անգլիական և ամերիկյան բանաստեղծություն

լորընս ֆերլինգետտի / lawrence ferlinghetti





















ՍԻՐՈ ԳԻԺԸ

Մուլենբերգի շրջանից վերադարձի ճամփին մտնում եմ Սփրինգֆիլդի ավտոկայանի տղամարդկանց զուգարանն ու այս գժի դեմքը տեսնում հայելում Ո՞վ ներս թողեց էս ցնդածին Ո՞վ ներս թողեց էս տխմարին: Նա էն մարդկանցից է ովքեր զուգարանի պատերին գրում են ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ և միջանցքներում ուզում են բոլորին գրկել Նա իր հեռախոսի համարը սրտի մեջ առած գրում է պատին Նա յուրովի այլասերված Պարոն Էրոսն է ու Մեծն Սիրահարը Նա ուզում է վազել ու մոտենալ բոլորին սպասասրահներում և համբուրել նրանց ասելով ինչու մենք ընկերներ ու սիրահարներ չենք Կարո՞ղ եմ քեզ հետ տուն գալ խմելու ու ծխելու բան ունե՞ս Արի ես ու դու միանանք Ժամանակն է եկել կամ գալիս է Նա ուզում է իր հետ տուն տանել բոլոր թափառական շներին կատուներին ու մարդկանց, գրգռել նրանց ու սեր անել առավոտից մինչև գիշեր Նա ուզում է բանաստեղծություններ շաղ տալ ինքնաթիռներից բնապատկերների վրա Նա պոեզիայի գիժ է Կարծում է թե ինքը Դիլըն Թոմասն է ու Բոբ Դիլընը՝ Չարլի Չապլինի հետ շաղախված Նա ուզում է շուրթերից կարդալ բոլորի մտքերը զգացմունքները ու կարոտները Նա վտանգավոր գիժ է Հաստատ ծալը պակաս է Չունի մեղքի զգացում Նա ուզում է տաքացնել բոլոր կենդանի դիակներին ու դժբախտներին ավտոկայաններում ու օդանավակայաններում Նա ուզում է տաքացնել նրանց անկողինները Ուզում է բացել նրանց մարմիններն ու գլուխները Նա անհանգիստ շրջմոլիկ է Չի ուզում մենակ լինել կարող է գժվել տղամարդկանց համար Նա այն մարդկանցից է ովքեր զրույցի են բռնվում ավտոբուսներում ծիծաղեցնելով բոլորին ու ստիպելով շրջել հայացքներն ու հետո նորից նայել Նա ուզում է որ բոլորը բարձրաձայն ծիծաղեն հառաչեն լացեն երգեն պարեն համբուրվեն այդ թվում պառավ կանանց և ոստիկանների հետ Նա հաստատ խենթ է Այնքան ուրախ է ողջ լինելու համար իսկապես տարօրինակ է Գժվում է մարդկության և բոլորի համար մեկ առ մեկ Նա ուզում է համբուրել քո ծծերը Ուզում է անշարժ պառկել նրանց միչև ու մեղմ ձայնով երգել Նա ուզում է որ բոլորը միասին պառկեն միասին թավալվեն հառաչելով երգելով պատրանքներ տեսնելով Նա ուզում է որ գնաս նրա հետ Ուզում է որ բոլորս միաձուլվենք Մեկ շիկացած աշխարհ ու մեկ սրտի զարկ Ուզում է ուզում է որ բոլորս միասին պառկենք Դրախտում Սիրո Պորտեզում Հիացումի Պարտեզում և միանանք իրար ինչպես մի գնացք ինչպես շղթայական ռեակցիա ինչպես սիրո նամակների շղթա աշխարհով մեկ շիկացած գիշերներին Նա ուզում է ուզում է ուզում է Հաստատ խելագար է Ոստիկան կանչեք Տարեք սրան


ջորջ մակբեթ / george macbeth

























ԵՐԲ ԵՍ ՄԵՌՆԵՄ

Ուզում եմ պատշաճ
հագնված լինել: Այնպիսի շորեր
որոնք այդ ժամանակ սրտովս լինեն:
Գրպանումս թող լինեն իրեր,
որոնց կարքը կարող եմ զգալ, գրիչ,
լուսանկարչական խցիկ, դրամապանակ,
թղթապանակ:

Ուզում եմ նաև կողքի պառկած լինել,
դեմքս՝ ներքև, որովհետև մեջքիս վրա
վատ երազներ եմ տեսնում:

Երբ մեռնեմ, ոչ ոք չի տեսնի դեմքս:
Իմ կողքին
թող քարե <<խոզուկը>> լինի,
աչքերին՝ անցքեր:
Դագաղս թող շատ մեծ լինի
ու ոչ թե արկղիկ՝
միայն ոսկորների համար:
Այնպես որ առնետը կարողանա ներս մտնել:

Եթե կատու էլ ունենամ,
լյարդս անպայման նրան կտաք.
շատ գոհ կլինի:
Ուտելիք կդնեք
մի շաբաթվա համար,
շոկոլադ, միս, լոբի, պանիր:

Թող ամեն ինչ մնա 
քամու ու անձրևի տակ,
իսկ ութերորդ օրը՝ այրեք:
Հետո մոխիրը
կհանձնեք քամուն:
Մնացած քարն ու մետաղը թաղեք հողի տակ:

Սա է իմ կտակը:

wanda coleman / վանդա քոուլմըն























ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Նա կատարյալ կին էր մինչև որ տղամարդը հասկացավ որ նա մսի մոլուցք ունի ամուսինը ուշ էր տուն գալիս: ամեն գիշերը կինը կրծում էր նրա մարմինը վերմակի տակ դեղորայքի պահարանում կինը սափորներով միս էր պահում իսկ երբ անվերջ կրկնում էր թե գլխացավ ունի ամուսինը պառկում էր, նայում առաստղին ու գիտեր թե կինը ինչով է զբաղված երբեմն կինը ուրիշների ներկայությամբ էր ուտում: մի անգամ երբ բարեկամներին հյուր էին գնացել նա պատահաբար գցեց դրամապանակը որը բացվեց ու արյունոտ մսի մի կտոր ընկավ կարպետին: անելանելի վիճակ էր ու այդ երեկո ամուսինը որոշեց կնոջն ասել որ ամեն ինչ վերջացած է և մինչ նա ջրհորի մթին աստիճաններով բարձրանում էր կնոջ բնակարանը սկսեց տատանվել: չէ, մտածեց նա, ախր սիրում է ինձ: կինը դարան էր մտել դռան ետևում և երբ ամուսինը ներս մտավ նա հարձակվեց: թարմ մսի մի մասը նա պահեց գրամեքենայի կողքի դրակում մի քանի պատառ դրեց թասի մեջ մահճակալի մոտ որպիեսզի ծամի հեռուստացույց դիտելիս մնացածը զգույշ փաթաթեց նրբաթիթեղով ու խցկեց սառնարանը հետո հայելուն նայելով կինը հաչոցի պես մի ձայն արձակեց: դե, մտածեց նա, ես երբեք նրանց չեմ խաբում: ես միշտ ասում եմ թե ով եմ իսկ նրանք չեն հավատում

marianne moore / մերիան մուր















ԼՌՈՒԹՅՈՒՆ

Հայրս ասում էր. 
<<Նրբակիրթ մարդիկ երբեք երկար այցելություններ չեն անում.
Բավական է նրանց ցույց տալ Լոնգֆելլոյի գերեզմանը,
կամ ապակե ծաղիկները Հարվարդում:
Ինքնավստահ, ինչպես կատուն
(որն իր զոհի հետ սիրում է առաձնանալ՝
մկան փափուկ պոչը կոշկակապի պես բերանից կախված),
Նրանք գիտեն վայելել մենությունը,
և խոսքերը, որոնք երբեմն գերել են նրանց,
կարող են նրանց կողոպտել:
Ամենախոր զգացմունքը միշտ լռութայն մեջ է ի հայտ գալիս:
Այսինքն՝ ոչ թե լռության այլ ինքնամփոփության>>:
Ոչ էլ կեղծում էր նա ՝ ասելով. <<Զգացեք ձեզ
իմ տանն ինչպես հյուրանոցում>>:
Ախր հյուրանոցը մշտական բանակատեղի չէ:

ted hughes / թեդ հյուզ


















ՏԱՏԱՍԿԱՓՇԵՐ

Կովի ռետինե լեզուների և մարդկանց քաղհանող ձեռքերի դեմ
Տատասկը շամփրում է ամռան օդը,
Կամ ճարճատում սև ու երկնագույն ճնշման ներքո:
Ամեն մեկը՝ հարության քինահույզ պորթկում,
Սեղմված բռունցք
Ճողտված ճանկի և իսլանդական սառնամանիքի,

Որ բարձրանում է թաղված վիկինգից:
Նրանք գունատ վարսերի են նման
Եվ կոշտ ու կոկորդայն բարբառների.
Միշտ հասցնում են լափել գեթ արյան մի կաթիլ:
Հետո ծերանում են մարդկանց նման:
Հնձվում են, ու ժառանգական վրեժն է ծնվում:
Նրանց զավակները
Իրենց ցից զենքերով
Ճակատամարտ են մղում նույն հողի վրա:

louis macneice / լուիս մքինս















ԴՈՒԲԼԻՆ

Գորշ աղյուս՝ աղյուսի վրա,
Վերամբարձ բրոնզ՝
Մռայլ պատվանդաններին.
Օ'Քոննել, Գրեթեն, Մուր:
Գարեջրատուն ու կարապներ՝
Ճաղաշարքով լճակի մեջ,
Հովհարաձև պատուհանների
Մերկ ոսկորներ՝ քաղցած դռան վրա.
Օդը, որ շոշափում է այտերը,
Բեռնակիրը, որ վազում է բարից,
Կրեմագույն գլխով
Նելսոնը՝ իր հենարանի վրա,
Որ դիտում է իր
Աշխարհը  տապալվող:

Սա իմ քաղաքը չէ:
Ոչ ծնվել եմ այստեղ, ոչ մեծացել,
Ոչ դպրոց հաճախել, ու նա
Չի ընդունի ինձ, ողջ թե մեռած,
Իր անառողջ շքեղությամբ,
Անձրևների մեղմ շղարշով
Եվ բոլոր ուրվականներով,
Որոնք քայլում են կամ  թաքնվում
Գեորգիական շենքերից այն կողմ.
Սուլոցներն ու ցավը,
Թովչանքը նրա աղտեղության
Եվ հոխորտանքը զրույցների:
Պարում են լույսերը գետում
Հարմոնի շարժումով,
Արևը հառնում է առավոտյան
Ջրերի վրա սառնաշաքարի պես,
Մշուշը Վիքլոյի բլուրներում
Մոտ է թվում այնքան,
Որքան գյուղացին հողատիրոջը,
Իռլանդացին՝ անգլոիռլանդացուն,
Ինչպես մարդասպանն է
Մի ակնթարթ մոտ իր զոհին,
Կամ ինպես ակնթարթն է
Մոտ հաջորդ ակնթարթին:

Իռլանդական քաղաք չէ սա,
Ոչ էլ անգլիական,
Հրացանների, հանցագործների
Պատմություն ունի
Ու ցուրտ համբավ
Եկեղեցական լրտեսների
Եվ հոռետեսական արտահայտության:
Բայց որքա՜ն մեղմ են օրերը,
Այնքան մեղմ, որ մոռացվում են
Լավ սերտած դասը,
Փամփուշտը այս թաց,
Փողոցներն ու դաժանությունը,
Պողպատը՝ ծիծաղի ետևում,
Ու այրված Ֆոր-Ֆորթսը:

Դանիական ամրոց,
Կայազոր սաքսոնների,
Ավգուստինյան մայրաքաղաք
Կելտական այգի,
Որը յուրացնում է այն ամենը
Ինչ օտարներն են բերել,
Դու ինձ խորհելու ժամանակ տվեցիր
Ու աճպարարի մի հնարքով
Պահում ես տապալվող ժամը:
Օ՜, գորշություն ծաղիկ դարձած,
Գորշ քարեր, գորշ ջրեր,
Ու գորշ աղյուս՝ աղյուսի վրա:

stephen crane /սթիվեն քրեյն
























ՄԻ ՄԱՐԴ ՎԱԽԵՆՈՒՄ ԷՐ

Մի մարդ վախենում էր, որ մարդասպանի
Կհանդիպի,
Մեկ ուիշը՝ որ զոհ կգտնի:
Մեկը մյուսից խելոք էր:



ԻՄԱՍՏՈՒՆՆ ԷՐ ԴԱՍԱԽՈՍՈՒՄ

Իմաստունն էր դասախոսում:
Նրա առջև՝ երկու պատկեր:
<<Այս մեկը սատանան է,
իսկ այս մեկը ես եմ>>:
Երբ նա շրջվեց,
Մի ճարպիկ աշակերտ
Փոխեց նկարների դիրքը:
Իմաստունը դարձավ կրկին:
<<Այս մեկը սատանան է,
Իսկ այս մեկը ես>>:
Աշակերտները քմծիծաղում էին
Ու զվարճանում խաղի վրա:
Բայց իմաստունն իմաստուն էր:

gregory corso / գրեգըրի քորզո
















ԱՅԴ ԱՄԲՈՂՋ ԽԱՌՆԱՇՓՈԹԸ... ՀԱՄՐՅԱ

Վեց հարկ վազելով բարձրացա դեպի իմ
կահավորված սենյակը
բացեցի պատուհանն ու սկասեցի դուրս շպրտել
կենսական անհրաժեշտության բոլոր իրերը
Առաջինը ճշմարտությունն էր որ ճղճղաց
գործադուլաբեկի պես. <<Մի՛ արա: Ես քո մասին
սարսափելի բաներ կպատմեմ>>: <<Բայց ես
թաքցնելու բան չունեմ... ԴՈ՛ՒՐՍ>>:
Հետո Աստված թռավ բարկացած-կաղկանձոտ-
ապշահար: <<Ես մեղք չունեմ: Ես չեմ այս ամենի
պատճառը... ԴՈ՛ՒՐՍ>>:
Հետո սերը որ կաշառքներ էր դունդունում.
<<Երբեք չես իմանա թե ինչ է սեռական անկարողությունը:
Vogue-ի շապիկների բոլոր աղջիկները քոնն են, բոլո՛րը>>:
Հրեցի նրա ճարպոտ հետույքը ու գոռացի. <<Անբան էիր
անբան էլ մնացիր>>:
Վերցրեցի Հավատը Հույսը ու Գթասրտությունը՝ բոլորը
իրար կառչած:
<<Առանց մեզ դու հաստատ կմեռնես>>:
<<Ձեզ հետ ես գժվո՜ւմ եմ: Գնաք բարո՛վ>>:
Հետո Գեղեցկությունը...
Ա՜հ, Գեղեցկությունը նրան մինչև պատուհանն
ուղեկցելիս ասեցի.
<<Ամենից շատ քեզ եմ սիրել կյանքում... բայց դու
մարդասպան ես:
Գեղեցկությունը սպանում է>>: Իսկապես չէի ուզում 
ու ճիշտ ժամանակին բռնեցի:
<<Դու ինձ փրկեցիր>>-բացականչեց նա:
Նրանց ցած դրեցի ու ասեցի. <<Գնա>>:
Վեց հարկ նորից բարձրացա ու մոտեցա փողին,
բայց փող չկար՝ դուրս նետելու համար:
Սենյակում մնաց միակ բանը Մահն էր որ թաքնվել էր
խոհանոցի լացավակոնքի տակ:
<<Ես իրական չեմ,-գոռաց նա:- Ես մի բամբասանք 
եմ որ կյանքն է տարածել>>: Ծիծաղելով նրան դուրս
նետեցի լվացակոնքի հետ և հանկարծ հասկացա որ միայն
Հումորն էր մնացել, որին միայն կարողացա ասել.
<<Դո՝ւրս պատուհանից՝ պատուհանի հետ միասին>>:

hank malone / հենք մալոն























ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՏՊԱԳՐԵԼԸ

ինչ-որ տեղ այս աշխարհում
ինչ-որ մեկը կարդում է իմ բանաստեղծությունը:
հետո, հավանաբար
քիթը կքչփորի մինչև արյունոտվելը
ու կզանգի իր ընկերուհուն:
<<Ֆիլիպ, դո՞ւ ես>>: 
հավանաբար կգնան ձուկ & չիպս ուտելու,
կամ վռիկ ճաշ, կամ պնդիկ ճաշ
կամ հացով կոտլետ:
<<Լսիր,- նա կասի,-
հենց նոր մի ցնցող բան կարդացի>>:
 & աղջիկը հավանբար կննջի նրա գրկում,
չափազանց հոգնած լինելու համար:
հետո, նրանցից մեկը
կկորչի մթում:
մենք հիմար չենք: պոեզիան
փխրուն կամուրջ է անցնելու համար: 

william butler yeats / վիլյամ բաթլըր յեյթս






















ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ահագնացող պտույտներ գործելով երկնքում
Բազեն այլևս չի լսում տիրոջ ձայնը.
Ամեն ինչ փշրվում է, կենտրոնը չի պահում,
Կատարյալ անիշխանություն է իջել աշխարհի վրա:
Արնաթաթխ հորձանքն է գալիս, և ամենուր
Խեղվում է ծեսը անաղարտության,
Լավագույն մարդիկ չունեն համոզմունք,
Մինչդեռ վատերը
Լի են եռանդով:

Հաստատ ինչ որ հայտնություն է գալիս,
Հաստատ Երկորդ Հարությունն է գալիս:
Երկրորդ Հարությունը :
Այս բառերը հազիվ հարտասանած՝ Spiritus Mundi-ից մի
հսկա կերպարանք
Երևում է աչքիս, ինչ-որ տեղ, անապատի ավազներում,
Առյուծի մարմնով և մարդու գլխով մի էակ,
Հայացքը՝ դատարկ և անողոք ինչպես արևը,
Դանդաղ զիստերն է շարժում, մինչ նրա շուրջը
Անապատային թռչունների ստվերներն են վախտում:
Խավարն է ընկնում կրկին, բայց հիմա ես գիտեմ,
Որ քասն դարերը քարացած քնի
Մղձավանջ դարձան ճոճվող օրորոցի մոտ:
Եվ ի՞նչ անգութ գազանի ժամն է հասել, որ կուզը ցցած՝
Դեպի Բեթխեհեմ է գնում ծնվելու համար:

wallace stevens / ուոլըս սթիվընս





















ՁՆԵՄԱՐԴԸ

Պետք է ձմռան միտք ունենալ
Նայելու համար ձյունապատ սոճիներին
Եղյամին ու սառած ճյուղերին:
Պետք է սառած լինել երկար
Նայելու համար սառցից դողացող գիհուն
Ու եղևնուն հունվարյան արևի տակ

Եվ չմտածել քամու ձայնի հետ
Ինչ-որ դժբախտության մասին
Նաև տերևի ձայնի հետ,
Որը հողի ձայնն է
Նույն հողմով զեղուն
Եվ սուրում է նույն ամայության մեջ
Լսողի համար, որ ձյան մեջ կանգնած,
Ու ոչինչ դարձած նայում է անվերջ
Չեղած ոչնչին ու եղած ոչնչին:

edith sitwell / էդիթ սիթուել






















ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

Պատասխաններ:

hugh sideman / հյու սայդմըն


















ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ԱՆՎԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

Ողջ մնա գեներալ Վաշինգթոնը 
որն անշարժ կանգնել է քարից
որպես կամարի հիմք:

Նրա ուժն անվերջ
ընդարձակվում է
ու եթե ուզենանք
կարող ենք չափել
որձաքարի ճշգրիտ ծավալը
և զեկուցել աշխարհին:

Լույսը տարօրինակ է ամռանը:
Մարդիկ երգում են
մինչ մենք փողոցն են հետազոտում:
Օդը թունավորված է փոշուց:

Մոտենում է վերջը, Ջորջ,
իսկ ես ուզում էի խոսել
թվում է թե դու կհասկանայիր
այս հարթ ճանապարհները:
Լուռ ու անվթար
քո արհեստական ատամները
սառել են հավերժ
քո բերանում:

philip larkin / ֆիլիփ լարքին

















ՕՐԵՐ

Ինչի՞ համար են օրերը:
Մենք նրանց մեջ ենք ապրում:
Գալիս են, մեզ արթնացնում
Շարունակաբար:
Երջանիկ են նրանք.
Ուրիշ որտե՞ղ պիտի ապրեինք:

Այս հարցի լուծումը
Բերում է քահանաներին ու բժշկին,
Ովքեր, երկար վերարկուներ հագած,
Վազում են դաշտի միջով:

jack kerouac / ջեք քերուաք






















ԵՐԵՔ ՀԱՅՔՈՒ

Մթում երգող
Թռչուններ
-Անձրևոտ լուսաբաց

Ցածր դեղին լուսինը
Ճրագով լուսավորված
Խաղաղ տան վրա

Անձրևի
Համը
-Ինրո՞ւ ծնկել

richard brautigan / րիչարդ բրոթիգըն






















ԳԵՏԵՐԻ ՎԵՐԱԴՐԱՁԸ

Բոլոր գետորը ծովն են թափվում,
բայց ծովը չի լցվում.
Գետերը վերադառնում են
այնտեղ 
որտեղից եկել են:

Սարերում այսօր
անձրևում է:

Տաք կանաչ անձրև
գրպաններում՝
սեր
որովհետև գարունը ժամանել է
ու չի երազում
մահվան մասին:

Թռչունները երաժշտություն են դառնում
ինչպես ժամացույցի տկտկոցն է ծփում
մի երկրում
որտեղ երեխաները սիրում են
սարդերին
ու թույլ տալիս որ նրանք քնեն
իրենց մազերի մեջ:

կամկար մի անձրև տժժում է
գետի վրա
ինչպես մի թավա
տապակվող ծաղիկների,
ու անձրևի ամեն մի
կաթիլի հետ
աշխարհածովը
սկսվում է նորից:

ԼՈՒՍՆԱՇՈՂԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՎՐԱ

Նա սահելով գալիս է հարյուր
Հազարավոր մղոններից
Ընկնելու գերեզմանատան վրա:

Նա կարդում է հարյուրավոր տապանագրեր
Հետո ժպտում  նորածին բվեճբերի
Բույնին:

william michaelian / վիլյամ միքայելյան






















ՍԵՐ

Քնքուշ մի ձեռք
որը հիշում է թե
որտեղ է  եղել:

ԱՄՈԹ

Հոգսերս պատմեցի
հայելուն ու ստացա
պատասխանը այս.
գոնե մի անգամ
մտածե՞լ ես
թե ես ոնց եմ:

ԱՌԱՋԻՆ ԵՐԵՔ ԲԱՌԵՐԸ, ՈՐ ՄԱՐԴՆ ԱՐՏԱԲԵՐԵՑ

Ես
            մենակ
եմ
            հետո ասաց 
                       էդ ի՞նչ ձայն էր
            ու էդ օրից
նա գժվեց

թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյանի

Комментариев нет: