ԻՄ ԲՈՀԵՄԸ
(ֆանտազիա)
Քայլում էի՝ բռունցքներս խոթած անտակ գրպաններում:
Վերարկուս էլ արդեն մաս-մաս ձուլվում էր իմ իդեալներին:
Չէ՞ որ, Մուսա, բաց երկնքի տակ, ես քո միակ ընտրյալն էի.
Օ լա-լա՜, ի՜նչ փարթամ կույսեր սիրեցի իմ երազներում:
Անզուգական, կարճ տաբատս անհուսալի մի խորշ ուներ:
Ես՝ երազող Մատնաչափիկ, բառերն աղում էի ճամփին՝
Որ հանգ թխեմ: Օթևանս՝ երկնում բազմած Մեծ Արջն էր հին:
Եվ իմ աստղերը երկնքից մաղում էին մեղմ շրշյուններ:
Շրշյուններն այդ լսում էի՝ նստած ափին ճամփաների,
Երբ երկնքից,- օ, ի՜նչ բարի էր երեկոն սեպտեմբերի,-
Ցող իջավ իմ բաց ճակատին, որպես գինի կենդանարար.
Երբ հանգերս կարկատելով շուրթերի մեջ խելացնոր,
Որպես լարերը քնարիս, ձգտում էի իմ վիրավոր
Կոշիկների քուղերն հազիվ՝ ծունկս հենած սրտիս վրա:
թարգամանությունը՝ Գուրգեն Գասպարյան
ՆՍՏԱԾՆԵՐԸ
Սև՝ բուշտերից, արածադեմ, աչքերի շուրջը օղակներ
Կանաչ. մատները ջղաձիգ՝ սրունքների միսը պոկող,
Գլուխներին թարախածոր ալիքների խոր դրվագներ,
Ինչպես մի պատ, որի վրա բորոտությունն է ծաղկում գոհ,
Արտասովոր կմախքներ են իրենց կրքով ընկնավորի
Միաձուլվել նստարանի ոսկորներին երկար ու սև,
Ռախիտավոր ձողիկները նրանց բարակ, թույլ ոտքերի
Իրար հյուսված մնալու են առավոտից մինչև գիշեր:
Նստարանին, ասես, ձուլված են ծերուկներն այդ առհավետ,
Նրանց կաշին կաթվածահար է լինում բորբ արեգակից,
Պատուհանին աչքերն անշարժ հառած, ուր ձյունն է թառամել,
Դողդողում են ու սարսռում, ինչպես դոդոշ հիվանդագին:
Նստարանը նրանց հանդեպ արությամբ է լցված. նրա
Սև ծղոտը՝ հլու մեջքին ջարդոտվում է կտոր-կտոր.
Հին արևն է ոգևորվում հասկերում այս գրկած իրար,
Որոնց ցորեն-գլխիկների հայացքն է լուռ-սրտակոտոր:
Տասը մատով նստարանն են թմբկահարում մաշված ու հին,
Ատամները՝ ծնկոսկրերին, ինչպես կանաչ դաշնակահար,
Բարակարոլն է տխրասարսուռ ծփում-ճողփում, ու կողային
Սիրաճոճման մեջ տատանվում են գլուխները միալար:
Օ՛, չստիպե՛ք, որ վեր կենան: Դա կործանում է կատարյալ...
Տե՛ս, քայլում են ճարճատելով,ինչպես ապտակ կերած կատու,
Ու բացվում են դանդաղորեն թիակները նրանց մեռյալ,
Վարտիքներում բիզ-բիզ կանգնած ոսկորները չոր ու քարթու:
Լսում ես դու նրանց ճաղատ գլուխների զարկն անըմբեր
Մութ պատերին, և հաշմանդամ, ծուռ ոտքերի թակոցն անդուլ,
Իսկ կոճակները դառնում են գիշատիչ ու անհագ բբեր,
Որ միջանցքի խորքում մթին մերթ վառվում են ու մերթ հանգում:
Չարագուշակ ու մահացիր ձեռքեր ունեն նրանք անտես...
Երեսներից, երբ շրջվում են, թույն է քամվում սևակաթիլ,
Հանց գզգզված, հիվանդոտ շուն զննում են քեզ դաժանատես,
Ու քրտնում ես՝ ընկած խոժոռ խառնարանն այդ խորխորատի:
Եվ կոնդացած բռունցքները թևծալերում խեղդած կեղտոտ՝
Իրենց տեղից հանողին են դժգոհությամբ մտաբերում,
Եվ ողջ օրը նշագեղձի կորիզները՝ անգութ խողդող,
Ճաքճքելով տատանվում են կզակների տակ նիհարուն:
Երբ դաժան քունը թեքում է գլուխներն այդ մահատեսիլ,
Երազում են բեղմնավորման մասին իրենց նստարանի,
Փոքրիկ, ստոր ճոճաթոռի լկտի սիրո ստի մասին,
Որոնցով լի են հղփացած գրասենյակները անվանի:
Ստորակետի նմանությամբ ծաղկափոշի թքող ծաղկանց
Թանաքագույն օրորի տակ պպզել են ու նիրհում են գիրգ,
Ինչպես պարսն է ճպուռների՝ հրիկների սայրին. նրանց
-Առնանդամը գրգռում է ծակոցներից փշոտ հասկի:
թարգմանությունը՝ Գուրգեն Գասպարյան
***
(քառատող)
Աստղը լաց եղավ՝ վարդագույնի պես, ու ականջիդ մեջ սիրտը տրոփեց,
Ծովը ծածանվեց՝ շառագույնի պես, ստինքներում քո բոսորակրակ,
Անհունը սահեց՝ ճերմակի նման, երկամներդ ծոծոարկի մեջ,
Եվ Տղամարդը՝ սև գույնի նման, արնաքամ եղավ կոնքերիդ վրա...
թարգմանությունը՝ Գուրգեն Գասպարյան
ԱՄՈԹ
Քանի դեռ սուր մի դանակ
Այս ուղեղը չի բացել,
Ճարպոտ այս տուփը ճերմակ
Չի դադարի զառանցել:
(Նա՛ պիտի իր սեփական
Քիթն ու ակնոցը կտրեր
Եվ փորձեր, օ՜ հրաշք բա՛ն,
Իր որովայնը պատռել):
Այո՛, քանի դեռ չի խրվել
Սուր դանակը իմ գանգին,
Քարը կողը չի փշրել,
Չի մատնվել կրակին,
Այդ խենթ ու խև երեխան,
Որ արգելք է, խոչընդոտ,
Կմնա միշտ դավաճան
Եվ ստախոս անամոթ:
Ինչպես վայրի մի կատու,
Որ աղերսում է չորս դին,
Բայց երբ մեռնի, Տե՝ր իմ, դու
Նրա համար աղոթի՛ր:
թարգմանությունը՝ Հենրիկ Բախչինյան