![]() |
Sibills Aleramo |
(1876-1960)
ԵՍ ՆՈՐԻՑ ԳԵՂԵՑԻԿ ԵՄ...
Ես նորից գեղեցիկ եմ
և թերևս սա լինի իմ վերջին աշունը:
Ավելի գեղեցիկ, քան երբ նրան դուր եկա արևի տակ,
գեղեցիկ, և ունայն նրա բացակա աչքերին՝
որպես տերև ստվերի...
Սակայն որոշ գիշերներ
լռության մեջ, որ արդեն չի խախտում լացն իմ,
կանչված եմ ինձ զգում
անհույս ծարավով
հեռավոր նրա շուրթերից...
Անտոնիա Պոցցի
![]() |
Antonia Pozzi |
(1912-1938)
ԳԵՏ
Օ՜ օր,
օ՜ գետ,
օ՜ անդառնալի ճանապարհ-
բարձրանում են քո ափերին ստերը,
ինչպես պինդ մանրախիճ,
բարձրանում է քո գետաբերանում
սպիտակ շիրիմը ալիքներիդ համար:
Օ՜ օր,
օ՜ գետ,
օ՜ անդառնալի ճանապարհ, որ անցնում է հոգին:
Օ՜ հոգիս
միայնակ
ընտրված ապրելու
իր դագաղում:
Լինա Ռոտուննո
Lina Rotunno
(1915-1997)
ԵՍ ԿՈՒԶԵՆԱՅԻ...
Ես կուզենայի ունենալ
վերջին խոսքը
և դրանով
խաչել քեզ
ընդմիշտ
շիկացած մեխերով:
ԹԱԿԵԼ ԵՄ
Թակել եմ
բազմիցս
դուռդ փակ.
ետևում՝
դատարկություն է բացարձակ:
Ռենատա Ջամբենե
![]() |
Renata Giambene |
Renata Giambene
(1934-2004)
ԵՂԵԳԸ ՔԱՄՈՒՆ
(Գաբրիելլային)
Ես գիտեմ անսահման լճակը
որտեղ թաքցնում էիր քո սերմերը,
բայց արյան ավազանում
չեմ գտնում վրեժխնդրության կամ
ներման անուն:
Միայն մի աղջնակ է դողում,
ինչպես եղեգը քամու ձայներից,
որոնք սմքում են:
Ապրում է դեռ ուրվագիծը ժպիտի
գնդակով ցանցում,
և փիրուզագույն հագուստը՝ կախված
հովանուց 76-ի օգոստոսին:
Մարիա Պիա Արջենտիերի
Maria Pia Argentieri
(1935)
ԴԵՂՁԱՆԻԿԻ ՓԵՏՈՒՐԸ
Քոնը չէ լացը,
երբ քամին հարվածում է
կիտորնի ծառերի գագաթներին
կամ հանկարծ գիշերը
ծալում է ռեհանը
ծաղկամանից ծաղկաման...
Քոնը չէ տապանագիրը
արկածների մեջ
ընդլայնված հորձանուտի
կամ ձեռքի համար, որ ջնջում է
սառնության քողերը
օզոնի և ասֆալտի միջև:
Քոնը դեղձանիկի փետուրն է՝
կատվի ֆիլտր,
որ լամպի ետևից թաքուն հետևում է
ցավիդ:
Աննա Վենտուրա
![]() |
Anna Ventura |
Anna Ventura
(1936)
ԱՄԲՈՂՋ ԽՈՏԸ ԱՇԽԱՐՀԻ
Տարիների ընթացքում գլխիս վրա
անվրդով վարպետների կոմից
ցրել սև ամպերը
մոխարգույնով խտացված
դա ձեռնարկ է,
որ նույնիսկ փորձել չի կարելի:
Բայց ինձ համար՝
կանաչ մի տերև՝
իր ժամանակավոր շարժուն եզրերով
դեռ
ամբողջ խոտն է աշխարհի:
Բնությունը թևավոր ճանճ է,
որ փոքրաքայլ շրջվում է
համառ տետրի կռնակին,
հետո շրջվում սահմաններում
և վերադառնում.
զբոսանքն ավարտվեց:
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Տարեց մի գյուղացի
իր ամբողջ կյանքն
անցկացրել է տան և դաշտի միջև:
Մահը եղավ
իր առաջին ճամփորդությունը:
Մարիա Ռոսարիա Վալենտինի
![]() |
Maria Rosaria Valentini |
Maria Rosaria Valentini
(1963)
ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Լինել այստեղ և այլ տեղերում:
Մարմնիս մեջ բառերն են,
որ սնում են
սիրտս,
լցնելով խորշերը
սիրո կծկումներով:
ՎԵՐՔԵՐ
Որոճում են
մարմնումս
երեկվա
ձայները:
Հատիչով
գրում են
բառերը
մանուշակագույն:
իտալերենից թարգմանեց Հակոբ Սիմոնյանը