շեյմաս հինի / seamus heaney






















ԴԱՇՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

I
Որ էվկալիպտը թեթև քամուց դժգունեց,
ուր սրատես սև կեռնեխն էր հևում,
ուր միմիայն ձարխոտն էր առմիշտ կանաչ,

ես կանգնել ու նայում էի, թե ինչպես պատանից ճամփամերձ
սալայով դուրս եկար դու
և, հանելով սպտակեղենը մաքուր, թևերդ վեր պարզեցիր:

Ես տեսա, թե պատվաստված թևիդ վրա
ոնց սեղմվեց ծաղկամանն, և ածխահոտ ես առա,-
մեզ բաժանեց բեռնատարը մեղմընթաց՝

կառաշարը խոշորաչյա կովերի:

II
Բայց ծաղկապատվաստը քո ազդրին
«Օ»-ն սպիացած մաշկի:

Ի՜մ կարեվեր անտառահարս, թեև
անտառահարսը՝ կին չէ,

մայրական հոտով խոնավ և
որդնոտած շագանակների:

Պստիկ սկավառակը
բարձրաբերձ լուսնի՝ Պեկոդան է՝

Կրկնակի կայմով, որտեղ նրանից աչք չէինք կտրում
Խաղաղ և Ատլանտայն օվկիանոսը ակոսելիս:

III
Ո՛չ ցեխը կպչուն,
Ո՛չ լաստակոների և սմքած տերևների մեջ
Սևամածությունը փրչոտ լճակների:

Ո՛չ ճերմակավուն մաշված մտրակները
Եվ թաթերը ձմեռային գամփռների,
և նրանց դողէրոցքն ու շրշունը:
Ո՛չ նույնիսկ լաջվարդ ստվերն ամռան
բույլ թիթեռների
ու սնկերի, ամուր, ասես թամբը կաշվե:

Ո՛չ: Այլ մի անկյունում խաղաղ,
Ծանրանիստ քարե պարսպի մոտ,
Գետնահակ, ինչպես նա՝ կա ի ծնե

Արևածաղիկը ցնորող ումբրայով:

IV
Գարշահոտ է կատուների,
մեխակի կոկոնը՝ բացված,-
ես պինդ սեղմեցի
ծաղկած հաղարջենու
թուփը երեսին
ձեռնափիդ-
դանդաղ, կպչուն
հյութն այրոցով
մաշկդ է ներկում, քո երակները
խաչկապում
տերևի երակներին:

Ես, լիզելով մատս,
թրջեցի բորբոսում և հպում եմ
օծյալ ուրվագծին
տերևի: Պուտով
ծնված թևդ
ծաղկո՜ւմ է: Թխավա՜րս իմ,
ահա քեզ
կնիք՝ կինքը
կատարյալի:

ԱԼՈՃԵՆՈՒ ԼԱՊՏԵՐԸ


Ուշահաս լույսն ալոճենու
Վառվում է ձմռան մացառուտում փոշոտ,
Չկուրացնելով պայծառությամբ իր ծաղկեբաժակի,
Սակայն կոչելով՝ պահպանե՛լ համեստ
Պատրույգը ինքնության:

Իսկ հաճախ սաստիկ սառնամանիքին, երբ գոլորշի է
Բերանից ելնում, նա թափառական
Դիսգենեսի կերպն է ընդունում, ով օր ցերեկով
Մարդ էր որոնում ամեն-ամենուր,-
Անթարթ նայում է ձեր դեմքին՝
Իր ծուռտիկ լարին բա՜րձր պահելով լապտերիկը,
Եվ դուք դողում եք այդ հայացքից,
Այն փշի դիմաց, որը ձեր մատից
Անալիզ է վերցնում, էկրանի առջև,
Որը ձեր խորքը մի պահ լուսավորում ու բաց է թողնում:

ԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայտնվեի ես օդաքարի վրա…
Մինչդեռ թափառում եմ թաց խարշամի մեջ
Զուր կորսված աշնան,

Հերո՛ս պատկերացնելով՝
Ինչ-որ տեղ, ցեխի մեջ ամրացած:
Նրա շնորհն, ասես քար է պարսատիկում,
Ձգված նրանց համար, ովքեր վհատվել են:

Ախր ինչպե՞ս հասա ես նման կյանքի…
Հաճախ եմ խորհում բարեկամներիս
Գեղեցկագույն ուղղագիծ խորհուրդների մասին,
Նրա՛նց հաստագլխության, ով ինձ ատում է.-

Ահա այդպես նստել՝ ամենը կշռում եմ, կշռում,
Իմ հավատարիմ tristia-ն:
Հանուն ինչի՞: Որ ձա՞յնս տարածվի: Հանուն մարդկա՞նց:
Որ չարախոսե՞ն իմ թիկունքում:

Միջով լաստենուտի անձրև է գալիս:
Նրա խշշոցը լրիվ անեղի է
Անկման ու փտումի մասին բամբասանքի հետ,
Սակայն ամեն կաթիլ հիշեցնում է ինձ

Ալմաստե դաշնություն:
Եվ գերի չեմ ես և ո՛չ էլ ծախող,-
Ներքին վտարանդի եմ, երկարամազ
Խորամիտ փայտե իռլանդական զինվորիկ,

Ով փախել է մորթվելուց՝
Վերցնելով պաշտպանիչ գույնը
Կավի և կեղևի, առնելով
Շնչառությունը բոլոր քամիների,

Ով այդ կայծերի զառամած շոգը
Առայժմ փչում է,- զննե՜լ է նա
Դրոշն իր կյանքի՝
Օդաքարե այդ վա՜րդը բաբախող:

թարգմանությունը՝ Շանթ Մկրտչյանի


Комментариев нет: