***
արգանակ պատրաստող կնոջ եղունգներից արյուն է գալիս,
նա այնքան հմուտ է լվանում իր երեխաներին,
որ թույլ է տալիս չզգալ այն ցավը,
որն ամեն օր խարսխվում է իմ մեջ,
ու մանր-մանր սպանում ինձ.
թեկուզ իմ ապրած բոլոր առավոտներում ես ներկա եմ ու սուրճ եմ խմում,
մեկ ա, քո կեսն արդեն վիժված ա, գոնե
ինքնուրույն ինքնասպան եղիր,
չնայած խունկը թանկացել ա…
ինչ-որ մեծ ու անտանելի կարմիր թռչուն բացել է իր թևերը,
ու ես նրա փետուրների վրա հայտնագործում եմ դեղին մահը,
ու ինձ դուր է գալիս այս ցավոտ վայրէջքը,
ու նկուղի ներսում փայտի թափոնները:
Ես վաղը էլ չեմ վերադառնալու, պա,
ու ամենացավոտը՝ ես պատերազմից եմ փախչում…
ի սկզբանե կարելի էր չքայլել ոտնաթաթերի վրա,
ու հիմա հարմարվելը տգիտության նշան կլինի,
դայակ ունենալու դեպքում ես ամեն ինչ նրա ուսերին կթողնեի,
ու փողոցի սեռը կլվանայի լեզվիս տակ,
անիմաստ հաշվարկներ,
անիմաստ աշխատանք,
անիմաստ ճամփորդություն…
ու թքած, որ մենք իրար հետ յոլա չենք գնում,
նույնիսկ երկնաքարերը չեն սպանում մեզ,
կամ էլ գոնե կարկուտը...
իսկ հետո, ես, իսկապես, տխուր եմ,
ու էս էնքան էլ հերթական օր չի,
դե հա, սրանք դատարկ բաներ են,
գիտեմ…
Կորուստ
ես չեմ հասցնում սիրել այս երկինքը,
այս ընդերքը, որ կպել է հողից,
ու հաճույքով զգում է քո հեռացումը,
ես հիմա տրվում եմ շնչառությանդ,
ու հուսախաբ ինչ-որ հաբեր խմում,
ուզում եմ ծանրացնել ոտքերդ,
որ մենք մնանք վերջին աստիճանին նստած,
հիմա ինձ պարկերով հոգեբաններ են պետք,
վառիր ինձ էս խարույկի մեջ մինչև գնալդ…
գրողը տանի, ես լողում եմ հոսանքին հակառակ,
ու քո կորուստը աղի հանքեր է բացում աչքերումս,
ու մամնիս վրա աճած կակտուսները հաստանում են`
ինչ-որ հիմար բաներ ասա, ես հուսալքված եմ…
ես ամրացնում եմ վերելակի դռները,
ու երկրաշարժի սպասող այս հոգեվարքի
մեջ
ինչ-որ անիմաստ նախադասություններ դուրս տալիս.
միևնույն է, դու հեծանիվ քշել չգիտես,
ուր մնաց` ծաղիկներ գնես ու վերադառնաս դրախտից,
դու շրխկացնում ես տան պատուհաները,
ու ամենահիմար աշակերտի պես ծխում զուգարանում,
ու ամենահին պայուսակի մեջ դնում մեր
կյանք`
թղթե երջանկություն,
մենք ողջ ենք,
մենք ողջ ենք…
Կաշվիս տակ հավաքում եմ քո մնացորդները,
դատարկ մկաներիս մեջ տեղավորում հայացքդ,
կիսածածկ մտերմություն,
նայիր, ինչ կոկիկ եմ հագնվել
հատուկ մեր բաժանման համար,
հըն, ինձ շպար սազում ա…
***
Պետք էր ուղղակի ոչիչ չնկարել.
թևանցուկ քայլել ծաղիկ վաճառող տղայի հետ,
թախծոտ աչքերի համար հիավդանալ գրիպով,
մոռանալ ինչ-որ կղզի գրավելու մասին ՝ դե, պատերազմը չարիք է,
ու ապրել առանց մեռելներին զուգակցելու..
ամենասարսափելին մահվան տագնապը զգալն էր,
ինքնասպանվածը միակ չթուլացող երևույթն է,
հիվանդանոցի կինը ընդամենը բժիշկ է,
պետք չի թաքցնել կապտած շուրթեր,
ուղղակի ես սպառվում եմ ,ես վերջացա…
պահիր ինձ մի ուրիշ հեքիաթի համար,
այնքան կեղտոտ է այս գետինը՝ Ես չունեմ հողաթափեր,
սխալ զգացողությունը՝ ահա բանաստեղծության սիրտը,
քո տխրությունը իմ կործանման առաջին նախապայման է
և պետք չի չապրել իմ թափթփվածության մեջ,
ուղղակի ես չցանկացա սիրել,
նայիր,ուշադիր նայիր ձեռքերիս,
սա ոչնչացման ժեստ է՝ ահա ողբերգության ավարտը.
կինը նոր տարին մենակ կդիմավորի՝ ոչ ճոխ սեղանի հետ,
ես երկրորդ օրը կգնամ նրան շնորհավորելու,
ես գլուխս կմոտեցնեմ նրա ուսին ու ձեռիս հետ մանադարին կուտեմ,
նրա կպատմեմ մոլորակների դասավորության մասին,
ինքս ինձ կգովեմ,թե ուսումնասիրում եմ դրանք,
հետո կասեմ,որ ուշանում եմ ու դեռ պետք
է աստիճաների վրա լացել,
ու դուռը կփակվի նրա ծերացած մատներով…
պետք էր կարողանալ ոչինչ չգիտակցել.
թևանցուկ քայլել ծաղիկ վաճառող տղայի հետ…
այսպես ես սպառվում եմ ,
ես վերջացա…