գայանե բաբայան / gajane babayan

















***
Օ՜, Ամանորի սեղանին՝ այստեղից-այնտեղից հավաքած,
Կեղծված գինի և օղի խառնիխուռն,
Ահ, կերեք, իմ հյուրեր, ահա խնձորները՝
Մանր-մունր ու ճլորած, գետնից հավաքած խնձորներ
(հասկանո՞ւմ եք, ամռանը ես ձիգ ու ժպտուն էի
և մի այգի թռա՝ խնձորի առատ այգի,
և քանի որ սարսափելի է, որ և գողանում ես,
և լավն ես գողանում՝ հավաքեցի գետնից),
Իսկ այն դատարկ ու մեծ ափսեյում իմ սիրտն է՝
Բոլոր հնարավոր ձևերով՝ սառը, տաք ու աղ դրած,
Ահ, կերեք իմ հյուրեր, միայն առանց քաշքշուկի,
Չէ՞ որ ամեն ինչ տեսնում ու զգում եմ, անգամ ցավը.
Այնտեղ, սենյակի իմ անկյունից, վառարանի խողովակը գրկած...

1997

***
Մի բառ փոխեք իմ տողի մեջ,
Ձեր ձեռքով մի բառ գրեք,
Հետո, երբ մենակ մնամ,
Երբ խելագարվեմ իմ երգերի ու գիշերվա հետ,
Երբ սիրտս ցամաքի սպասման տրոփից,
Ու դուք լուռ հրամանով արգելեք ինձ
Որևէ քանդող բան անել
Ցեղի, արյան ու դաշինքի դեմ,
Ու ես հմայվածի պես ենթարկվեմ ձեզ,
Կհանեմ այդ բառը, կդնեմ իմ աչքերի առջև
Ու կհամբուրեմ նախ բառը՝ ամբողջ ձեռքը,
Հետո մատները հատ-հատ՝ ամեն տառն առանձին...

***
Այնպես լա՜վ է, տղերք, այնպես լա՜վ է,
Այնպես ազատ եմ ու անառակ,
Կուզեք կուրծքս բացեմ, դուք երկուսով
Ձեր շուրթերով ամուր, պինդ կառչեցեք
Ու ոլորեք տենդով պտուկներն իմ բոլոր,
Ես վերևից ձեռքով ձեր գլուխը գրկեմ,
Մեղսոտ գրգռի մեջ անգամ՝ տղերք,
Դուք ինձ Աստված պահեք...

***
Ախր ես սպասելուց տգեղանում եմ,
Սիրելիս,
Մտել եմ սենյակդ հանկարծ,
Որ առանց քեզ դատարկ է.
Ես ու մահճակալդ նախ սիրունացանք,
Բայց դու ուշանում ես,
Սիրելիս,
Եվ գեղեցկությունս, որ ստեպ-ստեպ թարմացնում եմ,
Արդեն նմանվում է
Հազար անգամ տաքացվող ճաշի...

***
Աչքերս, որ քեզ երկար սպասելուց հոգնում են,
Հոգնելուց էլ սարսափում են,
Որ կարող է գեղեցիկ չերևան:
Բայց այդ ամենը սուտ է,
Քո քայլերը լսելուն պես
Նրանք ինչ ուզեն՝ կերևան...

***
Ես նկարել էի տուն, որտեղ ապրում էի,
Նկարել էի սերը, որը պահում էի սրտիս շրջանակում,
Նկարել էի համբույրը, որ պահում էի շուրթերիս,
Նկարել էի մկնիկ, որին պաշտպանում էի իմ նկարած կատվից,
Նկարել էի երեխաներ, որոնց սիրում էի:
Ու երբ մի օր այդ երեխաների համար ես թիթեռ նկարեցի,
Նրանք ծիծաղով դուրս նետեցին և ուզեցին իսկականը.
Աստվա՜ծ իմ՝ ասեցի ես ու վազեցի թիթեռի ետևից,
Աստվա՜ծ իմ՝ բայց չէ որ չի կարելի շպրտել երազները...

1997

***
Վանքերի կանաչ ճամփաներին
Երազներ հյուսելով ջուր էի կրում՝
Դո՞ւ էիր, թե՞ ես էի
Տխուր ու որբ, ինչպես արվեստի ծաղիկը
Կեռասե գունեղ աշխարհում,
Ցավի նման մեղմիկ և երազի՝
Բոլոր մոլոր կանանք
Հոգու ցոլքն ես, Աղուն...

1995

***
Ինչ ասեմ, ինչ ասեմ
Այստեղ ձանձրույթից հյուսվում է իմ օրը,
Քաշքշվում եմ տարածության
Եվ բութ բորենիների արանքում,
Եվ ոչինչի ուշք չեմ դարձնում,
Ոչինչ է արժանի,
Միայն՝ սերը,
Որին նոր միայն սկսում եմ պեղել,
Բայց չեմ հասել նյութին,
Որովհետև աչքիս առաջ են կախաղանները,
Դահիճի քոթուկը և ճիզվիտների հրդեհը,
Հոգիս իզուր էլ էգի մեջ մտավ,
Մարմնիցս իզուր էլ ծաղկեց,
Ես մի երգեհոն եմ, որին չկպավ արվեստի մատները,
Թե ծառ էլ լինեի՝ փայտահատը կպտտվեր շուրջս...

1996թ.

***
Եվ պիտի
Ոչ մի ձայն չլսվի իմ դռնից ներս,
Որ ես գիշեր ու զոր հետևեմ
Հարյուր քայլերի մեջ քո ոտնաձայներին,
Որ եթե դրանք լինեն՝
Իմ ուռած աչքերից արյուն ցայտեցնեմ
Կամ մորթվեմ ուղղակի շեմին՝
Լվանլու քո փոկրիկ մեղքը
Իմ վերքերի մեծ անոթում...

1999

***
Անցյալիս ձեռք չտաք.
Մեկ-մեկ երբ լավ կլինեմ, ես լավ բաներ կասեմ,
Մեկ-մեկ էլ, երբ դուք շատ վատ լինեք,
Հեռու ցեղիս ականջներից՝
Ես փոքրիկի, փոքրիկ մեծի գաղտնիքները կասեմ
Ցա՞վել՝ կհարցնեն աչքերը աչքերիս
Պետք էր երևի՝ շուրթերս կասեն,
Հետո արդեն երկուսով ու հաստատուն
Կհուսանք՝ պետք էր...

2001

***
Ես չեմ ուզում,
Որ հիմա կանգ առնի իմ սիրտը՝
Հատկապես հիմա,
Երբ այսքան լավ եմ զգում,
Երբ այսքան հաշտ եմ մարմնիս հետ
Լավ եմ, լավ եմ ու լավ,
Բայց ինչն է նորագյուտ՝
Իմ ձեռքերը՝ կառչած քո ձեռքերին՝
Ոչինչ չեմ ուզում այլևս...

2006
դիտեք նաև գայանե բաբայանի մասին
կնությունը բացած վավերագրական ֆիլմը՝ այստեղ 



Комментариев нет: