֆուրտ մայնի վրա
ու չորս
զեկբախեր լանդշտրասե 
բորնհայմ 
չորս ժամ գնացքային հեռավորություն երազների քաղաք փարիզից ու շագայից
չորս ու կես ժամ գնացքային հեռավորություն առնական բեռլինից
ութ ժամ օդանավային հեռավորություն կրակների քաղաք երևանից...
ֆրանկֆուրտ մայնի վրա
երրորդ հարկի պատուհաններիս միջից շուտով կհայտնվի ձմեռ պապը
կատարինեին ու գրիգորին նվերներ բերելու 
կատարինեն նրան հալլոու կասի 
դե քանի որ ձմեռ պապն այսուհետ գերմանացի կլինի 

անծանոթ քաղաքում
որի նորեկ բնակիչն եմ ես 
միայնության ամենակուլ հարձակումից
պատուհանից ներս թափվող լույսը չի օգնում 
այստեղ էդ լույսը շատ հազվադեպ է հատկապես ձմռան խուլ ամիսներին 
այստեղ ես մենակ եմ ավելի քան հնարավոր է
ինքս ինձ այսքան մոտ լինելուց վախեցած
անծանոթ քաղաքում 
աշնան տերևաթափին դիմանալը հեշտ չէ 
ծառերի դեղինն անսովոր գեղեցկություն ունի 
գետի սվվոցը 
մոլեգնող գեղեցկությունը երեկոյան պերճալույս ժամերին 
բազում երեխաների ճիչերը շքեղ կարուսելներից
բազում բազում եռանկյուն տանիքները 
որոնց միջով ամեն օր անցնելիս փնտրում եմ ավելի վրա թռչող կախարդ տատին
որ ինձ տուն տանի


ճաշկերույթ


ես մեծ չափերով կին լինեմ 
գդալն ու շերեփը ձեռքիս
խոհանոցի գոլորշիներով շպարված
ուտելիքների հետ պար բռնեմ
լիքը տունս սոված ինձ սպասի 
երեխաներս, ամուսինս
գործից նոր տուն եկած 
հոգնած ոտքերը կոշիկներից հանի
ես վազեվազ երեխաներին դեսուդեն հրելով ճամփա բացեմ նրա համար
ճամփա դեպի սեղան 
ճամփա առհասարակ 
ու մենք միասին սեղան նստենք
տունը փոքր ու նեղ լինի 
լիքը մանր սենյակներով 
երեխաները տռուզ ու երջանիկ լինեն
ամուսինս
անգրագետ բանվոր 
վաստակած իր հանգիստը ստանալու իրավունքը մեկնվի անկողնին 
ու ես 
լիքը ու նեղ սենյակների լույսերն անջատելով
կանգնեմ նրա դիմաց
քանդելով խալաթիս յուղոտ կոճակները

սև գայլեր


դու երբեք չես էլ իմանա ինչ ա կատարվում իմ ներսում 
իմ ներսում ինչ ա կատարվում 
ոնց եմ ինքս իմ դեմ ծառս լինում ու ըմբոստանում քո ասածների դեմ
ոնց եմ ակնթարթորեն փլուզվում
դու երբեք չես իմանա
որովհետև դրանց մասին պատմելիս աննկարագրելի ցավ եմ ապրում 
որովհետև դրանց մասին պատմել հնարավոր չէ
դրանք տեսնել հնարավոր չէ
զգալն անհնար է

հիշում ես մայրամուտին երկնքում պտտվող սև կետերը
համառորեն պնդում էիր ծիծեռներ են
միգուցե սև աստղեր են թրև գալիս
միգուցե մեր դստեր խզբզած նավակներն են

դու կասես 
տարօրինակ կին ես
ինչ կարևոր են կետերը
ինչի համար են այդ կետերն ընդհանրապես
և ինչ կարևոր ա թե դրանք ինչ էին

ես կանգնել էի մայրամուտին սիրելիս
գլուխս ուսիդ դրած 
դու նայում էիր վեր միայն վեր 
պտտվող սև կետերին 

որ գուցե ագռավներ էին 
գուցե գայլեր էին 
գուցե ծիծեռներ էին 

ես տարօրինակ կին եմ սիրելիս 
որովհետև ես կարոտել եմ քեզ 
որովհետև կարոտել եմ գայլերին


լրիվ նոր նոթ


իմ պատուհանից քո պատուհան 
բան չի մնացել 
էդ ճանապարհն էլ կանցնեմ 
նվաղում եմ 
երբ սկսում ես հանվել 
շուտով ֆիլմ նայելու ժամանակն է
տունը կլցվի արհեստական երջանկությամբ
իսկ երջանկությունն այդպես էլ չի գա
ասելիք չունեմ 
իմ պատուհանից քո պատուհան 
մի պարան կկապեմ 
լվացք կփռեմ 
ինչ լավ է` 
այստեղ երեկոյան պատուհանները չեն ծածկում ծանր վարագույրները
ու նրանց հետևում տեղի ունեցող արարները 
լցնում են միայնության ժամերս
նվաղում եմ 
երբ սկսում ես հանվել...

կտրվող կոկորդ


ես աճում եմ իմ մեջ
արմատներս գցում եմ խորը
արմատներս խրում եմ խորը
արմատներս փաթաթում եմ սիրտ թոք արգանդ ներս ավելի խորը
երբեմն գալարվում եմ հաճույքից ցավի
երբեմն դիմանում մի կերպ
ճակատս քրտինք է կապում
երազը սառում է իմ մեջ

ես աճում եմ իմ մեջ
արմատներս գցում եմ ամեն անգամ ավելի խորը
արմատներս ուժեղ փաթաթում եմ սիրտ թոք արգանդ ներս ավելի խորը
կոկորդս մաշկս մարմինս...
հերիք ա
հերիք ա
ասում եմ
ինքդ քո մեջ
հերիք ա
ինքդ քեզնից հեռու
հերիք ա
ինքդ քեզ այդքան մոտ
ասում եմ
հերիք մնաս
հերիք ա մենակ մնաս

մաշկս աչքերս մարմինս
դանակը կտրում ա կոկորդս
մարդը դանակով կտրում ա կոկորդս
բոլորը նայում են
ես չկամ
մի քանի լուսանկար միայն
արմատներս թոշնում են իմ մեջ
խորը ավելի խորը գնալու տեղ չկա
մի քանի վայրկյան
ու էլ ոչինչ չկա
չի էլ եղել
չի էլ լինելու
քանի որ պատերազմում ամեն ինչ ավարտվում է անսահման բացակայությամբ

կտրվող կոկորդների
խռխռոցը բնակարանիս սպիտակ պատերին գալարվում
ես խեղդվում եմ իմ մեջ
ես արյան մի լճակ եմ

ճոճանակ


երկինքը պարանից կախված գնում գալիս ա 
գնում գալիս ա 
ես ճոճանակ եմ
տանում բերում եմ քո հայացքները 
տանում բերում եմ քո բառերը
տանում բերում եմ քո ուտելիքը 
լվացած-չորացած վերնաշապիկները
երեխաներիդ
ես գնում գալիս եմ
գնում գալիս եմ 
ես ճոճանակ եմ...

երկինքը թելերից կախված...

արի արի արի
ասում եմ ինքս ինձ 
արի ինձ հետ խաղա 
ասում եմ ինքս ինձ 
արի ինձ սիրի 
ասում եմ ինքս ինձ
արի ինձ գրկի 
ասում եմ ինքս ինձ
դու ճոճանակ ես 
ինքս` ինձ 
ձեռքերս 
վզիցս մինչև ոտքերիս բութ մատի ծայրը
խառնում են մազերս
դեմքս
աչքերս
դողը անցնում ա մարմնովս 
սիրում եմ սիրում եմ քեզ 
ասում եմ
շուրթերդ
մոտ բեր շուրթերդ
մարմնիս վրայով ներքև
սահում են ձեռքերս
քեզնից լավ ոչ մեկ չգիտի ինչպես ինձ սիրել
ասում եմ ինքս ինձ...
արցունքներդ աղի են
ասում եմ...
ինչքան ժամանակ մենակ թողեցի քեզ...

սպասում


թևերս կախ են ու տխուր
կածին չլիներ երևի մի երկու տոննա աղի արցունք էի թափել
դու ուշանում ես անընդհատ
ու ես երկար սպասում եմ
երկար երկար

ու քեզ սպասելն ինձ գունավորում է
թևերս կախ են ու տխուր
դու ուշանում ես անընդհատ
ու ես սպասում եմ քեզ
երկար երկար

բառերիս ուղին


հաճախ
չգիտեմ ինչից
կոկորդիս մեջ մի բան փակում ա ճանապարհը
որով բառերս հետուառաջ անելով
պատմում են իմ տրամադրության
կամ ուրիշների տրամադրության մասին
դրանք ուղի են փնտրում
վերջը լցվում աչքերիս մեջ
աչքերս չռվում են
դեմքս տգեղանում
շատ է տգեղանում 

գժանոց


հենց զգում եմ մենակ եմ 
ինձ ստիպում եմ նորից զգալ որ մենակ չեմ 

ներսից դուրս


ներսից դուրս գալու միակ ճանապարհը քո միջով ա 
թե կոնկրետ որտեղով որոշիր ինքդ