Աննա Դավթյան / Anna Davtian

լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի

















***
Ինքնիրեն աճողը վայելուչ է,
ինչպես խորը անտառի ծառը՝ կապույտ ճառագայթ դեպի երկինք,
որ կանգնում է իմացածի ու լռության մեջ,
և տարածում է իր բարձրությունը՝
թևավորի բարձրություններին համեմատ,
իր խորությունը՝
միջատների աշխարհին զուգահեռ,
և չի իշխում:

***
Այն տեղում եմ,
միայն որտեղից կխոսվի,
ու եթե չգրեմ, վարդեր կմշակեմ,
այծեր կարածեցնեմ արևի տակ,
ու լույսի մեջ լցվածը հարաշող
կփռվի արոտավայրից արոտավայր:
Բանբերներ եղան ինձ համար ամեն տեղից՝
իրենց ափերի մեջ սերմերով,
ու ցույց տվին նաև
շռայլորեն շաղ եկածը:
Ինձ հազար ձեռքով կանչեցին,
կախարդեցին ու շղարշով պատեցին իմ մարմինը,
անուշաբույր ծխով արթնացրին ինձ
ու դրին երազի մեջ-
այստեղ տարածված են
ձայնի ու բերքի դաշտեր:

վեպ

Մացառուտներով լեռներում ու մանր քարերով անապատում էր
այդ ֆիլմը:
Կրակների մոտ նստում են, 
փոքրիկ կրակների մոտ քնում են, ինչպես բակում,
լուսնի ահագնության տակ հանգիստ, ընտանի:
Ճակատների մեջ զգոնություն:
Միայն գույնով, առանց ծաղիկների կոշտ ու փափուկ կտորներ՝
անապատի նման 
գլուխների շուրջը,
իրանների շուրջը, ձիերի վրա:
Քայլում են: Երբեմն ժայռերի պռունկներով, որտեղ
ինչ-որ տեղից եկած ձյուն կա:
Արաբ տղամարդը՝ Մուսթաֆան,
նիհար մարմինը՝ քաջություն, տոկունություն, բարություն,
մյուս տղամարդիկ և
Զեյնան՝ աֆրիկյան քանդակի նման աղջիկը Մուսթաֆայի-
նոր գտնված,
կապույտ ատլասի մեջ փայլուն, սև ու անխարդախ.
և հոր մեջ հարուցված քնքշանքը տակի ձիու նման կտրտվում է
սահմանի վրա,
որ բաժանում է մի տեսակի սերը մյուսից:
Նրանք տարբեր բերաններ ունեն.
Զեյնայի շրթունքները-ոլորուն կամարներ-
տարածության անշինություն հոլովույթի մեջ են,
քամիներով ծեծված անապատի Մուսթաֆան 
ժպտում է արաբական բերանով՝ կապույտ շրթունքների
ու սպիտակ ատամների,
որից երեսին փոթ է տալիս կաշին:
Նրանք անդադար գնում են փոշիների, ձիու փռնչոցի,
խամ գույների, չարչարանքի ու այլ գեղեցկությունների
ճանապարհ՝
մի քանի գորշ վրաններից դեպի մյուսները,
մի քանի կրակներից դեպի մյուսները,
և տեղ չեն հասնում, որովհետև սա է տեղը, որին հասնելու էին:

պար

Մարմինը պատվաստվում է մեկ այլ բանի մարմնին,
աճում է:
Բոլոր հյուսվածքներով հոսում է մեկ այլ բանի միջով,
հրավիրում է իր միջով հոսել:
Կարող է ընկնել, ընկնել, առանց դադարի ընկել:
Վերանում է, ոչ որպեսզի վերացում ցույց տա:
Երբեմն ստիպված է տգեղ շարժվել՝ անճարակ, անփույթ,
չռվածքներով, կարծես քամուց,
երբեմն ավելի գեղեցիկ,
քան ի վիճակի է:
Երբ կատարելության է հասնում,
դառնում է բույս, որ զգում է:
Շարժվում է մարմինը՝ տարբեր ուղղություններով,
տարբեր արագություններով,
ներս ու դուրս:

***
Նկարեցինք այս երկիրը,
ամենուր չորություններ դուրս եկան՝
քարեր, քիչ,
խորխորատ:
Քչությունից ծիլեր դուրս եկան՝
թափանցիկ,
քարերի գույնը դեռ մեջները,
ջուր ավելի, քան պնդություն:
Նվաղուն դուրս եկան քարերի մեջ,
մեծ ամպի տակ:
Նկարեցինք ամպերի տարածվելը,
մարգեր դուրս եկան քարերի մեջ՝
հավասար, գուգահեռ, կայտառ,
գծել էր մեկը:
Անձրև եկավ,
ոչ ոք չխանգարեց, որ ջրվեն ծառերը,
եկավ, փայլեցրեց տերևները,
կուտակվեց հողի մեջ:
Կանաչը բարձրացավ, շատացավ, լցրեց իրերով,
նկարեցինք այս երկիրը,
շողաց:
Շողում էր:

***
Այս առավոտը՝
բույսերի, որ մայրս խնամում է՝ ոչ թե որ զարդարեն, այլ լինեն,
փոքր ուտելիք՝ դեղին խնձոր,
կենդանիկներ՝ մկնիկ, բզեզ ու մեղուներ,
և ես շատ բան կկառուցեմ այս օրվա մեջ
այսքան ունեցածով:

***
Նրանց աչքերի մեջ կամաց բացվելու է
այլ աշխարհների ծաղիկը,
հետո կբացվեն դաշտեր:
Դրանք տարածքներ են, ուր մտնում են մենակ,
բայց մենակ չեն մնում՝
ինչ-որ անանուն բանի շնորհիվ:
Մենք չգիտենք՝ ես և իմ աշակերտները,
մինչև ես անվանում եմ բաներ,
որոնց անուններն ինձ համար նախապես պարզ չեն եղել:
Ես նրանց չեմ սովորեցնում ոչինչ,
պարզապես նրանց հետ եմ,
քանի որ պետք է, որ միասին լինենք:
Արևածաղիկ՝ մեղուների համար ամառվա մեջ:
Նրանց աչքերին կամաց կբացվի
այլ աշխարհների ծաղիկը՝
ժամանակավոր անուններով, որ դրեցինք:
Նրանք ինձ կներեն,
ես միայն ուսուցիչ եմ:

***
                                Ե. Չ.-ին

Երազներիդ միջով՝ հաստատ՝
որպես ծովի տակի այգի,
ջրածածան երկիր,
հմայական եկող,
նավերի կին նավորդ՝ փնտրված Նավզիկե,
մարմնով տենչած գավաթ,
երազված թույն,
կանչել ես ինձ,
իմացել ես, որ կամ:
Եկա՝ ճամփադ հատեմ,
եկա՝ ճկվեմ թևերիդ մեջ,
եկա՝ կուրծքդ ճմլեմ անտանելի սիրով,
կարմիր շունչդ բռնեմ օփիումի դեմ,
եկա՝ երկսայր լեզվով սիրտդ խայթեմ,
ինչպես երազել ես,
ու մեղկ կաշիդ քերթեմ անունով կանչածիդ,
եկա, որ սիրեմ քեզ,
որ սիրես ինձ, որ անիծես ու հայհոյես կծու:
Ետ մի նայիր.
դու երկար ես եկել՝ հասնելու ինձ,
և այն տեղերը, ուր եղել ես դու, չկան արդեն,
և այն, ինչ ուզել ես բրոնզե գալիքից, եղավ,
և այն, ինչ գալու է, ես քեզ ցույց կտամ այստեղից,
ու քեզ կառաջնորդեմ,
քանի որ գտար ինձ:
Կապույտ քույր, մայր, ոսկեշունչ Նավզիկե.
նուրբ պատանու
մարմընով կանչեցիր,
իմացել ես դու միշտ:
Բանտ չի եղել երբեք. բանտելու եմ ես քեզ նոր խոսքի մեջ-
երազված թույն-
պատռելու եմ պիրկ մարմինդ ծվատ կտորների,
փռելու եմ այստեղ՝
նոր հարություն տալու
պռատ
այս վայրերի վրա.
նորից կաճես հողի միջով,
որ անիծված չզգամ,
քանզի փնտրել եմ քեզ՝ հաստատ՝
որպես ծովի տակի այգի,
որպես ծովի հատակներում պառկած հավերժատենչ նավորդ:

***
Ամենաշատ ունեցածս պայծառությունն է, հիմա,
երբ հոգսեր ունեցա ու երբ լռեցի,
ու ամեն ինչին շուրջս տեսա,
ու ամեն ինչ խոսեց ու պատմեց իրենից՝
հրաշալի եղանակով,
ու ամեն բան իր կյանքով հավասարվեց ինձ,
ու ես կարողացա կիսվել ու ետ ամբողջանալ,
ես լցվեցի շնորհակալությամբ ու շնորհով,
ինձ տրվեց նոր տեղ,
ու հինը շրջվեց նորի մեջ,
ես կարողացա չտարբերել,
իմացա ուղղությունը,
ինքս ուղղություն դարձա բաների համար,
որ կարող են անդադար հոսել դեպի ինձ, եթե իրենք ուզեն,
ու հետո կարող են դուրս հոսել, եթե իրենք ուզեն,
ու կարող են մնալ նաև,
ու տեսա այդ ինքնիրեն լինելը,
հակվելն ու ետ հակվելը, ծածանվելը,
տեսա նույնությունն ու նմանությունը ամեն ինչի
ու տարբերվելու ընդունակությունը՝ մեկտեղ:
Ես ձեռք բերեցի, ունեցա,
ես ոչինչ չեմ կորցրել երբեք, չէի կարող կորցնել:
Ինձ հրեցին, և ես ընկա
այլ աշխարհ՝ նույնի մեջ: