Ջազ
Նրանք
երակով են սլանում: Պատերը առաձգական են: Մեծ և փոքր շեփորները կիսով չափ ծածկված են կարմիր առվաջրով: Պտույտ-պտույտ: Չկ-չկ, պա, պա: Քանի տարի է ճանապարհին են, բայց մոռացել են աշխարհում ամեն ինչ: Ծարավ: Քաղց: Հանգիստ: Հայր ու որդի շեփորահարներ ոգևորում են մեկը մյուսին: Հայրը վազանցում է տղային, ուրախ ձեռքով անում, բացականչություններ է արձակում: Կիիյահհհա, կիիա: Նրանք քրտնել են: Հայրը կորում է տեսադաշտից: Տղան լարում է հայացքը: Որտե՞ղ ես հայրիկ: Ո՞ր կողմ թեքվեցիր: Երևի մտար մազանոթի մեջ: Հեյ, հեյ: Որտե՞ղ ես: Պուաո, պուաո: Տղայի շեփորը դիպչում է պատին: Նա վայր է ընկնում: Թաթը մտնում է տաք անցքի մեջ: Հոր բերանում մի ատամ է մնացել: Հեյ, Պա: Շեփոր: Գիտակցություն չկա: Պուլս չի շոշափվում: Դու մեռել ես: Դիակ ես: Մենք տանը մենակ ենք: Բոլորը գնացել
են: Բոլորը: Բոլորը ովքե՞ր: Դե բոլորը: Նրանք բոլորն են: Հա: Բոլորը: Ես մնացել եմ: Մնացել եմ, որ սպանեմ: Դու գրու՞մ ես, տղաս: Հա, բա ինչ: Գրում եմ, ապացուցելու
քեզ,
որ ոչնչություն եմ: Ջա՞զ ես լսում: Դեհ: Բարձրացրու երաժշտության ձայնը: Լցրու բաժակները: Ֆանտաստիկ շեփոր է: Իսկական ռեքվիեմ: Քո սիրելի Դավիսն է, թե Դիզին: Կարևոր չի: Սենյակդ լավ ես կահավորել: Ծղոտե աթոռ: Հովանոց: Թեյի սեղան: Գրքեր: Մանրանկարիչներ: Ջեկ Դենիելս: Գրական թերթեր, ամսագրեր: Ջազ: Սքանչելի է: Մահը խայծի հոտն առել է: Ճանապարհին է: Բարձրացրու երաժշտության ձայնը: Խմենք տղաս: Խմենք: Երբեք չէի լսել այսպիսի կատարում: Հեռվից եկող գնացքը աղեկտուր սուլում է: Չքնաղ մեղեդի: Շեփորը ձիու մնան ծառս է լինում: Հանդարտ: Դանդաղ: Խելառի պես: Տոնայնությունը մակարդում է արյունը: Ելնում է: Իջնում: Վազում է: Կանգնում: Սպասում: Դադար: Ցատկ: Մենք մեռնելու ենք տղաս: Մենք: Մենք: Ես ու դու: Աստվածները չեն մեռնում հայրիկ: Հիսուսներն են մեռնում: Մեռնում են: Մեռնում: Աստվածները մեռնում են Հիսուսների օգնությամբ տղաս: Բարձրացրու երաժշտությունը: Կատարիր իմ վերջին ցանկությունը: Երկու մեղեդի սենյակի մեջտեղում:
Ես պարտավոր եմ կատարել հայրիկի վերջին ցանկությունը: Քո բերանում ատա՞մ է մնացել: Բեր աքցանը: Ես քաշում եմ նրա վերջին ատամը: Բամբակ եմ խցկում վերքի մեջ: Դուռը ծեծում են: Մածուն ծախող կինն է, կամ մայրդ: Կարևոր չէ: Շեփորների միջից դուրս են թռչում հազարավոր կատուներ: Մրջյունների չափ կատուներ: Լցվում են սենյակ: Կատուները աչքեր չունեն: Նրանք անցնում եմ իմ ու հայրիկի վրայով: Գլուխները խփում են պատերին: Ես գիտեմ հիմա ինչ կանենք, Հայրիկ: Պահարանից երկու պինդ ճոպան եմ հանում: Ալպինիստական ճոպաններ են: Որտեղի՞ց: Մայրդ է գնել: Նա պահարանու՞մ է: Հա, ճամպրուկի մեջ նստած ջազ է լսում: Փաստորեն չի հեռացել: Ճոպաններն էլ ձեռքին էին: Բարձրացրու երաժշտության ձայնը, որ պարանոցներս չցավի: Ճոպաններիը կապում եմ ջահերից: Մի քիչ մոտ բեր միմյանց: Հանգույցը հագցնում եմ հայրիկի վզին: Մյուսը իմ: Աթոռակները հրում ենք: Հոյակապ է: Երկու ճոճվող շեփորներ: Երկու մսային շեփորներ: Երկու ոչինչ: Հայր և որդի: Ինչպե՞ս ես քեզ զգում, հայրիկ, առաստաղից կախ: Հաճու՞յք ես վայելում: Այս դիրքը ամենահարմարն է մտերմիկ զրույցի համար: Արի մի փոքր մերսենք, մարմիններս, որ շուտ հարբենք: Այ, Էդպես: Լցրու բաժակները: Կլ, կլ, կլ, կլ. կլ, կլ: Ապրես, չես մոռացել շիշը հետդ վերցնել: Կույր կատուները գերվել են: Բազմոցների, աթոռների վրա քարացած` մեղեդին են վայելում: Քո կենացը: Քո ոչինչ կենացը: Շնորհակալ եմ: Դու հիշու՞մ ես ինձ, տղաս: Հիշում եմ: Ինչպե՞ս: Հիշում եմ, երբ առաջին անգամ հեծանիվ գնեցիր ինձ համար: Հիշում եմ, երբ առաջին ու վերջին անգամ կոնֆետ դրեցիր գրպանս: Հիշում եմ, երբ շալվարս իջեցրիր, որ միզեմ: Հիշում եմ, երբ տատիս ու պապիս մոտ ծեծեցիր ինձ, որ նրանք գոհ մնան: Հիշում եմ, երբ ընդունվեցի համալսարան, գառ մատաղ արեցիր: Հիշում եմ, երբ ինձ հետ ծեծ կերար կողքի բակի լակոտներից, ովքեր նեղացնում էին ինձ: Հիշում եմ, երբ համտեսեցի սիրածիդ պատրաստած լոլիկով ձվածեղը: Հիշում եմ, երբ միասին հիվանդիտ այցելեցինք, ինձ բնական հյութ հյուրասիրեցին ու չամիչ: Հիշում եմ, երբ դագաղից վախեցել էի, թողեցիր մտա ծոցդ: Հիշում եմ, որ խնձորի կճեպի նման կպել էի նեղ կրծքավանդակիդ: Հիշում եմ, որ այդ գիշեր խանգարեցի քեզ և մայրիկին: Հիշում եմ, որ ապտակեցի քեզ, իսկ դու ինձ նման լաց եղար: Պարանը շատ ձիգ է: Դուռը ծեծում են: Պատկերացնու՞մ ես մածուն ծախող կին ներս մտնի ու մեզ տեսնի: Առաստաղից կախված Հայր և որդի ջազի
տակ, հիշում են: Լցրու բաժակները: Մանրահատակը պատվում է սիզախոտով: Կանաչ, հյութեղ խոտը բարձրանում է մինչև մեր ծնկները: Կատուներին փոխարինում են գանգրահեր ոչխարները` հաստ դմակներով: Բաաա, բաաաա: Արածում են: Բաաա, բա: Իսկ երբ ջահել տղա էիր, մտածու՞մ էիր իմ մասին, հայրիկ: Մտածում էի: Բայց չգիտեի, որ հազարերորդ ժայթքումից կծնվես: Կներես: Իրոք: Հենց ծնվեցիր, մտածեցի դատարկության մասին ու ափսոսացի: Դու իմ բաց թողած օճառի պղպջակն ես: Ես քեզ ծնեցի, որ մեռնես: Խաղի շարունակողը դու ես: Դու էլ քո որդու մասին մտածիր: Պարգևիր նրան ոչինչ: Ես նրան շեփորի դասերի կտանեմ, որ
նվագելով մոռանա ինձ: Հոյակապ է: Հիշու՞մ ես, հայրիկ, առաջին անգամ, երբ թոքերիդ մեջ բենզին էիր լցնում: Հետո գազ: Հետո կոշիկի վաքս: Հետո վիսկի: Կոնյակ: Օղի: Ռոմ: Գինի: Թթի, հոնի, օղի: Քացախ: Իմ ադեկոլոնը: Հիշու՞մ ես: Հիշում եմ: Մտածում էի, ինչպե՞ս չես մեռնում: Ապշում էի: Աստվածները դանդաղ են մեռնում: Բոլորին տանջելով: Ես թմրել եմ ուզում: Չի ստացվում: Թմրելով մեռնել: Առանց արյան: Չհոգնեցի՞ր ճոպաններից: Երկրից: Ինձնից: Վիրաբուժությունից: Մածուն վաճառող կնոջից: Ամենօրյա աշխատանքից: Երևանի փողոցներից: Սարյան: Թումանյան: Տերյան: Մարքս: Դագաղների փողոց: Կոմիտաս: Բաղրամյան: Անվերջ փողոցները: Անվերջ նույն հիշողություններ: Չհոգնեցի՞ր: Լցրու բաժակները: Սքանչելի ջազ է: Հայրիկ, ոտքերդ կարճանում են: Թզուկ Կոլոլին ես նմանվում: Գլուխդ մանդարինի չափ է դարձել: Ես ոչնչանում եմ: Փոքրանալով: Նվաղելով: Խեղճանալով: Բայց քեզ խնդրանք ունեմ: Վերջին անգամ: Լսում եմ: Մորֆինով լցված ներարկիչը լցրու երակներիս մեջ: Շատ եմ խնդրում: Որտեղի՞ց մորֆին: Քաղցկեղով հիվանդ ունեմ, նրա ցավազրկողն է: Այսօր կմեռնի: Ցավերի մեջ ոռնալով: Որովհետև նրա բաժին թմրադեղը
գողացել եմ: Ինձ համար: Քո օգնությամբ ուզում եմ ոչնչանալ: Քո օգնությամբ: Չհոգնեցի՞ր: Առաստաղից կախ: Արի իջնենք ներքև: Արի: Նրանք կտրում են պարանները: Իջնում են: Նստում են շեփորներին: Շարունակում են ճանապարհը: Ջազի տակ: Երկու Շեփոր: Հայր և որդի: Որոշման ճանապարհին: Հրաժեշտի ճանապարհին: Խեղճության ճանապարհին: Հիվանդանոցի լուսամփոփներն աստղերից պայծառ են: Լսու՞մ ես հիվանդի ոռնոցը, մինչև այստեղ հասնում է: Մեղք է, Հայրիկ: Ինչու՞ ես նրա ցավազրկողը գողացել: Ոչինչ, նա արդեն այս աշխարհում չէ: Իսկ ես չեմ կարողանում մեռնել: Դու պիտի օգնես ինձ: Մորֆինի չափաբաժինը մեծ է: Դու ուզում ես, որ քեզ սպանե՞մ: Ջազի տակ՞: Ես ուզում եմ, որ օգնես ինձ: Լցրու բաժակները: Հիշու՞մ ես, Հայրիկ, ինչ երջանիկ էինք մենք: Ե՞րբ: Երբ մի օր դու սթափ տուն եկար: Դա մեկ անգա՞մ է եղել, տղաս: Մեկ անգամ: Տեսնու՞մ ես: Մենք կյանքում մեկ անգամ երջանիկ ենք եղել: Խմենք մեկ անգամվա կենացը: Բարձրացրու երաժշտությունը: Այն կարծես զգացմունքներս հետ է բերում: Ջազը ստրուկներն են ստեղծել: Ստրուկներիը: Ովքեր չեն վախեցել դատարկությունից: Ոչնչանալուց: Չեն վախեցել: Դու շատ կլացես, երբ ես չլինեմ: Չէ, ես կհիշեմ: Երաժշտությունը աստվածային է: Նրանք կրակ են վառում: Շեփորները հենում են սենյակի միակ ծառին: Հայրը բժշկական նշտարով անջատում է ոտքերը: Քաշում շամփուրների վրա: Հիմա լավ կխորովեմ, տղաս: Կհամտեսես սեփական հորդ ոտքերը: Կոնյակը հին է: Կպչուն: Հիշու՞մ ես, հայրիկ, երբ պատերազմից եկար, ես քեզ չճանաչեցի: Զզվեցի կեղտոտ ու ճիճվոտ մորուքիցդ: Քո անմարդկային պատմություններից: Հետո ճանաչեցի քեզ, հիշու՞մ ես, երբ հարբեցիր ու մազերդ տնկվեցին, ու երբ ինձ ծնկիդ դրիր: Հիշու՞մ ես: Ծնկիդ կորությունից Ճանաչեցի քեզ: Ինչու՞ այսպես եղավ: Ինչու՞ ես քեզ սպանեցի: Չէի ուզում, անկեղծ: Չէի ուզում: Միսը խորովվել է: Բաց բերանդ: Չէ: Դու գիտես: Հայրիկը նշտարով հանում է գլուխը: Տեղը լոլիկ է դնում: Ծիծաղում ենք: Երբեք չես կորցնում հումորի զգացումդ: Հիվանդի ոռնոցը գնալով խլանում է: Հայրիկը մի կերպ պահում է մարմինը: Նրա ուշքն ու միտքը լոլիկն է: Մի ձեռքով պինդ կառչել է շեփորից, մյուսով բռնել է գլխին փոխարինող լոլիկը: Հիանալի տեսարան: Լցրու բաժակները: Կանայք պոետներին չեն հասկանում, տղաս: Դու պոե՞տ ես, հայրիկ: Պոետ չեմ, բայց պոետին վայել խմող եմ: Ոչ մի տեղդ չի ցավում: Չի ցավում: Դու հիմա տեսնում ես ինձ: Զգում եմ: Զգում ես: Իսկ ցավոտ է: Շատ: Բայց ֆիզիկական ցավի հետ կապ չունի: Երբ զգում ես: Փորդ թուլանում է: Անընդհատ ուզում ես: Սիրտդ խառնում է: Պատուհանի մոտ ես կանգնում: Վախենում ես: Զանգում ես կնոջդ և ինչ-որ անկապ բաներ ես խոսում: Գիշերը հարյուր անգամ անիմաստ մտնում ես զուգարան, դուրս գալիս: Բացում ես սառնարանի դուռը, փակում: Իսկ լոլիկը ինչու ես ձեռքով պահում: Գլխիս փոխարեն մի բան պիտի լինի՞, թե՞ չէ: Ճիշտ է: Պատկերացնում ես: Զարթնելու ես: Ու ես էլ չկամ: Չկան իմ անընդհատ զանգերը: Չկա իմ ատելի դեմքը: Չկա ամոթը: Չկա վիսկին, կոնյակը, Սերտյուների հրաշքը: Չկա գիշերային ոռնոցը: Չկա ծեծը: Չկա իմ հոտը: Չկան իմ հագուստները: Հողաթափերը: Ներքնազգեստները: Չկա իմ ափսեն: Նստատեղիս հետքը: Ես չկամ: Վերջին անգամ ջազի տակ խմենք մեր անցած ճանապարհի համար: Թունդ է: Երկու շեփոր սենյակի մեջտեղում: Պատուհանը բաց է: Ներքևում մարդ չկա: Հայրիկը պատուհանից նետվում է ցած: Սենյակում մնում է նրա աջ թևը: Լցրու բաժակները:
Խելացնոր տեմպ է: Նվագողները հանճարներ են: Բացառիկ
է
կատարումը: Կիրք: Ճարճատյուն: Սպիտակ-դեղնավուն երանգով ասեղանման բյուրեղներ: Փոշի: Թևը ժպտում է: Հիշում ես աջ թևս: Հիշում եմ: Հիշում եմ, երբ աջ թևով ապտակեցիր ինձ: Հիշում եմ, երբ աջ թևով առաջին անգամ սափրվել սովորեցրիր: Հիշում եմ, երբ աջ թևով մաքրեցիր խլնքոտ քիթս: Հիշում եմ, երբ աջ թևով արթնացրիր ինձ, որ դպրոցից չուշանամ: Հիշում եմ, երբ աջ թևով ներարկում էիր ձախ թևդ: Հիշում եմ, երբ աջ թևով շոյում էիր մայրիկի աջ ուսը: Հիշում եմ: Ներքևում շները ուտում են հայրիկի մարմինը: Թևը շոյում է բարակ մազերս: Մի մտածիր էլ ցավ չեմ զգում: Իսկ շները ոչինչ: Ինձնից թող նրանց էլ բաժին հասնի: Վիրաբույժի միսը համեղ է: Լցրու բաժակները: Ապրես: Թևը գցում է վզովս: Փափուկ, նուրբ թև: Դուռը ծեծում են: Մածուն վաճառող կինն է: Պատկերացնում ես: Ներս մտնի ու տեսնի: Տղան նստած է բազմոցին թևը վզովն ընկած: Ջազի տակ: Ներարկիչը դարակում է: Հանիր: Ջազը աննման երաժշտություն է: Ժգուտ կապիր: Հիմա կատարիր խնդրանքս: Ապրես: Ես թմրում եմ: Դանդաղ: Դանդաղ: Դանդաղ: Մաս-մաս: Ապրես որդիս: Հարազատս: Ողջ ներարկիչը պարպիր: Առանց վախենալու: Հեռացրու ինձ քեզնից: Ոչնչացրու: Թևը ցնցվում է: Սեղմում դաստակս: Երակները ձկնիկների պես սուզվում են: Կապտում է: Փրփրում: Անշնչանում է: Տղան ու թևը: Սենյակի մեջտեղումՋազ: Ջազ: Առանց քեզ ոնց էին հրաժեշտ տալու Հայրերն ու որդիները: Հայրի՞կ: Վե՞րջ: Գնացի՞ր: Դեռ խմիչք ունես: Գոնե պատուհանի գոգին դրված բաժակդ դատարկիր: Մենա՞կ ես թողնում: Խեղճ հայրիկ: Խեղճ բաժակ: