ռու բորսոն / roo borson






















  ----------------------------------------------------------------          
              Երբ ամեն շնչիդ հետ առնչվում ես ստորադաս
ներկային, որ անկյուն է կազմում մեր և արևի հետ,
կիրակնօրյա մուլտֆիլմի ուրվապատկերներն
իրենց կրունկների վրա մի կողմ են սահում
հանկարծահաս խավարի մեջ երեկոյան 8.00-ի,
ուստի բոլոր ճանապարհները տանում են աշուն:
Քազաքամերձ անտառի երկար կեռմաններին
օրվա իրադարձությունների ուղևորվում են
մեքենաներով լցված ճակատագրի
կամ գունատ ուղղահայացների միջով.
ընտանի բու, իմաստություն, զգոնություն, բաբախյուն,
հանդարտվի՛ր, սի՛րտ, ակա՛նջ դիր ինձ:
Գտի՛ր կիզման բանալին, կորցրո՛ւ այն և գնա:
Մռայլությունն այն բառը չէ, թեև Լութերյան
մաքրակրոնությունը կարող էր լինել տրամադրությունը,
և Բեթհովենը՝ եղանակը, որ տուն էր ուղևորվում
ճաշ պատրաստելու համար.
ցանկությունների ցուցակ նրանց համար,
ովքեր գալու են. իրերի կարգուկանոնություն,
ուր ընթերցել նշանակում է ընթերցել
արդեն մեր սեփական մտքերն առավել
հաջողված քերականությամբ: Իհարկե, մածուցիկ,
կավապատ էջերի վրա, ուր դու գտար այն՝
զարհուրանքի դասասենյակների հարևանությամբ,
դեռ, հնարավոր է, պահպանվում է ինչ-որ գաղտնիք.
այն, որ դու, փաստորեն, հանցավորության աստիճան
հիմար ես կլինիկական իմաստով:
Քեզ ոչ ոք չի ասել,
որ դու պետք է մի փոքր հաճույք ստանաս
այս կյանքում, այլապես ինչ-որ մարդիկ կհիասթափվեն
ոչ թե քեզանից, այլ իրենցից իսկ:
Հաշվետվության ցուցակներին՝
իրենց մեկնաբանություններով, այրվել են
առաջարկությունների հեղեղի մեջ,
թեև դժվար է նրանց ինքնայրումը.
չարագուշակ երևակայությունները
հասարակ ժամանակների ապահով կնքված են
և առեղծվածային,
ինչպես Սթար Թրեքի առաջին էպիզոդները...
մի՞թե դա արյուն էր՝
որպես ինչ-որ մեկի բաց վերքից հոսող արարողակարգ,
քանի դեռ այլ ծեր մեկը չէր նկատել այն
և մտածել նրան շնչահեղձ անելու մասին,
ինչպես փոքրիկ Ջենիին՝
շուրջ տասներեք տարի աթոռակին գամված,
(նրան սիրում էին բոլորը և միշտ կարեկցում),
սակայն ոչինչ չէր շարժում նրա մոր գութը,
որը հեռացավ մի օր, հեռացավ այդ մութ սենյակից,
ուրիշ անգամ, երբ ինչ-որ մեկը դիպչի
նրա ամենանվիրական զգացմունքներին,
նա կշարունակի ապրել նույն կերպ,
թեև նա այդպես էլ չխոսեց այլևս: Երեք գանգեր,
ծխական գրառումներ՝ գինու տոնահանդեսի,
միջին դասերից պահպանված փորագրանկարներ՝
բոլորն իրար համապատասխան:
Սակայն ներում չի կարող լինել
արհամարհանքին կամ ամոթին: Օրերն անց էին կենում
խոհանոցի վաճառասեղանի մոտ, մինչ պարզորոշ
և չվերծանված երաժշտությունը ներս էր թափանցում.
միտք, որ այս տարածքն այժմ մի վայր է՝
առանց կնունքների...
Սեղմելով ոտնակները շաբաթվա վերջին
նվազող շորերի մեջ,
արևի տակ բոցավառվող դաղձի և ուրցի մեջ՝
համաձայնեցումների համար
երկար ժամանակ է պահանջվում,
տոնզուրան է բողբոջում սգավոր սքեմներից
վերջիններիս տարօրինակության մեջ,
անդադար գագաթնակետին հասնող լռության
անհանգստություն, որ կորցրել է ճանապարհը,
մեղրակերի ճիչեր,
որ լքում են բաղեղապատ տանձենին.
դու բավականին  տարիքով ես՝
այս ամենով մխիթարվելու համար:
Քանզի առավոտը ամառվանն է, ամառը՝
Շեքսպիրինը: Եվ թեև հաղորդակցվելու այս ձախողումը
միայն կիսով չափ է ձախողում,
և թեև Ջենիի մասին չէ, որ ես գրում եմ,
ինձ հանգիստ չի տալիս նրա մասին միտքը:



-----------------------------------------------------------------------
               Անծանոթների ոջույններն առավոտյան
և երեկոյան. մարդիկ կրկին զբոսնում են դրսում,
կամ զբոսանքի են հանել իրենց շներին.
շինծու կարճատևություն
այսօրինակ բացահայտ հաճույքների մեջ:
Թեև երբ քամին փչում է շոգ փոշոտ կենտրոնից
և կոպիտ վեճ է ծագում,
չնչին ասույթները մի պահ տեսանելի են
իրենց ամբողջության մեջ երկնքում՝
բաղեղների այգուց վեր,
լուսավոր վերջաբանները
մեր տրամադրության պակասի
ընկնում են գետը. ցոլցլացող մոխիր: Ո՛չ, մաքուրս սիրտ,
դու մենակ պոեզիա չես, թեև գուցե ամենալավն ես,
համենայնդեպս, ի հակադրություն ամառվա տապի:
Այստեղ՝ աշխարհի հատակում,
եղանակի բողբոջները մեծ են, որքան մայրցամաքը,
հուլիսը հունվարի մեջ է, և հունվարը՝ հուլիսի,
և հետո գալիս է զով փոփոխությունը և այն գալիս է
օվկիանոսի ափից: Գեղեցիկի գումարի մեջ
ես փակեցի աչքերս և պառկեցի՝
գարնան աստվածն այտիս,
և ամռան աստվածները,
և չորս հարյուր աստվածները ամռան հորիզոնի:
Իմ անցած վեց հազար մղոնների ընթացքում
ես պառկած էի.
նյարդեր և արյուն և դեմքեր,
պառկած էին՝ աչքերը փակ,
ուր պոեզիայի աստվածը պոեզիան էր:


-----------------------------------------------------------------------
            Էկրանի վրա մի ձեռք, կամ մի գիշերաթիթեռ
վաղ առավոտի մութի մեջ: Ո՞րը: Արևի խավարում.
ամեն ինչ անձայն է անձրևից առաջ:
Ինձ ճանապարհ տվեք, ինձ ճանապարհ տվեք
դեպի աշխարհը գորշ անհավանականության:

Եվ ի՞նչ կլինի, եթե ողջ երկրագունդը, ողջ մեր կյանքը,
այն ամենն, ինչ տեսնում ենք,
վերափոխվի գրքի, պատմության
և երբեք այլևս չվերադառնա:

Նախորդ գիշերվա խարույկի մոխիրների մոտ մի դինգո կա:
Սպիտակ հացի երկու կտոր խոնավանում են:
Կիրճի քարերին մի բարամունդի
սպասում է բարձրացող ալիքի.

Ասես սա
բերկերանքի մի առավել ճշմարիտ տեսակ լինի:
Եվ հետո արևադարձը:


--------------------------------------------------------------------------
           Տարվա վերջին գիշերը
կարապները սավառնում են
երեկոյի մեջ:
Այնուհետև մակույկների
և հրավառության մեջ
մենք տեսնում ենք սև ջուրը,
քաղաքը՝ գետի մեջ:
Սա այն վայրն է,
որտեղ մեր ողջ կյանքն է՝
վշտից և անհաջողություններից վեր,
արթնացումը՝ եղեգների մեջ:

Այնտեղ՝ վարը,
այնտեղ՝ վարը.
ի՞նչ վայր է այն հիմա,
եթե ոչ լույսերով ծածկված բլուր
և մի սոճի, որ քամու ուղղությանը
չի ենթարկվում:
Այնտեղ, ուր ամառ կա,
այնտեղ, ուր ծղրիդներն
իրենց երգն են ձոնում ամռանը,
այդ վայրն է:
Սակայն կարոտը քամի է,
որ փչում է քո միջով,
և նման այն սոճուն, որը ոչ մի տեղ չէ.
դու չես շարժվում:
թարգմանությունը՝ Լուսինե Հարոյան