Բելֆասթ
արևելք
նավաշինարանի դեղին
կռունկներից այն կողմ
սև կեռնեխն է կանչում
սնդրուկի թփերի մեջ
արևմուտք
մայրուղու հարևանությամբ
մի սև տաքսի
ժանգոտում է կապույտ
տատասկափշերի դաշտում
Վարմ
ուսապարկի ռադիո-
ալեհավաք
ուսիս
հրացան
ականջակալներն
ականջներիս
ես չեմ
կարդում քեզ
որն է
ավարտը
Ռուսաստան
Իսահակ Բաբելին
դանակը
շողշողում է
երբ նա երկարությամբ
կտրում է ձուկը
աղիքները
թափվում են
ցինկապատ դույլի մեջ
ավելի շատ խմիչք
գոռում են զինվորները
և թթվում են
դեմքերը
մատուցողների
Հաղորդալար
ես հանդիպեցի նրան
մի բարում
նա սեղմեց
ձեռքս
խոսեց
սրճաղացներից
այս
ու այն բանից
ժամանակից
ու տարածությունից
հետո
վառեց
ծխախոտն
ու մխաց
պայթուցիկ նյութից
Շունչ
հիմա երբ
ուղղաթիռն
անհետացել է
պարզ կապույտ
տարածություն է
իմ
գլխավերևում
ես ասես մաքուր
պարզաջրված
լինեմ
դու գիտես
այդ հանգիստը
երբ
լվացքի մեքենան
դադարում է
դռդռալ
Պատերազմ
հրանոթի
մի գնդակ
քշեց-տարավ
Սերժանտ Թալբոթի
գլուխը
այնուամենայնիվ
ևս
200 մետր
մարմինը դեռ
գրկել էր թամբը
ձին ու հեծյալը
գրոհում էին
վտանգին անտարբեր
Մեռած ձիերի մի քանի կիրառություններ
ոսկորներից
կոճակներ են պատրաստում
ծխախոտատուփեր
և դանակների բռնակներ
սմբակները
դառնում են
պրուսական գեղեցիկ
կապույտ
կոշիկներ
Հանգամանք
մարդիկ ու ձիերն
ընկան
վիրակապերի մեջ
ինչպես խոտերը
գերանդու առաջ
ես փրկվեցի սակայն
ասաց
և բաց արեց
Աստվածաշունչը
գտնելու
փամփուշտը
որ կանգ էր առել
Հայտնության մեջ
Մի վատնիր
թռչունները երամներ են կազմում
դաշտերի վրա
մոտակայքում
սևամորթ
կանայք խուզի մկրատներով
պատրաստվում են
մեռյալների
բերքահավաքին
ոսկե հյուսքեր
և կոճակներ
Գրոհ
ձին ընկավ
սպանված
մի ագռավ
կտցահարեց աչքերը
ժամանակը հոսեց
պատի խորշից
դուրս սողաց
մի թիթեռ
Բերքահավք
մեղրահամ լույսի
մի երիզ
ճեղքում է
վառոդի ծուխը
մարդկանց և ձիերի
պարսերը
վխտում են
ցորենի և
գարու
դաշտով մեկ
որպես հաշմանդամ
մեղուներ
Շրջափակում
Սևաստոպլ տանող
ճանապարհը
ծախկված է
դատարկ փամփուշտներով
Սևասատոպլից դուրս
բերող ճանապարհին
երկարաճիտք կոշիկներ
առանց ոտքերի
Արթնացում
արևագալին մոտ
թնդյուն
պատուհանը
դղրդաց
արկ է
մտածեցի ես
այնուհետ
ժամանակավոր դադարի պահին
լույսի
ճեղքի մեջ
մի կեռնեխ
կանչեց
այս և այն
աշխարհների
միջև
թարգմանությունը՝ Լուսինե Հարոյանի