Ռընեին՝ ի հիշատակ
Նա գնացառանց շրջվելու
Նրա հրեշտակը շփոթված
մնաց անշարժ կանգնած
թևերն արյան
բծերով ծածկված
Իմ շունչը շշնջում է
սիրեցյալիս անունը
որ ընդամենը մի գոլորշի է
այբուբենի
մի քանի տառ
***
Մազերիս պես
իմ տխրությունը
շարունակում է աճել
***
Քո մեջքը տատանվում է
նավակի պես
Ես վերածվում եմ
Լայնարձակ ծովի
Որ քեզ կրեմ ինձ վրա
Որ խորտակեմ քեզ իմ մեջ
***
Դու նա ես
որի հետ պայքարում եմ
դժողքի անկողնում
իմ ահավոր գիշերների հրեշտակ
դու դարձրել ես ինձ
կրակ կլանող
***
Հենված քո բերանիմիջնորմին
ես հանգստանում եմ
քո ստվերում
II.
***
Հավերժորեն
նստած եմ
ճերմակ էջի առջև
և քաջություն չունեմ
այն շրջելու
***
Հիշողությունը ծանր է
ինչպես խորտակվող մի նավ
Ես նավարկել եմ
աշխարհի բոլոր մասերում
աստվածները մորթում էին ինձ
ես մորթում էի նրանց
Գրելով նրանց բերաններում
նրանց ընդերքում
ես մոռացա պոեզիան-
ես դարձա բանաստեղծ
***
Լուսինը թունավորել է իմ գրքերը
այլևս չեմ գտնում իմ բառերը
դատարկ էջերը
նայում են ինձ ու հետապնդում
գայլերի պես
***
Ես խոնարհվում եմ բոլորի առաջ
իմ ներկայությունը գնալով դառնում է
ավելի ու ավելի անորորշ
Իմ լեզուն դարձել է
բերանիս մեջ աճող
կարմիր ճակնդեղ
***
Իմ սոսկալի ճարտարապետությունը
քայքայվում է
Բառերը փտում են
բերանիս մեջ
էջը պատանքի պես
ծրարում է
իմ գրությունը
***
Ես մտնում եմ
իմ բանաստեղծության մեջ
նա դառնում է քաղաք
որ պատճենվում է
մի փողոցից մյուսը
Նրա երկար աղիքներում
ես մարսվում եմ դանդաղորեն
կամ թքվում
ինչպես փտած սնունդ
***
Բառեր կան
որ չես կարող արտասանել
Մերկ կյանքի ձգված տողերի վրա
նրանք բարձրանում են ու իջնում
ինչպես լարախաղացներ
ինչպես լուսնոտներ
որ ընկնում են
երբ նրանց անունն ես տալիս
***
Բառերի պարսից
նեղված
դու նրանց բռնում ես
պոկում
թևերը
թաթերը
և շրջում մեջքի վրա
***
Բառեր
համրիչի հատիկներ
որ սահեցնում ենք
մեր ատամների միջով
և որ երբեմն
պատառոտում ենք
գիշատիչ գազանի
կատաղությամբ
III.
***
Եկեղոցու սպանդանոցում
մեզ վերածում են
գիշանգղերի
Մենք խժռում ենք
Քրիստոսի մարինը
մեր պարանոցն ենք մխրճում
նրա արյան մեջ
մի անխոստովանելի մոլեգնությամբ
***
Այսուհետև այլևս
չպիտի հավատամ Աստծուն
հիմա թող Նա
հավատա ինձ
***
Քանզի մեր մահը
կլինի մի մահ
որ կհարատևի
IV.
***
Հեռանալ սեփական մարմնից
մեկնել
կարևոր չէ թե ուր
հերթ չկանգնել
մեռնելու համար
***
Ինձ մի թաղեք
մորթեք ինձ
և մարմինս առաջարկեք
գիշանգղերին
Թող կտցեն իմ մեղքերը
Թող հագեցնեմ նրանց քաղցը
***
Եթե տեսնում եք ինձ
անունս մի արտասանեք
անունս տալով
ինձ մի բանտարկեք
ազատ թողեք ինձ
Գիշերով
ես մի էգ գայլ եմ թափառական
ես վախեցնում եմ այն աղջկան
որը ես էի ժամանակին
***
Ամեն գիշեր
սովորում եմ մեռնել
անդենականի
քարտեզն եմ ուսումնասիրում
Ես անցնում եմ քաղաքներով
ու երազներիս ցուցահանդեսը
կազմակերպում
և վաճառում սև շուկայում
***
Ամեն մի քարի մեջ
մի տան երազ կա
***
Ժամանակը կանգ է առել
Ստվերս կողքիս
քնել է շան պես
***
Ալյուրը քո մեջ է
Ճանապարհիդ տված պատասխանն
ավելի երկար է
քան անցնելիք ուղից
VI.
***
Ծնվելուց հետո
մայրս ինձնից
բազմաթիվ պատճեններ հանեց
որոնցից ոչ մեկն
ինձ նման չէ
Նա արդեն ինձ էր փնտրում
մեռածների մեջ
***
Երեխան խժռում է
իր ծնողների մեղրամիսը
Նրանց մեջքին ջարդում
օրենքի տախտակները
Հետո հնձում հասկի պես
***
Ես հորս
ճակատագրական սխալն եմ
Հյուսիսի քամին ոռնում է
իմ բերանում
ես ազդարարում եմ
սարցակալում
***
Ինչ-որ մեկը գնաց
կոշիկներս հագած
հետը տանելով
իմ ոտնաձայները
***
Իմ անունը
ժամանակավոր մի տանիք է
որ կիսում եմ
բազմաթիվ օտարների հետ
***
Երկիրը պտտվում է
տիեզերքը՝ կծկվում
Իմ և քո միջև
ճիշտ այնքան տարածություն կա
որպիսի կարողանանք իրար մորթել
(Struggle for life)*
*-պայքար կյանքի համար (անգլ)
***
Մորս աչքերի առջև
իմ բառերը խոտորվում են
Նրանք դառնում են
ճամփեզրի խաչեր
ի հիշատակ վթարների
***
Պետք չէ հայր փնտրել
հոր մեջ
ոչ էլ մայր
մոր մեջ
Նրանք հորինել են ինձ
կացնահարվածներով
քանդակելիս
բանաստեղծությունները Անիզ Կոլցի <<Կրակ կլանողը>> գրքից են
ֆրանսերենից թարգմանեցին՝ Անահիտ և Ալեքսանդր Թոփչյանները
Комментариев нет:
Отправить комментарий