անի հովնան / ani hovnan

լուսանկարը՝ սեդ սահակյան

















*
Հայրս նայում էր՝ 
Ոնց եմ մաս առ մաս քանդում տիկնիկը. 
Ինքն էր նվիրել, 
Սպիտակ էր, 
Սիրուն, 
Մազերը՝կարմիր, 
Պլոկում էի մազերը, 
Շպրտում պատից պատ, 
Հետո էլ նետում դարակում՝մի տեղ, 
ես քանդում էի, 
հայրս՝ ծիծաղում, 
հիմա նույն ջանքով 
դարակում ինձ եմ 
մաս առ մաս քանդում 
(իսկ հավաքելը դեռ այն ժամանակ 
չէի կարողանում), 
հայրս հեռու է,
նայում է, 
սակայն էլ չի ծիծաղում:
 
*
Չնայած կատուների հետ զրուցելու
հին սովորությանը՝
Ես այնքան էլ բանաստեղծ չեմ,
Ու ինձ ավելի,քան ուրիշին,
Դավադրաբար լքում են բառերը,
Լքվելը սովորական է,
Թեկուզ
Գուրգուրվել,փայփայվել եմ նաև,
Ու թեկուզ լացկան եմ դեռ մի քիչ,
Ներիր,
Ես այնքան էլ կին չեմ,
Քո մասին մտածելը՝զբաղմունք,
զբաղմունք է գրականություն,արվեստ,
աման լվանալը՝զբաղմունք,
զբաղմունք է կյանքը սովորական,
սովորական մարդ եմ,
միայն թե
գիտեմ արդեն՝
ոնց են ապրում
կենդանիները՝մորթված գլխով:


*
Մոռացել եմ քեզ, 
ընկերներիս խորհրդով հիմա շրջում եմ 
մազերս՝սանրած, 
աչք-ունքով կանչում սիրուն տղաներին, 
ու չեմ մոռանում ձեռքս վերցնել հաստափոր 
գիրքը, 
որ հուշում է, թե տերը գիտի խոսել քիչ-միչ 
ու անունն է լսել Ֆլոբեր,Կաֆկա,Պոյի… 
ու որ աշխատանք է փնտրում 
և կամ ինքնուրույն կյանք՝ 
ապահով ու մենակ… 
ես մոռացել եմ քեզ. 
Արի պառկիր կողքիս:

*
Իմ ու քո
չեղած կենսագրության մեջ
տաք ու մտերիմ
մի տող փնտրեմ,
քաշեմ վրաս,
ոնց սիգարետիդ ծխի մեջ՝
կծկվեմ,
ու տաքանամ
քեզնից բացակա բոլոր վայրերում,
ուր հիմա քայլում եմ
գունաթափված երազներով,
կողոսկրերիս մեջ՝
սվսվացող քամին,
քունքիս մեջ՝
կտկտոցը փայտփորիկների,
հայացքումս՝
ափ շպրտված ձկան տխրությունը,
իսկ սրտիս մեջ՝
կարոտը քո
ու հեռավոր այն օրերի,
որոնց մեջ ես
դեռ փնտրում եմ
լուսավոր ու մտերիմ տող՝
լցնելու ներսիս ցուրտ մթությունը: