բանաստեղծություններ
փակիր աչքերդ՝ չերևաս գրքից
ԴՈՒ ՉԵ՞Ս ՀՈԳՆԵԼ ՀՈՒՇ ԼԻՆԵԼՈՒՑ
Ամենագեղեցիկ ծաղիկը միշտ բուսնում է
ամենահեռվում: Եվ չունենք ոչինչ ավելի
ինքնուրույն, քան մեր տեսողությունն է:
Չգիտեմ՝ ճանապարհի՞ն ավելի շատ
ճամփորդներ կան, թե՞ ճանապարհների մեջ՝
ճանապարհներ: Երբ չեն ծնվում հայրենիքում՝
մի՞թե ծնվում են:
Այնպես եմ մի չեղած անձրևի տակ կարոտել, թվում է՝ մորս
ձեռքով թրծված կավն իմ մեջ ճաք է տվել. Սաթենիկ,
դու չե՞ս հոգնել հուշ լինելուց: Այո՞: Ո՞չ:
Մեկը ուշ գիշերով ծեծում է դուռս: Գնամ՝ բացեմ,
տեսնեմ ո՞վ է: Գուցե հենց ե՞ս եմ:
Ձայնս նժարում է տիեզերքի լռությունը:
Հեռուն անվերջ գոմարվում է ինքն իրեն, և
աչքերիս մեջ մայրանում է երազը: Իսկ ամենաշատ
օրորոցները լինում են մեղվանոցներում:
Հեքիաթի ծաղիկը միշտ բուսնում է այնտեղ, ուր
հանրավոր չէ հասնել: Բայց մեղուն
անսխալ թռչում, իջնում է իրեն սպասող ծաղկի վրա:
ԱՎԱԶԵ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐ
Սկյութացի կանանյք, ասում են, կարող են աչքերով սպանել
այն տղամարդկանց, որոնց ատում են: Բայց այդ ո՞ր
կինը չունի նման կախարդանք,
Մանավանդ՝ սիրած տղամարդուն սպանելու համար:
Լեռան երկինքը բարձր է լինում: Մեղեդին օդը
ջերմացնում է, և փոխվում է տարվա
եղանակը: Գագաթների անհանգրվան ընթացք:
Հեռուն չափվում է թևերով:
Քարը, որ սարի լանջն ի վար սրընթաց իջնում է, դու
քո հայացքով կանգնեցնում ես շեշտակի, և ստիպում, որ
նույն արագությամբ քարը վեր ընթանա՝
եկած ճանապարհով:
Ծիտը մերկ ճյուղին տերևախաբ է տալիս:
Քամին միակ հրապարակն է, ուր պարում են
էգ գայլերը: Այն ո՞վ է պարակցում նրանց՝
մի որձ տերյեր գրապանի մեջ:
Ես իմ արձակած նետի հետևից հասում, ետ եմ բերում՝
քանի դեռ այն չի հասցրել դիպչել նշանակետին: Մինչդեռ
ձյունն իր ընթացքի մեջ այնպես դանդաղ է ու անշտապ, որ
միջպետական պատվեր է հիշեցնում:
Իմ չունեցած սիրուց մեծ սեր աշխարհում չկա, իսկ
այն, ինչ ունեցնել եմ, չունեցածիս ստվերներն են միայն:
Ամեն մեկի մեջ կարող եմ դուռ գտնել՝ իմ աշխարհից ներս
մտնելու համար, բացի ինձնաից: Աղբյուրը
քնել է լեռան ստվերում:
ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ՝ ՉԵՐԵՎԱՍ
Ձուկը՝ ջրում, հավքը՝ երկնքում, գրիչը՝ թղթին,
սլանում են նույն ուղղությամբ: Փակիր աչքերդ՝
աշխարհը չերևա: Հողը լափում է զավակներին:
Հաճախ այն, ինչ ուզում եմ բացել քո մեջ, դու
ընդարձակելով՝ ավելի խորն ես թաքցնում: Ես
դռան վրայից հետ եմ վերցնում իմ թակոցները:
Դու ինձ չես լքել՝ ինձ լքելով, դու լքել ես քո մեջ ապրող
աստվածուհուն: Վկա աչքերդ՝ ինձ մոռացող: Սովածների
փիլիսոփայություն՝ արդարությունը հաց է ավելի, քան հացը:
Աղեղնավոր բառեր: Աներկինք թևեր: Բոզալաց տվող քամի և
պատառոտված ներքնաշորերով արևալույս: Իմ կորած պոռնիկ:
Կնաքարշ որձերի ոհմակը հոտոտում է մթնահունց էգերին:
Շուրջս պտտվում է ինչ-որ մի ճախրուկ: Ես արդեն
նեղանում եմ ճանապարհի նման: Թունավոր
բույրերի հյուսակը խեղդում է ՝ շուլալված
պարանոցիս: Փակիր աչքերդ՝ չերևաս:
ՆԱԽԱԾԱՂԻԿ
Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում է
մենակությունը: Ոչ մեկն իրականում ինքն իր
մեջ չէ, բոլորը թափառում են իրենցից
դուրս, հետևապես՝
բացառվում է հանդիպումը որևէ մեկի հետ:
Երբ նայում էի չերևացող հեռվին, հանկարծ զգացի,
որ սիրում եմ: Անսահմանությունը միշտ
սահմանից այն կողմ է,
և աստղագիտությունը սկսվում է սիրահարների աչքերից:
Իսկ քո աչքերի մեջ կա մի գաղտնիք, որ, երդվում եմ,
քեզ ստեղծող Աստված անգամ չգիտե:
Թեև ես միշտ նվագում եմ քնարի չունեցած լարերի
վրա, այնուամենայնիվ, Ամփիոնը ես չեմ, և գիտեմ, որ
սուտ են անգամ Թեբեի պարիսպները: Երբ համբուրում եմ
շուրթերդ, աշխարհի
բոլոր ծաղիկներն այդ պահին իմն են դառնում:
Տերևն ընկնում է ծառից՝ ձայնս է: Ես տեսել եմ
ծաղիկն ինչպես է ինքն իրեն պարգևում արևին: Որ երկինքը
չծանրանա թռիչքում: Լույսը չտամկանա: Խոսքը
չլերդանա: Եվ ծովը
կարողանա հասնել գետերի ետևից:
Վշտի պահին աչքերս շատանում են: Ծառը բարձր է
ինքն իրենից, միայն թե երկնքում ծաղկած
ճյուղերը չեն երևում:
¦Զանգից զանգ պարաններ կախեց, պատուհանից
պատուհան՝ դրասանգներ և շղթաներ՝ աստղից աստղ§,
ու դրանց տակ պարում է
ինքը՝ Արթյուր Ռեմբոն՝
անմեղությունից լալով:
Երկինքը սահում է ամպերի վրայով:
Եվ լեռն՝ անդալուգյան
ցուլի ճակատով, ընթանում է դեպի թիկնոցը
կարմիր ամպերի: Պահը բացում է
աչքերը, իբր կոպերի տակ վերջին առավոտն է
լուսացնում հազար ու մեկ գիշերվա:
Խնձորենու ծաղկումը երեխայի ծնվելու նման է լինում:
Ես ապրում եմ հավերժական անհայտության մեջ, որի
դռներին գրված է անհասկանալի մի բառ ՝ սեր: Այն
բացվում է
դժողքի ու դրախտի վրա: Բոլորը, ի վերջո,
հեռանում են (նաև՝ դու), և վերջում մնում է
միայն ճանապարհը: Ինչպես կարող եմ սիրել,
երբ հնարավոր չէ չսիրել: Ինչը տաղտկալի է:
Ես միշտ մեկնում եմ այնտեղ, ուր ապրում է
մենակությունը: Ոչ մեկ իրականում ինքն իր
մեջ չէ, բոլորը թափառում են իրենցից
դուրս, հետևապես՝
բացառվում է հանիպումը որևէ մեկի հետ:
ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ ՊԱՏՈՒՀԱՆԻՍ ՓԵՂԿԱՓԱԿՈՑՆԵՐԻՆ
Պատուհաններ չկան, պատուհանները իրենց միջից
ստեղծում են բանտարկյալները: Այն ամենում, ինչ եղել է
իմ ու քո միջև, ամենագեղեցիկը
մեր բաժանումը չէր: Երգը
հոսում էր անխաղաղ և նրա հետ՝ գետը:
Ես հիմա դարձել եմ թեթև այնքան, որ ամեն գիշեր
երազներ եմ բերում, թողնում քո աչքերին ու գնում
այնպես, որ չես արթնանում: Իսկ մատներս
մերկ մատներիդ վրա ճանաչում են
շարժումներն այն
աստղերի, որ աչքերս երբեք չեն տեսնեի: Քուն թե արթմնի:
Ես չեմ փնտրում որևէ մեկին, որը դու չես: Ասում են՝
Վեներայի տաճարում մի կանթեղ կա, որ ոչ քամին, ոչ էլ ջուրը
չեն կարողանում մարել, իսկ Պոլանտի լապտերը
վառվում է ուղիղ 2000 տարի: Ձեռքիս
բաժակն է Գրաալի: Ես քեզ կորցրել եմ
այն ժամանակ, երբ սկսել եմ չորոնել:
Երբ խոսում ես՝ ձայնդ ձեռքից թռած
թռչուն է: Արթուն եղիր, որ աչքերդ դառնան շարունակությունն
օրվա: Ոտաբոբոիկ կանգնիր
կանաչներում և թող խոտերը
վերածվեն թալիսմանների:
Թռչնի երգը հրում է մթանը: Ես առաջնորդվում եմ
մի գաղտնիքով, որ ինքս դեռ չեմ բացել, իսկ եթե բացեմ
գուցեև չառաջնորդվեմ նրանով: Ճիշտը
չասված բառերից է ծնվում: Ազատությունը
զգացում է, մարդ կարող է բանտում ազատ լինել,
իսկ ազատության մեջ՝ բանտում:
Պատուհաններ չկան, պատուհաններն իրենց միջից
ստեղծում են բանաստեղծները: Իսկ հեռուն
այն վայրն է, ուր հանդիպում են բոլոր բաժանվածները:
Ամպերը շարժվում են ծարավ ծաղիկների
շուրթերին, և իրենք իրենց փնտրելու
մեկնած առուներն այլևս չեն վերադառնում:
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ես կանգնում եմ այնտեղ, որտեղից
սկսվում է ամենահեռուն: Իսկ մեր ուսուցչուհի
Արշալույս Ավետիսյանը մայրենիի իր դասերը
տեղափոխել է ուրիշ գրատախտակի վրա՝
չգիտեմ ինչու:
Տխուր է, երբ դու ոչ մեկին չես արձագանքում,
դու ապրում ես հնարավոր վերադարձի ամեն վայրկյանը:
Եվ մենք Արցախը մեր ափերի վրա վեր պարզած՝
ուխտավորների պես, գնում ենք անվերջ՝ մի օր
հանդիպելու հույսով: Արցախում
բոլոր մադրիկ՝ զոհված, թե ոչ, պահում են
ուղղությունն իրենց ճանապարհի: Իսկ զենքը
խաղաղության տագնապից ծնված նշան է:
Ու թեև զոհվել ես դու շատ վաղուց, ընկեր Ավետիսյանի
կողքին, բայց օրը շարունակում է բացվել
քեզ համար, ճիշտ առաջվա նման, երբ դու
վազվզում էիր ծաղկուն արահետներով
մասրուտի, և արևը քո հետևից
չէր կարողանում հասնել:
ԿՐԿԻՆ ԲՈՂԲՈՋԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Կա մի ծաղիկ, որ աճում է միայն բանտերի
պատուհանին, որոնցով միշտ դուրս են նայում
կալանավորների երազկոտ աչքերը:
Աշխարհում առաջին վերադարձը
սրբագործել են աղավնիները:
Վճռաբեկ ժամանակ:
Օրը՝ հիշատակի համար հոտնկայս անցնող
րոպեներ: Գերցավը մարդուն դարձնում է գերամարդ:
Ամեն աղջկա ձեռքին վարդ կա՝ անգամ
եթե չկա, պարզապես մեր աչքերը տառապում են կարճատեսությամբ:
Արդյոք աստղին
հաջողվո՞ւմ է հասնել
ինքն իրեն: Ավելի ու ավելի շատանում են
սիրո երգիչներն աշխարհում՝ քանի դեռ սեր չկա:
Ուղեղիս մեջ այս ի՞նչ բառեր են. ¦Ներիր, Երևան,
արյան հոտ կա վարդեիդ մեջ§: Մեծագույն սխրանքը
տիեզերքում՝ բողբոջի բացվելն է: Հասնելը կորցնել է, անշուշտ:
Եվ չկա ավելի հիմար հարց, քան ¦ուր ես գնում§-ը,
որովհետև բոլորս, ի վերջո, նույն տեղն ենք գնում:
Տխուր օդ: Անծանոթ ստվերուհի: Իսկ Գուստավ Ֆլոբերն
ասում է, թե կա մի ծառ՝ բաբելոնյան ինչ-որ հասցեով, որի
ճյուղերին, մրգերի տեղակ, մարդկային
գլուխներ են աճում:
Մի մրջյուն ծառի բունն ի վեր բարձրանում է, երևի՝ երկինք: