Արտեմ Հարությունյան / Artem Haroutiunian

 խոստովանական պոեզիա


 «Խոստովանական պոեզիա» արտահայտությունն արդեն հուշում է, որ այդ ուղղության  ներկայացուցիչները մեծ ուշադրություն են դարձնում գրողի կենսագրությանը, անձնական պահերին ու ապրումներին: Բայց «խոստովանել», դեռևս չի նշանակում ստեղծել արվեստի գործ: Դեռ Ժ.Ժ.Ռուսոն 18-րդ դարում գրած իր «Խոստովանությունում» նկարագրում է որոշակի դեպքեր, որոնք և ձևավորում են նրա՝ հերոսի բանավորությունը, քայլ առ քայլ մոտեցնում հասունացման: Նրա տպավորվող էության մեջ ամեն ինչ հարատևում էր և տարիների ընթացքում ձեռք էր բերում հոգեբանական ու սիմվոլիկ խոր իմաստներ: Բայց պոեզիայում բնավորություն ստեղծելու և այն հավաստի դարձնելու խնդիրը փոքր-ինչ այլ կերպ է ընթանում:

   Ռուսոյի համար բնավորությունը բացահայտելն ու այն տարբեր չափումների մեջ տեսնելը կարևոր էր, որովհետև դա զգալու նոր ձև էր: Կերպարի հիման վրա նա փորձում էր դատել մարդու և հասարակության մասին: Անգլիացի բանաստեղծ Վորդսվորդը իր «Նախերգանք»-ում խոստովանում է կենսափորձի այն  պահերը, որոնք տալիս են նրան ներթափանցման և ներատեսման նոր ուժ, տիեզերքի ամբողջականության զգացում են հաղորդում: Մարսել Պրուստը «Կորուսյալ ժամանակի» վերապրումներում խոստովանում էր իր կյանքի այն հազվագյուտ պահերը, որոնք հանկարծ պոկում են իրականության դեմքից պայմանականությունների ու կեղծիքի ծածկոցը և հերոսին ցույց տալիս քողարկված իրականությունը: Մայակովսկին, Չարենցը իրենց լավագույն գործերում խոստովանում են հզոր ներաշխարհի տեր անձնավորության տվայտանքներն ու ապրումները, զարմանալի կերպով անձնականը դարձնելով ընդհանուր: Ամերիկյան պոեզիայում անձնականից դեպի հասարակականն ընթացող այս անցումը նկատելի է նաև Ռոբերտ Լուելի, Ալեն Գրինզբերգի, Սիլվիա Պլաթի պոեզիայում: Նման երևույթների պատճառներից մեկն այն էր, որ, ինչպես և Ուիթմենի դեպքում, անձնականի ու հասարակականի վերելքն ու նորացումը համընկնում էր պատմական նոր տեղաշարժերի հետ, և «խոստավանական» ձայնը նույնքն անձնական էր, որքան և «հասարակականը»: Այս երջանիկ «զուգադիպության» դեպքում մարդու ներաշխարհը գեղարվեստական  երկում դրսևորվում է իր ժամանակների մեծ տեղաշարժերի արդյունք: Նշավծ բանաստեղծներից յուրաքանչյուն իր հերոսի կյանքն օգտագործում է որպես հիմք և միջոց՝ աշխարհն ու իր ժամանակները յուրովի տեսնելու և գնահատելու:

       Ամերիկյան պոեզիայում 50-ական թվականների ֆորմալիզմին ներկայացված ամենամեծ պահանջն ու մարտահրավերը ծնվեց այն բանաստեղծների կողմից, որոնց քնարերգության մեջ ցավալի ճշմարտությունները հենց իրենց կյանքի ու անձի մասին հայտնվեցին թե՛ որպես մեղադրանք՝ ուղղավծ դարավերջին և թե՛ նոր միջոց՝ երևույթները «անձնական» ու իրական դարձնելու համար: Նրանց պոեզիան «խոստավանական» կոչվեց Ռոբերտ Լոուելի «Կյանքի ուսումնասիրություններ» ժողովածուի լույս տեսնելուց հետո: Եվ քանի որ այդ դպրոցի ներկայացուցիչների համար բանաստեղծի տառապանքն ու ապրումները ուշադրության կենտրոնում էին, ապա խոստովանական լիրիկան ընկալվեց ռոմանտիկական քնարերգության մի նոր՝ զարտուղի ճանապարհ: Բայց ավանդական ռոմանտիկական պոեզիայում բանաստեղծի վերաբերմունքն ու դիրքորոշումը իր արժանիքների նկատմամբ առաջնահերթ է եղել, և նա միշտ ներքին ակնածանքով ու հարգանքով է եղել իր անհատական գոյությանն ու ապրումներին: «Խոստովանական» պոեզիայում այս երևույթը ինչ որ չափով բացակայում է, որովհետև քնարական հերոսի (որը մեծ մասամբ հենց ինքը՝ պոետն է, թեև անձնական թեման չպետք է շփոթել ինքնակենսագրության հետ) հոգեվիճակը հաճախ համարյա անկումնային վիճակում է, և այս փսիխոզը, որը երբեմն մտացածին է, երբեմն՝ իրական, շատ քիչ տեղ է թողնում ինքնահարգանքի համար: Ավելի ճիշտ բանաստեղծը,  անգամ միտք էլ չունի բարոյախոսելու իր վիճակի մասին կամ ինչ-որ կերպ այն արդարացնելու: Թվում է, թե նա խաճախ «հմայված է» իր հոգեկան խանգարման ախտանշաններով, և տեսլային պահերը երբեմն չեն համընկնում նրա իրական կենսափորձի հետ: «Խոստովանական պոեզիայում» երազն ու ենթագիտակցությունը իրենց «տրամադրությունն» ունեն: Բայց այս պոեզիայի յուրահատկություններից մեկն այն է, որ ասես հանպատրաստից ծնված տողերը, փշրված տաղաչափական ձևերն ու  ցաքուցրիվ շարադասությունը ոչ միայն ընթերցողին են հանձնում հեղինակի հոգեկան խանգարման նախանշանները, այլև հոսանքի պես բերում են սոցիալական միջավայրի այն մղձավանջները, որոնք ինչ-որ չափով հիմք են հանդիսացել այդ շեղումների ու տառապանքների համար: Հայտնի է, որ Ռոբերտ Լոուելը մանկության տարիների մասին իր օրագրերը գրել է հոգեբույժի խորհրդով, որոնք և հետագայում հիմք են հանդիսացել «Կյանքի ուսումնասիրությունների» արձակ բաժնի՝ «Ռիվեր Սթրիթ 91»-ի համար: Բայց օրագրային գրառումներից դեպի հասուն արձակ տանող ճանապարհին այդ գրառումները էապես ձևափոխվեցին. հոգեվիճակների և անկումների վերհուշ-գրառումները վերաճեցին Լոուելի մանկության, նրա բոստոնյան ազնվական ընտանիքի և ընդհանրապես ամերիկյան մի քանի խավերի խոր ու ճշգրիտ պատկերված քննադատական էջերի: Լոուելն իր դասի կործանումը, բոստոնյան ազնավական հին սովորույթների ու արժեքների խամրումը երբեմն պատկերում է որպես աշխարհի ապոկալիպսիսի դրսևորումներից մեկը: Բայց նաև պարզ երևում է, թե ինպես են ամերիկյան քաղաքական և մշակույթային հիվանդությունները թափանցում ու նույնացվում նրա խոստովանությունների մեջ ծավալվող ընտանեկան անկման թեմային, որը գրքի թե՛ չափածո և թե՛ արձակ էջերին տալիս է փաստացի լինելու բազում երանգներ: Լոուելի պոեզիայի ընդգրկումները ապշեցուցիչ են՝ անձնականից մինչ պատմական ամենալայն շերտերի պատկերումը, բայց հիմքում միշտ գործում է լոուելյան ազատ մտապատկերային համալկարգը, որը նրա պոեզիայի թե՛ ուժեղ և թե՛ վտանգավոր (չարաշահելու դեպքում) կողմերից է: Բանաստեղծական այս մտապատկերումները փրկվում են անկապակցվածությունից և քաոսից, շնորհիվ տողի բացարձակ ճշգրտության, գազմունքի և բանականության ներհյուսման, որը պատմության և անձնականի նրա վերապատկերումնեը հանգեցնում է դրամատիզմի խորությամբ:
          
      «Խոստովանական պոեզիայի» ներակայացուցիչներին անգլիացի քննադատ Ա.Ալվարեզը անվանել է   «ծայրահեղականներ»: Թե՛ խոստովանական և թե՛ «ծայրահեղական» տերմինները ունեն իրենց սահմանափակումները, բայց նարնք ինչ-որ չափով արտահայտում են  այն պոետական միտումների սահմանները ու բնույթը, որոնք ձևավորվեցին 50-60-ական թավկաններին: Բացի Ռոբերտ Լոուելից «խոստովանական պոեզիայի» խմբին են հարում Ջոն Բերիմանը, Սիլվիա Պլաթը, Վիլյամ Սոնդգրասը և Էնն Սեքսթընը: Նրանց պոեզիայի զգայական, հոգեկան «շիկացումներն» ու շեղումները երբեմն հիշեցնում են Լոուելի բանաստեղծության մեջ վտանգավոր թափառումների դուրս եկած այն ամուսնուն, որը «քայլում է ածելու շեղբի եզրով»: Եվ չնայած այս բանաստեղծների ստեղծագործական որոշ ընդհանրություններին, նրանց պոեզիան խիստ տարբերվում է թե՛ երևույթների ընդգրկման և թե՛ տաղանդի չափի առումով:


            Բյաց ինչան էլ «խոստովանող» և անկեղծ լինի մարդկային հոգեբանության գաղտնի զիգզագների պատկերումը պոեզիայում, այն արժեք ունի միայն այն դեպքում, երբ պատկերելով անհատակը, ընթերցողին խոստավանելով իր կրած սարսափները ու մտատանջությունները, բանաստեղծը կարողանում է նաև ընդգրկել ու պատկերել ավելի լայն խնդիրներ և համամարդկային թեմաներ, որի դասական օրինակն է Ռոբերտ Լոուելի պոեզիան:

   Ամերիկյան հանրահայտ բանաստեղծուհի Դիանա Վակովսկին նշում է, որ «խոստավանական պոեզիայի» ներկայացուցիչների մեծ մասի հոգեկան խանգարումները նաև արդյունք են բուրժուական հասարակության օտարացնող ու «կղզիացնող» միտումների: Նա գրում է. «Միակ ընդհանրությունը, որ Պլաթը, Սեքսթընը, Լոուելը, նաև 20-րդ դարի բանաստեղծների մեծ մասն ունեն, այն է, որ նրանք սիրում են օգտագործել առարկայական, ֆիզիկական պատկերավորումներ: Նրանք բոլորը եղել են հոգեբուժարաններում և հայտնվել են ինքնասպանության եզրին: Բայց նրանք նաև զգացել են, որ դա նույնպես մարդկային կենսափորձ է: Սեքսթընի պոեզիան հնարավոր է դառնում ծանր ապրումների շնորհիվ, որովհետև այն, ինչին նրա անձնական կենսափորձը ձգտում է, փորձ է՝ փշրել բուրժուական մեկուսացումն ու օտարացումը և ապրել նոր կյանքով: Իհարկե, ես չեմ ուզում ասել, թե բուրժուական հասարակության մեջ բոլոր մարդիկ անպայման կզիացած ու օտարացած են, բայց բուրժուական կյանքը հենց այն է ինչ մեկուսացնում է քեզ արագ: Իսկ այդ օտարացումներից դուրս գալու համար և աշխարհը որպես զգայական ու սիրո հրաշք տեսնելու համար ինչ-որ չափով «օգնեցին» հիանդությունները»: Այս տողերը հիշեցնում են Թոմաս Մանի հայտնի դատողությունը այն մասին, որ բուրժուական համակարգում հիվանդ է միայն հոգեպես «առողջ»-ը, որովհետև հիվանդության շնոհիվ նա ձեռք է բերում զգալու, կրեկցելու և եսասիրությունից ազատվելու որակներ:

         Քննադատ Ռոզենտալի «խոստովանական պոեզիա» տերմինը ունի մեկ այլ թերություն ևս: Ռոզենտալը «խոստովանական» բանաստեղծներ անվանում է թե՛ Ս. Պլաթին, թե՛ Ռ. Լոուելին, Ա. Գրինզբերգին, Թ. Ռյոթքեին, Է. Սեքսթընին և Ջ. Բարիմանին: «Խոստովանական պոեզիա» տերմինը ինչ-որ չափով կորցնում է իր իմաստը, եթե այն վերագրում ենք տարբեր բնույթի և տաղանդի տեր բանաստեղծների ստեղծագործություններին: Որովհետև այդ դեպքում կարծես հաշվի չեն առնվում Լոուելի խոհական և  «կանխամտածված» քննական ինքնադիմանկարները, Գինզբերգի բանդագուշակ-քաղաքական տեսիլները, Ռոյթքեի ներթափանցումները բնության մեջ, Բարիմանի «Հենրիի» հայտանգործությունները:

              Առավել ևս, նման մոտեցման դեքպում չի նկատվում Սիլվիա Պլաթի արվեստի կարևոր առանձնահատկություններից մեկը՝ կյանքի փոխակերպումը պոեզիայի, որի ողջ ընթացքը զարամանալի կերպով արտացոլված է նրա նամակներում: Միակ բանաստեղծը, որին բնութագրում է Ռոզենտալի  «խոստովանական» տերմինը, երևի ինչ-որ չափով Էնն Սեքսթընն է, որը իսկապես բառացիորեն իր ինքնությունը տեղադրում է բանաստեղծության կենտրոնում և ամեն կերպ փորձում ցույց տալ իր հոգեբանական խոցելիությունը: Իր կյանքի մասին գրում է նաև Պլաթը, բայց նրա բանստեղծություների պատկերները գալիս հասնում և միահյուսվում են զգացումի այն մակարդակին, որն ընթերցողի համար հասկանլի է և ընկալելի:


                                 Ես գիտեմ խորքը-գրում է նա:
                                 Ես գիտեմ այն իմ հսկա արմատներով:
                                 Դա այն է, ինչից դու վախենում ես.
                                 Ես չեմ վախենում նրանից: Ես եղել եմ այնտեղ:


       Այս բանաստեղծությունը կապ է ստեղծում «ցեղի լեզվի հետ» և հենց սա էլ տարբերակում է Ս. Պլաթի պոեզիան «խոստովանական պոեզիայի» երբեմն չափից ավելի գաղտանգիր տողերից: Պլաթը իր գրքերում («Կոլոսուսում» և հատկապես՝ «Արիելում») փորձում է ստեղծել պատկերների այնպիսի համակարգ, որը կմարմնավորեր նաև ժամանակակից մարդու դրաման. իրական կյանքի կարոտ և գաղտնի սպասում՝ իր ժամանակներից ու կյանքից:

Комментариев нет: