*
Փշրում են աշխարհը
Մանր կտորների
Փշրում են աշխարհը
Հարվածով կռանի
Բայց դա ինձ փույթ չէ
Բնավ ինձ փույթ չէ
Բավական բան է ինձ
Մնում աշխարհից
Բավ է, որ սիրում եմ
Մի կապույտ փետուր
Մի ավազուտ ճամփա
Մի վեհերոտ թռչնիկ
Բավ է, որ սիրում եմ
Մի նուրբ խոտի շյուղ
Մի ցողի կաթիլ
Անտառի մի ծղրիդ
Կարող են փշրել աշխարհը
Մանր կտորների
Բավական բան է ինձ
Մնում աշխարհից
Մի քիչ օդ կունենամ միշտ
Կյանքի մի թել փոքրիկ
Աչքերում լույս մի քիչ
Եղինջների մեջ հովիկ
Եվ նույնիսկ և նույնիսկ
Թե բանտ են քցում ինձ
Բավական բան է էլի
Մնում ինձ աշխարհից
Բավ է, որ սիրում եմ
Բանտի քարն այս մաշված
Ճաղերն այս երկաթե
Ուր կանգ է առնում արյունը մի քիչ
Սիրում եմ սիրում
Մաշված տախտակը իմ մահճակալի
Ներքնակս ծղոտե ու վերմակս հին
Փոշին արևի
Սիրում եմ խցի դիտանցքը բացվող
Ներս մտնող մարդկանց
Որոնք մոտենում ու տանում են ինձ
Վերագտնելու կյանքը աշխարհի
Եվ գույները կրկին գտնելու
Սիրում եմ երկար վերելքներն այս երկու
Դանակն այս եռանկյուն
Եվ սևազգեստ պարոններին այս
Իմ տոնն է դա և հպարտ եմ ես
Սիրում եմ սիրում
Զամբյուղն այս թեփող լեփ-լեցուն
Ուր վար կդնեմ գլուխս հիմա
Օ՜հ, դա ես սիրում եմ իսկապես
Բավ է, որ սիրում եմ
Մի կապույտ խոտի շյուղ
Մի ցողի կաթիլ
Մի երկչոտ թռչնի սեր
Փշրում են աշխարհը
Ծանր մուրճերով
Սիրտ իմ մնում է դարձյալ
Բավական ինձ բան աշխարհից:
*
Ես կմեռնեմ ողնաշարի քաղցկեղից
Դա կլինի մի ահավոր իրիկուն
Պայծառ ու տոթ, բուրումնալից, հեշտագին
Ես կմեռնեմ փտախտից
Դեռ քիչ հայտնի բջիջներից մի քանի
Ես կմեռնեմ սրունքներս պոկոտած
Հսկա անցքով խուժած հսկա առնետից
Ես կմեռնեմ վիրահատված հարյուր տակ
Լուրթ երկինքը կընկնի հավետ ինձ վրա՝
Սիրտս է կտրում դա ապակու պես ծանր.
Ես կմեռնեմ ականջներս պատռված
Ձայնի մի մեծ պայթյունից
Կմեռնեմ խուլ վերքերից
Հասցված ինձ ժամը մեկին գիշերվա
Անհուսալի դահիճներից այն ճաղատ
Կմեռնեմ ես աննկատ
Իմ մեռնելուն. կմեռնեմ
Ինձ կթաղեն ավերակների տակ չոր
Հազար մետր քաթանով պատված
Ես կմեռնեմ խողդված անպետք յուղի մեջ՝
Կոխկրտված նախ անասուններից անորոշ
Եվ, հետո ճիշտ, անասուններից որոշյալ
Կմեռնեմ մերկ կամ քաթանի մեջ կարմիր
Կամ ածելու շեղբով լի պարկի մեջ
Ես կմեռնեմ, գուցե, առանց ներկելու
Եղունգներն իմ ոտքերի
Ափերս լի արցունքներով
Ափերս լի արցունքներով
Կմեռնեմ, երբ ականջիս
Կփսփսան չար խոսքեր
Ես կմեռնեմ, կգողցեն
Զույգ կոպերս արևի տակ հրաբորբ
Կմեռնեմ ես՝ կողքիս տանջված երեխեք
Մարդիկ՝ գունատ ու շիվար
Կմեռնեմ, դեռ կենդանի
Ժանտ որդերին կեր դարձած, ես կմեռնեմ
Մի ջրվեժի տակ գամված
Ես կմեռնեմ այրված տխուր հրդեհում
Ես կմեռնեմ մարմանդ, շատ,
Անկիրք, բայց մեծ հետաքրքրությամբ
Եվ երբ ամեն ինչ կլինի վերջացած
Ես կմեռնեմ:
թարգմանությունը՝ սլավիկ չիլոյանի
Комментариев нет:
Отправить комментарий