ԽՈՍՔԵՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՄԱՐԴԸ ԱՊՐՈՒՄ Է
Ծաղիկների մեջ-
նրանց ցողի հետ
կաթ-կաթ խմելով
անապատի
իմաստությունը:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
կաթում է Երկրի սրտին-
ուշացած անդեղյա:
ԱՅՍՊԵՍ ՈՒ ԱՅՆՊԵՍ
Գիտուն այրերի
ու չքնաղ կանանց
ամենաթաքուն երազանքներում
երկնքում հայտնված
մուգ ամպի նման
խրված է հոգին:
ԵՐԿՈՒ
անդունդ կա:
ՃՇՄԱՐԻՏ ԵՄ ԱՍՈՒՄ
Այնտեղ, ուր մենք
լքել են միմյանց,
իրար են կանչելու,
մեր զարմերին
մեր ախտն է տանջելու,
ապա թե-
մեր շիրիմներին,
մեր աճյուների միջից,
վարդեր են աճելու:
ՄԱՐԴԸ ՄԵՆԱԿ Է
Շրխկոցով փակվում են
դռները,
պատուհանները,
հոգիները,
սրտերը:
ԺԱՆԳԱՌՔ
Վերևի հարկի
հարևանուհիս
գորգն է թափ տալիս
բաց պատշգամբում:
Ասես հիվանդ հրեշտակն է
թափահարում
ծանրացած թևերը:
ՃԱՐԱՀԱՏՅԱԼ ՀՄԱՅՔ
Մեր երազած վարդը
հրեշտակը տարավ-
ցողեց երկինքներով:
ՄԱՐԴԸ ԿԱՆՉՈՒՄ Է
Ո՞վ ես, դուրս արի...
Հույսս հատում է:
ՇԱՂԱՓՈՒԿ
Նախ նրան տեսա
Բրոդսկու տողում,
որ թարգմանեցի,
իսկ երկրորդ անգամ՝
երբ վառարանի
փայտ էի ջարդում,
նույնն էր, չէր փոխվել,
մենք հանդիպեցինք
ծանոթների պես:
ՄԱՐԴԸ
Գլուխը վզի մեջ,
վիզը՝ ուսերի մեջ,
ուսերը ձեռքերի մեջ,
ձեռքը՝ կրծքի մեջ,
կուրծքը՝ փորի մեջ,
փորը՝ ոտքերի մեջ,
ոտքերը՝ հողի մեջ...
և հողը՝ օդում:
ՄԵՂՄ ԱՆՁՐԵՎՈՒՄ Է
Ասենք թե-
ես մի երկար
բանաստեղծություն
գրեցի,
ասենք թե՝
այդ երկար
բանաստեղծության մեջ
այսպիսի տողեր կային.
երկինքը բացել է շուրթերը
և երկրի անունը շշնջացել...
մեղմ անձրևում է:
ՀՄԱՅԻԼ
Ինձ քամին կօգնի,
ինձ ծառը կօգնի,
ինձ գետը կօգնի...
Ես մի ամբողջ դար
հեռու կփախչեմ:
ԻՆՔՆԻՆ
Տխուր է հոգիս:-
Ինքնին պատկեր է:
Հոգիս տխուր է,
ինչպես հենց հոգիս:
Եվ ուրիշ ոչինչ:
ԿՅԱՆՔԸ ԽՈՒԺՈՒՄ Է
երեխաների հոգիների մեջ:
ՄԱՐԴԸ ՄՏՆՈՒՄ Է
ուրիշների սրտերը,
կոշիկներն է հանում այնտեղ
կամ չի հանում,
թեյ է խմում այնտեղ
կամ չի խմում,
ոտքը դնում է սեղանին
կամ չի դնում,
աղմկում է այնտեղ
կամ չի աղմկում,
սիրում է, հուսահատվում, ատում
կամ՝ բոլորովին - ոչ,
տիրում է ուրիշների սրտերին
կամ չի տիրում,
բայց իսպառ մոռանում է իր սրտի մասին,
և իր սիրտը թողնում է անտեր:
ԵՐԳ
Ծառերի համար
մաքուր հովիտներ
չեն մնացել,
գետերի համար
մաքուր հուներ
չեն մնացել...
սարերի համար
մաքուր երկինքներ
չեն մնացել...
Ամենուր մարդիկ են:
ՈՂՋՈՒՅՆ
Սա
Սա ինչ
Սա ինչ պոեզիա է, որ
Սա ինչ պոեզիա է, որ վեհ
Սա ինչ պոեզիա է, որ վեհ զգացմունքներ
Չի ներշնչում:
Ո՞ւմ...
ՄԱՐԴԸ ԽՈՍՈՒՄ Է
լռության մասին:
Комментариев нет:
Отправить комментарий