մարինա ցվետաևա / марина цветаева

















* * *
Քանի՜-քանիսն են կործանվել այն անդունդում -
Փռված հեռվում...
Կգա մի օր՝ կանհետանամ ես էլ այդպես -
Լուռ ու անտես:

Ամե՜նը, ինչ երգում, փայլում ու պայքարում էր -
Կպաղի՜.
Եվ ձայնս իմ քնքույշ, եւ ծամերիս ոսկին,
Եվ կանաչ ցոլքն իմ աչքերի:

Իսկ կյանքը կընթանա՝ մեր գորշ այս առօրյան -
Հացով իր օրական:
Ամենը կլինի այնպես, ասես,
Չեմ էլ եղել ես:

Ես, մանկան պես միշտ փոփոխվող,
Շատ շուտ զայրույթս մոռացող,
Ես, որ այնպես էի սիրում, երբ բուխարում
Ածուխն էր մոխրանում...

Իսկ թավջութակի ձա՜յնը... Աղմո՜ւկը անտառի...
Ժամ-պատարա՜գը մեր գյուղի...
Ես - միշտ կարոտ կյանքին ու կյանքով լի -
Չեմ էլ եղել, ասես, հողի վրա ջերմ ու սիրալիր:

Ձեզ բոլորի՜ցդ (ի՛նձ՝ չափ ու սահման չճանաչող,
Ինձ ի՞նչ - դու բարեկա՜մ ես, թե օտա՜ր...),
Ձեզ բոլորի՜ցդ պահանջում եմ ես - հավա՜տ,
Ձեզ բոլորի՛ցդ ես խնդրում եմ - սե՜ր:

Սե՜ր - նրա համար, որ բանավոր- գրավոր, գիշեր-ցերեկ,
Հանուն արդարության, գոչում եմ ու ճչում.
- <<Ո՛չ>> կամ <<Այո՛>>, եւ նրա համար, որ ես, իմ քսան տարում,
Հաճախ եմ շատ տխրում - ինձ սիրեցե՜ք,

Եվ նրա համար, որ բախտն է իմ - ներել անվե՜րջ,
Անսանձ իմ քնքշության համար,
Չափն անց գոռոզության համար -
Ինձ սիրեցե՜ք,

Արագընթաց կյանքիս համար, անկեղծ խոսքիս ու -
Կեղծ խաղիս համար... Լսե՜ք -
Մեկ էլ նրա համար, որ պիտ մեռնե՜մ՝
Ինձ սիրեցե՜ք...

* * *
Սե՛ր իմ: Ի՛մ Սե՜ր: Հոգեվարքի ժամին եւ դագաղում նույնիսկ -
Ես կլարվե՛մ, կհրապուրվե՛մ, վե՛ր կթռչե՜մ: 
Օ՜, սիրելի՜ս...
Ամպակույտի վրա, թե - շիրմակույտի տակ,
Քե՛զ ես երբե՜ք, երբե՜ք հրաժեշտ չե՛մ տա:

Եվ նրա համար չե՛ն - զույգ թեւերս չքնա՜ղ,
Որ ծանրությունն հողի պահեմ սրտիս վրա:
Այն արվարձանը բարուրվածների՝ անա՜չք, անձա՜յն,
Ես ինձանով չե՛մ բազմացնի, հարկա՜վ:

Թափով թեւերս կազատե՜մ ու կպոկեմ միանգամի՜ց
Իրանս ձիգ - բարուրներից քո՛, Մա՜հ.
Շրջակայքում այդ միջոցին անտառը կխանձվի՜,
Ու կհալչե՜ն հազար վերստի ձյուները պաղ:

Բայց եւ այնպես, թե ես - ուսե՛րս, թեւե՛րս, ծնկնե՛րս, կծկելո՜վ,
Թույլ տամ՝ տանե՜ք, թաղե՜ք ինձ - լոկ այն հույսով,
Որ ես նորից կելնե՜մ այդ աճյունից - ծաղկող
Վարդի թփով՝ զրնգուն իմ տողերով:

* * *
Ինչ-որ ձեզ պիտանի չէ, մարդի՛կ, բերե՛ք ի՜նձ.
Կվառվի՜ իմ կրակում - ամեն ի՜նչ:
Ինձ կյա՛նքն էլ է հուզում, ինձ մա՛հն էլ է հուզում՝
Կընծայեմ ամե՜նն - իմ կրակին կիզիչ:

Բոցը նյութ է սիրում - չոր, թեթեւ.
Պսակնե՜ր, ցախ, բառեր ու բառե՜ր...
Թող սնված դրանցով, բարձրանա կրակն իր հո՜ւր:
Իսկ դո՛ւք՝ հարություն առե՜ք ու նորից ապրե՜ք - մոխրից էլ մաքո՜ւր:

Փյունիկ հավքն եմ՝ երգում եմ - վառվում հրավառ:
Պահպանե՜ք բարձր կյանքս հրդեհի՜:
Հուր կրակ եմ - վառվում եմ իսպառ.
Թող գիշե՜րն էլ ձեր լուսավո՜ր լինի:

Կրակի շատրվա՜ն - խարույկ սառցի՜:
Բարձր եմ պահում իրանս սլացիկ:
Բարձր եմ կրում եւ պաշտոնս իմ՝
Ժառանգի՜ ու Զրուցակցի՜:

* * *
Գիշեր է քաղաքում իմ մեծ - գիշե՜ր:
Նիրհած տնից փախչում եմ դուրս, ասես ստվեր:
- Բայց ամուսի՞նդ... Երեխա՞դ... - մարդիկ կասեն...
Իսկ ես - հիշում եմ միմիայն - գիշե՜ր, գիշե՜ր...

Փչո՜ւմ, ավլում է հուլիսյան քամին,
Պատուհանից, հեռվում, հնչում է նվագն անուշ:
Քամի՜ն, անխիղճ քամին - մինչ արշալույս 
Պիտի կրծքիս խփի՝ հասնի - հոգվույս:

Կա սեւ բարդին, եւ լույսն ահա - պատուհանում,
Աշտարակից - ժամացույցի ղողանջն է պարզ հնչում,
Ձեռքիս ծաղիկը - կա, քայլերս - չփնտրող եւ ոչ մեկին,
Ստվերս - կա... Իսկ ես - չկա՛մ, չկա՜մ...

Ահա - ոսկյա շարանը լապտերի,
Ու համն - անմիտ ծամած մի տերեւի...
Ազատեցե՜ք կապանքներից այս առօրյա,
Դե՛, հասկացե՜ք, երա՛զ եմ ես, ցնո՜րք միայն...

* * *
Ճղեցի երակներս. անկանգուն -
Շռռա՜ց կյանքս:
Դե՛մ տվե՜ք կաթսաները մաքուր.
Ափսե՛, թա՛ս ու սինի՜...
Թեպետ, ի՛նչ էլ բերեք՝ փո՛քր, տափա՛կ կլինի՜:
Շպպո՜ւմ է արյունս, սեւ հողին թափվում՝
Եղեգնն է սնում... Անարգե՜լ, անկանգո՜ւն- 
Տողերս հոսում են, հոսո՜ւմ...

թարգմանությունը՝ լարիսա այսբերգ

Комментариев нет: