pater noster


hայր մեր,
եթե դեռ երկնքում ես
ցույց տուր մարդկանցից գաղտնի
ոտնաթաթերի վրա
փախչող երջանկությունը,
մի ձեռք տուր,
որ տուն քաշ կտա մեզ
փաբերից,
մի քիչ պատճառ
առանց ալկոհոլ
դիմանալու համար
ու հարազատ ուս ՝
գլխներիս տակ
տխրության ժամին

ու եթե իրականում վիճակված չէ,
թող  գոնե սուրճի բաժակից
սպասվող երկար ճանապարհորդություն,
հարսնացուներ
ու փեսացուներ
դուրս գան,
թող մենք գտնենք մեր երկրորդ կեսը…
…ինքնասպանը՝
իր շարժասանդուղքն ու պարանը,
հարբեցողը՝
առավոտվա գլխացավը

hայր մեր,
եթե դեռ չես փոշմանել ու իջել ներքև
ինձ հետ
մի ամբողջ կայնք
մահվանը նախապատրաստվելու
ու վերջում, միևնույնն է,
մեռնելու համար,
մի տուր ինձ հանապազօրյա հաց,
մի փրկիր ինձ չարից,
միայն թե նկատիր,
գրպանիս թաց լուցկիները՝
ծխելու վերջին կոտրված հույսը
քնելուց առաջ

քանզի հավիտյան քեզ եմ տվել
արքայությունը,
և զորությունը,
և փառքը
պատասխանատվությունից
խուսափելու համար

ամեն

լուսանկարի հեղինակ՝ Նազրին Պոլադ