Ամերիգո Յաննակոնե / Amerigo Iannacone

ԵՂՋԵՐԵՆՈՒ ՍՏՎԵՐԸ

բացակայություն

I
Քեզ տրվել է ուրիշ ձմեռ,
այն սառը, վաղնջական պատերից հետո,
բանտի այն երկար տարիներից հետո
մանկության այն երկար տարիներից հետո:
Դու մեկնեցիր
սեպտեմբերի 29-ին՝
կառչած մահացող ամռան 
վերջին շոգին:
                               (15.12.1997թ.)
-------------------------------------------------------

III
Արդեն գիտեմ, որ դու չկաս,
բայց դարձյալ չեմ կարող փնտել քեզ՝
սենյակիդ մոտով անցնելիս:
Քեզ տեսնում եմ
քո վառ անհատականությամբ,
որն ինձ թվում էր
այնքա՜ն սովորական,
որ քեզ չէի նկատում,
երբ դու կայիր:
                              (29.12.1997թ-ժ23:55)
-------------------------------------------------------

V
Հավատարիմ քո կենսաձևի ոճին՝
խոնարհ, լուռ,
երբեք չէիր ցանկանա
այդքան խառնաշփոթ
քո մահվան շուրջ:
Դու կյանքդ կտայիր
խուսափելու դրանցից.
դու մահացար
պարտավորված՝ այն ընդունելու:
                            (29.12.1997թ.)
-----------------------------------------------

X
Հույս ունեմ՝
տեսնել քեզ հանկարծ, անսպասելի,
ինչպես որ գալիս էիր
մի քիչ մնալու մեզ հետ,
և մենք՝ տարված առօրյա բանքով՝
թղթերով,
թերթերով,
հեռուստատեսությամբ,
դու մնում էիր դուրս
մեր ուշադրությունից:
                                 (7.10.1997թ.)
---------------------------------------------------

XII
Երբ կվերադառնա գարունը
կյանքի արթնացումով,
չի լինի ինչպես եղել է՝
կունենա մի փոքրիկ վերք:
                               (2.1.1998թ.)

XIII
Իսկ հետո կգա
այլ ամառ,
և արդեն քեզ չեմ տեսնի
եղջերերնու ստվերի տակ.
ինձանից չես խնդրի որևէ թերթ
եթե այն լինի նույնիսկ երեկվա,
չես գնա գրադարանս՝
վերցնելու
պատահական մի գիրք՝
գուցե պոեզիայի,
գուցե պատմության,
գուցե փիլիսոփայության:
Եվ չես լինի արդեն
առաջին ընթերցողը
միշտ անօգուտ
իմ անհամ գրվածքների:
                           (9.2.1998թ.)

XIV
Ամռանը կհետևի
ուրիշ աշուն,
հետո՝ ուրիշ ձմեռ,
ուրիշ գարուններ,
ուրիշ ամառներ:
Տարվա եղանակները
կթողնեն իրենց կնիքը
քո դեմքին,
մազերդ ավելի կճերմակեն.
և իմ ճակատը, իմ քայլքը
ամեն անգամ ավելի կլինի
քոնը:
                       (9.2.1998թ.)
---------------------------------------------------

XX
Նույնիսկ կես մետր հողի տակ,
բայց դեպի լույսային տարիներ վերևում՝ երկնքում:
                                              (10.1997թ.)

XXI
Տխուր պահեր,
ծանր ժամանակներ.
պատերազմ, երեխա տարիք.
պատերազմ ռազմաճակակտում.
համակենտրոնացման ճամար.
աշխատանքի երկար օրեր
մի կտոր դառնաղի հացի համար:
Ամեն ինչ, ու ոչինչ:
                                  (2.1.1998թ.)
-----------------------------------------------------

XXV
Թվում էր՝ մնում է շատ ժամանակ
ամեն ինչի համար:
Լսելու համար քո ձայնը,
քո պատմածները,
փոխանակելու իրար հետ
զգացմունքներ և բառեր, նաև
լինելու միասին՝ լռության մեջ:
Դա կանեմ վաղը՝
ասում էի ինքս ինձ,
կանեմ մի այլ օր,
երբ կունենամ ավելի շատ ժամանակ,
ակնկալիքով, որ ժամանակը
միշտ շատ կլինի:
Եվ ահա ժամանակը՝
ժամանակը չապրած պահերի
վերջացավ:
                            (22.4.1998թ.)
---------------------------------------------------

ներկայություն

XXVII
Եվ օրեր, ամիսներ, տարիներ
բացակայությունից հետո,
բացակայությունդ ևս
դարձավ
ներկայություն:
                          (5.6.1999թ.)

XXVIII
Դա արդեն բացակայություն չէ:
Ժամանակը թռչում է
և ամեն անգամ ավելի է նկատվում
անշփոթելի 
ներկայությունդ:
                            (29.5.1999թ.)

XXIX
Նոտաների մի ծաղկաբույլ
ներկայությունդ՝
քաղցր սիմֆոնիս,
ինչպես Բեթհովենի 6-րդը,
խոտի հորձանքը,
ծաղիկների էությունը:
                               (7.9.1999թ.)

XXX
Արտացոլումներ 
անսպասելի՝
ուղեղում ցրված
մտահոգություններից,
առօրյա փութկոտություններից,
քո քայլը
քո դեմքը:
Խաղաղ պատկերներ արդեն:
Արտացոլումներ
պահերի, որ սիրեցի
և որոնք երբեք
չեն ապրի կրկին:
                              (2.6.1999թ.)
----------------------------------------------------

XXXI
Դու լռությունն ես:
Լռությունը, որ ներսում է,
լռությունը, որ խոսում է
օդում,
նրա հետ, ով գիտե լսել:
                               (29.5.1999թ.)
----------------------------------------------------

XXXV
Տեսա դեմքդ հանկարծակի:
Այս առավոտ հայելու մեջ:
                                 (31.8.1999թ.)

XXXVI
Գուցե երբեք
միտքը քո մասին
ինձ չի լքի:

Կցանկանայի, երբեք
միքտը քո մասին
ինձ չլքեր:
                               (7.9.1999թ.)

իտալերենից թարգմանեց Հակոբ Սիմոնյանը