Տաթև Չախչախյան / Tatev Chakhchakhian

http://www.chakhchakhian.blogspot.com/









ՍՈՎԵՏԱԿԱՆ ԿԵՆԱՑ

հեյ, Հիտլեր,
հիմա, երբ աղմուկը լռել է
երբ ես` նախկին սովետական երկրի քաղաքացիս
չափահաս, առողջ, պատերազմին պիտանի, խաղաղ օրերին անպիտան
հիմա, երբ հանգիստ նստած եմ Օդեոնպլացի սալահատակին
քեզ հրավիրում եմ մի կռուգ գարեջուր չխկացնելու ու բամբասելու
պատերազմից բացի ցանկացած բանից
Մարիենպլացում մի տղա տեսա, որ թաքնվում էր բոլորից
ու մի կին, որ կարմրեց հանկարծ
ու երեխաներ վազվզող գլխիկոր
ու սիրահարներ աչքերը փախցնող
ու մի ամբողջ ազգ որ ամաչում էր սարսափելի
համարյա չհիշելով թե ինչի...
ու հիշեցի օրերը Մոսկվայում փռված
ոնց էի էժան կաֆեյի ճոճաթոռից նայում մարդկանց, որ ամաչելու պատճառ չունեին...
Հիտլեր, ես վախենում եմ անասելի նրանից, ով ամաչելու պատճառ չի գտնում
հերոսներ փայլուն աչքերով, փայլուն ատամով, շքանշքանով
գլուխդ առ ու փախիր հաղթողներից
նրանց ցնծությունից
նրանց դատարկությունից
Հիտլեր, նրանք հիշում են միայն կրակոցը վերջին
ու մի համարյա մի կյանք պարապ են մնում
պատերազմի մասին կատակներ են անում
տագնապ կա նրանց հռհռոցի մեջ
հաղթողներ, որ մոռանում են
հաղթողներ, որ ծերանում են
հաղթողներ, որ սպառվում են ձանձրույթից
Հիտլեր, հանգիստ շունչ քաշիր
շարունակվելու համար պարտվել է պետք
ու մի քիչ մեղք՝ ապրելու համար
Հիտլեր, հիմա ես մի կողմ եմ դնում դասագրքերս
ես ամաչում եմ բոլոր հաղթողների փոխարեն
ես հրավիրում եմ քեզ գարեջրի

"Tea for one"


Դողացող քաղաք Էդինբուրգ,
առաջին պատահած թեյարան,
շոտլանդական թեյ ու Zeppelin "Tea for one"…
Դեղին կետերով կավե բաժակը տաք է երևի
դեկտեմբերյան կանգառում կանգնածի երազանքի պես…
Ես չգիտեմ ջերմափոխանակության սահմանումը,
բայց զգում եմ ոնց է գոլորշին անցնում մաշկիս տակ,
ես շնչում եմ թեյը ու բաժակի մեջ արտաշնչում ինձ,
թեյը շնչում է ինձ ու արտաշնչում թոքերումս...
…Խեղդվում է թեյը մարմնում,
մարմինը սուզվում է բաժակում,
թեյախմությունը սկսվում է,
երբ ամեն բան հեղուկ է դառնում…
Քրտինքը` թեյահամ ու տաք,
մարմինը` կանաչ ու խոնավ,
և իմաստները հոտերի հետ
թռչում են սենյակում,
խորն է շնչում տղամարդը կողքիս,
ու կուլ տալիս հայացքս մի ումպով:
Սառած Արևմուտքի հալոցք`
արևելյան ոճով,
թաց կոշիկներից հոսող ցեխաջուր,
գոլորշիացող Էդինբուրգ,
թեյում լուծվող տղամարդ
ու Zeppelin "Tea for one"…

*


եթե ես ուզում եմ ապրել 9-րդ հարկում,
ուրեմն 2-ում անպայման պիտի լինի Բուկովսկին,
որ ջարդուխուրդ եղած առավոտներին, երբ լվացքի պարանին ճոճվում է 
միակ ընտրությունս -ո՞րն ավելի նուրբ կսահի սիրտս.
դանակը խոհանոցի, թե՞ գրպանի,
երբ մտքերով ընկած հանկարծ ոտքս պատշգամբից սահի,
(նախապես հաշվարկած 18 մ/ժ արագությամբ),
Բուկովսկին հասցնի սրտի ծակոցից վեր թռնել, 
գլուխը ծորակի տակ խոթել,
կոշտացած բութ-ցուցամատով ֆսսոցով բարլուսի գարեջուրը բացել,
մի հատ ծխել,
մահճակալի տակից գտնել վարտիքն ու նետվել պատշգամբ,
որ հասցնի բռնել:
ու կասի – հը՞, սիրտդ ոնց է:
ու սիրտս կհանեմ սառնարանից
ունեցածս կես սոխի գլխի հետ կփռեմ սեղանին, կասեմ –էս է:
Բուկ, էս անգամվանն իրավաբան է,
այսինքն չստացված պոետ,
դատավորների պալատի չստացված արքայազն,
որովհետև իրավունքը չստացված գրականությունն է,
որովհետև երկուսիս գրածն էլ ոնց ապրելն է,
բայց ինքը տաղանդավոր լինելու ժամանակ չունի,
որովհետև պիտի հասցնի ամեն օր գրողի ծոցն ուղարկել նրանց,
որ սպանում են, մեռնում ու գոռում -քո բանաստեղծությամբ ապրել չի լինի
որ սպանում են, մեռնում ու փտում սխալ բանաստեղծության պատճառով:
ու ամենասովորական գրողագողական խանդով 
ինքն ամեն օր գրքիս յոթ գլուխները կտրում, փոխարենը շարում է հոդվածներ
դիտավորյալ ծանր հոգեկան վնասվածքներով կյանք սովորեցնելու մասին:
կեսգիշերին փոքրանում է,
ձեռքերը մեջքին խաչում,
ասում – կապիր,
ու կատվի պես կծկվում բանաստեղծությանս ոտքերի արանքում:
ամեն առավոտ (ամեն մահապատժի առավոտվա պես,
երբ սավանը քաշում ես գլխիդ ու խնդրում հինգ րոպե ավել քնել),
բոլորից թաքուն քրեական օրենսգրքից թափ է տալիս էջանիշ-բանաստեղծությունս,
խնամքով ծալում ու թաքցնում ծոցագրպանում
թաքուն
շատ թաքուն
ամենաջահել դատապարտյալի գրպանը թաքուն խոթելու համար:
Բուկը սոխից հոտ կքաշի 
ես սոխից հոտ կքաշեմ
ու ջարդուփշուր առավոտվա ավերակի մեջ 
չապրվող բանաստեղծության չափ տխուր դրմբոց կլսվի:

N38

ամեն բանաստեղծություն կոշիկ է
ու ամեն երկրորդ կոշիկ` բանաստեղծություն
կա բանաստեղծություն, որ կոշիկից ավելի հեռու է տանում
կա կտկտացող ու քստքստացող բանաստեղծություն
բանաստեղծություն, որ ցավեցնում է ճկույթդ
ու ընդհանրապես
չի կարելի հագնել ուրիշի բանաստեղծություն
կան ամառային թանկաներ
ու ձմեռային երկարաճիտ պոեմներ
(բայց ավելի լավ է մորթե վեպեր)
ու աշնանային գործեր՝ առաջին անձրևից փչացող
փոքրերը մեծ բանաստեղծություն են հագնում
ու սովորաբար թարս
ու ավելի են փոքրանում
մեծերը չեն կապում բանաստեղծության քուղերը
նոր բանաստեղծությունները ճռճռում են
հին բանաստեղծությունները՝ լռում
կա փախուստի բանաստեղծություն
տուն տանող բանաստեղծություն
ու բանաստեղծություն, որ պիտի հանես տուն մտնելիս
որ հագնես փափուկ, տափակ, (հանգ ու վանկով)
բոլորովին ուրիշ բանաստեղծություն
բանաստեղծությունը ստուգելու համար պետք չէ վառել կաշին
պարզապես կանգնիր փողոցում ու ասա՝ մոլորվել եմ

Կլաուստրոֆոբիա


Փոքր քաղաքում ապրում են
երկար մազերով աղջիկներ
ու կարճ մազերով տղաներ:
Փոքր քաղաք` տեսանելի սահմաններով,
շոշափելի եզրագծով,
ուր ամեն քայլը տանում է պատը,
ուր մարդիկ դանդաղ են շարժվում`
ենթադրելիին չհասնելու պատրանքով:
Փոքր քաղաքում ճեմող առավոտ,
երբ Տոկիոյում վազում են,
Մեխիկոյում վազում են,
Նյու Յորքում վազում են,
Դելլիում վազում են,
Շանհայում վազում են,
ուր չեն վախենում, թե հայ-հայ, քաղաքը կպրծնի,
ուր դեպի ներս չեն ապրում` ներփակ քայլերով,
ուր չեն պտտվում նույն առանցքի շուրջ`
այնկողմում սկսվող աշխարհի ահով,
ու առհասարակ` Այնկողմի ահով:
Փոքր քաղաք,
ուր չափման միավորները ճշտված են վաղուց,
հաստատված,
ֆիքսված,
դոգմայացած,
անգիր արված
ու սահման խախտելը` տաբու,
սահմանված պատժով սահմանախախտի:
Փոքր քաղաքի չափումներ,
որ արվում են աչքերը փակ,
հմուտ ձեռքով վարսավիրի,
դերձակների,
կտրող-ձևող ուրիշների,
ուր ամենը պտտվում է շուրջը ձևի,
երկարության ու լայնության,
հաստության, բարակության,
ծանրության, թեթևության…
Փոքր քաղաքում անշտապ շրջում են չափված-ձևված,
երկար մազերով աղջիկներ ու կարճ մազերով տղաներ,
և այլընտրանքը ապստամբություն է
համայնքի առաջ,
քո ընտրությունը` օրենքի խախտում,
ընտրած սահմանդ` սահմանի մերժում.
օտարում,
վտարում,
աքսորում:
Սահմանն ընտրությունն է քո փայ աշխարհի`
չափը` ստամոքսիդ գյորա,
աչքիդ գյորա,
ոտքիդ գյորա,
մտքիդ գյորա,
ու չափն անցնելը` քո հենման կետը երեկ ու հիմա:
Սահմանային անցակետը ընդհանուրի պատրանքն է:
Միջնաբերդի պարիսպները` ընդհանուրի կառուցածը:
Քաղաքի փոքրությունը` ընդհանուրի ընտրությունը:
Չափուկշռի միավորը` հանուրին հարմարը:
Փոքր քաղաք,
խեղդվում ես.
հնարավոր օգնությունս`
ես կտրում եմ մազերս: