սլավիկ չիլոյան / slavik chiloyan















*
Ես չեմ կորցրել
ոչ մի բան
զգացմունք,
թեկուզ զգացողություն.
կեղտից անգամ քաշած օղին
ես դատարկում եմ
իմ պարզ ուղեղում,
ու հետո այդ կեղտը
դառնում է ոչինչ
կամ էլ այսպիսի
բանաստեղծություն:

*
Եկավ հաղթանակը,
ո՞վ էր ասում, թե նա
իր զինվորի շինելով էր.
նա կանացի էր լրիվ,
ու նստեց նա թեք,
ես էլի երեք կամ մի քանի երեք
օր սպասեցի,
իսկ դու չեկար.
եկավ
ձմեռը,
գարուն,
աշուն,
ամառ
և ամեն մեկը իր գլխարկը չափեց իմ գլխին՝
ոչ անկարգությամբ:
Եվ սովորական իր ձգողությամբ
ինձ մոտ եկավ
անջատումը
նրանց:
Եվ հետո
ես քեզ սպանեցի
երեք հարյուր տարի
ագռավի նման
ու սևացա:
Ինչքան մարգարեներ
քեզնից առաջ,
ինչքան առաքյալներ
քեզնից հետո
և ամբողջ քո հոտը
մի պղտոր ջրի առաջ
սպանվեցին:

*
Իսկ դու
որ մեղադրում էիր
ու ինքդ գնում
նույն ճանապարհով
ԼՈՒՅՍԸ ԲԱՑՎՈՒՄ Է
հշշշշշշշշշշ
կամաց հանկարծ կարթնանա
ոչ քեզ նման մարդ:

*
Ուրիշ ինչի՞ նմանացնեմ երկնային արքայությունը:
                                                   ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ

Կյանքը ծխախոտ է,
մարդը՝ թունդ ծխող,
միայն նրանից հեռանալիս է
երևում նրա
ավելորդությունը,
իսկ ծխախոտի դեմ պայքարող
միակ ու հիանալի բժիշկը
խաչվելով անգամ
չփրկեց մեզ,
որովհետև
կյանքը ծխախոտ է,
մարդը՝ թունդ ծխող,
իսկ այս աշխարհում
ամենախաղցր բանը
թույնն է,
երբ այն տրվում է
մանր դոզաներով:

ԵՍ

Ես էլ
եկա ու տեսա
1966 թվական,
գարուն,
մայիս:

ԺԱՄԱՆԱԿԸ

Ես կուզենայի աստվածներից, որ ինձ պաշտպանեին
իմ բարեկամներից. իմ թշնամիներից ինքս էլ կպաշտպանվեմ:
                                                             ՊԼԱՏՈՆ

Բա որ ինձ տեսնեք
այն ժամանակ,
երբ ես խնդում էի:

ԷՔՍՊՐՈՄՏ

Քո ոտնահետքերը
բերեցին
ինձ, խղճուկիս,
մի տխուր արբեցում,
որ,
ինչպես տեսնում ես,
դարձավ բանաստեղծություն,
ոտնահետքերդ...
(Բազմակետերն էլ
իզուր եմ դրել,
որ դու շունչ առնես):

ԵՐԿԱՐ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Բացում եմ օրացույցը
ծնվեց-մեռավ 
մեծ ճանապարհորդ.
քամին լիզեց-տարավ
մի սպիտակ թերթիկ:

ԿԻՐԱԿԻ ՕՐԸ

Ես այնքան կուզեի
մարդկության այս լրջության քողը
հանել հագից,
լվանալ երկար,
հետո,
որպես մի սպիտակ խալաթ
մանկապարտեզի փոքրիկ աղջկա՝
հագցնել նրան.
թող որ
թռվռար իմ շուրջը
այս մարդկությունը՝
մանկապարտեզի փոքրիկ աղջկա
սպիտակ խալաթով...

ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂՆ Է

Սիրելը մեծ բան չէ.
ուղղակի
պետք է խորհրդակցել,
իսկ խորհրդակցությունը
մի օր կավարտվի,
երբ լռությունը կխփի ուսիդ
ու կասի,
գնա՞նք:

*
Ես այդ չեմ
և ինչո՞ւ եմ այստեղ
ես քանի տարի ման եկա
ինձ
քեզ համար
ու քանի անգամ
հեքիաթներ կերա
քեզ համար
ես այդ չեմ
ես ձեզ հետ
երբեք չհավատաք թե լինեմ
ես չգիտեմ թե ինչ դեմք է ինձ վրա
այսպես 
օտարորեն
կախվել

ՄԵԿ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԱ ԵՎ
ՄԵԿ ՍՏԵՂԾԱԳՈԾՈՒԹՅՈՒՆ.
ՄԱՆՑԱԾԸ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ Է ԴՐԱ

Միայն աչքերդ բավական չեն
քո թևերն էլ եմ ուզում
հենց այդպես
առանց թռչելու կարողության
և հենց երկուսը
այնպես ինչպես կան,
և քո մատներն եմ ուզում
ճիշտ այդպես
հենց տասը.
և ճիշտ է որ դու
հենց այդպես ես սիրում:

ՆԱԽԱՄԱՐԴ ԵՄ ԵՍ

Իմ դեմքը երկարում է
ելնում բնից,
հասնում է ծնկներիս.
ու ես տեսնում եմ,
որ գեղեցիկ եմ
ու նման Ադամին:
Ադամը-վտարանդի,
ես էլ խնձորի տեղ
այս երգն եմ ծամում:

ԱՐԳԵԼՔ

Մենք համբուրվում էինք
ու այնքան պինդ,
որ օրենքը նկատեց.
մարդիկ հավաքվեցին,
որոնց
չորս պատից դուրս
համբուրվել չէր տրված,
ու մեր համբույրը
դատարան տարան:

ԾՈՎԸ ՄԵԾ Է, ԶԱՐՄԱՑԱՎ ՉԵԽՈՎԸ

Ես շատ չարչարվեցի
բայց միայն մարդ
թվացիք դուք ինձ

ՏԱՎԱՐԻ ԿՏՐԱՏՄԱՆ ՍԽԵՄԱՆ ԵՎ
ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԸ


Կովը երբեմն խոսում է
իր կաթնատվությանն ընդեմ
և խնդրում 
որ երբեք  
իր նկարը
չկախեք
մսավաճառների
պաշտամունք դրձած
խանութների
վերին անկյունում

*
Ո՞ւր եք, սիրելիներս, ես ձեզ չեմ տեսնում,
սպասեցեք ակնոցս դնեմ:
                                             ՖՐԱՆՍՈՒԱ ՌԱԲԼԵ

Լրիվ թրջված մի կանաչ
Այսօր դրված էր իմ կողքին
Վերքը
Հանգիստ գրում էր իմ մասին
Իսկ ես չէի էլ կասկածում
Որ արևի մուտքը
Երբեմն կվերացնի
Քաղցկեղի մասին մեր մտածողությունը
Ու կստիպի
Որ նկարվելուց առաջ
Ռենտգենի նման մատծենք
Ճառագայթների մասին

*
Ութ տարեկան փոքրիկ աղջիկ
ինչպես սիրեմ
դնեմ ծնկիս
ու օրորեմ քեզ բառերով
բայց ափորս
ինչ քուն բերի
ութ տարեկան դու մեծ աղջիկ
երբ ներկած թարթիչներիդ
տակ թաքնված հրապուրիչ
ու խորամանկ մի հայացքով
դարձա ես կով
ու բառաչս ձգվեց երկար
այդ մարդկության
նախրքաշում

*
Վերջին րոպեին
հանգիստ կորոճանք մեր ցանկացած
ցանկացածը
և սիրուն կավարտենք
մի երգ
որ պատերազմ է դարձել
սառել է օդը
մեր շնչփողում 
դրա համար ենք թույլ տալիս
որ գան
նախագահները
ու մեզ մի լավ դաս տան
իսկ դրանից ոչինչ չի փոխվում
բացի նախագահներից


Комментариев нет: