ուիլյամ ֆոլքներ / william faulkner

Կարկասսոն

 

Եվ ես դեղնագորշ պոնիի վրա՝ աչքերն ինչպես էլեկտրական կապույտ փայլակներ և բաշն ինչպես կրակի խառնիխուռն լեզուներ, քառասմբակելով բլուրն ի վեր՝ ուղիղ դեպի երկրի րարձր ոլորտը
 
Նրա կմախքն անշարժ պառկած էր: Գուցե այս մասին էր մտածում: Ինչևէ, միառժամանակ անց տնքաց: Սակայն ոչինչ չասաց: որն անշուշտ նման չէ քեզ մտածեց նա դու քեզ նման չես: բայց չեմ կարող ասել, թե մի փոքր հանգիստը հաճելի չէ
 
Նա պառկած էր կտուր ծածկելու կպրաթղթի շերտի տակ: Ամբողջովին, այսինքն, բացի այն մասից, որը չէր տառապում ո՛չ միջատներից, ո՛չ ջերմաստիճանից, և որն անհողդողդ քառատրոփում էր աննպատակակետ պոնին հեծած, ամպակույտի ածաթե բլուրն ի վեր, որտեղ սմբակները ո՛չ աձագանքվում, ո՛չ հետք էին թողնում, դեպի հավետ աննվաճ կապույտ վիհը: Այս մասը ոչ մսեղեն էր, ոչ անմսեղեն, և նա դույզն-ինչ հաճելիորեն սարսռում էր դրա տարակա մտազննումից, մինչ պառկած էր կպրաթղթե վերմակի տակ:

Այսպիսին էր քնելու, գիշերվա համար որջավորվելու մեխանիկան՝ պարզեցված: Ամեն առավոտ ամբողջ անկողինը ետ էր ոլորվում, և փաթույթն ուղղաձիգ դրվում էր անկյունում: Նման այն ակնոցներին, որ առաջ կարդալիս դնում էին հասակավոր կանայք, կողքին ամրացված լարով, որը փաթաթվում էր ցածրահարգ ոսկե պատյանում գտնվող առանցքին. մի առանցք, մի պատյան՝ ամրացված քնի մոր խորունկ կրծքին:

Նա անշարժ պառկած էր, սա ճաշակելով: Նրա տակ Ռինկոնն իր ճակատագրական, թաքուն, գիշերային գործերին էր. փողոցների թավ ու անհաղորդ խավարի վրա լուսավորված դուռ ու պատուհան նման էին յուղաներկի թանձր վրձնահարվածների: Նավահանգստից մի նավի շչոց տարածվեց: Այն մի պահ ձայն էր, հետո ամփոփում էր լռություն, մթնոլորտ, թմբկաթաղանթներին բերելով մի դատարկություն, որի մեջ ոչինչ, ոչ իսկ լռություն, չկար: Հետո այն դադարեց, հետ քաշվեց, լռությունը վերստին շնչեց արմավենիների սաղարթների շառաչով՝ նման մետաղաթերթի վրա սորացող ավազի սոսավյունի:

Նրա կմախքը տակավին անշարժ պառկած էր: Հավանաբար այս մասին էր մտածում, իսկ նա մտածում էր իր կպրաթղթե անկողնու մասին՝ ինչպես ակնոցի, որի միջով ամեն գիշեր քննում էր երազների հյուսվածքը.

Ակնոցի զույգ թափանցիկություններից այնկողմ ձին տակավին քառատրոփում է՝ վետվետուն բոցերի իր խճճված խառնափնթորությամբ: Փորի պիրկ կլորության դեմ ոտքերը ետուառաջ են անում, հետևի ոտքերը կշռույթով հասնելով ու անցնելով առջևիններից, այդպիսի պահերից յուրաքանչյուրը կետադրված պայտած ոտքերի հպանցիկ ճարպկությամբ: Նա տեսնում է թամբակալն ու հեծյալի ոտքերի ներբանները՝ ասպանդակների մեջ: Բաշատակից անմիջապես ցած փորքաշը երկատում է ձիուն, սակայն ձին տակավին քառատրոփում է կշռութավոր ու անհողդողդ մոլեգնությամբ և առանց առաջընթացի, և նա մտածում է այն անհեծյալ նորմանդական նժույգի մասին, որը քառատրոփում էր սարակինոսների էմիրի վրա, որը, աչքն այնքան սուր, բազուկն այնքան նրբակերտ ու կորովի, որով սուր էր ճոճում, մեն-մի հարվածով ճեղքեց քառատրոփող կենդանուն, երկու կեսերը որոտնաձայն արշավելով սրբազան փոշու մեջ, որտեղ Բուլոնացին ու նաև Տանկրեդը զենք էին շաչեցնում՝ մռայլորեն նահանջելով, որոտաձայն արշավելով մեր հեզ Տիրոջ ոսոխակույտի միջով, տակավին պարուրված գրոհի մոլեգնությամբ ու հպարտությամբ, անիմա՝ որ մեռած է:

Ձեղնահարկի առաստաղը խարխլորեն թեքվում էր ցածր քիվերին: Մութ էր, և մարմնի գիտակցությունը տեսողության պաշտոնն ստանձնելով, նրա մտքի աչքում ձևավորում էր նրա անշարժ մարմինը՝ ֆոսֆորափայլ առած այն հաստատուն քայքայման շնորհիվ, որը բույն էր դրել նրա մարմնում նրա ծննդյան օրից: միսը մեռած է ապրելով իր հաշվին գոյատևելով խնայողաբար իրեն կլանելով իր իսկ վերածնման մեջ երբեք չի մեռնի, քանզի ես Հարությունն եմ ու Կյանքը Երբ խնդրո առարկան տղամարդ է՝ որդը կենեղուտ է, ազազուն, մազապատ: Երբ կանայք են, նրբին աղջիկներ՝ թռուցիկ կերպով հիշեցնելով ունկնդրած ներդաշնակ մեղեդի, այն լինելու է ողորկատեսիկ, կրծելով մտնի գեղեցկության մեջ, սնվելով: բայց դա ինձ ի՞նչ փույթ՝ լոկ թարմ կաթի փրփրանք, ինձ, որ Հարությունն եմ ու Կյանքը
 
Մութ էր: Փայտի տառապանքը մեղմվում էր այս լայնություններում, դատարկ սենյակները չէին ճռռում-ճռնչում: Գուցե փայտը նման էր ցանկացած այլ կմախքի, թեպետ, ժամանակի հետ, հնօրյա բռնադատումների երբեմնի անդրադարձները մաշվել-ջնջվել էին: Ոսկորները կարող էին հանգչել ծովերի տակ, ծովի քարայրներում, և իրար զարկվել ալիքների մարող արձագանքներից: Նման այն ձիերի ոսկորներին, որ անիծում են իրենց աշտանակող խղճուկ հեծյալներին, մեծաբանելով, թե ինչեր կանեին՝ առաջնակարգ հեծյալ ունենալով: Սակայն առաջնակարգ հեծյալներին միշտ ինչ-որ մեկը խաչում էր: Եվ հետո՝ ավելի է լինել ոսկորներ ու իրար զարկվել ծովաջրի երթևեկի հանգած շարժման տակ՝ ծովի քարայրներում ու անձավներում:

որտեղ Բուլոնացին ու նաև Տանկրեդը
 
Նրա կմախքը նորից տնքաց: Ապակենման հատակի զույգ թափանցիկություններից այնկողմ ձին տակավին քառասմբակում էր, անհողդողդ ու անառաջընթաց, նպատակակետը՝ մարագը, որտեղ տեղավորված էր քունը: Մութ էր: Լուիսը՝ ցածի բանվորական ճաշարանի վարիչը, նրան թույլ էր տալիս քնել ձեղնահարկում: Սակայն «Սթենդըրդ Օյլ Քամփընի»-ն, որը ձեղնահարկի ու կպրաթղթի տերն էր, տերն էր նաև մթության. նա տիկին Ուիդրինգթընի՝ «Սթենդըրդ Օյլ Քամփընի»-ի կնոջ մթությունն էր օգտագործում մեջը քնելու համար: Տիկինը Ձեզ բանաստեղծ էլ կսարքեր, եթե ոչ մի տեղ չաշխատեիք: Նա կարծում էր, որ եթե շնչելու մի պատճառ իր համար ընդունելի չէ, ուրեմն՝ պատճառ չէ: Ըստ նրա, եթե Դուք սպիտակամորթ էիք և չէիք աշխատում, ուրեմն՝ թափառաշրջիկ էիք կամ բանաստեղծ: Գուցեև այդպես էր: Կանայք այնպես խելացի են: Նրանք սովորել են ապրել իրականության դեմ անշփոթ, անդրդվելի: Մութ էր:

և շարունակ իրար զարկել ոսկորներս Մութ էր, մի խավար՝ լցված փոքրիկ թաթերի պայիկային թփթփոցով, գաղտագողի և ուշադիր: Երբեմն դրանց պաղ կարկտահարումը նրա դեմքին գիշերով արթնացնում էր նրան, և նրա շարժվելու հետ դրանք մանրաքայլ ու աներևույթ փախչում էին, ինչպես մեռած տերևները կտրուկ ցրվեն քամուց, մանրիկ ձայների շրշուն աղեբաղքով, թողնելով գողունիության և անհագուրդության մի անոսր, բայց որոշակի հոտ: Երբեմն, այսպես պառկած, մինչ ցերեկը գորշորեն սահում էր քիվերի խարխլված թեքության երկայնքով, նա դիտում էր դրանց տարտամ վազվզուքը կիսամութից կիսամութ, աղոտ ու կատուների չափ խոշոր, հոտած լռությունների երկայնքով թողնելով պայիկային ոտքերի շրշուն ալիքները:

Առնետները Նույնպես պատկանում էին տիկին Ուիդրինգթընին: Դեհ, հարուստներն ստիպված են այնքան շատ բան ունենալ: Միայն թե նա չէր ակնկալում, որ առնետներն իր խավարն ու լռությունն օգտագործելու դիմաց վճարեին բանաստեղծություններ գրելով: Հավանաբար բավական էլ լավ կգրեին: Բայրոնի մեջ առնետային ինչ-որ բան կա. թաքուն անհագուրդության ուղերձներ, փոքրիկ թաթերի պայիկային թփթփոց՝ արյունոտ օթոցների ետևում, որտեղ ընկավ որտեղ ընկավ, որտեղ ես Թագավորների Թաղավոր էի, բայց կինը՝ շան աչքերով կնոջ հետ շարունակ իրար զարկել ոսկորներս
 
— Ես կուզենայի ինչ-որ բան անել,— ասաց նա, շրթներն անձայն շարժելով մթության մեջ, և քառատրոփող ձին նրա միտքը վերստին լցրեց անհունչ որոտմունքով: Նա տեսնում էր թամբակալն ու հեծյալի ասպանդակավորված ոտքերի ներբանները, և մտածեց այն նորմանդական նժույգի մասին՝ սերված բազում հայրերից, երկաթե զրահներ կրելու Անգլիայի ձանձրալի, խոնավ, կանաչ հովիտներում, կատաղած տապից ու ծարավից և մարմրուն անէությամբ լցված անհույս հորիզոններից, որոտմունքով արշավելով՝ երկատված ու դրան անտեղյակ, տակավին ձուլված աճող թափի կշռույթին: Նժույգի գլուխն այնպես էր զրահավորված, որ առաջը բոլորովին չէր տեսնում, և զրահների կենտրոնից ցցվում էր մի... ցցվում էր մի...
— Երեսակալ,— ասաց նրա կմախքը:
— Երեսակալ:— Նա միառժամանակ մտորեց, մինչ կենդանին, որը չգիտեր, որ ինքը մեռած է, որոտմունքով արշավում էր, և Գառան թշնամիների մարտաշարքերը բացվում էին սրբազան փոշու մեջ ու նրան ճանապարհ տալիս:—Երեսակալ,— կրկնեց նա: Առանց այն էլ ապրած լինելով մեկուսի կյանքով՝ նրա կմախքը համարյա ոչինչ չէր կարող իմանալ աշխարհի մասին: Բայցևայնպես ուներ մի ապշեցուցիչ ու զայրացուցիչ սովորություն՝ հրամցնել նրան պարզունակ տեղեկություններ, որ առժամապես դուրս էին մնացել նրա մտքից:— Դու գիտես միայն այն, ինչ ես եմ քեզ ասում,— ասաց նա:
— Ոչ միշտ,— ասաց կմախքը:— Ես գիտեմ, որ կյանքի վերջն անշարժ պառկելն է: Դու այդ դեռ չես իմացել: Կամ ինձ հետ այդ մասին չես խոսել, համենայն դեպս:
— Ոհ, իմացել եմ,— ասաց նա:— Այդ մասին այնքան են աղաղակել, որ գլուխս մտել է: Բանն այդ չէ: Այն է, որ ես չեմ հավատում, թե դա ճշմարիտ է:
Կմախքը տնքաց:
— Չեմ հավատում, ասում եմ,—կրկնեց նա:
— Դե լավ, լավ,— սրդողած ասաց կմախքը:— Չեմ վիճի հետդ: Երբեք: Ես միայն խորհուրդ եմ տալիս:
— Ինչ-որ մեկը պիտի տա, երևի,— թթվորեն համաձայնեց նա:— Գոնե, այդպես է երևում:— Նա անշարժ պառկած էր կպրաթղթի տակ, պայիկային քստքստոցներով լցված լռության մեջ: Դարձյալ նրա մարմինը միտում էր վար ու վար, ծիածանաքարե միջանցքներով, որոնց պատերին խաչկամարներ էին կազմում մարող արփալույսի երակներ՝ դեպի վեր տարտամորեն տարրալուծվող, և, վերջապես, հասավ հանգչելու ծովի անհողմ պարտեզներում: Շուրջը՝ երերացող քարայրներն ու անձավները, և նրա մարմինը պառկած կնճռոտված հատակին, խաղաղությամբ թավալվելով մակընթացությունների ելևէջուն արձագանքների տակ:

ես ուզում եմ մի հանդուգն, եղերական ու դժնի բան անել կրկնեց նա, ձև տալով անհնչյուն բառերին թփթփուն լռության մեջ ես՝ դեղնագորշ պոնիի վրա՝ աչքերն ինչպես էլեկտրական կապույտ փայլակներ և բաշն ինչպես կրակի խառնիխուռն լեզուներ, քառասմբակելով բլուրն ի վեր՝ ուղիղ դեպի երկրի բարձր ոլորտը Տակավին քառասմբակելով՝ ձին վեր է խոյանում, տակավին քառասմբակելով՝ որոտաձայն արշավում է երկնքի կապույտ բլուրն ի վեր, վետվետուն բաշը ոսկեհորձանք՝ ինչպես կրակ: Նժույգ ու հեծյալ որոտաձայն արշավում են, որոտը տկարորեն նվազելով, մարող մի աստղ՝ խավարի ու լռության անհունում, որի մեջ, անխախտ, խամրող, լիակուրծք ու ծանրակոնք, մտորում է երկրի՝ նրա մոր, մթին ու եղերական կերպարը:

թարգմանությունը՝ Շուշանիկ Ավագյանի

Комментариев нет: