Լիլիթ Կարապետյան / Lilit Karapetyan

լուսանկարի հեղինակ՝
Ռուզաննա Բաղդասարյան

-Նորից երկուշաբթի,-


ասաց մայրս:
Ծանր օր է: Երկօրյա հանգստից հետո ստիպված էր լինում վաղ արթնանալ ու շտապել աշխատանքի: Դուրս գալուց առաջ մայրս ջուր էր խմում: Որովհետեւ ծարավում էր, որովհետեւ բերանում տարօրինակ քաղցր համ էր զգում: Երբ ծորակը բացեց, ջուր չեկավ: Մայրս ջուր չխմեց, ու նրա մուգ վարդագույն շրթներկը չտպվեց բաժակի շուրթերին:
Մեր տան ջրերը կտրել էին:
Աշխատանից վերադառնալով` ափսեներն ու բաժակները գտավ կեղտոտ:
Ջուրը չէին տվել: Ոչինչ չասաց: Ուղղակի մի քիչ գունատվեց:
Հայրս ուշ վերադարձավ: Կեսգիշեր էր: Արթնացա դռան չխկոցից: Նրանց ննջասենյակի լույսը վառվում էր,բայց մայրս քնած էր:

Երեքշաբթի:
Մայրս հարցրեց հորս,
- Որտե՞ղ էիր:
Հայրս չպատասխանեց:

Չորեքշաբթի:
Տունը թափթփված էր: Ափսեների շարքը բարձրացել էր: Ես ու եղբայրս նյարդայնացած էինք: Անընդհատ շոկոլադ էինք ուտում, որ հագեցնենք քաղցը ու կարողանանք քնել:
Մայրս միայն երեկոյան վեւադարձավ:
-Ո՞ւր էիր,- հարցրեց հայրս:
Չպատասխանեց: Հարցը հնչեց երկրորդ անգամ: Մորս թափառող հայացքը որսաց հորս աչքերը.
-Այնտեղ ես կարող եմ ջուր խմել:
Հետո գոռաց.
-Դու գիտեիր, ուր ջրերը կտրել են:
Ես առաջին անգամ էի մորս այդպես հուզված տեսնում: Բայց ավելի տարօրինակ էր հորս վարքագիծը: Նա սկսեց համոզել, որ ոչինչ չգիտի եւ դրա հետ ոչ մի կապ չունի:
-Հավատա ինձ:
Բայց մայրս չհավատաց: Իսկ ես չհասկացա: Երեւի փոքր էի նման բաներ հասկանալու համար:

Հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ:
Մայրս հեռուստացույց էր դիտում:
Կիրակի:
Նա հայացքը մի պահ կտրեց հեռուստացույցից եւ ասաց.
-Չմոռանաս դպրոց գնալ,հետո` դաշնամուրի: Եղբորդ էլ հետդ կտանես: Թող նստի դաշնամուրի դասին:
Բայց չէ՞ որ ես չէի կարող նման կարեւոր բանը մոռանալ:
Մայրս աղմուկ չէր սիրում: Նա պահանջում էր լռեցնել այն բոլոր անշունչ ու շնչավոր առարկաները, որոնք կարող էին աղմուկ առաջացնել: Մեր տանը հայրիկն էր հեռուստացույց դիտում:
Ես հիշեցի հորս: Նա ուշ էր տուն գալիս` երբ բոլորս քնած էինք, իսկ առավոտյան վաղ էր գնում` երբ դեռ չէինք արթնացել:

Երեքշաբթի:
Ես բռնեցի եղբորս ձեռքից ու երկուսով սլացանք երաժշտական դպրոց:
-Դո, ռե, մի: Ապրես, այս տողը լավ ես նվագում: Իսկ հիմա ձախ ձեռքը միացնում ենք աջին: Հիշիր, բասի բանալիում օգտագործում ես երկրորդ եւ չորրորդ մատները, իսկ սոլի բանալիում աշխատիր ստակատոները ճիշտ ժամանակին անել: 
Դա էր ուսուցչուհուս հիմնական պահանջը: Հետո տասներկու թերթանոց տետրի մեջ գրեց տնային առաջադրանքները, եւ մենք վերադարձանք տուն:
Դուռը երկար ծեծեցինք,մինչեւ մայրս բացեց:

Չորեքշաբթի:
Ես դաշնամուր էի նվագում` սկզբից միայն աջ ձեռքով, հետո միացրեցի ձախը: Վարժ չստացվեց: Մի քանի անգամ գամմա նվագեցի: Ստեղները տաքացան: Մատներիս մարզավիճակը վերականգնվեց: Վերադարձա նախկին ստեղծագործությանը: «Աքաղաղների վալսը»,- այդպես էր վերնագրված: Որքան հիշում եմ Մոցարտն է գրել: Երաժշտության ելեւէջները դիֆուզիայի օրենքի համաձայն խառնվեցին օդի հետ ու զբաղեցրին տան ամբողջ տարածքը:
Մայրս մի սենյակից մյուսն էր գնում` չփոխելով ուղեգիծը: Ոչինչ չէր ասում: Երեւի ոչինչ էլ չէր տեսնում: Ես դեռ նվագում էի, երբ մոտեցավ ու նստեց կողքիս: Ես նվագում էի, մայրս լսում էր ու նայում դիմացի պատին փակցված նկարին` սովորական մի բնանկար` գազոն, երկու նստարան ու դեղնած տերեւներ հետեւաբար` աշուն:
Չգիտես որտեղից վազելով եկավ եղբայրս ու դաշնամուրի կափարիչն անսպասելի իջեցրեց: Ես արագորեն ձեռքերս ետ քաշեցի: Մորս մատները մնացին կափարիչի տակ: Նա հայացքը չկտրեց բնանկարից:
Մի պահ ես ու եղբայրս լուռ նայեցինք մորս: Վերջապես կափարիչի տակից ծուլորեն հանեց մատները եւ տանից գնաց. երեւի դեպի բնանկարը, դեպի գազոնը, նստարանը, դեղնած տերեւները, հետեւաբար` դեպի այգի:

Հինգշաբթի:
Ես կարոտել եմ հորս:

Շաբաթ:
Հայրս ներս մտավ, ձեռքի տոպրակներն անփութորեն դրեց հատակին ու գնաց: Սկսեցի բացել`մածուն, ատամի մածուկ, հողաթափեր, գրիչներ, տետրեր, ձմերուկ:
Այս ամենը խառը, իրար վրա լցված ու նույն տոպրակի մեջ էին:
Եղբորս ասացի.
-Արի մածուն ուտենք:
Նա թողեց իր խաղալիք մեքենաներն ու վազելով եկավ:
Ամբողջ բանկան երկուսով կերանք ու քնեցինք. մեկս բազմոցին, մյուսը` բազկաթոռին:

Կիրակի:
Ես կարոտել եմ մորս:

Երեքշաբթի:
Մայրս որոշեց անպայման լվածք անել: Ես նրան ասացի.
-Բայց դեռ ջուր չունենք:
Նա պատասխանեց.
-Իջեք լիմոնադ գնելու:
Լիմոնադի շշերով լի արկղերը ես ու եղբայրս մի կերպ տուն տարանք: Սպիտակ լիմոնադը լվացքի համար, դեղինը` խմելու: Դեղինի արկղում պատահաբար կարմիր լիմոնադ գտնվեց, հետո անհետացավ:
Մայրս սպիտակ լիմոնադով լի շշերը դատարկեց լվացքի մեքենայի մեջ, ու անկողնու սպիտակեղենը ներծծվեց լիմոնադով:
Եղբայրս նայեց ինձ ու լայն ժպտաց: Այնքան լայն, որ բոլոր ատամները երեւացին. մի տեսակ կարմրել էին:
-Լիմոնադով ատամներս լվացել եմ,- ասաց նա ու երկուսով լիաթոք ծիծաղեցինք:

Չորեքշաբթի: 
Մայրս չկա: Ծարավ եմ:

Հինգշաբթի:
Մայրս չկա: Ծարավ եմ ու քաղցած:

Ուրբաթ:
Մայրս չկա: Եղբայրս լաց է լինում: Մենք ծարավ էինք ու քաղցած: Եղբայրս սկսեց ուտել աղի արցունքները, կշտացավ, բայց ծարավն ավելի սաստկացավ:
Ես նստել էի թափթփված անկողնու վրա ու չգիտեի ինչ անել: Հիշեցի լիմոնադի շշերը: Մինչեւ վերջին կաթիլը խմել էինք կամ լվացք արել: Ամբողջ ուժով լիզեցի լիմոնադով լվացված սավանը: Այնքան մինչեւ այն ամբողջովին թքոտվեց ու համը կորցրեց:

Շաբաթ:
Ծարավ ենք: Անձրեւ էլ չի գալիս: Երեկոյան մայրս տուն եկավ: Ասացի.
-Ծարավ ենք:
Պատասխանեց.
-Հայրդ գիտեր, որ ջրերը կտրել են: Ես չեմ հավատում: Նա գիտեր:
Թուլացած ընկավ հատակին: Ես ու եղբայրս փորձեցինք տանել ննջարան: Մայրիկը շատ ծանր էր մեզ համար: Մայրիկին միայն հայրիկը կարող էր գրկել:
Զանգեցի շտապօգնություն:
Բժիշկը պայուսակի միջից հանեց սպիտակ հեղուկով լի, մեծ ամպուլաները:
-Խմեմ,-ասաց եղբայրս:
Ես ամուր գրկեցի նրան: Մենք նախանձով նայեցինք մորս: Բժիշկն ամպուլաների պարունակությունը ներարկեց նրան:

Կիրակի:
Ես հիշում եմ այն օրերը, երբ ջուր ունեինք: Պարզ ու հասարակ գործողություն` բացում ես ծորակը, եւ ջուրը, որը ոչ հոտ ունի, ոչ համ, առատորեն հոսում է: Միեւնույնն է, մեր տան ջուրը համեղ է: Կարող եմ լիտրերով խմել ու չհագենալ:
Լսել եմ, ջուրը հիշողություն ունի:

Հաջորդ կիրակի: 
Կարծում էի մայրս քնած է: Վերջին ժամանակներս նա տարբեր գույնի հաբեր էր ընդունում ու գրեթե ամբողջ օրը`քնում;
-Ո՞ւր են իմ երեխաները,- ասաց նա ու գլուխը մտցրեց բարձի տակ: Մի պահ չհասկացա` արթուն է թե քնի մեջ է խոսում:
- Ո՞ւր եք տարել:
Ես կանչեցի եղբորս ու երկուսով կանգնեցինք նրա դիմաց, որ մեզ տեսնի: Մայրս գլուխը հանեց բարձի տակից, նայեց աջ ու ձախ ,ապա նորից մտցրեց բարձի տակ` շարունակելով փնտրել:
Մենք ասացինք.
-Այստեղ ենք:
Դեմքը մոտոցրեց ներքնակին.
-Այդտեղից դուրս եկեք, կխեղդվեք:

Երեքշաբթիներ:
Սեղանին դրված են դատարկ ամպուլաներ:

Ուրբաթներ:
Մայրս այլեւս մեզ չի փնտրում: Հոգնել է եւ դադարեցրել որոնումները:

Կիրակիներ:
Ծարավ ենք:

Նորից երկուշաբթի:
Ժամը 8:30:
Ես սովորականի նման շտապում եմ դպրոց: Չէի ուշացել: Նկարչության դասին տուն նկարեցի, կողքին` առվակ:
Ժամը 13:00: 
Թակեցի տան դուռը: Տարօրինակ է, բայց բաց էր:
13::02:
Ինչ-որ խշշոց լսեցի:
13:03:
Մտա լոգարան: Հայրս, մայրս ու եղբայրս պոմպի նման ծծում էին ծորակից թափվող ջուրը:
13:04:
Նրանք շրջվեցին ու լայն ժպտացին: Հայրս էլ ու նույնիսկ` մայրս:
13:05:
Մորս ծնոտից ջրի կաթիլ ընկավ ցած:
Ջուրը հիշողություն ունի: Ջուրը ժանգոտ էր: