*
Արտագրեցի ժամանակըգիտեի որ ես հորինվածք եմ
բայց չկարողացա հետաձգել ինձ
Հետ շարժվելիս
կամ առաջ գնալիս
ինձ չպատահեց
ոչ մի խոչընդոտ
Սարեր շալակեցի
Ներսումս տերևաթափ էր
Ծափերով
շրջապատեցի
քո գեղեցկությունը
իսկ երբ
դու ցանկացար տուն գնալ
ես մի կողմ ավլեցի մանկան փոշին
Բանաստեղծություն
Լսեցի մի տղամարդու մասին
ով այնքան գեղեցիկ է բառերն արտաբերում
որ միայն անուններ տալիս
կանայք տրվում են նրան:
Եթե ես համր եմ քո կողքին
մինչ լռությունը փթթում է ինչպես ուռուցքը շուրթերի վրա
պատճառն այն է որ լսում եմ թե ինչպես է մեկը
բարձրանում աստիճաններով
ու կոկորդը մաքրում դռան մոտ:
Երբ ամեն ինչ ունեմ
Դու վախենում ես որ կհեռանամ:
Ես քեզ չեմ լքի:
Միայն օտարականներն են ճամփա ելնում:
Երբ ամեն ինչ ունեմ,
չունեմ գնալու տեղ:
Տեսնես քանիսն է այս քաղաքում
Տեսնես քանիսն է այս քաղաքում
ապրում սենյակներում կահավորված:
Կեսգիշերին երբ նայում եմ շենքերին
երդվում եմ ամեն լուսամուտի մեջ մի դեմք եմ տեսնում
որ նայում է ինձ
իսկ երբ շրջվում եմ
տեսնես քանիսն է դառնում իր գրասեղանին՝
գրելու այս տողերը:
Ամառային հայքու
Ֆրենք և Մարիան Սքոթին
Անդորր
ավելի խորը անդորր
երբ ծղրիդները
տարակուսում են:
Ամեն ինչ Ադոլֆ Այխմանի մասին
ԱՉՔԵՐ----------------------------------------------------------Միջակ
ՄԱԶԵՐ----------------------------------------------------------Միջակ
ՀԱՍԱԿ----------------------------------------------------------Միջակ
ՔԱՇ--------------------------------------------------------------Միջակ
ԶԱՏՈՐՈՇԻՉ ԳԾԵՐ--------------------------------------------Ոչ մի
ՁԵՌՔԵՐԻ ՄԱՏԵՐԻ ԹԻՎԸ------------------------------------Տասը
ՈՏՔԵՐԻ ՄԱՏԵՐԻ ԹԻՎԸ--------------------------------------Տասը
ԽԵԼՔ-------------------------------------------------------------Միջակ
Ի՞նչ էիք ուզում:
Մագիլնե՞ր:
Ահռելի կտրիչ ատամնե՞ր:
Կանաչ թո՞ւք:
Խենթությո՞ւն:
Ուրիշ հովեր
Երբ բանը ողբին է հասնում
ես ավելի շուտ Արեթա Ֆրանքլին եմ լսում
քան, ասենք, Լենըրդ Քոհեն
էլ չեմ ասում որ նրա գլխում ուրիշ հովեր են
Նա ով միս է ուտում
Նա ով միս է ուտում
ուզում է ատամները խրել ինչ-որ բանի մեջ
Նա ով միս չի ուտում
ուզում է ատամները խրել ինչ-որ ուրիշ բանի մեջ
Եթե այս միտքերը հետաքրքրում են քեզ թեկուզ մեկ վայրկյան
կորած ես դու
ՄԻ քանի երգերի պատճառով
Մի քանի երգերի պատճառով
որտեղ խոսել եմ կանանց առեղծվածների մասին,
նրանք այնքան
բարի են գտնվել
իմ ծերության հանդեպ:
Գաղտուկ մի տեղ են պատրաստում
իրենց մշտազբաղ կյանքի մեջ
ու ինձ տանում այնտեղ:
Մերկանում են նրանք,
ամենքը յուրովի,
ու ասում.
<<Նայիր ինձ, Լենըրդ,
նայիր ինձ մի վերջին անգամ>>:
Հետո կռանում են մահճակալին
ու ինձ ծածկում
ինչպես դողացող մանկիկին:
*
Այս գիրքը կսկսի
խոսել
երբ կոլիբրին
վերադառնա
շվայտակենցաղի մոտ՝
սպանելու նրան
Խոսի՛ր, պատրվակ Մահվան
խոսիր մեկի հետ
ով սիրում է քեզ
մեկի հետ ում դու փնտրում ես
քո մշուշված ասեղով
թարգմանությունը՝ Սամվել Մկրտչյան