ՄԻ ԳՐԻՔ
Ինձ պետք է մի գրիք, որ ոչ ոք չի գրել,
մի գրիք, որ գրված է, բայց դեռ ոչ մի ձեռք
չի դիպել նրան: Նրա էջերից
վերցնում եմ իմ տողերը:
Բոլոր աստղերը ինձ լույս են տալիս: Ես նրանց
կարդում եմ, նրանց հնչյուններից
բառեր եմ հորինում, նայում գրքի մեջ
(որ դեռ ոչ ոք չի գրել) և հանում պատկերներ
երկնքի և երկրի
կենսագրությունից: Նա որքան գնում,
այնքան մեծանում է: Նրա
էջերից ես տուն եմ կառուցում,
ապրում նրա մեջ: Իմ բնակավայրը:
ԾԱՌՆ ԸՆԿԱՎ
Սրբելով իմ բոլոր ոտնահետքերը
ես վերադառնում էի դեպի ետ, դեպի
վայրերը իմ նախկին, դատարկ ձեռքերով, անհասցե,
աննպատակ,
ես վերադառնում էի, ինչպես տարին է
փնտրում իր սկիզբը,
մենության աստվածների խիստ հայացքի տակ:
Իմ օրերի մթամած անտառում
մի ծառ էր լույս տալիս:
Ես վերադառնում էի, մոտենում նրան,
բայց նրան չէի հասնում:
Փողոցների լապտերների լույսի մեջ կասկածամիտ
ոչինչ չի մնացել, ոչ մի ճիգ, ոչ մի դեմք:
Ծառն ընկավ: Ծառն ընկավ: Բայց այդ ես էի, որ ընկա:
ԿԵՍՕՐԸ ՀԵԿԵԿՈՒՄ Է
Ձայներ են ներխուժում
դրսից, փողոցից,
շենքի խռովահույզ
հայացքների տակ,
հոսում են բազմություններ,
չգիտեն՝ ուր են գնում,
գիտեն, բայց՝ ինչո՞ւ,
անցյալից սարսափահար,
օրվա մեջ անդադար,
խաչմերուկների սխալ
անցումներով,
և նրանց ետևից
կեսօրը հեկեկում է
ձեռքերով դեմքը ծածկած:
ԱՂՈՏ ԴԻՄԱՆԿԱՐ
Թափ տուր շեմի վրա ոտքերիդ փոշին,
երբ պատրաստվում ես դուրս գալ
քաղաքից:
Այնտեղ
դանակներ կան, ովքեր քո կյանքի
ճյուղերն են կտրատում
և նետում կրակի մեջ,
և հսկա մի էկրան,
որի վրայով իրերն են լողում
և մարդկանց աղոտ
դիմանկարներն են անցնում շփոթված,
ոչ մի հետք չթողնելով նրա մակերեսին:
***
Արմունկներով մի հենվիր աշնան պաղ քամուն,
ձեռքերով մի քսվիր
օդի ապակու մեջ արտացոլված լույսնին,
ոչ էլ չափիր վոլտաժը ամառվա արևի,
քեզ համար քո կյանքի հիմնաքարն ամրացրու
զգացմունքի և հույսի
շղթայով աներևույթ, քո ժամանակից
մի պտղունց աղ ցանիր հացի վրա,
ընտրիր բառերը, ինչպես սիրո համար
կընտրես կանանց գեղեցիկ
և անհավատարիմ, և լսիր՝ թե ինչ է շշնջում
մահը քո ականջներին
քո սիրո և քո անկման մոխրագույն երկնքից:
ԱՆՁՐԵՎ Է
Անձրև է, մենակ եմ,
ցուրտը սողում է ուղեղիս մեջ:
Պաղ գարեջուրը
երակներիս մեջ գիշերվա մուժն է ավելացնում:
Անձրև է...
Աչքերիս առջև, օդից կախված
մի գունդ է պտտվում,
և նրա վրա, անձրևի տակ
մեկը խմում է պաղ գարեջուր:
Անձրև է, մենակ եմ,
ցուրտը սողում է ուղեղիս մեջ:
Քամին քշում է ծառերի ստվերները:
Ես մայթի վրա փշրում եմ գավաթս:
***
Մի լուսին ինձ հեռվից մատնացույց է անում,
տրամվայները չքացել են արդեն,
վերջին տրամվայը ինձ տուն չի տանում այլևս:
Ո՞վ է սպասում ինձ: Նա գիտի, որ ես
անվերջ գալիս եմ, մոտենում իրեն,
բայց իրեն ձեռք չեմ տալիս:
Սպասում եմ նրան, ով ինձ է սպասում:
Մեր միջև մի լուսին է անցնում քաղաքի
գիշերվա վրայով: Վերջին տրամվայ,
որ ինձ պիտի տաներ
փողոցից փողոց: Մի վերջին ճակատագիր
ճաղատ լուսնի տակ:
ՓՈՂՈՑԻ ՄՏԱՊԱՏԿԵՐՈՒՄ
1.
Նա հագուստ էր փնտրում, բայց դա միշտ
նրա մարմնից
կամ մեծ էր, կամ փոքր,
կամ ժամանակը ձգտում էր պահել իր մի
բառի մեջ,
որը միշտ մոռանում էր:
2.
Նա իր կիսաժանգոտ
կյանքն էր ոսկեջրում
զուսպ չարչարանքով:
3.
Այն, ինչ կատարված է, դեռ չի կատարվել:
Մոտեցել են օրերը անտի-ուտոպիայի:
Ձեռք մի տուր ցանկապատին, այն էլեկտրական է:
4.
Փողոցում մի տղա
մի հսկա օղակ է գլորում աղմուկով:
5.
Զույգ ձեռքերը շոշափում են
մաշկս, շուրթերս,
ուզում եմ արթնանալ, բայց չեմ կարողանում:
6.
Լկտի աչքերով կանայք են մոտենում,
նրանք ինձ շրջանցում են,
գնում են, անէանում:
7.
Մահը կեսօրվա ապակուն հևում,
վառում է լույսերը,
բայց մինչև գիշերը դեռ ժամանակ կա:
Այն պետք է ապրել:
8.
Շատ մի մոտեցեք ինձ,
ես դեռ չեմ հագնվել ինչպես որ պետք է:
Ես ձեզ լավ չեմ տեսնում մենության մոխիրներից:
9.
Ի՞նչ կարևոր է՝ ես ձեզ ճանաչում եմ
կամ չեմ ճանաչում,
ամեն ինչ նույնն է բարձրացող և իջնող
արևի ոսպնյակի մեջ,
շենքերի քարե դեմքին:
10.
Հողմակայան է կառուցում ընկերս,
Վան Գոգին շրջանցելով:
Ամեն ինչ պատրաստ է, բայց քամի չկա:
11.
Ես սպասում էի - նա մի բառ պիտի ասեր,
և ոչ ավելի,
մնացածը՝ ես ինքս...
12.
Դրախտում սառնարաններ չկան,
քեզ հետ վերցրու սոսկ այն,
ինչը չի փչանում:
13.
Դեռ այստեղ լույս կա: Մի լապտեր
փողոցի մտապատկերում
դեռ դիմադրում է լուսնի կախարդանքին: Դեռ կան
անցրոդներ: Ճակատագիրը դեռ չի կատարել
իր գաղտնի քայլը:
Комментариев нет:
Отправить комментарий