ֆորուղ ֆարրոխզադ / forugh farrokhzad


















ԿԱՆԱՉ ՊԱՏՐԱՆՔ

Ամբողջ օրը լալիս էի հայելու մեջ:
Գարունը լուսամուտս
Հանձնել էր ծառերի կանաչ պատրանքին:
Մարմինս չէր ամփոփվում մենությանս բաժակում:
Եվ թղթյա թագիս հոտը
Թունավորել էր
Արևազուրկ տարածությունն այս:

Չէի կարող,
Այլևս չէի կարող
Փողոցների ձայնը,
Թռչունների ձայնը,
Հեռացող թավշե գնդակների ձայնը,
Եվ աղմուկ աղաղակը փախչող երեխաների,
Եվ պարը փուչիկների,
Որոնք օճառի փրփուրից ելնող պղպջակների պես
Բարձրանում էին թելե ցողունից:
Եվ քամին,
Եվ քամին, որ ասես
Շնչում էր
Միասնական քնի
Ամենախավար պահերի խորախորքում,
Իմ հավատքի
Լուռ բերդապարիսպներն էին սեղմում,
Ու հին ճեղքերից
Սիրտս էին կնաչում,
Իր իսկ անունով...
Ամբողջ օրը հայացքը
Սևեռված էր կյանքի աչքերին.
Այն զույգ վախվորած, ահոտ աչքերին,
Որոնք փախչում են իմ հայացքից անշարժ
Եվ ինչպես խաբեբաներ,
Ապաստան գտնում
Կոպերի անվտանք մենության մեջ:

Ի՞նչ բարձրունք,
Եվ ի՞նչ գագաթ,
Մի՞թե այս բոլոր ճամփաները ոլորապտույտ,
Այն սառն ու կլլող բերանի մեջ,
Չեն խաչվում մի տեղ ու անէանում:
Ի՞նչ եք տվել ինձ,
Ո՜վ բառեր, պարզունակ ու սուտ,
Ո՜վ մարմինների ու ցանկությունների
Անողոք տանջանք,
Եթե մի ծաղիկ ամրացնեի մազերիս վրա
Այս կեղծությունից,
Այս թղթյա թագից,
Որ նեխել է գլխիս վերևում՝
Ավելի շքեղ չէ՞ր լինի արդյոք:

Իչպե՞ս անապատի հոգին գերեց ինձ
Եվ լուսնի կախարդանքը
Հեռացրեց ինձ հավատի հոտից:
Ինչպե՞ս մեծացավ սիրտիս անավարտ կեսը
Եվ ոչ մի կես, չամբողջացրեց մյուս կեսին:
Կանգնեցի ու տեսա,
Թե ինչպես է
Հողը դատարկվում ոտքերիս տակից,
Եվ զույգիս մարմնի ջերմությունը
Չի փոխանցվում մարմնիս զուր սպասումին:

Ի՞նչ բարձրունք,
Եվ ի՞նչ գագաթ,
Ինձ ապաստան տվեք,
Ո՜վ ճրագներ անհանգիստ,
Ո՜վ լուսավոր, կասկածոտ տներ,
Ուր արևոտ ձեր տանիքներում,
Սավանները մաքուր
Ճոճվում են 
Բուրավետ ծխերի գրկում:

Ինձ ապաստան տվեք,
Ո՜վ հասարակ ու պարզ կանայք,
Որ ձեր մատների նուրբ մաշկի միջոցով
Հետևում եք
Խլրտացող սաղմի ընթացքին հաճելի,
Եվ օդը ստինքների արանքում
Միշտ միաձույլ է
Թարմ կաթի բույրով:

Ի՞նչ բարձունք,
Եվ ի՞նչ գագաթ,
Ինձ ապաստան տվեք,
Կրակով լի օջախներ, երջանկության պայտեր,
Եվ ո՜վ պղնձյա ամանների երգեր՝
Գորշության մեջ խոհանոցի:
Եվ ո՜վ կարի մեքենաների սրտաշունչ մրմունջներ:
Եվ ո՜վ գորգերի ու ավելների օրնիբուն պայքար:
Ինձ ապաստան տվեք,
Ո՜վ սերեր կրքոտ ու գերող,
Որ գոյատևումի ցավալի ցանկությունը,
Ձեր գրաված անկողինը,
Հարդարում է կախարդական ջրով
Եվ արյան թարմ կաթիլներով:

Ամբողջ օրը,
Ամբողջ օրը արձակված, լքված,
Ինչպես մի դիակ ջրի երեսին,
Ընթանում էի
Դեպի ամենախոր քարայրները ծովային,
Եվ ամենավայրի ձկները մսակեր,
Եվ մեջքիս ողերը նուրբ՝
Մահվան զգացողությունից սարսռացին հանկարծ:

Չէի կարող,
Այլևս չէի կարող:
Ոտքերս հրաժարվում էին ճանապարհից,
Եվ այն գարունը,
Եվ այն կանաչ պատրանքը,
Որ անցնում էր լուսամուտից,
Ասում էր սիրտս.
-Նայիր,
Դու երբեք առաջ չես գնացել,
Դու սուզվել,
Մխրճվել ես...


ԳԻՇԵՐՎԱ ՍԱՌԸ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

Ես չեմ զղջում,
Ես խորհում ես այս հպատակման,
Այս ցավագար հպատակման մասին:
Ես ճակատագրիս խաչը համբուրել եմ
Իմ Գողգոթայի բարձրունքներում:

Գիշերվա սառը փողոցներում
Զույգերը վարանումով
Շարունակ բաժանվում են մեկ-մեկուց:
Գիշերվա սառը փողոցում
Հրաժեշտի շշունջից զատ
Ուրիշ ձայն չկա:

Ես չեմ զղջում:
Իմ սիրտն ասես ընթանում է
Ժամանակի մյուս կողմում:
Կյանքը շարունակաբար
Կկրկնի իմ սիրտը:
Եվ նա՝
Քամու լճակների վրայով անցնող
Խլածաղիկը կկրկնի ինձ:

Ախ տեսնո՞ւմ ես,
Թե ինչպես է պատռվում մաշկս,
Եվ ինչպես է կաթը լերդանում
Սառը ստինքներիս կապույտ երակներում:
Եվ արյունը
Ինչպես է իր կրճիկային աճն սկսում
Իմ համբերատար գոտկատեղում:

Ես՝ դու եմ, դու,
Եվ նա, ով սիրում է,
Նա ով հանկարծ՝
Բութ,
Անհասկանալի մի կապ է գտնում
Հազարավոր անհայտ ու անանուն
Բաների հետ:
Ես կողի կիրքն եմ սուր,
Որ բոլոր ջրերը քաշում է ընդերքն իր խոր,
Բերրի դարձնելով դաշտերն ամեն:

Լսիր
Հեռու-հեռավոր ձայնն եմ,
Աղջամուղջի ծանր մշուշների աղոտքներում,
Եվ ինձ տես
Հայելիների խաղաղ լռության մեջ,
Թե ինչպես նորից
Ձեռքերիս մնացորդներով
Շոշափում եմ
Բոլոր երազների խորքերը մութ:
Եվ սիրտս,
Լինելիության անմեղ երջանկությունների վրա
Կտածում է,
Ինչպես բիծը արյան:

Ես չեմ զղջում,
Իմ մասին, ով իմ սիրելի,
Խոսիր
Սիրահարված աչքերով
Իմ նմանակ այն աղջնակի հետ,
Որին կգտնես գիշերվա սառը փողոցներում...
Եվ հիշիր ինձ
Նրա մելանուշ համբույրներում
Եվ քո աչքատակի քնքուշ գծիկներում:


ՍՀԱՄԱՆԻ ՊԱՏԵՐԸ

Այժմ, վերստին, գիշերվա մեջ լուռ,
Վեր են ձգվում բույսերի պես,
Արգելապատերը՝ պատերը սահմանի,
Որ պահապան կանգնեն իմ սիրո արտին:

Այժմ, վերստին, ստոր աղաղակները քաղաքի,
Ինչպես անհանգիստ ձկների վտառ,
Քոչում են իմ ափերից խավարամած:

Այժմ, վերստին,
Լուսամուտները
իրենց գտնում են
Ցրված բույրերի
Հաճույքի մեջ միացման:
Այժմ, պարտեզում քնած ծառերը բոլոր
Կեղև են փոխում,
Եվ հողը հազար ծակոտկիներով
Կլլում է լուսնի ցրված մասնիկները:

Այժմ, 
Մոտ եկ ավելի
Եվ անսա
Սիրո տագնապահար հարվածներին,
Որոնք, ինչպես
Կոչնաթմբուկը նեգրական,
Տարածվում են ողջ մարմնիս սարսուռներում:

Ես զգում եմ, 
Ես գիտեմ,
Թե պահը աղոթքի,
Այդ որ պահն է:
Այժմ աստղերը բոլոր
Մեկ-մեկու հետ կքնեն:

Ես գիշերվա հավանու տակ,
Կսահեմ բոլոր զեֆյուռներից,
Ես գիշերվա հավանու տակ,
Իմ ծանր վարսերով
Խենթորեն ցած կթավեմ քո ձեռքերի մեջ,
Եվ կնվիրեմ քեզ
Արևադարձային այս ծաղիկները՝
Ջահել ու կանաչ:

Ինձ հետ եկ,
Ինձ հետ եկ դեպի այն աստղը՝
Այն աստղը,
Որ հազարավոր տարիներ
Հեռու է
Հողի սառնություններից,
Եվ երկրի սին կշիռներից,
Եվ ոչ ոք այնտեղ
Չի սարսափում լույսից:

Ես ապրում եմ ջրի վրա՝
Լողացող կղզիներում:
Ես
Փնտրում եմ անծիր երկնքից մի կտոր,
Որ զերծ լինի ստոր մտքերի թանձրացումից:

Ինձ հետ վերադարձիր,
Ինձ հետ վերադարձիր՝
Դեպի սկիզբը մարմնի,
Դեպի սաղմի կենտրոնը բուրավետ,
Դեպի այն պահը, որ ծնվեցի քեզանից:
Ինձ հետ վերադարձիր.
Ես անավարտ եմ մնացել քեզանից:

Այժմ, աղավնիները
Թռչկոտում են ստինքներիս գագաթներին:
Այժմ շուրթերի բոժոժների արանքում,
Համբույրի թիթեռնիկները
Տարված են փախուստի մտքով:  
Այժմ.
Մարմնիս խորանը
Պատրաստ է սիրո պաշաչմունքի:
Ինձ հետ վերադարձիր,
Ես անկարող եմ բառերով ասել.
Քանզի սիրում եմ քեզ,
Քանզի «Սիրում եմ քեզ»
Խոսք է մի,
Որ գալիս է՝
Անսահմանությունների,
Հնությունների
Ու կրկնությունների աշխարհից:
Ինձ հետ վերադարձիր...
Էլ անկարող եմ...

Թող գիշերվա հովանու տակ
Բերք վերցնեմ լուսնից,
Թող լցվեմ՝
Անձրևի փոքրիկ կաթիլներով,
Չաճաճ սրտերի,
Չծնված երեխաների ծավալով:
Թող լցվեմ
Գուցե իմ սերը
Օրորոց դառնա
Մի այլ Քրիստոս ծնելու համար:


թարգմանությունը՝ Էուարդ Հախվերդյանի

1 комментарий:

Анонимный комментирует...

If you wish you can list your books in newly opened Armenian online bookstore- www.ArmenianBookshop.com, which specialized in rare Armenian books.