Показаны сообщения с ярлыком նրանք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком նրանք. Показать все сообщения

վիլյամ միքայելյան / william michaelian
























ԵՍ` ԼԵՈՆԱՐԴՈՍ

Ես` Լեոնարդոս, վերջին ասելիքս ունեմ,
օրն այն չէ ինչ պատկերացնում եք- կամ աշխարհը, կամ մարդը,
Կամ մահկանացու կավը: Կյանքը մի կույր հողմ է,
շունչի շունչն ինքնին, և թույն որ
հակաթույն է: Միսուարյուն իմ, զավակս զավակիս,
սովորիր այս երգը և լավ երգիր: Մենք որբեր ենք
Այս ճամփի վրա: Մենությունն է մեր ցնծությունը:


ԲԱՐԱԿ ՍԱՌՈՒՅՑ

Ա՜հ: Վերջապես ստացվեց:
Բայց, խնդրում եմ, մի փրկիր ինձ դեռ:
Ուզում եմ, որ այս զգացումը
Մի քիչ երկար տևի:


ՊԵՐՃԱՆՔ

Տերևները կանաչ են,
բայց աշխարհը
կարող է վերջանալ
նախքան տերևաթափը:


ՏՐՏՈՒՆՋ

Քամու երգը որ
ցրում է ամենուր
սառն ու գունատ աճյուն:


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ երգում է.
դաշտ ու ջիղ,
ժայռ, ծառ, ու գեղձ:

Լսեք թռչուններին.
նրանք լավ գիտեն:

Հարցրեք քամուն:

Թե այդպես չլիներ,
մենք կգժվեինք
վաղուց` սպասելով
հնչյունի:


ԱԹՈՌՆԵՐ

Ոչ բոլորն են երջանիկ.
ոմանք հիշողությունից տնքում են
ու երազում են հայտնվել
մյուս սենյակում:

Ոմանք ողբում են իրենց մենությունը,
կամ անհանգստանում երեխաների համար,
մինչ փոխվում է լույսն ու ստվերներն են իջնում:

Վաղ արթնացած` ես նայում եմ նրանց կիսախավարում.
Հետաքրքիր է` որո՞նք են
Վախենում դիմավորել լուսաբացը:


ԿՈՒԶԵԻ ԻՄԱՆԱԼ

Պատուհանը բաց է,
օդը` սառը:

Հենց նոր լսեցի մեկի ծիծաղը-
մի կնոջ ծիծաղը, առտու

Կուզեի իմանալ
նրա ծիծաղի պատճառը:

Դուք չէի՞ք ուզի:


ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ

Պատկերացրու
մի տերև
որն ընկնում է
բայց երբեք
տեղ չի հասնում,
հետո հարցրու
ինքդ քեզ
թե դու
իսկապես
կուզես
ապրել
հավերժ:

Հարցրու ինքդ քեզ. արդյոք դո՞ւ ես թանկ, թե՞
ձիրքը որ կրում ես:


ԴԱՇՆԱՄՈՒՐ

Վարպետ, բա էն ստեղնե՞րը
որոնց չենք դիպչում:

Հանուն նրանց, մենք
պարտ ենք ընկալել լռությունը:


ԺԱՄԱՑՈՒՅՑՆ ՈՒՂՂԵԼԻՍ

Մայրիկիս հին
Սեթ Թոմաս ժամացույցը
միշտ մի քանի րոպե
հետ է ընկնում:

Երբ առաջ եմ տանում
սլաքները,
մայրս չգիտի որ
ես ինձ գող եմ զգում:


ՀԻՆ ՇՈԳԵՆԱՎԸ

Այն գալիս-անցնում է
տարին մեկ թե երկու անգամ,

և ամեն անգամ հարցնում եմ ինքս ինձ,

ինչո՞ւ ենք ուրախանում
այդ ողբալի ձայնը լսելիս,
և արդյո՞ք միշտ այսքան լավ
ճանաչել ենք իրար:


ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Եթե կարողանայիր լսել,
թե ինչպես է մարդու սիրտը կոտրվում՝
այսպե՛ս կհնչեր:

Կամ մի առասպելական ջրվեժ,
որ զարկվում է քարերին՝
ճգնավորի քարանձավի մոտ:

Կամ այրու հառաչանքը,
երբ ավարտված է պատերազմը,
ու ինքը՝ մեն-մենակ:


թարգմանությունը՝ սամվել մկրտչյանի

ջեք քերուաք / jack kerouac

մատիտով ընդգծված տողեր
ճանապարհին վեպից


















*

...ինձ խելագարներն են հետաքրքրում՝ նրանք, ովքեր խելքները թռցնում են կյանքի համար, խոսակցությունների համար, փրկված լինելու ցանկության համար, ովքեր ուզում են ամենը միանգամից,  ովքեր երբեք չեն տխրում ու երբեք տրամաբանական բաներ չեն խոսում, այլ միայն այրվում են, այրվում, այրվում, ինչպես ֆանտաստիկ հռոմեական մոմեր, որոնք սրադերի պես տարածվում են աստղազարդ երկնքում,կենտրոնում՝ կապույտ առկայծումերով, այդժամ բոլորը նրանց են նայում ու գոռում. ¦Օհօ-օ-օ՜§:



*
-Մեկընդմիշտ ոչինչ հանարվոր չէ հասկանալ: Դա ոչ ոքի տրված չէ: Ու մենք էլ ապրում ենք հույսով, որ երբևէ մեզ դա կհաջողվի:
-Չէ՛, չէ՛, չէ՛: Հիմարություն ես դուրս տալիս, ռոմանտիկ աբսուրդ՝ Վուլֆի ոճով,- վրդոհվեց Քարլոն:


*
Ամերիկայում տղաներն ու աղջիկները այնքան ձանձրալի են անցկացնում ժամանակը միմիանց հետ: Ցանկանալով իրենց իմաստունների տեղ դնել, նրանք անմիջապես հոժարակամ տրվում են սեքսի տրիապետությանը: Բայց պետք է ուղղակի սուտ խոսքերի փոխարեն խոսել պարզ, անկեղծ հոգու մասին, չէ՞ որ կյանքը սուրբ է ու թանկ է ամեն վայրկյանը:


*
-Ու հիմա մեզ չի ասի, որ Աստցած չկա: Ախր մենք անցել ենք այդ բոլոր փուլերը: Չէ՞ որ դու հիշում ես, Սալ, ոնց էի առաջին անգամ եկել Նյու-Յորք ու ուզում էի, որ Չեդ Քինգը ինձ բացատեր Նիցշեի մասին: Հիշու՞մ ես, որքան վաղուց էր: Ամեն ինչ հրաշալի է, Աստված իրական է, մենք գիտենք, թե ինչ է ժամանակը: Հույներից սկսած բոլոր սկզբանական ենթադրությունները սխալ դուրս եկան: Երկրաչափության ու երկրաչափական համակարգերի միջոցով ոչնչի չես հասնի: Ահա թե ինչումն է բանը:- Նա մատը մտցրեց բռունքի մեջ, մեքենան ընթանում էր ուղիղ գծի մեջտեղով, ասես կարչել էր դրանից:- Եվ ոչ միայն, չէ՞ որ մենք քեզ հետ գիտենք, որ Աստցած կա, բայց ժամանակ չկա բացատրելու, թե որտեղից:


*
Ինչ-որ բան, ինչ-որ մեկը, ինչ-որ ոգի անդադար հետևում էր մեզ բոլորիս կյանքի անապատում, որպեսզի անմիջապես բռներ մեզ մինչ մենք կհասնեինք երկնքին: Իհարկե, հիմա այդ մասին հիշելով ես հասկանում եմ, որ դա միայն մահը կարող էր լինել, մահն է տիրանում է մեզ, մինչ կհասնենք երկնքին: Բնականաբար, այն՝ ինչը մենք կարոտում ենք, ինչը մեզ ստիպում է խորը շունչ քաշել, և հառաչել, և զգալ քաղցր գլխապտույտ, հիշողությունն էր ինչ-որ կորցրած վայելքի, որը շատ հավանական է, որ զգացել ենք մայրական արգանդում ու կրկին վերագտել (ինչքան էլ որ դժվար է դա ընդունել) միայն մահվան մեջ: Սակայն ո՞վ կուզեր մահանալ: Իրադարձությունների մրրկահողումում ես երբեք այդ մասին չեմ մոռացել: Պատմեցի Դինին, և նա միանգամից սա ընդունեց որպես հասարակ ձգտում դեպի մաքուր մահը. քանի որ մեզնից և ոչ ոք չի վերադառնալու կյանք, ուրեմն այստեղ հնարավոր չէ ինչ-որ բան կիսել միմիանց միջև, ու այդժամ ես համաձայնեցի:


*
Այս ամենը տարիներ տևած սեքսուալ նկարներ նայելու արդյունքն է, հանրաճանաչ ամսագրերում կանացի ոտքերին ու կրծքերին նայելու արդյունքն է, ընկալումն է ամուր պողպատե միջանցքների ու կանացի խոցելության, որն իրական չէ: Բանտը դա մի վայր է, որտեղ դուք համոզում եք ինքներդ ձեզ, որ ապրելու իրավունք ունեք:


*
Այդ ի՞նչ զգացողություն է պատում ձեզ, երբ դուք հեռանում եք՝ թողնելով մարդկանց հարթավայրում, ու նրանք հեռանում են մինչև կվերածվեն հազիվ նկատելի կետերի: Մի զգացում, որ երկնքի տակ չափազանց մեծ տարածություն կա, և որ դա հրաժեշտ է: 


*
Ես գիտակցեցի, որ արդեն ապրել եմ անհամար մահեր ու ծնունդներ, ուղղակի չեմ հիշում դրանց մասին, որ տեղափողխվելը կյանքից մահ ու մահից դեպի կյանք այսքան պարզ ու հեշտ է, մոգական ներսուզում ոչնչի մեջ, ոնց որ միլիոն անգամ քնես ու կրկին արթնանաս, ու դա պատահում է լրիվ պատահական ու լիակատար անհայտության մեջ: Ես հասկացա, որ Գիտակցության իրական հստակությունն է պատճառը այդ անվերջ մահերի ու ծնունդների, այդպես մեկ էլ քամին է շարժում մաքուր, հանդարտ հայելային մակերեսը ջրի:


*
-Լսիր, եղբայր, երեկոյան նվագող ալտահարը ուներ դա, նա այն գտավ ու միանգամից բռնեց: Ես դեռ չեմ հանդիպել տղայի, ով կարող է այդքան երկար պահել այն:
Ինձ հետաքրքրեց, թե ինչ է ¦դա§-ն:
-Դե՛ դե՛,-ծիծաղեց Դինը,- միթե հնարավոր է նման հարցի պատասխանել...հը՜մ: Ահա եկավ տղան, և բոլորը հավաքվեցին, ճի՞շտ է: Նա պետք է կարողանա արտահայտել, թե ինչ է կատարվում նրանց հոգիներում: Նա սկսում է առաջին թեման, այնուհետև ամրապնդում է այն նոր գաղափարներով, ու ժողովուրդը գոռում է. ¦Այո՜, այո՜§,-  և ընկալում է ամեն ինչ, իսկ նա հանկարծ բարձրանում է հոգու մակարդակին և արդեն իրավունք չունի ներքև իջնելու: Ու այդ պահին, կամա թե ակամա, նա բռնում է դա հատվածներից մեկի ժամանակ, բոլորը դա զգում են ու քարանում: Բոլորը լսում են, իսկ նա բռնել է դա ու չի կորցնում: Ժամանակը կանգնում է: Նա լցնում է դատարկ տարածությունները մեր կյանքի իմաստներով, տառապող ներաշխարհի խոստովանությամբ, կորցրած մտահղացումների հիշողությամբ, նոր տրամադրության վրա հին խաղերով: Քո խաղով դու պետք է կամուրջներ կառուցես ու տեղափոխես նրանց մի կողմից մյուսը՝ միառժամանակ ներսուզվելով յուրաքանչյուրի հոգու մեջ, ու անել դա ամեն վայրկյանի այնպիսի անհասանելի մեղեդային տրամադրությամբ, որ բոլորը հասկանան՝ գաղտնիքը երաժշտության մեջ չէ, այլ դրա...


*
Անանունությունը մարդկանց աշխարհում ավելի լավ է, քան փառքը երկնքում. իսկ ի՞նչ է երկինքը: Ի՞նչ է երկիրը: Ամենը հոգու մեջ է:


*
-Ուզում ես ասել, որ վաղ թե ուշ աղքատնե՞ր ենք դառնալու:
-Իսկ ինչո՞ւ ոչ: Իհարկե դառնալու ենք, եթե ուզենք, պարզ բան է: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ: Ապրում ես քեզ համար, ու քեզ ամբողջ կյանքում չի հետաքրքրում այն, ինչը մյուսներն են ուզում, անգամ հարուստները ու քաղաքական գործիչները, ոչ ոք քեզ չի անհանգստացնում, իսկ դու սալնում ես, սլանում քո ճանապարհով:
... Ճանապարհն այն է, ինչը ինձ բժիշկն է նշանակել:


Джек Керуак "В дороге"
Издательство АЗБУКА 2014

























ռուս. թարգմ.՝ արամ մամիկոնյան

ալբեր կամյու / albert camus

մատիտով ընդգծված տողեր ժանտախտը վեպից











*
Հարց՝ ի՞նչ անել ժամանակն իզուր չկորցնելու համար: Պատասխան՝ զգալ ժամանակն ամբողջությամբ: Միջոցներ՝ օրերն անցկացնել ատամնաբույժի ընդունարանում՝ անհարմարավետ աթոռի վրա, կիրակի ետմիջօրեն անցկացնել տանը, պատշգամբում, գիտաժողովում լսել զեկույցներ մի լեզվով, որ չես հասկանում, ընտրել երկաթուղային երթուղներից ամենաերկարներն ու ամենաանհարմարավետները և ճանապարհորդել,
բանականաբար, կանգնած՝ ոտքի վրա, հերթ կանգնել թատրոնների դրամարկղերի առջև և ներկայացմանը չգնալ, և այլն:

*
Աղետը չի համապատասխանում մարդու չափանիշներին. այդ պատճառով ասում են, որ աղետը իրական է, վատ երազ, որն ահա կանցնի: Բայց այն չի անցնում, և առաջին հերթին՝ մարդասերները, որովհետև նրանք նախազգուշական միջոցներ ձեռք չեն առել:

*
Բայց ի՞նչ է հարյուր միլիոն մահը: Պատերազմի ժամանակ դժվարությամբ ես ըմբռնում անգամ մի մահը: Եվ քանի որ մեռած մարդը միայն նրանով է նշանակալից, որ արդեն գիտես, որ նա մեռած մարդ է, ապա պատմության երկայնքով սփռված հարյուր միլիոն դիակը ընդամենը մի ծուխ է, որն անցնում է երևակայության միջով:

*
Կարևորն այն չէ, որ մտածելու ձևը ճիշտ լինի, այլ այն, որ ստիպի մտածել:

*
...երբ վերացարկումը սկսում է ձեզ սպանել, պետք է հենց վերացարկումով զբաղվել:

*
Դեռ վաղ ժամանակներում Հաբեշստանի քրիսոնիաները ժանտախտի մեջ էին տեսնում հավիտենականությունը նվաճելու մի արդյունավետ, աստվածային ծագում ունեցող միջոց: Նրանք, ովքեր վարակված չէին, փաթաթվում էին ժանտախտահարների սպիտակեղենով, որպեսզի անպայման մեռնեն: Անշուշտ, փրկության այս կատաղի ձգտումը, հանձնարարելի չէ: Այն ենթադրում է ցավալի շտապողականություն, որը շատ մոտ է գոռոզությանը: Չպետք է Աստծուց առաջ անցնել, և ամենայն բան, որն հավակնում է արագացնել անսասան կարգը, որ մեկնընդմիշտ հաստատված է նրա կողմից, հանգեցնում է հերետիկոսության: Սակայն այս օրինակն առնվազն ուսանելի է: Ավելի պայծառատես մեր մտքերի համար այն արժևորում է հավիտենականության այն սքանչելի լույսը, որն առկայծում է ամեն տառապանքի խորքում: Այդ լույսն է լուսավորում աղջամուղջային ճանապարհները, որոնք տանում են դեպի ազատագրում: Այն արտահայում է աստվածային կամքը, որն անխոջաբար չարը վերածում է բարու: Այսօր ևս մահվան, տագնապների ու ողբերի ուղիներով մեզ առաջնորդում է դեպի հիմանկան լռությունը և ամբողջ կյանքի իմաստը:

*
Քանզի կարելի է հեշտությամբ կարծել, թե գեղցիկ արարքները բարձ են գնահատվում միայն այն պատճառով, որ դրանք հազվադեպ են, իսկ չարությունն ու անտարբերությունը շատ ավելի հաճախակի հանդիպող շարժիչներն են մարդկանց արարքներում: Պատմիչն այս կարծիքը չի լիսում: Չարիքը, որ կա աշխարհում, գրեթե միշտ անգիտության արդյունք է, և բարի կամքը կարող է պատճառել նույնքան վանս, որքան չարիքը, եթե այդ բարի կամքը լուսավորված չէ: Մարդիկ ավելի շուտ բարի են քան չար, բայց, ըստ էության, սա չէ խնդիրը: Սակայն մարդիկ ավելի կամ պակաս չափով անգիտության մեջ են, և դա է, որ կոչվում է առաքինություն կամ արատ, իսկ ամենաահավոր արատը տգիտություն կոչվող արատն է, որն իրեն անգրագետ է կարծում և ուրեմն իրեն արտոնություն է տալիս սպանելու: Մարդասպանի հոգին կույր է, չկա իսկական բարություն, ոչ էլ գեղեցիկ սեր՝ առանց ճշմարիտ պայծառատեսության:

*
...հուսահատությանը վարժվելն ավելի վատ է, քան ինքը հուսահատությունը:

*
...պատահականությունը ոչ ոքի չի պատկանում:

*
Իհարկե դեպի լավը չենք գնում: Բայց գոնե բոլորս ենք դժողքում:

*
Բայց ժանտախտի ժամանակների կրոնը չէր կարող նույնը լինել, ինչ սովորական ժամանակների կորնը,  եթե Աստված կարող է ընդունել և անգամ ցանկանալ, որ հոգին հանգստանա ու կրկին հրճվի երջանիկ ժամանակներում, ապա այդ ծայրահեղությունը նա կցանկանա դժբախտության շռայլությունների մեջ: Աստված այսօր իր արածների շնորհն է անում՝ գցելով նրանց այնպիսի դժբախտության մեջ, որ նրանց հարկն է վերագտնել և ստանձնել ամենամեծ առաքինությունը, այն է՝ Ամեն ինչ կամ Ոչինչ:

*
...ոչ ոք իսկապես ընդունակ չէ մտածելու որևէ մեկի մաիսն անգամ վատթարագույն դժբախտության դեպքում: Քանզի իսկապես մտածել որևէ մեկի մասին, նշանակում է շարունակ մատածել նրա մասին, մտածել րոպե առ րոպե, առանց շեղվելու որևէ այլ մտքով, ո՛չ տնտեսական հոգսերով, ո՛չ թռչող ճանճով, ո՛չ կերակուրներով, ո՛չ քորելու ցանկությամբ: Բայց միշտ եղել են ճանճերը, միշտ եղել է քորը: Այդ պատճառով էլ ապրելը դժվար է: Եվ նրանք լավ գիտեն դա:

*
Ես այնքան դատողություն եմ լսել, որոնք քիչ էր մանցել գլխապտույտ առաջացնեին, և որոնք բավականաչափ պտտացրել են ուրիշի գույները՝ նրանց ստիպելով համակերպվել սպանության հետ, այնպես որ ես հասկացա, որ մարդկանց դժբախտությունը գալիս է այն բանից, որ նարնք հստակ լեզվով չեն արտահայտվում: Այնժամ ես վճռեցի խոսել և գործել հստակորեն, որպեսզի ընդանամ ճիշտ ճանապարհով: Հետևաբար ես ասում եմ, որ կան աղետներ և զոհեր, և ուրիշ ոչ մի բան: Եվ այս ասելիս ես ինքս եմ դառնում աղետ, ապա այս դեպքում՝ առնվազն առանց իմ համաձայնության: Ես ջանում եմ լինել անմեղ մարդասպան: Տեսնո՞ւմ եք՝ դա մեծ փառամոլություն է:

*
Նրանք այժմ գիտեն, որ եթե կա մի բան,  որ կարող են մշտապես ցանականալ և երբեմն էլ ձեռք բերել, դա մարդկային քնքշությունն է: Բոլոր նրանց համար, ովքեր, ընդհակառակը, դիմել էին իրենցից վերև, որ մարդն ինչ-որ բան նաշանակում է, որ իրենք անգամ չէին պատկերացնում, ոչ մի պատասխան չեղավ:

*
...վերջնական պարտությունը ավարտվում է պատերազմը և հաստատում խաղաղություն, որն ինքնին անբուժելի տառապանք է:

*
Մարդկանց մեջ ավելի շատ բան կա արժանի հիացմունքի, քան արհամարանքի:

*
Հենց դժբախտության պահին է, որ վարժվում ես ճշմարտությանը՝ այսինքն լռությանը:

*
Ինձ հետաքրքրում է միայն այն, որ մեռնես կամ ապրես հանուն քո սիրո:


թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի

ալբեր կամյու / albert camus

ՔԱՄԻՆ ՋԵՄԻԼԱՅՈՒՄ










Կան վայերեր, որտեղ մեռնում է միտքը, որպեսզի ծնվի մի ճշմարտություն, որն ինքն իր բացասումն է: Երբ ես հասա Ջեմիլա, քամի էր ու արև, բայց խոսքն այդ մասին չէ: Նախևառաջ, հարկ է ասել,  որ այնտեղ մի ահռելի լռություն էր տիրում՝ ծանր ու հաստատուն, ինչպես կշեռքի հավասարակշությունը: Թռչյունների ճռվողյուն, երեք փոքրիկ անցք ունեցող սրնգի կերկերուն ձայն, այծերի կճղակների դոփդոփյուն,  երկնառաք դղրդյուններ, ահա այսպիսի աղմուկ էին պարունակում այս վայրի լռությունն ու ամայությունը: Ժամանակ առ ժամանակ մի կտրուկ թևաբախում կամ մի սուր ճիչ ազդարարում էին քարերի մեջ թաքնված թռչինի սլացքը: Յուրաքանչյուր ճանապարհ, տների ավերակների արանքում եղած արահետները, փայլփլող սյուների տակ սալապատված մեծ փողոցները, հաղթական կամարի ու տաճարի միչև տարածված հսկայական ֆորումը, ամեն, ամեն ինչ առաջնորդում է դեպի այդ կիրճերը, որոնք չորս կողմից եզերում են Ջեմիլան և, ասես, բաց թղթախաղում խաղաթղթերի նման շարվել են անհուն երկնքի ներքո: Եվ հիմա մենք այստեղ ենք՝ մտասույզ քարերի ու լռության դեմ-հանդիման, մինչ օրը իրիկնանում է, իսկ լեռները ստվերանալով դառնում են մանուշակագույն: Բայց քամին փչում է Ջեմիլայի բարձրավանդակի վրա: Ավերակներին լույս սփռով քամու և արևի այս մեծ խառնաշփոթի մեջ ստեղծվում է մի այնպիսի բան, որը մարդուն տալիս է միայնության և մեռած քաղաքի լռության հետ իր նույնության չափի զգացումը:

Ջեմիլա գնալու համար շատ ժամանակ է հարկավոր: Սա այնպիսի քաղաք չէ, ուր իջևանում են, իսկ հետո շարունակում ճանապարհը: Այն ոչ մի տեղ չի առաջնորդում և չի նայում ոչ մի բնակավայրի: Սա մի վայր է, որտեղից ետ են դառնում: Մեռած քաղաքը երկար, ոլորապտույտ ճանապարհի ծայրին է, և յուրաքանչյուր շրջադարձից հետո կարծում ես, թե հասել ես, իսկ դրանից ճանապարհն ավելի երկար է թվում: Երբ վերջապես բարձրավանդակի վրա խամրած գույնով բարձր լեռան մեջ ընկղմված, ոսկրակույտ անտառի նման հառնում է Ջեմիլայի դեղին կմախքը, այնժամ զգում ես, որ սիրո և համբերության պատվանդանի միակ խորհրդանիշը նա է, որ կարող է մեզ առաջնորդել դեպի աշխարհի բաբախող սիրտը: Այնտեղ, հատուկենտ ծառերի ու չորացած խոտերի մեջ, իր բոլոր լեռներով ու բոլոր քարերով նա պատսպարվում է գռեհիկ զմայլանքից, գունագեղությունից կամ սրամտության խաղերից:

Ամբողջ օրը թափռում էինք այդ անբերրի հրաշալիքների մեջ: Քամին, որ հազիվ զգալի էր կեսօրին, կամաց-կամաց ուժեղանում էր անցնող ժամերի հետ ու լրացնում ամբողջ տեսարանը: Այն փչում էր ժայռերի նեղ կիրճերից, հետո դեպի արևելք, վազում էր դեպի հորիզոնի խորքից և գնում ոստոստալու քարերի ու արևի մեջ: Չդադարող քամին ուժգնորեն  սուլում էր ավերակների միջից, պտույտներ գործում քարերի ու գետնի կրկեսային հրապարակներում, սրբում կարկտահար աղյուսակույտերը, իր շնչով օղակում ամեն սյուն և անընդմեջ ճչալով տարածվում երկնքում բացվող ֆորումի վրա:Կարծես քամուն զարնվող կայմակալ լինի: Ճեղքվում էր մեջտեղից, աչքերս այրվում էին, շուրթերս՝ ճաքճքում, մաշկս չորանում էր այլևս ինձ չպատկանելու աստիճան: Մի ժամանակ ես իմ մաշկով վերածնում էի տիեզերքի ձեռագիրը: Երկիրը մաշկիս վրա էր թողնում իր քնքշության կամ զայրույթի նշանները, երբ ջերմանում էր ամառային շնչով կամ կծում էր եղյամե ատամներով: Բայց այսքան երկար ժամանակ ծեծվելով ու թափահարվելով քամուց, նրա դիմադրությունից շշմած,  ես այլևս չէի գիտակցում, թե նա ինչ պատկեր էր գծում մաշկիս վրա: Ինչպես ալեբախությունից փայլեցված գլաքար, ես հղկվել էի քամուց՝ մաշվելով մինչև հոգիս: Ես փոքր-ինչ պատկանում էի ինձ ծածանող այս ուժին, հետո ավելի շատ էի պատկանում, իսկ ավելի ուշ ամբողջովին այդ ուժինն էի և իմ արյան զարկը շփոթում էի բնության ամենուրեք ներկա այդ սրտի ուժին ու հնչեղ բաբախյունի հետ: Քամին ինձ կերպավորում էր շրջապատի հրացայտ մենակության պատկերով: Եվ քամու հետ վաղանցիկ գրակախառնության մեջ ես քար առ քար զգում էի սյան կամ ձիթենու միայնությունը ամառվա երկնքի ներքո:

Արևի և քամու այդ հզոր լոգանքը հյուծում էր իմ բոլոր կենսաուժերը: Իմ մեջ հազիվ էր թփրտում կամքը, հեծեծում էր կյանքը, և տկարորեն ընդվզում էր միտքը: Սակայն շուտով, կարծես սփռվելով աշխարհի չորս կողմը, մտամոլոր, մոռացած նաև ինքս ինձ, ես արդեն այս քամին եմ և նրա սլացքի մեջ եմ, այս սյուներն եմ և այն կամարը, այս տաք սալաքարերը և ամայի քաղաքը շրջապատող այս գունատ լեռները: Եվ երբեք նախկինում այդպես չեմ զգացել իմ կապվածությունը ինքս ինձ և միաժամանակ իմ ներկայությունն աշխարհում:

Այս, ես ներկա եմ: Եվ այս պահին շշմեցուցիչն այն է, որ ես չեմ կարող սրանից հեռու գնալ, ինչպես ցմահ բանտարկյալ, որի համար ամեն ինչ ներկա է: Բայց նաև ինչպես մի մարդ, որը գիտի որ վաղը նման կլինի այսօրվան, ինչպես և մնացած բոլոր օրերը: Որովհետև իր ներկան գիտացող մարդը այլևս սպառնալիքներ չունի: Եթե կան հոգեվիճակներ արտահայտող բնապատկերներ, ապա դրանք ամենագռեհիկներն են: Եվ այս երկրի ամբողջ երկայնքով ես գնում էի ինչ-որ բանի ետևից, որ իմը չէր, այլ նրանը, ինչպես մահվան զգացումը, որն ընդհանուր էր մեզ համար: Սյուների միջև, որոնց ստվերներն արդեն շեղվել էին, տագնապները փլվում էին օդում՝ վիրավոր թռչունների նման: Նրանց փոխարեն հառնում էր այս ամուլ պայծառամտությունը. անհանգստությունը ծնվում է ապրողների սրտում, բայց այդ կենդանի սրտերը շուտով կկանգնեն: Ահա սա է իմ ամբողջ հեռատեսությունը: Մինչ օրը իրիկնանում էր, աղմուկն ու լույսերը մարում էին երկնահոս մոխիրների տակ, ես, լքելով ինքն ինձնից, ինձ անպաշտպան էի զգում այն տարտամ ուժերի դեմ, որոնք իմ մեջ ասում էին՝ ոչ:

Քչերն են հասկանում, որ կա մերժում, որն ընդհանուր ոչինչ չունի հրաժարումի հետ: Այս դեպքում ի՞նչ են նշանակում ապագա, բարձր կենսամակարդակ, ունեցվածք բառերը: Ի՞նչ է հոգևոր առաջընթացը: Եթե ես համառորեն մերժում եմ աշխարհի վաղվա օրը, դա հենց նշանակում է, որ խոսքը ներկայիս հարստությունից չհրաժարվելու մասին է: Չեմ ուզում հավատալ, որ մահը տանում է դեպի մեկ ուրիշ կյանք: Դա փակ դուռ է ինձ համար: Դա մի քայլ չէ, որ պիտի անես շեմն անցնելու համար, այլ քստմնելի ու պիղծ բախտախնդրություն: Ինձ առաջարկվող ամեն բան ձգտում է մարդուն ազատել իր սեփական կյանքի ծանրությունից: Եվ նայելով Ջեմիլայի երկնքում ծանրորեն սավառնող մեծ-մեծ թռչյուններին, ես իսկապես կյանքի որոշ ծանրություն եմ նկրտում ու ձեռք եմ բերում այն: Ամբողջությամբ լինել այս պասիվ մոլորության մեջ, իսկ մնացյալն այլևս ինձ չի վերաբերում: Ես չափազանց երիտասարդ եմ, որեսզի կարողանամ խոսել մահվան մասին: Բայց եթե հարկ լիներ այդ անել, ինձ թվում է, հենց այստեղ ես կգտնեի այն ճշգրիտ բառը, որը սարսափի ու լռության մեջ կարտահայտեր անխուսափելի մահվան գիտակցված հավաստիությունը:

Ունենում ես մի քանի հարազատ գաղափար՝ երկու կամ երեք: Աշխարհին ու մարդկանց պատահականորեն հանդիպելով՝ դրանք հղկվում են, փոխակերպվում: Տասը տարի է հարկավոր, որեսզի ունենաս քո սեփական գաղափարը և որի մասին կարողանաս խոսել: Բնականաբար սա մի փոքր վհատեցնում է: Բայց այդ ընթացքում մարդն ինչ-որ չափով ընտելանում է աշխարհի գեղեցիկ դեմքին: Մինչ այդ նա աշխարհը տեսնում է դիմացից: Այժմ պետք է կողքից նայել նրա կիսադեմը դիտելու համար: Երիտաարդ մարդն աշխարհին նայում է դեմառդեմ: Նա ժամանակ չի ունեցել հղկելու մահվան ու անէության գաղափարը, սակայն սարսափի համն արդեն առել է: Միգուցե ջահելությունը հենց այս դաժան առերեսումն է մահվան հետ, արևասեր կենդանու ֆիզիկական այս վախը: Հակառակ գոյություն ունեցող կարծիքների, գոնե այս տեսակետից, ջահելությունը պատրանքներ չունի: Նա պատրանքներ ստեղծելու ո՛չ ժամանակ է ունեցել, ո՛չ էլ պատեհություն: Եվ չգիտեմ ինչու, այս ավերված տեսարանի, սգալի ու հանդիսավոր այս քարե աղաղակի, մայրամուտի մեջ անշունչ Ջեմիլայի, հույսի ու գույների այս վախճանի ավարտին, իրենց անվանն արժանի մարդիկ պետք է գտնեն այդ առերեսումը, պետք է նորից ժխտեն իրենց սեփական գաղափարները և պետք է վերագտնեն անմեղությունը և արդարադատությունը, որը փայլում է ճակատագրին դեմ հանդիման կանգնած անտիկ մարդու հայացքում: Նրանք վերագտնում են իրենց ջահելությունը, սակայն միայն մահվան գրկում: Այս տեսակետից ամենաարհամարելին հիվանդությունն է: բայց Ձեմիլիան... և ես հիմա զգում եմ՝ քաղաքակրթության ճշմարիտ, միակ առաջադիմությունը, որից ժամանակ առ ժամանակ կառչում է մարդը, գիտակից մեռյալներ ստեղծելն է:

Ինձ միշտ զարմացնում է, որ մենք այսքան հնարամիտ ու իմաստուն ենք զանազան թեմաների շուրջ խորհրդածելիս, սակայն աղքատիկ մտքեր ունենք մահվան վերաբերյալ: Դա կամ լավ է, կամ վատ: Ես վախենում եմ մահից կամ կանչում եմ նրան (թող ասեն): Բայց սա նույնպես ապացուցում է, որ ամեն պարզ բան վեր է մեր հասկացողությունից: Ի՞նչ է կապույտը, և ի՞նչ ենք մտածում կապույտի մասին:  Նույն դժվարությունն է և մահվան հարցում:  Մենք չգիտենք բանավիճել մահվան և գույների շուրջ: Եվ այնուամենայնիվ, ինձ համար շատ կարևոր է իմ դիմացի այս մարդը, որը ծանր է հողի պես և որն իմ ապագայի նախակերպարն է: Բայց իսկապես ես կարող եմ խորհել ապագայի մասին: Ինքս ինձ ասում եմ. «ես պետք է մեռնեմ»: Սակայն դա ոչինչ չի նշանակում, քանի որ ես չեմ կարող դրան հավատալ, որովհետև ես կարող եմ ունենալ միայն ուրիշի մահվան փորձը: Ես տեսել եմ մարդկանց մեռնելիս: Հատկապես՝ շների մահը: Միայն նրանց դիպչելը տակնուվրա է անում ինձ: Մտածում եմ՝ ծաղիկներ, ժպիտներ և կանայք, և հասկանում եմ, որ մեռնելու ամբողջ սարսափը ապրելու նախանձիս մեջ է: Ես նախանձում եմ նրանց, ովքեր ապրելու են և որոնց համար ծաղիկներն ու կանայք լինելու են նարնց ուղնուծուծի ողջ իմաստը: Ես նախանձ եմ, որովհետև չափազանց շատ եմ սիրում կայնքը և անկարող եմ եսասեր չլինել: Ինչի՞ս է պետք հավերժությունը: Հնարավոր է, որ մի օր այստեղ պառկած լինես ու լսես. «Դուք ուժեղ եք, և ես պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ: Կարող եմ ասել, որ դուք մեռնելու եք»: Լինել այնտեղ, ձեռքով կառչած կյանքից, վախը աղիներումդ և մի ապուշ հայացք դեմքիդ: Ի՜նչ արժեք ունի մնացյալը, արյան զարկեր եմ զգում քունքերումս ու թվում է, շուրջս ջարդուփշուր կանեմ ամեն բան:

Բայց մարդիկ մեռնում են անկախ իրենցից, անկախ իրենց շրջապատից: Նրանց ասում են. «երբ դու առողջանաս...», իսկ նրանք մեռնում են: Ես նման բան չեմ ուզում: Որովհետև եթե կան օրեր, երբ բնությունը խաբում է, ապա կան նաև այնպիսի օրեր, երբ նա ճշմարիտն է ասում: Այս երեկո Ջեմիլան ճիշտն է ասում և այն էլ այնպիսի թախծոտ ու սրտառունչ գեղեցկությամբ: Իսկ ես այս աշխարի առջև չեմ ուզում խաբել, և չեմ ուզում, որ ինձ խաբեն: Ուզում եմ մինչև վերջ կրել իմ պայծառամտությունը և իմ վախճանին նայել նախանձի ու սարսափի առողջ առատությամբ: Ես վախենում եմ մահից այնքանով, որքանով կապված եմ մարդկանց ճակատագրին, որոնք ապրում են, փոխանակ զննելու հավերժական երկինքը: Ստեղծել գիտակից մեռյալներ՝ նշանակում է կրճատել այն տարածությունը, որը մեզ բաժանում է աշխարհից, նաշանակում է առանց ուրախության մտնել դերի մեջ՝ գիտակցելով ընդմիշտ կորսված աշխարհից արձակվող պատկերները: Իսկ Ջեմիլայի բլուրների թախծոտ երգը հոգուս մեջ ավելի է խորացնում այս ուսմունքի դառնությունը:

*** 
Երեկոյան կողմ մենք մագլցում էինք գյուղ տանող կածանները և վերադառնալով, լսում էինք բացատրություններ. «Այստեղ է գտնվում հեթանոս քաղաքը, այս կացարանը, որ դուրս է ցցվել գետնի միջից, քրիստոնեական է: Ավելի ուշ...» Այո, ճշմարիտ է: Այստեղ մարդիկ ու հասարակություններն են հաջորդել միմյանց, նվաճողները իրենց ենթասպայական քաղաքակրթության հետքն են թողել այս երկրի վրա: Նրանք մեծության մասին ճղճիմ ու ծիծաղելի պատերացում ունեին և իրենց մեծությունը չափում էին նրա զբաղեցրած տարածությամբ: Հրաշքն այն է, որ նրանց քաղաքակրթության ավերակները կլինեն հենց իրենց իդեալի ժխտումը: Որովհետև այս կամք-քաղաքը, որը երևում է այդքան բարձրից, իրիկնամութին հաղաթական կամարի շուրջը թևածող սպիտակ աղավանիներով, երկնքում չի գծում հաղթության ու փառամոլության նաշաններ: Աշխարհը վերջում միշտ հաղթում է պատմությանը: Երկնքի, լեռների ու լռության մեջ Ջեմիլան քարե մեծ աղմուկ է բարձրացնում, որի պոեզիան ես լավ գիտեմ՝ պայծառամտություն, անտարբերություն: Սրանք հուսալքության կամ գեղեցկության իսկական նշաններ են: Սիրտս ճմլվում է այս մեծության առջև, որն արդեն լքում ենք: Ջեմիլան մնում է մեր վերևում իր թախծոտ, ջրամած երկնքով, բարձրավանդակի մյուս կողմից մեզ հասնող թռչնի երգով, հանկարծակի ու կտրուկ, բլուրների լանջերն իր վեր վտակների նման վազող այծերով, խորանի ճակատին պերճախոս վերջալույսով պարուրված եղջերափոր աստծո կենդանի դեմքով:

թարգմանությունը՝ Աննա Հակոբյանի 

 



10 կին բանաստեղծներ՝ ամենի մասին, ինչ վարդագույն իրերն են նշանակում


Էմիլի Դիքինսոն (1830-1886)



























 *
( 249)
Վայրի Գիշերներ – Վայրի Գիշերներ:
Լինեի քեզ հետ
Ու գիշերները վայրի կարող էին
Մեր շքեղությունը լինել:

Անօգուտ- Քամիներ-
Դեպի սիրտը նավահանգստի-
Վերջ՝ Կողմնացույցին-
Վերջ՝ Քարտեզին:

Ոռնոց Դրախտում,-
Ա՜խ, Ծովը:
Կարո՞ղ էի արդյոք, բայց այս գիշեր ճահիճ է
Քո մեջ:

թարգմ.` Արամ Մամիկոնյան 


Աննա Ախմատովա (1889-1966)
























*
Մտածում էինք՝ մուրացկաններ ենք, ոչինչ չունենք:
Բայց երբ կորուստներն իրար հաջորդեցին այնպես,
Որ ամեն նոր օր դարձավ
Հիշատակի օր,
Սկսեցինք երգեր հորինել
Աստծո անսահման շռայլության
Եվ մեր կորուսյալ հարստության մասին:

 թարգմ.` Գիսանե Հովսեփյանը

 
Մարին Ցվետաևա (1892-1941)

























 *
Մտահոգված կքեց աստված
Ու լռեց:
Եվ վերջապես ահա ժպտաց,
Ահա և սուրբ, լուսազգեստ

Հրեշտակներ նա արարեց
Անհամար:
Ոմանք թևեր ունեն մեծ,
Անթևներն էլ կան հարկավ:

Եվ այսքան շատ լալիս եմ
Նրա համար,
Որ աստծուց ավելի ինձ
Հրեշտակներն են դուր գալիս:

15 օգոստոսի 1916

թարգմ.` Նաիրա Հարությունյանի

Ալֆոնսինա Սթորնի (1892-1938)






 

 

 

 

 

 

 

 

Իմ ես-ը


Ինչպես բացատրել. Ինձ թվում է երբեմն,
թե իմ հոգին նման է քաոսի:
Տեղավորվում են իմ մեջ տիեզերքը համայն
և ողջ շրջապտույտը լինելության:

Ես-տիեզերքն եմ: Էլեկտրական հոսանքները
Ինձ տեղափոխում են այլ աշխարհ,
իսկ այստեղ իմ ճամփաները միայնակ են,
այստեղ միայն մենակությունն է ինձ հետ:

Եվ եթե կյանքն ինձ մոտենա ժպտալով`
Ես առաջվա պես օտար կդառնամ,
Կփնտրեմ այլը, անհայտը, հոսողը,
Որին երբեք չեմ հանդիպել:

Օ~ կյանք իմ. Դեպի անկուշտ անսահմանն է
թռչում իմ ճիչը`այրվելով ցանկություններից:
Իմ արյան մեջ տրոփում են աստղաբույլերը,
և ծովերը, ձուլվելով իրար, դառնում են օվկիանոս:

Քանի դեռ ապրում եմ աշխարհում
իմ հոգին ապակե լար է
արծաթե կիթառի:
Մի թեթև քամի
հավերժությունից` և այն կզրնգա:

թարգմ.՝ Նաիրա Համբարձումյանի

Սթիվի Սմիթ (1902-1971)

Ձեռքերս հրաժեշտ չէին թափահարում, այլ խորտակվում էին


Ոչ ոք չլսեց նրան, մեռած մարդը,
Որ դեռ պառկած հառաչում է՝
Ես շատ ավելի հեռու էի, քան կարծում էիր,
Ձեռքերս հրաժեշտ չէին թափահարում, այլ խորտակվում էին:

Խեղճ տղայիկ, նա միշտ սիրում էր կատակել,
Իսկ հիմա մեռած է,
Պետք է որ չափազանց ցուրտ լիներ նրա համար, սիրտը՝ քար,
Նա ասաց.

Օհ, չէ, չէ ու նորից չէ:
(Մահամերձ պառկած դեռ հառաչում էր):
Ես չափազանց հեռու էի այս ամբողջ կյանքից,
Ձեռքերս հրաժեշտ չէին թափահարում, այլ խորտակվում էին:


 թարգմ.՝ Արամ Մամիկոնյան

Դենիզ Լևերտով (1923-1997)























Ի՞նչպիսին էին նրանք


Տեսնես վիետնամցիները
օգտագործե՞լ են քարե լապտերներ:
Ունեցե՞լ են արարողություններ
նվիրված կոկոնների բացվելուն:
Հակվա՞ծ էին նրանք մեղմիվ ծիծաղին:
Օգտագործե՞լ են ոսկորն ու ատամը,
նեֆրիտն ու արծաթը որպես զարդարանք:
Գուցե ունեին դյութազներգություններ:
Եվ նկատո՞ւմ էին տարբերությունը խոսքի ու երգի:

Պարոն, նրանց մանրիկ սրտերը քարերի վերածվեցին:
Չկան վկայություններ՝ արդյոք քարե լապտերներն էին
լուսավորում նրանց համեստ ճանապարհները այգու մեջ:
Հավանաբար հավաքվում էին՝ հիանալու ծաղկունքով,
իսկ հետո նրանց երեխաներին սպանեցին,
ու կոկոններ չծլեցին այլևս:
Պարոն, ծիծաղը վառվող բերանին դառնահամ է թողնում:
Երազներ առաջ, հավանաբար: Զարդարանքն ուրախության համար էր:
Բոլոր ոսկորներն ածխացած են:
Վկայություներ չկան: Հիշիր,
մեծ մասը քրիսոնեաներ էին, և նրանց կյանքը
բրնձի մեջ էր ու բամբուկի:
Երբ խաղաղ ամպերն արտացոլվում էին բրնձի դաշտերում,
իսկ ջրային գոմեշը վստահ քայլում էր տերասների վրայով,
ու հավանաբար հայրերն իրենց որդիներին հին հեքիաթներ էին պատմում:
Երբ ռումբերը փշրեցին հայելին այս պատկերների,
ժամանակ թողնելով միան ճիչերի համար:
Արձագնքը մնաց նրանց բառերի,
որն ինչ-որ տեղ երգի է նման
ու շշուկների,
որ գիշերաթիթռների թռիչքներ են լուսնալույսի մեջ:
Բայց ո՞վ կարող է հաստատել:  Հիմա, երբ լուռ է ամեն ինչ:
թարգմ.՝ Արամ Մամիկոնյան

Էնն Սեքսթըն (1928-1974)






















Կորսված սուտը


Բերանումս ժանգ կա․
հին համբույրի հետքն է։
Իսկ աչքերս շառագունում են,
բերանս սոսինձ է,
ձեռքերս՝ զույգ քարեր,
իսկ սիրտը
դեռ բաբախում է,
այն վայրը, ուր սերն էր բնակվում։
Բայց այն գամված է տեղում։
Այս տարօրինակությունների համար խիղճս չի տանջում,
զգացածս, ավելի շուտ, ատելություն է։
Քանի որ պարզապես իմ միջի երեխան է դուրս ժայթքում,
իսկ ես նրան սպանելու ծրագրեր եմ կազմում։

Մի ժամանակ ես կին էի՝
լուսնաթատրոնի պես լի,
ու սիրուց սեր էր ծնվում,
իսկ երեխան, ծածուկ նայելով,
ինքն իրեն չէր ատում մի ժամանակ։
Հիմար, հիմար սեր, ինչ արեցիր։
Այսօր ես մեռած տնով եմ շրջում,
սառցե խոհանոցով, ննջասենյակով,
որ գազախցիկ է ասես ։
Մահճակալն ինքը վիրահատական սեղան է,
որի վրա երազներս մասնատում են ինձ։

Օ, սեր,
սարսափը,
այլանդակ կեղծամը,
որ քո գանգուր, սիրելի, սիրելի, սիրելի գլուխն էր։

թարգմ.՝ Ռուզաննա Սուքիասյան 

Սիլվիա Փլաթ (1932-1963)






















Հսկան

Ոչ մի կերպ չի հաջողվի մասերդ կցել իրար,
Հավաքել քեզ, սոսնձել ու կապկպել պատշաճորեն:
Անասնային բառաչ, խոզի խռմփոց ու անպատկառ բառեր`
Որ դուրս են թռչում քո հսկա շուրթերից:
Երախդ ախոռից էլ վատն է:

Գուցե քեզ մարգարեի տեղ ես դրել,
Մեռյալների խոսափողի, կամ ինչ-որ աստծու, կամ ուրիշ մեկի:
Երեսուն տարի ջանացել եմ
Դուրս քաշել տիղմը քո կոկորդից:
Գաղափար անգամ չունենալով, թե ոնց:

Սոսնձի սրվակներով ու Լիզոլի դույլերով մագլցում եմ փոքր սանդուղքները,
Քարշ գալիս, ինչպես մրջյունը սուգի մեջ,
Մոլախոտով ծածկված հոնքերդ աղեղներում,
Որ շտկեմ գանգիդ վիթխարի թիթեղները, որ մաքրեմ
Ճաղատ գլուխդ, սպիտակ գերեզմանաթմբերը աչքերիդ:

Մեր գլխավերևում սփռվում է լազուր երկինքը
Օրփեոսյան Կամկարների: Օ հայր իմ, դու քո ողջ էությամբ
ընդգրուն ես ու պատմական, ասես Հունական Դիցարան:
Ես բացում եմ իմ նախաճաշը սև սոճիների բարձրունքում:
Քո հնչեղ ոսկորները ու մինչև հորիզոն ձգվող ականթե մազերը

Կեղտոտված են իրենց ծեր անարխիայի մեջ:
Ավելին է պետք, քան ուղակի կայծակի հարվածը
Նման կորածնում ստեղծելու համար:
Գիշերները ես կուչ եմ գալիս
Քո ձախ ականաջախեցու մեջ՝ պաշտպանվելով քամիներից,

Հաշվում կարմիր աստղերը ու մյսուները, որ սալորագույն են,
Արևը լեզվիդ սյան տակից է ծագում:
Ժամերս ամուսնացել են ստվերների հետ:
Ես այլևս չեմ լսում նավերի ճանկռոցները
Վայրէջքի ծանծաղ քարերին բախելիս:

թարգմ.՝ Արամ Մամիկոնյան

Ֆորուղ Ֆարրողզադ (1935-1967)








 

 

 

 

 

 

 

Կրամիր վարդ

Կարմիր վարդ,
Կարմիր վարդ,
Կարմիր վարդ...
Նա ինձ տարավ պարտեզը կարմիր վարդի,
Եվ ալեծուփ իմ մազերին,
Մթության մեջ ամրացրեց
Կարմիր վարդ:
Եվ վերջապես
Քնեց ինձ հետ,
Ծաղկաթարթերի վրա՝ կարմիր վարդի:

Ով աղավնիներ խեղված,
Ով անփորձ, ամուլ ծառեր,
Ով կույր լուսամուտներ,
Սրտիս տակ և կոնքերիս խորախորքում
Այժմ աճում է կարմիր վարդ,
Կարմիր վարդ,
Կարմիր,
Ինչպես դրոշը վերծնության:
Օհ, ես հղի եմ, հղի, հղի...

թարգմ.՝ Էդուարդ Հախվերդյան 

Տանյա Հովհաննիսյան (1947-1988)





















 

Չգրած բանաստեղծություն

Աշխարհում չի թառամում և ոչ մի ծաղիկ.
ինձ զսպաշապիկ հագցրերին,
որպեսզի չսգամ
գլխատված ծաղիկների,
վիժեցրած սերերի,
գործերի համար ազնիվ, կիսատ ու անկատար:

Աճում է խոտը,
երկինքը մթնում է, անձրևում,
ապա պարզում է...

Դուք, կարգուկանոնով պատնեշվածներ,
րոպեների մեջ ծրարված-բարուրվածներ,
յոթն անգամ յոթ չափած ու միայն մեկ կտրածներ,
ի՞նչ պիտի լսեիք -
ծլելու պատրաստ մարգագետնի փսփսոցից...

Աշխարհում չի քարանում և ոչ մի սեր.
չար խոսքերը սիրուն ի՞նչ -
խուտուտ կտան,
կամաչեցնեն,
կծիծաղեցնեն ընդամենը...

Տարեք հեռու այդ լծակն ու այդ նժարները,-
ի ծնե հավասարակշռվածներ,
մի բարդվեցեք կողքիս,
մի մրցեք հետս.

Ես - կինս
լոկ մի տղամարդ ու մի տիրակալ ունեմ՝
ծոծրակիս ծառացած սարսափը,
որ հենց լռություն է լռության մեջ,
և մութն է մթան մեջ...

Որքան էլ սիրեմ,
միևնույն է չեմ հավատալու
կակղեցրած արցունքներին կեղծավոր մոմերի,
որովհետև
արդար է սիրտը միայն,
որ կծկվում է
անորսալի մի պահի՝
հետո թաղվելու,
հետո գլխովին տրվելու համար
տարուբերումին
ինքնամոռաց:

ապրիլ 1988

թոմաս սթըրնս էլիոթ / thomas stearns eliot

ԳԵՐՈՆՏԻՈՆ

Չունես ծերություն, կամ ջահելություն,
Այլ, այսպես ասած, հետճաշյա մի քուն՝
Երկուսի մասին երազներով լի:

















Ահա ես՝ մի ծերունի, ցամաք ամսվա մեջ,
Ով լսում է տղայի ընթերցանությունը ու անձրևի սպասում:
Ես չեմ եղել տաք դարպասների մոտ,
Չեմ կռվել տաք անձրևի տակ,
Չեմ թաղվել աղի ճահիճում՝ սուրը ձեռքիս,
Ճանճերը չեն կրծել ինձ մարտնչելիս:
Իմ տունը փտած տուն է,
Ջհուդը՝ տանտերը, պպզած է լուսամուտի գոգին՝
Ձկնկիթ դրած Անտվերպենի ինչ-որ սրճարանում,
Բրյուսելում բշտիկներով ծածկված, Լոնդոնում կարկատված-պլոկված:
Գիշերները զառիվեր դաշտում այծն է հազում.
Ժայռեր, մամուռ, քարաքոս, երկաթ, քակոր:
Կինը խոհանոցում թեյ է պատրաստում,
Փռշտում երեկոյան՝ ջրատար առուն խառնելիս:

Ես՝ մի ծերունի,
Մի բութ գլուխ հողմառատ տարածության մեջ:

Նշանը հրաշքի տեղ է անցնում. «Ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»:
Բանը բանի մեջ, անզոր՝ մի բառ խոսելու,
Խավարով բարուրված: Ջահել տարվա մեջ
Եկավ Քրիստոս վագրը

Անառակ մայիսին՝ հոն, շագանակ, ծաղկող Հուդա,
Որոնք շշնջալով պիտի ուտեն, բաժանեն, խմեն՝
Պարոն Սիլվերոն շոյող ձեռքով,
Լիմոնժում, ողջ գիշերը հարևան սենյակում քայլելիս,
Հաքագավան՝ Տիցիանի կտավների առջև խոնարհվելիս,
Մադամ դը Թորնքվիսթը՝ մթին սենյակում
Մոմերը փոխելիս, ֆրոյլայն ֆոն Քուլփը՝
Սրահում շրջելիս՝ մի ձեռքը դռան վրա:
Դատարկ մաքոքները
Քամի են հյուսում: Չունեմ ուրվականներ.
Ես՝ մի ծերունի ցրտաշունչ տան մեջ՝
Հողմածեծ մի բռնակի ներքո:

Այսպիսի գիտելիքից հետո՝ էլ ի՞նչ թողություն: Արդ մտածիր.
Պատմությունը բազում նենգ ուղիներ ունի, ծուղակ-միջանցքներ,
Վիճելի հարցեր: Նա խաբում է շշնջացող նկրտումներով,
Առաջնորդում մեզ սնափառությամբ: Մտածիր հիմա.
Նա տալիս է այն ժամանակ, երբ մենք չենք նայում:
Այն, ինչ տալիս է, տալիս է այնպիսի նենգ խառնաշփոթությամբ,
Որ տվածը սովի է մատնում փափագը: Շատ ուշ է տալիս,
Այն, ինչ չենք հավատում, կամ եթե հավատում ենք դեռ,
Ապա միայն հիշողությամբ. վերանայված կիրք: Շատ վաղ է հանձնում
Տկար ձեռքերին,- միտք, որին կարելի է մի կերպ համակերպվել,
Մինչև որ հրաժարումը սարսափ առաջացնի: Մտածիր.
Ոչ վախն է մեզ փրկում, ոչ քաջությունը: Մեր հերոսությունը 
Որդեգրել է անբանական արատներ: Մեր անպատկառ ոճիրները
Արժանիքներ են փաթաթել մեր վզին:
Այս արցունքներն են թափվում զայրութի ծառից:

Վագրը ցատկում է նոր տարվա մեջ: Մեզ է խժռում: Մտածիր ի վերջո,

Մենք չենք հանգել եզրակացության, մինչ ես
Փայտանում եմ այս վարձու տան մեջ: Մտածիր ի վերջո,
Աննպատակ չեմ ցուցադրել այս ամենը,
Ոչ էլ՝ ինչ-որ չար
Ուժերի դրդմամբ:
Այս հարցում անկեղծորեն կնայեի ես քեզ.
Ես, որ մոտ էի սրտիդ, վտարվեցի մայն՝
Կորցնելու գեղեցկությունը՝ ահի, ահը՝ հավատաքննության մեջ:
Կորցրել եմ իմ կիրքը. ինչո՞ւ նրա կարիքն զգամ,
Երբ կարիքը սոսկ պիտի խարդախվի:
Կորցրել եմ տեսողություն, հոտառություն, լսողություն, համ, շոշափելիք:
Ինչպե՞ս գործածեմ դրանք՝ քեզ հետ ավելի սերտ կապվելու համար:

Սրանք, հազարավոր այլ խոհերի հետ,
Ձգձգում են ցուրտ զառանցանքի պահը,
Գրգռում թաղանթը, երբ զգայարանը սառած է,
Կծու համեմունքով, բազմապատկում են բազմազանությունը
Հայելիների անապատում: Սարդն ի՞նչ է անելու,
Հետաձգելու է իր գործը. հապաղելո՞ւ է երկարաճիթ
Բզեզը: Դե Բելաշ, Ֆրեսկա, տիկին Քեմփլ, ողջը պտտվում են,
Դողացող Արջի շրջապտույտի մեջ,
Տրոհված ատոմներով: Որորը քամու դեմ Բել Այլի հողմառատ
Նեղուցներում, կամ դեպի Քեյփ Հորն սլանալիս:
Ճերմակ փետուրներ՝ ձյան վրա, օվկիանոսային հոսանք,
Եվ մի ծերունի՝ քամիներից քշված
Դեպի անկյունն այս քնատ:

Կենվորները տան.
Չոր ուղեղի մտքեր՝ չոր եղանակին:



Ծանոթագրություններ

Բանաստեղծությունը մտքի վիճակ է ներկայացնում, սակայն այստեղ անձնական հոգևոր ամլությունը վարպետորեն միահյուսվում է մարդկության, մասնավորապես Եվրոպայի անկման գաղափարի հետ: Վերնագիրը (Գերոնտիոն (հուն..)-փոքրիկ ծերունի) հիշեցնում է Քարդինալ Նյումանի (1801-1890) «Գերոնտիոնի երազը» (1866) գիրքը, որի, ի տարբերություն Էլիոթի բանաստեղծությանը, լավատեսական է: Շեքսպիրի «Խոտորնակին խոտորնակ» պիեսից վերցրած բնաբանը խորհրդանշում է չապրած կյանքը, որպես վանական քողարկված Վիեննայի դուքսը մահապատժի սպասող երիտասարդ Կլավիդիոյին խորհուրդ է տալիս «լինել բացարձակ՝ մահվան համար», որովհետև կյանքն առանձնապես իմաստ չունի, իսկ ծերությունը՝ «ոչ ջերմություն, ոչ զգացմունք»; Էլիոթի գերոնտիոնը նույնպես ոչինչ չունի, սակայն նա «բացարձակ» չէ ոչ մահվան, ոչ կյանքի համար, այլ երերում է երկուսի միջև: Բանաստեղծությունում ոչ միայն պատկերներն են միաձուլվում, այլև ներկան, անցյալը և բառերի իմաստները:

տաք դարպասներ-հուն. Thermoplae-ի բառացի թարգմանություն, այս վայրում խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել հույների և պարսիկների միջև (480թ. Ք.ա.):
«Ուզում ենք քեզանից մի նշան տեսնել»-Քրիստոսին ուղղված անհավատների կանչը, ովքեր ուզում էին հրաշք տեսնել (ՄԱԹԵՈՍ, ԺԲ,38):
«Բանը բանի մեջ... խավարով բարուրված»- անգլ. աստվածաբան Լանսլոթ Էնդյուսի (1555-1626) Ծննդայն տոնի քարոզից: Քրիստոսի և Բանի զուգորդումն արտահայտված է Հավհաննու Ավետարանի առաջին տողերում. «Ի սկզբանէ էր Բանն, և Բանը Աստծոյ մօտ էր. և Բանն Աստուած էր» (ՀՈՎՀԱՆՆԵՍ, Ա, 1.);
Քրիստոս վագրը- հիշեցնում է Վիլյամ Բլեյքի (1757-1827) «Վագրը» բանաստեղծությունը, որն հակադրվում է Աստծո ստեղծած կատաղի վագրին և քնքուշ գառնուկին (վերջինս Քրիսոսի խորհրդանիշն է): Էնդրյուսը վերոհիշյալ քարոզում ասում է. «Քրիստոսը վագր չէ»:
Պարոն Սիլվերոն և այլք- բոլոր անունները մտացածին են:
Լիմոնժ- քաղաք Ֆրանսիայում, որն հայտնի է իր հաղճապակիով:
Տիցիան- իտալ. գեղանկարիչ (1457-1576):
Դատարկ մաքոքները քամի են հյուսում- հմմտ. «Օրերս մաքոքից շուտ են վազում, և վերջանում են առանց յոյսի: Յիշիր որ կեանքս քամի է, աչքս միւս անգամ բարիք չէ տեսնելու» (ՅՈԲ, Է, 6-7): Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսի» առաջին գլխում (որն արդեն տպագրվել էր ամսագրում) այսպիսի նախադասություն կա. «Դատարկությունը հաստատ սպասում է նրանց, ովքեր քամի են հյուսում»:
զայրութի ծառ-հիշեցնում է «բարու և չարի գիտության ծառը» (ԾՆՆԴՈՑ, Բՙ, 17), որն հարուցեց Աստծո զայրութը, երբ Ադամն ու Եվան ըմբոշխնեցին նրա արգելված պտուղը:
դողացող Արջ-Մեծ Արջի համաստեղությունը:
տրոհված ատոմներ-ատոմն առաջին անգամ տրոհվել է 1919թ.-ին:
Բել Այլ- փոքրիկ կղզի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նեղուցների միջև:
Քեյփ Հորն-Հարավային Ամերիկայի ամենահարավային կետը:

ծանոթագրությունները՝ Արբուն Տայանիի
թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի