հովհաննես գրիգորյան / hovhannes grigoryan

ՎԻԵՏՆԱՄ

Տարին չանվանանեք երջանիկ,
երկինքը կապույտ անսահման,
ցերեկը չկոչենք արթնացում
և ոչ էլ գիշերը խաղաղ:
Որովհետև դեռ պայթում են ռումբերը:
Մենք, որ կարողանում ենք քնել
հիշողություններիս աչքերը կապած
և չհնարենք համեմատություններ կեղծ 
ու պաթետիկ:
Որովհետև զնգում են կրակահերթերը:
Եվ արևելյան շեղաչք մի ժողովուրդ
գնդակահարվում է պարիսպների տակ,
այրվում փայտե խրճիթների մեջ,
և մեռնում դաշտերում բրնձի.
-Դժվարանում է գդալը բերանին տանելը,
և դառնում են անհեթեթ ու տաղտուկ
վեճերը փիլիսոփայական բարդ հարցերի շուրջ,
և իրենց գոյության իմաստն են կորցնում
դիսերտացիաները բժշկագիտական
և դեղատներում թախծող բանակը դեղերի:
Իսկ այնտեղ մետաղի մի հասրարակ կտոր
կործանում է դարեդար եկած
նրբացած ու փխրուն օրագնիզմը մարդու:
Ներելու համար ուժ է հարկավոր,
արտասվելու համար անչափ դառնություն,
սպանելու համար թուլությունն էլ հերիք է,
իսկ ի՞նչ է հարկավոր այս ամենը մոռանալու համար՝
թող ոչ ոք չասի:
Փողոցներում սահում են
քաղաքակրթության նրբացած
գրաստները պսպղուն:
Թերթերը օտար ու անհասկանալի՝
լեցուն շքեղ մարմիններով
և քաղաքական քաղցր ու սահուն 
դարձվածքներով.
Խմեցե՜ք կոկա-կոլա, ինչքան հարկավոր է,
քնեցե՜ք անկողիններում փափուկ ու մեղկ,
իսկ երազներում փնտրեցեք
արդարացումը ձեր ցերեկների,
իսկ երազում գոնե տեսեք ձեր անթերի արտացոլումը
տանջամահ արվող մարդու
չափից դուրս լայն բացված
բիբերի հայելում:
Քամին հեռու հեռվից արյան հոտ
ու հառաչանք է բերում: 
Ես նախանձում ու ատում եմ նրանց,
ովքեր ապրում են պատուհանները փակած,
ովքեր տարին անվանում են երջանիկ,
երկքինը կապույտ անսահման,
ցերեկը կոչում են արթնացում,
իսկ գիշերները քնում են խաղաղ:

***

Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում 
ամենաանսպասելի անկյուններից
իր ետևից տանելով 
ցնծությունից խելակորույս երեխաների 
հրոսակախումբը՝
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:
Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է,
և ի՜նչ բավականություն` պատկերացնել այն, ինչը չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ՜, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:
Իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր ետևից տանելով 
ցնծությունից ոչինչ չնկատող երեխաների
հրոսակախումբը…
Ի՜նչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում:

ԱՇՈՒՆ

Նվագում էր դաշնամուրը,
իսկ լուսամուտները բաց էին
և աշուն էր:
Մազերը երկար էին,
իսկ ինքը տղամարդ էր:
Տերևները թափվում էին,
իսկ ինքը նվագում էր:
Այս ամենը այնպես, այնպես տխուր էր,
որ շպրտեցի հանգած ծխախոտս
և չնստեցի տրամվայ:

Մեկ-մեկ
թափվում էին տերևները,
ինչպես չորացած բառեր,
ինչպես չորացած նոտաներ:
Ինձ թաղեցեք
վաղը չէ մյուս օրը-
անտարբեր խնդրում էր դաշնամուրը:

ԿԱՐՈՏ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ

Հրեշտակները չեկան քո հոգին փրկելու
կամ գոնե մարմինդ:
Նրանք ամուր փակեցին առասպելների դռները
և դու ստիպված հավատացիր, որ գոյություն չունեն նրանք:
Ծովի ընկերությունը ձեզ մատուցվեց որպես հարգանք:
Դու նայեցիր ավազին ու մտածեցիր՝
ի՜նչ երկար է ճանապարհդ:
Դու հենց այդպես մտածեցիր նաև
երբ քայլում էիր ծովի երկայնքով:

Հետո ճայերի անտանելի ձայներն հասան քեզ:
Իսկապես ի՞նչ լավ բան կա այդ ամենի մեջ:

Ներիր ինձ, ես արդեն կանոնավոր չեմ սափրվում,
չէ՞ որ դու իմ մասին ավելի մեծ կարծիք ունես:

...Բայց դու ամեն օր
բաց ես անում քո լուսամուտները,
որովհետև հաստատ հավատում ես, որ կգան նրանք,
որոնց անգոյությանն էլ ես հավատում...

Комментариев нет: