կամիլ լըմոնյե / camille lemonnier

լըմոնյեն իր գրադրանում


մատիտով ընդգծված տողեր կամիլ լըմոնյե-ի տղամարդու սերը վեպից







 *
Բնազդը երեխային սովորեցնում է ինքն իրեն փորձության ենթարկել: Նա նույնքան բանականոն է դրան հակված, որքան ուտելուն ու խմելուն: Նրա բջիջների գործունեությունը, նրա ուժերի անկաշկանդ խաղը նրան հարաբերակցության մեջ է դնում իր օրգանների հետ: Եվ Անհունի միակ ընկալումը, որ մարդկանց տրված է ճանաչել սիրո ջղաձգումների մեջ, բովանդակում է արդեն այդ պահը, երբ առաջին անգամ, սիրո զգացումի շնորհիվ, մարդը հայտնվում է կյանքի սահմանից անդին, որտեղ զարմանքով հաղորդակցվում է հավերժի զգացումին:

*
Անմատչելիի նախնական և հավերժական օրենքը պատանու մեջ արթնացնում է իր սեռականության հպարտ գիտակցումը, որը և ազդարարում է նրա մուտքը դեպի կյանք: Եվ ահա թե դրանից ինչ են սարքել դաստիարակությունը, հասարակությունը, եզվիտական մեռած էթիկան, կեղծ ամոթխածության քստմնելի բարոյականությունը ժխտեց Աստծո ներկայությունը բնազդի հրաշք մերկության մեջ: Պատանին գաղտնածածուկ սողոսկում է վատհամբավ գռիհները, ասպատակում ծախու կենդանիներին, վայելք փնտրում՝ հանրությանը մատուցված վավաշոտ կոտորածի մսերի մեջ: Նա ընդամենը նոր է ունկնդրում կյանքի պատվիրանները և ամոթի զգացումով է կատարում մեծապանծ ու գեղեցիկ բանը:

*
Մարդը գերմարդկայնորեն ենթարկվում է  արգելքները խաղտելու հաճույքին: Նա անում է այն, ինչ արգելված է անել, և այդպիսով վկայում է ազատությունը: Եվ այդ կերպ նա իրեն Ասված է հաստատում:

*
Ի վերջո, կյանքն ի՜նչ հասարակ մի բան է: Անտանելի մացառուտների, անսահման տափաստանների միջով մի արահետ է գնում շիփ-շիտակ, չնայած այն թվում է ոլորուն: Հասուն մարդու ոտքերն այնտեղ նույնպիսի հետք են թողնում, ինչպիսին երեխայի ոտքերը: Կարծում են, թե կյանքը փոխված է, սակայն մարդը միշտ նույնն է՝ տիեզերքի փոքրիկ արտացոլումը, որ համաձայն անփոփոխ օրենքների, ձգտում է դեպի ուրիշ գոյություններ:

*
Հազարամյակներ տևած էվոլյուցիայի ընթացքում հերոսական ամուսինը մեծ զարգացում ապրեց, մինչ դեռ կինը հազիվ կարողացավ դուրս գալ ամուսնական կամ սերնդագործող արարածի կամ նրա ազատագրված քրոջ՝ ցոփուհու ուղեծրից: Նա ապրում է փխրուն, մանկական ուղեղով, միշտ նենգ է ու դաժան և նրա սիրած զվարճալիքներն են զարդերը, շղթայիկները, խորամանկությունները, անգիտակից արարքները: Նա պահպանում է եդեմի խորհրդանիշը և արգելված պտուղը: Նա հավերժ երիտասարդ Եվան՝ անփոխարինելի և լուսնի պես պարբերական որովայնով: Նա Նայիդ երկրից եկած կաղկանձող կապիկն է՝ ծածկված մորթով, և նա կծում է ծիծաղի մեջ բացված ատամներով:

*
<<Սիրեցեք ձեզ ձեր էության մեջ: Դրանում մեղմացրեք ձեր կրակները, ձեզ այրող օջախը, որ յուրաքանչյուր արարածի և աշխարհի կենտրոնն է: Սիրո նույն օրենքը ներդաշնակորեն կառավարում է տիեզերքը, և մարդը լոկ մի պատկեր է, որտեղ արտացոլվում է իրերի գեղեցկությունը: Թող մարմինը մարմնի համար չդառնա անպտուղ մի հնարք, որն աղավաղում է սիրո իմաստը: Բայց թող ջրի նման լինի, որ հոսում է իր ճամփով և միաժամանակ չգիտի, թե ուր է հոսում, ինչպես մարգագետինը, որ ծաղկում է ինքնիրեն, հոտի գալուց առաջ, և միայն հովիվը գիտի այդ մասին: Թող չգայթակղվի անսովոր ձեռնարկումներով և թող չչարչարվի ճանաչելու իրեն այն սահմանից անդին, որոնք ես գծեցի վայելքների պարտեզում: Քանզի դրանից հետ ձեր մենությունը կդառնա ավելի սոսկալի գայլերի ոռնոցով լցված>>:
Այսպես խոսեց սկզբում Ձայնը:

*
Էգը և որձը հակադիր բևերների վրա իրարից հեռացած, փնտրում են իրար և չեն գտնում: Նրանցից յուրաքանչյունը ճաշակել է խելակորույս և համր նոպաների մեջ միայն ինքն իրեն սիրելու մռայլ ու մենավոր սարսափը: Կատաղության պորթկումի մեջ, այդ անմարդկային սերը, սեփական ձեռքերով ինքնիրեն խեղդեց և մահվան պես իշխեց անապատում:

*
Պետք չէ վիրավորել առյուծին, շնագայլին կամ ցանկասեր խոյին: Նրանք զուգավորվում են հզոր և քնքուշ սիրով, համաձայն բնության օրենքի: Նրանք անգիտակցաբար, առաջնորդվում են վարանոտ և ակնածալից զգացումներով: Նրանք միահյուսվում են փառահեղ  զեղումների մեջ: Նրանց մռնչյունը վախեցնում է մեզ, մինչդեռ մեր միջից դուրս եկող վայնասունը ավելի սոսկալի է: Նրանք պարզապես ենթարկվում են բնությանը: Նրանցից ոչ մեկը չի իջել մարդու մակարդակին, որին նրանք բոլորն իրենց խորքում պարունակում են: Եվ այդ գազաններից ամենակատաղիներն անգամ անմեղ են: Նրանցից ոչ մեկն իր ներսում սերը չի սպանել:
Մարդագազանն իջել է մինչև առյուծին, շնագայլին ու խոյին նմանվելը, սակայն նրանց կուսական ու վայրենի մեծությունը չունի: Կյանքի մոլեգին բնազդը մարդկանց իրար դեմ է հանում անգամ այն պահին, երբ կյանքն ինքն արդեն մահ է: Գազանի ներսում տիրականորեն իշխում է ոչնչացումը. անասնական յուրաքանչյուն զուգավորում կոտորած է, որի ընթացքում աստվածային երկու հոգիներ սպանում են իրար: Փառահեղությամբ և ներդաշնակությամբ  տիեզերքի հետ կապող սերը փշրված է: Նրանք ընդամենը գալվանիզացված նյութեր են, նախնական կյանքի մնացուկների դողէրոցք:

*
Սովորական սերը՝ իր ամուսնական համբյուրներով, իր անպաճույճ գեղեցկությամբ, առնվազն արտացոլում է անսահման երկնի խորությունը: Այդ սերրը, գրեթե անգիտակցաբար, ընդամենը մի շարժում է գործում: Նրան անծանոթ է ամենն, ինչ հոգին չի ուզում իմանալ, և նա սուզվում է հավերժության մեջ, հասնում է մինչև Աստծու ոտքերը: Ինքնիրեն ճանաչելու և մարմինը գերազանցելու մեղքի խելացնոր ցանկությունը զսպում է այդ սիրով և չի  թափանցում չարատավորված սիրահարների երջանկությունը հանդիսացող երանելի անմեղության մեջ: Այդ սերը տանջահար էր, որովհետև ուզում էր մինչև վերջին գաղտնիքը բացել, սակայն լոկ ուրվականներ է հայտնագործում:

*
Մենք ինքներս ենք մեր թշվառությունների և թուլությունների խնամածուները: Ասված իր մեծությամբ մեր մեջ ապաքինող ուժեր է դրել, որպեսզի հանուն մեր փրկության քերովբեների գնդեր չուղարկի: Եվ բնավ պարտադիր չէ, որպեսզի մեր մտադրությունները վճռական դրսևորվեն, ինչը, ի դեպ, ի վիճակի չեն նրանք անելու: Դա կնաշանակեր չափազանց շատ  բան պահանջել մարդկային թուլությունից: Բավական է, որ բնությունն իր ուժերը գտնի չարիքի միապաղաղության մեջ, որպեսզի մարդը կարողանա փրկության ճամփա գտնել: Յուրաքանչյուր վերք ձգտում է հնարավորին չափ շուտ սպիանալ, ինչպես շրթունքները, որ վերջապես փակվում են: Եվ այդպես սկսվում է բուժման դանդաղ ընթացքը: Պայծառ, բայց արցունքներից թրջված աչքերով, ճանապարհի ծայրին տեսնում ենք մեզ հետ նորից բարեկամացած հրեշտակների բարի ժպիտը: Եվ այդ հրեշտակները մենք ինքներս ենք՝ վերագտնված հույսով ու գեղեցկությամբ:

թարգմանությունը՝ Ալեքսանդր Թոփչյանի

Комментариев нет: