հովհաննես գրիգորյան / hovhannes grigoryan

բանաստեղծություններ ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ գրքից


*

Մի թողեք, որ մեռնեմ այս գիշեր:
Դաշտերի վրա հիմա ձյուն է ու խաղաղություն,
շրջում են որսորդները և որոնում վերջին աղավնուն,-
չափից դուրս շատ է մաշված ձեր ձայնը, օրիորդ,
այն չի հուզի քարացած սրտերը որսորդների:
Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
Վառվում են լույսերը շենքերի աչքերում:
Թանաքը վառվում է որոշում դառնալու ցանկությունից:
Եվ վերջին տրամվայն է անցնում արցունքն աչքերին,
և փողոցը փակում է իր սգավոր դեմքը:
Մի թողեք, որ մեռնեմ անարցունք:
Մայրիկ, ահա և ես քեզ հիշեցի,
ես մամռակալած եմ, ներիր ինձ դրա համար,
մնաս բարով չեմ ասում ես քեզ,
ինչու իզուր հուզեմ սիրտդ ծերացած:
Վերջապես փակում եմ աչքերս մենակության մեջ:
բառ առ բառ իջնում է գիշերը,-
և լուսինն ինչպես կտրված գլուխ
ընկնում է ճերմակ դաշտրի վրա,
Օ՜, մի թողեք, որ մեռնեմ անարցունք:

*

Ես գիտեմ`կմեռնեմ ձմռան առաջին օը:
Մարդիկ կթփթփացնեն ոտքերը սառած
և զարմանքով կնայեն,
թե ինչպես է ձյունը հալվում իմ սառած դեմքին:
ծերացած կինս կորոնի
և չի գտնի վառարանի ունելին`
կատվին սենյակից դուրս քշելու համար,
հետո կնստի-կօրորի գլուխը`
քմահաճ կատվի և իմ անխոհեմ քայլից ընկճված:
Քույրս թեյ կբաժանի մրսած հյուրերին
և ազատ ձեռքով կուղղի
կրծքիս դարսված չորացած ծաղիկները:
Հետո բոլորը միանգամից կելնեն ոտքի
և աղմուկ-աղաղակով ինձ դուրս կհանեն
տնից`
դեպի ձյունը,
ճերմակ ձյունը,
առաջին ձյունը,
վերջին ձյունը,
և այդ հրաշալի տեսարանից քար կտրած`
ես խոսքեր չեմ գտնի
հիացմունքս արտահայտելու համար…

ՕՐԱԳԻՐ

1. Հուսահատվելիս պարտադիր չէ ատամները սեղմելը
առավոտ-նշանակում է երազների կործանում,
երբ կախում ես ոտքդ մահճակալից,
երբ շնչում ես ծանր ու անընդհատ,
և արևի ճառագայթը կանացի մերկ ոտքի նման
մտնում է լուսամուտից ներս,
և դու կարողանում ես տեսնել
սեղանիդ ցաքուցրիվ գրքերը՝
նշանկում է դու դեռ ապրում ես,
և քո դիմաց մի ամբող օր կա:

2.Եղեք չափազանց զգույշ ուրախ լուր ստանալիս: 
Ամուր սեղմում եմ ձեռքդ,- ինչ տաք է օրը,
շենքերը ստիպում են, որ ճիշտ մտածեմ,
և եթե հիշում ես ծննդյան թիվը՝
դա այն ժամանակ էր, երբ վերջացավ պատերազմը,
և եթե դու երբեք մարդ չես սպանել,
ապա իզուր են դեմքիդ մռայլ գույները:

3.Եվ օրը այսպես գնում է առաջ:
Քեզ համար ո՞րն է կարևոր, ասա:
Կփակեմ աչքերս, ու դու չես լինի,
ես միշտ այդպես եմ վրեժ լուծում,
և կարծում եք, թե այն եմ, ինչ կա՞մ-
ձեզ միշտ խաբել է օրվա կեղծ ռիթմը...
...Հրաժեշտ տվեք բոլոր կրքերին...

4.Սա իմ սեղանն է,
սրանք պատեր են,
լույսը կավռեմ, և դուք կտեսնեք
անկյունում դրված իմ մահճակալը:
Ես նստում եմ աթոռին
և առաստաղին եմ նայում երկար:
Իհարկե օրը այստեղ դեռ չի վերջացել,
և ես վերցնում եմ մաքուր թուղթը
և պատրաստվում եմ նամակ գրելու:
Ես գիտեմ ամեն ինչ,
բոլոր տողերը անգիր գիտեմ,
ինձ մնում է միայն թանաք ճարել,
և ես նման կլինեմ բոլոր նրանց,
ովքեր ոտքերի մատերի վրա
գիշերային խավար փողոցներում
ուրիշների կորցրած երջանկությունն են որոնում...

*

Եվ դանդաղ գնում է նվագախումբը
գիշերային քաղաքի միջով:

Արցունքից կարծրացող մի աչք էր
և ընդամենը մի ձեռք,
բայց ինչքան ցավ կար, սիրելիս,
իսկական, չհնարած ծառերի միջով
խարխափելով լողացող ձեռքի մեջ:
Հեռացող օրվա սանդուղքով
դու բարձրանում ես դեպի վեր:
Աստղերը անցնում են քո կողքից,
լուսինը անցնում է քո կողքից,
և խարխափելով լողացող մի ձեռք
անցնում է քո միջով:

Արցունքից կարծրացող մի աչք
դանդաղ գնում է նվագախումբի ետևից,
գիշերային քաղաքի միջով:

Комментариев нет: