Սիլվիա Փլաթը Փարիզում 1956թ. |
Տիկին Ղազարոս
Էլի արեցի դա
Ինչպես ամեն տասը տարին մեկ
Հաջողացնում եմ անել...Ոնց որ քայլող հրաշք, իմ մաշկը
Պայծառ ինչպես նացիստական լուսամփոփ,
Իմ աջ ոտքը՝
Պրես-պապյե,
Անդեմ, նուրբ
Հրեական սպիտակեղեն:
Դեն նետիր թաշկինակը,
Ով իմ թշնամի,
Սարսափազդո՞ւ է իմ տեսքը...
Քի՞թը, աչքերի խոռոչնե՞րը, ողջ ատամնաշա՞րը:
Տհաճ շնչառությունը
Կցնդի մեկ օրում:
Շուտով, շատ շուտով այս դին
Մահվան անձավին կեր դարձաձ կլինի
Կտուր իմ գլխին
Եվ ես ժպտերես մի կին:
Ես ընդամենը երեսուն եմ:
Եվ կատվի պես ինը կյանք ունեմ:
Սա՝ համար երեքն է:
Ինչ ախմախություն՝
Անէանալ ամեն տասը տարին մեկ:
Հազար միլիոն մանրաթել:
Պնդուկ կրծող ամբոխը
Խցկվում է, ուզում է տեսնել
Ինչպես են քանդում ինձ ձեռքից մինչ ոտք...
Ինչպիսի՜ սթրիպտիզ.
Տիկնայք, պարոն,
Սրանք իմ ձեռքերն են,
Սրանք՝ ծնկներս:
Թող որ կաշի ու ոսկոր է,
Միևնույնն է ես նույն կինն եմ:
Առաջին անգամ ես տաս էի,
Դա պատահական էր:
Երկրորդ անգամ որոշել էի հաստատ
Մինչև վերջ տանել գործը ու երբեք ետ չգալ:
Ես ճոճվում էի, փակ
Ինչպես խեցեփեղկը:
Նրանք ստիպված էին կնաչել ու կանչել
Եվ որդերին վրայիս կպչուն մարգարիտների պես պոկել:
Մեռնելը
Արվեստ է, ինպես և ամեն բան,
Ես դա ուղղակի անթերի եմ անում:
Ես դա լավ եմ անում, գրողը տանի:
Ես դա անում եմ իսկական, առանց կատակ:
Կարծում եմ, կարելի է ասել՝ ես կոչված եմ դրան:
Դա բավական հեշտ է անել խցում,
Դա բավական հեշտ է անել ու մնալ անփոփոխ:
Դա մի թատերական
Վերադրաձ է օրը ցերեկով
Նույն տեղը, նույն դեմքին, նույն գռեհիկ
Հիացած աղաղակը.
«Հրա՜շք,»
Որ ինձ տապալում է:Կա մուտքի վճար
Սպիներիս նայելու համար, կա մուտքի վճար
Սիրտս լսելու համար...
Իրոք բաբախում է:
Եվ կա մուտքի վճար, շատ բարձր վճար
Մի բառ ասելու կամ դիպչելու,
Կամ մի կաթիլ արյան համար
Կամ մի մազի, զգեստի կտորի,
Այսպես, այսպես, Հեռ Դոկտոր,
Այսպես, Հեռ Թշնամի,
Ես ձեր ստեղծագործությունն եմ,
Ես ձեր գանձն եմ,
Մաքուր ոսկե երեխան,
Որ հալչում է ճիչ լսելիս:
Շուռումուռ եմ գալի և այրվում:
Մի մտածեք՝ ես ձեր հոգածությունը չեմ թերագանահատում:
Մոխիր, մոխրի...
Փայտը վերցրու ու խառնիր,
Միս, ոսկոր, տակը բան չկա...
Մի կտոր օճառ,
Ամուսնական մատանի,
Ոսկե կնիք:
Հեռ Աստված, Հեռ Լյուցիֆեր,
Զգուշացեք
Զգուշացեք,
Ես հառնում եմ մոխրից
Մազերս կարմիր
Կուլ տալով տղամարդկանց օդի պես:
Մահ & Co.
Երկու, դե, իհարկե, երկուսն են:
Հիմա դա թվում է շատ բնական...
Մեկը, որը երբեք հայացքը չի բարձրացնում, որի կոպերը խուփ են
Եվ ոլորված են ինչպես Բլեյքինը,
Որը ցուցադրության է հանում
Խալերը՝ իր ապրանքանիշերը...
Ջրի այրվածքի սպին,
Անգղի բորնզե կանաչը
Մերկ:
Ես կարմիր միս եմ: Նրա կտուցը
Չխկած կողքից՝ ես դեռ նրանը չեմ:
Նա ինձ ասում է, որ ես ֆոտոգենիկ չեմ:
Նա ինձ ասում է, թե ինչ լավիկն են
Բալիկները հիվանդանոցային
Սառնարաններում, մի հասարակ
Փոթ վզի շուրջը, հետո
Իոնական այդ մեռելաշապիկների
Գոֆրե ծալքերը:
Ապա երկու փոքրիկ տոտիկ:
Նա ոչ ժպտում է, ոչ ծխում:
Ինչպես մյուսն է անում,
Մազերը թափած ու շողոքորթող
Անիրավ
Որ ձեռնաշարժությամբ է զբաղվում իր փայլով
Ուզում է, որ իրեն սիրեն:
Ես չեմ շարժվում:
Ցուրտը ծաղիկ է ստեղծում,
Ցողը ստեղծում է աստղ,
Մեռյալ զանգ,
Մեռյալ զանգ:
Ինչ-որ մեկին՝ վերջ:
Անզավակ կին
Արգանդը
Դղրդում է դատար և լուսինը
Պոկվում է ծառից՝ առանց իմանալու իր ճամփան:
Իմ բնապատկերը մի ափ է առանց գծերի,
Ճամփաները կծիկ են դարձել,
Ես ինքս եմ կծիկ,
Ես՝ այն վարդը, որին դու հասնում ես...
Ողրոկ այս մարմինը,
Փղոսկրը
Անողոք ինչպես մանկական ճիչը:
Սարդի պես հայելիներ եմ հյուսում,
Որ հավատարիմ կլինեն պատկերիս,
Որ չի արձակում ոչ մի բան, բացի արյունից...
Մուգ կարմիր, դե փորձիր այն:
Եվ իմ անտառը
Իմ թաղումը
Եվ այս բլուրը և այս
Առկայծումը դիակների շուրթերի:
Գուլիվեր
Մարմնիդ վրայով լողում են ամպերը
Բարձր, բարձր ու սառը
Եվ մի քիչ խամրած, կարծես
Կարապների պես չեն,
Չունեն արտացոլք,
Քեզ պես չեն,
Չունեն կապանքներ:
Այդքան պաղ, այդքան կապույտ: Քեզ պես չեն...
Քեզ, որ պառկած ես մեջքիդ վրա,
Աչքերդ հառած երկնքին:
Քեզ բռնել են այդ սարդ-մարդուկները,Որ կարում-կապկպում են իրենց մանրիկ կապանքները,
Իրենց կաշառքները...
Ամբողջը մետաքս:
Ինչպես են ատում քեզ
Զրույցներ են վարում մատներիդ արանքներում, մատնաչափ ճիճուները:
Նրանք կքնացնեին քեզ իրենց դարակներում:
Ոտնամատ այստեղ, ոտնամատ այնտեղ՝ մասունքներ:
Քայլի՛ր:
Քայլի՛ր յոթ մղոն, ինչպես այն տարածությունները,
Քրիվելլիի մոտ, անշոշափելի:
Թող այս աչքը լինի արծիվ,
Շուրթերի տակի ստվերը՝ անդունդ:
Ես ուղղահայաց եմ
Թեև կնախընտրեի լինել հորիզոնական:
Ես ծառ չեմ` արմատներս հողի մեջ
Որ ծծում է այնտեղից հանքանյութերն ու մայրական սերը
Որ ամեն գարուն կարողանամ արտացոլվել տերևի մեջ,
Եվ ոչ էլ պարտեզի թմբում նիրհող գեղեցկուհին եմ,
Որ տպավորիչ պատկերովս հիացմունքի բացականչություններ կորզեմ,
Անտեղյակ, որ շուտով հրաժեշտ եմ տալու ծաղկաթերթերիս.
Իմ համեմատ ծառն անմահ է,
Իսկ ծաղկի գլխիկը` փոքրիկ, թեպետ ավելի գրավիչ,
Ունենայի՜ մեկի երկարակեցությունը և մյուսի հանդգնությունը:
Այս գիշեր աստղերի անսահման թույլ լույսի տակ
Ծառերն ու ծաղիկները սփռում էին իրենց պաղ բուրմունքը:
Ես քայլում եմ նրանց մեջ, բայց նրանք ինձ չեն նկատում:
Երբեմն ես կարծում եմ, որ երբ քնած եմ
Պետք է որ շատ նմանվեմ նրանց
Մտքերս դարձան աղոտ:
Ինձ համար այդպես ավելի բնական է` պառկած,
Այդժամ ես և երկինքը դեմ առ դեմ զրուցում ենք:
Եվ ես օգտակար կլինեմ, երբ վերջնականապես պառկեմ.
Այդժամ ծառերը կարող են ինձ դիպչել մի պահ, և ծաղիկներն էլ ինձ
ժամանակ կհատկացնեն:
Լեսբոս
Ապականություն խոհանոցում:
Կարտոֆիլը տժժում է:
Այս ամենը Հոլիվուդ է, առանց լուսամուտի,
Պայծառ լույսը կծկվում է կարծես սարսափելի գլխացավից,
Դռների համեստ թղթի շերտերը
Բեմի վարագույրն են, այրու գանգուրներ:
Իսկ ես, սեր, հիվանդագին ստախոս եմ,
Իսկ իմ երեխան, հապա մի տես, երեսի վրա ընկած է հատակին,
Լարերը թուլացած փոքրիկ խամաճիկ, աքացի էտալիս որ անհետանա,
Դե ինչ ասես՝ շիզոֆրենիկ է,
Նրա դեմքը կարմրել-սպիտակել է, խուճա՜ պ,
Դու խոթել ես նրա փիսիկներին պատուհանիդ այնկողմը
Ինչ-որ ցեմենտե խորշի մեջ,
Ուր նրանք կեղտոտում են, փսխում, լալիս, իսկ նա չի լսում:
Դու ասում ես՝ տանել չես կարող նրան:
Անտերն աղջիկ է:
Դու փչացրել ես լամպերդ, վառել ես ագանդափողերդ վատ ռադիոյի նման,
Ազատվելով ձայներից ու պատմությունից և անշարժ
Աղմուկից նորի:
Ասում ես՝ պետք է խեղդեի ձագերին: Դրանց հոտը...
Ասում ես՝ պետք է խեղդեի աղջկաս:
Նա կկտրի իր կոկորդը տասը տարեկանում, եթե երկուսում արդեն գիժ է:
Մանկիկը ժպտում է, չաղ խխունջը,
Շեկ լինոլիումի փայլեցրած շեղանկյուններից:
Կարող ես ուտել նրան: Նա տղա է:
Ասում ես՝ որ ամուսնուցդ խեր չկա:
Հրեա մայրիկը աչքի լույսի պես պահում-պահպանում է նրա քաղցր գանձը:
Դու մի երեխա ունես, ես՝ երկու:
Ես պիտի նստեի քարի վրա Քորնուելից հետո ու մազերս սանրեի,
Հագնեի բծավոր տաբատ, ինչ-որ մեկի հետ սիրաբանեի:
Մենք պիտի հանդիպենք մեկ այլ կյանքում, երկնքում պիտի հանդիպենք,
Ես ու դու:
Այնինչ շուրջը մահվան կեղտի հոտ է:
Վերջին քնաբերից բժժած եմ, գլխիս մեջ մշուշ է:
Եփվող ճաշի ծուխը, դժոխքի ծուխը
Լողում է մեր գլուխների մեջ, երկու հակապատկեր թունոտ՝
Մեր ոսկորները, մեր մազերը:
Ես քեզ անվանում եմ Որբ, որբ: Դու հիվանդ ես:
Արևից քո մեջ խոց է առաջանում, քամուց՝ թոքաբորբ:
Ժամանակին գեղեցիկ էիր:
Նյու Յորքում, Հոլիվուդում տղամարդիկ ասում էին. «Պրծա՞ր:
Հեյ, դու ուրիշն ես, նանար»:
Դու ձևացնում, ձևացնում էիր գրգռված դող:
Իմպոտենտ ամուսինդ դուրս է գլորվում սուրճի ետևից:
Ես փորձում եմ պահել նրան,
Հին շանթարգել սյուն,
Թթվային լոգանքներ, երկինքները՝ լի մեզանով:
Նա ծանր իջնում է ճկուն սալաքարե բլրով ցած,
Ծեծված տրոլեյբուս: Կայծերը կապույտ են:
Կապույտ կայծերը թափվում են ինչպես կվարց,
Բաժանվելով միլիոնավոր փշուրների:
Ո՜վ գանձ, ո՜վ անգին:
Այս գիշեր լուսինը
Քարշ տվեց իր արյունոտ պարկը, հոգնած
Կենդանին,
Նավահանգստի լույսերի վրայով:
Իսկ հետո դարձավ նորմալ,
Պինդ, մեկուսի, սպիտակ:
Թեփուկների փայլը ավազի վրա ինձ սարսափելի վախեցրեց,
Մենք բարձրացնում էինք այն բեռերով, սիրում այն,
Հունցում այն խմորի նման, մուլատի մարմինը,
Ավազը թավշյա:
Շունը բռնեցրեց քո շանորդի ամուսնուն: Նա գնաց առաջ:
Հիմա ես լուռ եմ, ատելությունը
Հասել է կոկորդս,
Լցվում եմ, լցվում,
Ես չեմ խոսում:
Փաթեթավորում եմ պինդ կարտոֆիլը լավ հագուստի նման,
Փաթեթավորում եմ երեխաներին,
Փաթեթավորում եմ կատվի ձագերին հիվանդ:
Թթվով լի սկահակ,
Այդ սիրով է, որ լցված ես: Դու գիտես, թե ում ես ատում:
Նա գրկում է իր կապանքներըն այդ դարպասի մոտ
Որ դեպի ծովն են բացվում,
Ուր այն ներքաշում է նրան՝ սպիտակ ու սև,
Հետո՝ թքում ետ:
Ամեն օր դու լցնում ես նրան հոգևորով իբրև մի կուժ,
Դու շատ ես հոգնել:
Քո ձայնն՝ ականջներից կախ,
Ճոճվում ու ծծում է, արնախում չղջիկ:
Էդ է՝ ինչ արած: Էդ է՝ ինչ արած:
Դու դուրս ես նայում դռան արանքից,
Խղճուկ կախարդ: «Ամեն կին պոռնիկ է,
Ինչպե՞ս բացատրեմ...»:
Ես տեսնում եմ հաճելի հարդրարնքդ
Որ սեղմել է քեզ մանկան բռունցի նման:
Կամ հողմածաղկի, ծովի
Սիրուհու, այս գողամոլի:
Ես դեռ վերք եմ բաց:
Ասում եմ՝ կարող է վերադառնամ:
Դու գիտես, թե ինչի համար են ստերը:
Նույնիսկ քո այդ Զեն-երկնքում մենք չենք կարող հանդիպել:
Կապտամորուս
ես ետ եմ ուղարկում բանալին,
որ բացում է դուռը նրա սենյակի,
որովհետև նա ուզում է սիրել ինձ,
ես ետ եմ ուղարկում բանալին,
մութ սենայկում նրա աչքերի,
սիրտս ռենտգեն է, հերձված իմ դին,
ես ետ եմ ուղարկում բանալին,
որ բացում է դուռը նրա սենյակի:
Ահեղ դատաստանի օրը
Ապուշ ծիտը դուրս է թռչում ու հարբած թեքվում
Կոտրած համայնական ժամացույցի գլխին.
Ժամն է խելագարված տասներեքներով կռռում:
Ներկած բեմերի հարթակներն են փլվում:
Իսկ դերասանները սարսափից մեխվել են հողին:
Ապուշ ծիտը դուրս է թռչում ու հարբած թեքվում:
Կիրճերն ավերումի փողոցներն են ճեղքում
Մինչ փշրվում է քաղաքը դատաստանը վերջին:
Ժամն է խելագարված տասներեքներով կռռում:
Փշուր-փշուր ապակին է կոտրտված թռչում.
Գրավ են դրել մեր մասունքները անգին:
Ապուշ ծիտը դուրս է թռչում ու հարբած թեքվում:
Ծանր աքցանը մեքենաները օդ է թռցնում:
Եվ ո՞վ կմտածեր, որ լսելու եմ սուրբ հավքերին.
Ժամն է խելագարված տասներեքներով կռռում:
Այլևս ուշ է փնտրել միջոցների արդարացում:
Այլևս ուշ է հաշվարկել մեր կորուստներն ահագին.
Ապուշ ծիտը դուրս է թռչում ու հարբած թեքվում
Կոտրած համայնական ժամացույցի գլխին:
թարգմանությունը՝ Սոնա Բաբաջանյան