Արտեմ Հարությունյան / Artem Harutjunyan






















ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ`
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ-ԹՈՒՐՔԻ
«ԳՐԱԴԻ» ՀԱՐՎԱԾԻՑ ՀԵՏՈ
Շրջելով
քաղաքում
տեսա`
կողպեք
կար
ամեն
ավերված
տան
դռան
վրա-
Բաց
էին-
տանիքները…

ՎԵՃ
(<<ԲՈԶ ԳԱՅԼԻ>> ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ)

Երազիս՝ պատուհանիս տակ,
համառ առևտուր էր գնում-

Թուրքիան ասում էր ԱՄՆ-ին՝
թե հայերի ցեղասպանությունը ճանաչես,
Գյանջելիկի ռազմական բազան կփակեմ,
ԱՄՆ-ը ասում էր՝
ոտերս կուտե՛ս,
Թուրքն ասում էր՝
...Կուտես՞...
ԱՄՆ-ը՝
-ա՛յ քեզ բաշիբոզուկ
և <<բոզ գայլի>> լկտի պատասխան...

Նրանց վեճի աղմուկը
չի թողնում քնեմ,
արթնանում, նայում եմ
պատուհանից դուրս՝
դեղին պուրկաին,
ուր աշունը միապաղաղ նույնն է-
ինչ ցեղասպանությունից 
առաջ 
և հետո...

ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔԻ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
(ԱՊՐԻԼ)...

Արևի ուղիղ
հարվածն ապակուն...
պատուհանները պտտվում են
մուրացկանի պես
շողի հետևից...

բայց շատ բան
ավերակ է դարձել
(երբ նայում ես վերևից
Շուշի քաղաքին...)
շատ բան լքված է
ու դեռ մնում է 
առանց իր տիրոջ...

(...Տիրոջ...)

Տարօրինակ 
քաղաքակրթության
մեջ եմ հայտնվել...

նոր դեպքերն 
ու կամային մարդիկ
դեռ չեն օգտագործվում...
ըստ էության...

Ամեն ինչ
կարող է պատահել
ակնթարթում...

ՄԱՐԴԿԱՅԻՆ ՑԵՂԻ ԴԵՂՆՈՂ,
ՀԱՆՑ ԱՇՈՒՆ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
(ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ՝
ՏԱՐԲԵՐ ԴԱՍԵՐԻ ԲՈՂՈՔՈՂ ՁԱՅՆԵՐՈՎ)

Աշխարհը սոսնձված է բացակա
մարդկանց կմաղքով...
Պետությունը հսկում է հսկա բանակով,
որ այդ կպչուկը չքանդվի...

Մենք չենք կարող բողոքել:
Անհանար է բողոքել հիմա,
մենք ձևացնում ենք, թե ախտ չունենք,
ձևացնում ենք, որ չենք զննում
քաղցածի հայացքով
ցուցափեկի խորքում մարմրող ապուխտը,
դահլիճները դատարկվում են ճառերի ժամանակ,
ընտրատարածքը վխտում է նոր սերնդի ցանկությամբ,
որին, թակելու ախորժակի համար,
կծու մանանեխ է քսում
գաղտնի հրաման ստացած
գազազած ոստիկանը:

Մենք աշխատանք ունենք մի կերպ
մենք քաղցած չենք թափառում,
մենք սնվում ենք մի կերպ
և դեռ ուտելու բան ունենք:

Լեռնային քամին բերում է
ցեղասպանված ժողովուրդների բույրը,
բնաջինջ եղած էակների սոսկանքը:

Մենք գիտենք բանականության մասին ամեն ինչ,
գիտենք, որ խիստ դեմ ենք նրան,
գիտենք, որ սիգարետները նորից թունդ են և կեղծ:
Օ՜հ, մենք շատ լավ գիտենք այդ ամենը:

Խոտն աճում է հնի պես,
ամեն ինչ շարժվում է վեր,
աճում են սոցիալական արտադրանքը,
եղունգները, անցյալը:

Էմբրիոնները լցվում են նոր գաղափարախոսությամբ,
մարդկությունը զբաղված է գերեզմանափոր փնտրելով,
փողոցները դատարկ են,
գործարքները՝ ավարտված,
իսկ շչակները լուռ են:

Մետրոյում ամեն ոք ծամում է դիմացինի անցյալը,
հետո բացում իր թերթը դեղին լուրերի,
ուր պայթած մարդու մարմինը նման է հոշոտված ծաղկի:

տեռորի ընկերքից հետո
ղասաբները հագնում են ձեռնոց
և փակում շնչափող մերկ մարդու,
որ դեռ շնչում է շքամուտքում...
և հիմա, երբ մահապատժի վայրերը
ժամանակավորապես դատարկ են Թուրքիայում,
ցեղասպանները ոտքի են ելնում՝
սպանելու Հրանտ Դինքին:

Ամեն ինչ անմռունչ անցնում է մյուս դար,
ուր մարդասպաններ են կազմ-պատրաստ:
Մեռյալները գրել են իրենց կտակը,
անձրևը դարձավ մանրամաղ,
պատերազմ դեռ չի հայտարարվել,
շտապելու կարիք չկա:

Մենք ուտում են խոտ,
մենք ուտում են սոցիալական նպաստ,
մենք կրծում ենք դիմադրության և ցավի մեր եղունգները,
մենք խժռում են մեր անցյալը,
մենք ոչինչ չունենք թաքցնելու,
մենք ոչինչ չունենք կորցնելու,
մենք ոչինչ չունենք ասելու:

Շատացել են կուսակցությունները ու երեսփոխանները
հասարակ օդը բաժանում են հանգանակությումբ,
ԱՄՆ-իս ստացած ձիափոշու հետ մեկտեղ,
իսկ ամբոփը լրջորեն հետապնդում է
մեր սերնդի ռեկլամը,
որ, փախչելով հազարավոր բերաններից,
մագլցում է բարձրահարկն ի վեր
և դառնում ազատության նեոնե խաբկանք:

Ժամացույցը նորից լարված է,
դավադրաբար խփված հզոր աղմուկով,
հաշիվները՝ փակված,
մայրցամաքների թունավոր
լվածքը՝ ավարտված
ձայները՝ գնված:

Կեղծիքի հսկա տոնածառը պլպլում է
արցունքներից մաշված հրապարակում...

Վերջին ավտոբուսն անցավ:
Այն դատարկ է,
մենք կարո՞ղ ենք բողոքել,
էլ ինչի՞ ենք սպասում...

Բայց ոչ ոք չունի նպատակ,
հիմա Պուպրիկն է գրում սահմանադրությունը...
Աշնանը մենք ոչինչ չունենք ասելու... 

Մենք ուտում են խոտ,
այն մշակված է էկոլոգիայի խոստ կանոններին համապատասխան...
մենք ուտում են սոցիալական արտադրանք,
մենք կրծում ենք մեր եղունգները,
մենք խժռում են մեր անցյալը,
մենք ոչինչ չունենք թաքցնելու,
մենք ոչինչ չունենք կորցնելու,
մենք ոչինչ չունենք ասելու,
մարդկությունը կորցրել է խղճի տոպրակը...
դա պատահեց Թուրքիայում.
հայկական ջարդերի ժամանակ...

Մեզ հայտնի է,
որ պետությունը արդեն մի քանի դար մեզ մատուցում է
 <<Ամեն ինչ>>
հաստ սոուսի տակ լուրերի,
քողարկելով իրականը չորս կողմից...
(գազը նորից թանկացել է),
ժամացույցները նորից լարված են,
գժանոցները լեցուն անհասկանլի հոգու տեր ամբոխներով,
որ փորձում է նրանցից մարդ դառնալ...
Լվածքն ավարտված է,
ձայները՝ գնված,
վերջին ավտոբուսն անցավ,
այն դատարկ է,
մենք չենք կարող բողոքել,
էլ ինչի ենք սպասում՝
գուցե մարդկային ցեղի խաբված մի մասի մենախոսությանը:

Մենք չենք կարող բողոքել,
մենք աշխատում ենք մի կերպ,
մենք քաղցած չենք թափառում,
մենց սնվում ենք
չքվածների կպչուն գաղափարներով:

Խոտն աճում է,
ասես Աստծո կրկնվող կտակ,
աճում է հասարակական արտադրանքը,
աճում են եղունգները,
անցյալը,
էմբրիոնները լացվում են գաղափարախոսությամբ,
մարդկությունը զբաղված է գրեզմանափոր փնտրելով,
արքայազն Համլետ ալևս չունի պատմուճան,
Օֆելյան ծննդաբերել է
և միտք չունի ինքնասպանության,
փքված գործարանները էժանագին հարդուկներով
ռազմանավերի պես հարդուկում են
ընտրողների սովալլուկ ուղեղը.
դա ընտրակաշառքի ամենամեղմ ձևն է...

Փողոցները դատարկ են,
գործարքները՝ ավարտված,
ամեն ոք փակվել է իր որջում,
խուսափելով խաբկանքի գիշերային դաշյունից,
շչակները լուռ են հանց որբ երեխա,
որին լքել է մեծերի աշխարհը...

Ժողվրդին տված քաղաքական խոստումերը
անցնում են հաջորդ դար,
ուր մարդասպաններ կան կազմ-պատրաստ,
որ գործի կանցնեն,
թե մեկը ծպտուն հանի այդ մասին...
մեռյալները գրել են իրենց կտակը,
ապրողների <<Կալաշնիկով>> ավտոմատի ներքո...

Անձրևը դարձավ, մանրամաղ, 
նոր պատերազմ դեռ չի հայտարարվել՝
շտապելու կարիք չկա.

դեռ զոհի դին
տաք է պատերազմող կոմերի դիահերձման
սեղանին...

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՐՅՈՒՆ

Անտառից վերադարձը
հրաշեկ ծես է,
իսկ քաղաքը նստած է
պատահական արկած ուղղությամբ,
բրոնզե առավոտը
սևացնում է ամենաազնիվ արցունքն անգամ,
և ինտերմեդիաների հրապարակում
քամին փախցնում է
մարդակերպ քարոզչի
թիկնոցն ու գլխուղեղը:

Փողոցից-փողոց՝
ընկնավոր նշան,
հողը գծագիր է ստանում հենց այնտեղ,
ուր ամպը կիսված է կրակի լեզվով
և քաղաք է մտնում բաց երակներով,
ինչպես ուժասպառ մուրացկան:
Այստեղ վերքերը բուժվում են խոսքի քսուկով
և ձգում հագուսը աղքատության
հալչող մարմնի նեղ երկայնքով:
Բայց ամպը բացվում է ձեռքով աճպարարի,
կամուրջների շարքը քնում է անմեղ ջրերի վրա
և քշում սառույցը հանգանակության դեպի աղքատներ,
որ քարացած առարկա են
և կորսվելու են պատահաբար:
Գաղտնի արևը մնալու է փակ, ինչ-որ տան վրա,
բայց այնտեղ սեր կար, օրորոց, կարգ-կանոն,
հիմա լույսի մոտ՝ թափոնների մի կույտ,
աչքի հիվանդությամբ տառապող հայացք
և ճիչ՝ ում լքել է քնքշանքը կանաչ հասկի:
Ես կյանքս եմ բերել ուրիշի համար,
ուր միշտ երկինք կա բացված փողկերով,
ուր հույսը ջրհոր է, և փշրվում է
պատկերը դեմքիդ:
Հողը վերջանում է երազում:
Դժվար է ծաղկունք և սեղմ լուսին:
Խոր արմատներ գիտակցության մացառուտներում,
ուր պահպանվող կյանք կա թաքուն
և փողոցներ՝ ուր Գորիլլան ուղեկցում է
հարուստ մարդուն,
որ անփույթ է թվում կարծես,
բայց հսկում է ամեն մի տուն,
իսկ սպիդը քողարկում է
իր սոսկանքով ամեն բան,
արև, հարբո՛ւխ, նման բաներ անիրականա՛ն,
ա՛հ, սա ժամն է սուրբ մենության,
ուր թաղամասը միշտ արթուն է
իր մտքի մեջ
և շարժվում է առա՛ջ, առա՛ջ,
մինչև հասնի իր կառուցած արձանների
համառոտված կատալոգին,
ուր միշտ մեռնող ինչ-որ բան կա,
և արևը գիշերային
մեզ շարժում է քնի խորքից,
դեպի մայթը գերիրական,
ուր մի տղա, ասես Ռեմբոն Փարիզի բանտախցում,
աչքերի մեջ քամահրանք, խռիվամազ,
անփույթ խոսքով ճիշտ պատկերն է տալիս սրտիս:

ԼՈՒՅՍ ՏՎՈՂ ՓԱԿԱՆՔ

Ես սպասեցի
մինչև ապրիլը գա
և նոր փականք դրի
դրսի դռանը,
բայց նա
լույս տվեց գողերին,
որ լի էին
կյանքի ավյունով
և հասկանում էին
ամեն ինչ...
կես խոսքից,
և փույթը չունեին
այն մարդու,
որ փականքներ էր
ամրացնում,
և մահը
շփոթել էր
կյանքի
հետ...

ԱՐՑԱԽԻ ԳԵՏԵՐԸ

Տաք ժայռակողեր,
շոգը մոմի պես
ձգվում է բարդիների կատարներով վեր,
լույսը քունքիդ մոտ դրված տրոփյուն է,
թվում է՝ օդը վառվում է գիտակցությանդ մեջ,
և ողջը ժայռաբեկոր է հետո դառնում:
Գնում են խոր ձոր լողնալու,
գետը բուրում է զով փայլով,
խորության գաղտնաբույրով,
անտես ձկներով, ում պետք է
փորձենք նմանվել:
Հետո վազող ստվերը
խրվում է սրտի մեջ ջրերի,
և կրակը պարում է դեպի ափն հանդիպակաց:
Դուրս՝ դեպի այգին,
որ թանձրանում է,
որ դաջվում է մեզ վրա փախչող կեսօրով,
կանաչ անդորր կա տերևների ներքո,
ու օրը սպիտակ է, կուրացուցիչ,
ինչ-որ մեկն աննկատ իշխել է սկսում մայրամուտի խորքում,
ծառերի սաղարթում լուսինը հետք է թողել անցած գիշերներից,
և այդ վերքը ծորում է մթնշաղի կաթով:
Մաքրության օրեր: Փոխվող մաշկի պես
մենք մեզ թողել ենք գետափին,
և մտնում ենք մի պահ խաղաղվող աշխարհը նորից,
և գիշերը թանձր է, համարյա կույր
աստղերի ժայթքումից՝ կրկնակի խուլ,
նա խարխափում է ցախատնից վերև,
այգու քաոսը շտապ զմռսում,
միշտ ձեռքի տակ քողարկված
նախնադարյան թեթև զովությամբ: