Կեցալ՝ արքայական թռչուն
Սառան նստել էր զոհաբերության ավազանի եզրին։ Այն ավելի փոքր էր պատկերացրել, թերևս՝ ցանկության աղբյուրի նման, բայց սա մեծ էր, և ջուրն էլ պարզ չէր, գորշ-շագանակագույն էր, ու մի կողմում եղեգնի մի քանի շիվեր էին ընձյուղվում։ Բլրին աճած ծառերի արմատները ճոճվում էին. հավանաբար դրանք որթատունկեր էին, որ կրաքարե պատն ի վար իջել էին ջրի վրա։ Եթե ջուրը մաքուր լիներ, թերևս արժեր զոհաբերվել, մտածեց Սառան, բայց ինքը երբեք, ոչ մի գնով այդ ցեխաջուրը չի նետվի։ Գուցե այլոց հրել են կամ գլխներին խփել, հետո՝ գցել։ Ըստ ուղեկցողի՝ ջուրը խորն էր, բայց իրեն ծնկից էր թվում։
Նրա առջև ուղեկցողը զբոսաշրջիկների մի խումբ էր իրար գլխի հավաքում։ Երևում էր՝ ուզում է շուտ վերջացնել, որպեսզի նրանց նորից քշի դեպի վարդագույն ու մանուշակագույն զոլերով turismo ավտոբուսն ու հանգստանա։ Զբոսաշրջիկները մեքսիկացիներ էին, և Սառան մեկ անգամ էլ համոզվեց, որ բոլորը, բացի կանադացիներից ու ամերիկացիներից, մեծ ակնոց են կրում և ամեն ինչ լուսանկարում։ Երանի ինքն ու Էդվարդը այս ճամփորդությունը պակաս մարդաշատ ժամանակ ծրագրեին։ Իհարկե, եթե առհասարակ դրա կարիքը կար։ Բայց Էդվարդի ուսուցչական աշխատանքի պատճառով հարկադրված էին դպրոցական արձակուրդներով սահմանափակվել։ Ամենասարսափելին Ծննդյան տոներն էին։ Եթե նույնիսկ Էդվարդն այլ աշխատանքի լիներ, ու իրենք երեխաներ ունենային, դարձյալ նույնն էր լինելու։ Բայց երեխա չունեին։
Ուղեկցողն այնպես էր խումբը քշում դեպի խճածածկ ճանապարհը, ասես հավի ճտեր լինեին, հեռվից նրանց ձայնը լսելով՝ կարելի էր այդպես էլ կարծել։ Իսկ ինքը չէր շտապում, ոտքը դրել էր քարին ու ազատարարի կեցվածքով ծխում էր։ Նա կարճահատսկ էր, թխամաշկ ու բերանում մի քանի ոսկե ատամ ուներ, որ ծիծաղելիս պսպղում էին։ Այդ պահին ժպտում էր Սառային, ու Սառան էլ անկեղծ ժպիտով պատասխանեց։ Նրան դուր էր գափս, երբ փողոցում մարդիկ ժպտում էին իրեն կամ նույնիսկ ջրակալած բերաններով ինչ-որ ձայներ հանում, իհարկե՝ եթե ձեռքերին ազատություն չէին տալիս։ Իսկ Էդվարդն անշուշտ ձևացնում էր, թե չի լսում ու չի տեսնում։ Միգուցե պատճառն իր շեկ մազերն էին. այդ կողմերում շիկահերները քիչ էին։ Նա չէր մտածում, թե ինքը գեղեցիկ է, տարիներ առաջ ինքն իր համար «լավիկ» բառն էր ընտրել։ Պարզապես՝ լավիկ, բառ, որ երբեք նիհար մեկի համար չէիր օգտագործի։ Ուղեկցողը ծխախոտի մնացորդը նետեց զոհաբերության ավազանն ու շրջվեց՝ միանալու իր հոտին։ Սառան անմիջապես մոռացավ նրան։ Զգաց, որ ինչ-որ բան է մագլցում ոտքն ի վեր, բայց երբ նայեց, ոչինչ չտեսավ։ Ազդրերի վրայից հավաքեց բամբակե շրջազգեստի փեշերն ու մտցրեց ծնկների արանքը։ Այսպիսի վայրերում՝ զբոսայգիներում, ավտոբուսի կանգառներում, գետինը շատ կեղտոտ է, ու ինչ միջատ ասես՝ չի հանդիպում։ Բայց նա այլևս չէր մտածում, աչքերը հոգնած էին, իսկ արևն այրում էր։ Ավելի լավ էր նստեր ստվերում, ու մոծակներն էլ խայթեին, քան թե Էդվարդի պես ոտի տակ ընկներ, ինչ է թե՝ ամեն ինչ տեսներ, մի բան, որ Էդվարդը սիրով էր անում։ Բարեբախտաբար, ի տարբերություն Էդվարդի, իր վրայի կծածները չէին ուռչում։
Էդվարդն իր նոր «Լեյթս» հեռադիտակով զննելով շուրջը՝ դուրս եկավ թփուտների միջից ու ճանապարհով ետ էր գալիս։ Նա չէր սիրում նստել, հոգնում էր նստելուց։ Այսպիսի ճամփորդությունների ժամանակ Սառան չէր սիրում պարզապես նստել ու մտածել։ Էդվարդի հին հեռադիտակը, որ հիմա իրենն էր, բեռի նման կախված էր պարանոցից։ Հեռադիտակը հանեց ու դրեց գիրկը։
Սառային պատմած առաջին բաներից մեկը թռչունների հանդեպ իր կիրքն էր։ Փայլող աչքերով, թանկագին մասունքի պես նրան ցույց էր տվել գծավոր նոթատետրը, ուր ինը տարեկանից սկսած գրառումներ էր արել, մանկական ձեռագրով գրել էր՝ Շիկահավ, ճայ, Ալբիոն, ու յուրաքանչյուրի դիմաց նշել տարեթիվն ու ամսաթիվը։ Սառան ձևացրել էր, թե հուզված է ու հետաքրքրված, և ըստ էության այդպես էր։ Ինքը նման հրապուրանքներ չուներ, իսկ Էդվարդն այնպես էր խորասուզվում երևույթների մեջ, ասես օվկիանոս ընկղմվեր։ Մի ժամանակ նամականիշներով էր տարված, հետո սկսեց սրինգ նվագել ու իր վարժություններով գրեթե խելագարության էր հասցրել Սառային։ Հիմա նախակոլումբոսյան ավերակներն էին. մագլցում էր յուրաքանչյուր քարակույտ, ուր կարող էր ոտք դնել։ Դրան Սառան մի անուն էր տալիս՝ նվիրումի տաղանդ։ Սկզբում, քանի դեռ չէր հասկանում, Էդվարդի հրապուրանքները հիացնում էին, բայց հիմա գրեթե զզվել էր։ Վաղ թե ուշ, բավական լավ ծանոթանալուց հետո, Էդվարդը թողնում էր ամեն ինչ։ Բայց՝ ո՛չ թռչուններին։ Այս մեկն անփոփոխ էր։ Սառան մտածում էր, որ ինքն էլ է նրա հետաքրքրություններից մեկը եղել։
Վատ չէր լինի, եթե Էդվարդը իրեն ամեն ինչին մասնակից չդարձներ։ Կամ էլ մի անգամ պնդելուց հետո էլ չշարունակեր։ Իսկ Սառան ոգևորել էր նրան՝ ցույց տալով, թե կիսում է կամ առնվազն տարված է ամուսնու հրապուրանքներով։ Տարիքի հետ նրա հետաքրքրությունը նվազում էր։ Եռանդի կորուստն անհանգստացնող էր, որովհետև դա իրական կորուստ էր։ Նա երբեք ոչնչի մինչև վերջ չէր նվիրվում։ Ի՞նչ օգուտ թռչունների մասին նրա հանրագիտարանային գիտելիքներից։ Ուրիշ հարց, եթե բավարար փող ունենային, մինչդեռ հազիվ էին ծայրը ծայրին հասցնում։ Եթե միայն նա կարողանար կուտակել այդ ողջ եռանդն ու օգտակար մի բան աներ, ասենք՝ աշխատանքի մեջ։ Եթե ուզենար, կարող էր տնօրեն դառնալ՝ միշտ ասում էր Սառան։ Բայց նրա մտքով չէր էլ անցնում։ Տարիները գլորվում էին, իսկ ինքը շարունակ միևնույն փնտրտուքի մեջ էր։ Վեցերորդ դասարանի աշակերտները, մանավանդ տղաները, պաշտում էին նրան, թերևս զգում էին, որ իրենց շատ է նման։
Ծանոթության հենց սկզբում Էդվարդը իրեն հրավիրել էր «թռչունի»– նա այդպես էր անվանում– ու ինքն անշուշտ գնացել էր։ Մերժելը սխալ կլիներ։ Այն ժամանակ չէր տրտնջացել ոչ ցավացող ոտքերից, ոչ էլ կաթկթացող թփուտների տակ թրջվելուց։ Էդվարդն այնպես էր տարվել Պետերսոնի «Բնասերի ուղեցույցով», ասես Ավետարանը լիներ, իսկ թռչունը՝ Սուրբ Ավազանը։
Սառան նույնիսկ բավական ճարպիկ էր։ Էդվարդը կարճատես էր. ինքը նրանից լավ էր կողմնորոշվում։ Էդվարդը յուրահատուկ մեծահոգությամբ էր վերաբերվում դրան, ու Սառան սովորություն էր դարձրել՝ երբ ուզում էր ինչ-որ ժամանակով գլուխն ազատել նրանից, դիմում էր այդ միջոցին։ Ինչպես, օրինակ, հիմա։
- Կարծես այնտեղ մի բան է շարժվում,– ցույց տալով ավազանի մյուս ափին աճած խոտերի ուղղությամբ՝ ասաց Սառան։
- Որտե՞ղ,– հավատացած ծիկրակելով ու հեռադիտակը բարձրացնելով՝ հարցրեց Էդվարդը։
«Իր երկար քթով ու ջլուտ ոտքերով ինքն էլ է թռչունի նման»,– մտածեց Սառան։
– Էն, էն փետուրներովը, որ այդ լոբու նման ծառի վրա է։ Ոնց որ նարինջ լինի։
Էդվարդը կենտրոնացավ.
- Ոսկեսարյակի հե՞տ ես։
- Այստեղից չեմ կարոդ ասել... Ափսոս, թռավ։
Էդվարդը զուր որոնում էր երկնքում, իսկ ինքը հայացքը հառել էր գլխավերևը։
- Ոնց որ այն կողմ թռավ, մեր ետևը։
Այդքանը բավական էր Էդվարդին իրենից հեռացնելու համար...
Էդվարդը նստեց ծառարմատին ու ծխախոտ վառեց։ Նույն իր եկած ճանապարհով էր ցած իջել, այն միզահոտ էր, և այս ու այն կողմ նետած անձեռոցիկները վկայում էին, որ զուգարանից ուշացածները օգտագործել էին տեղանքը։
Հանեց ակնոցը, հետո գլխարկը ու սրբեց ճակատի քրտինքը։ Դեմքը կարմրել էր, բայց չէր զգում։ Սառան դրան շիկնել էր ասում՝ վերագրելով նրա ամոթխածությանն ու տղայական անճարակությանը, գլխի չընկնելով, որ սովորական մոլուցք է։ Ճարպիկ մեկի համար Սառան նույնիսկ հիմար կարող էր թվալ։
Օրինակ, նա գիտեր, որ դեռևս երեք տարի առաջ է Էդվարդը բացահայտել թռչունների հետ կապված իր փոքրիկ խորամանկությունը։ Սի չորացած ծառ էր ցույց տալիս ու ասում, որ վրան թռչուն է տեսել, թեև Էդվարդը մի քանի րոպե առաջ էր այնտեղ եղել ու ոչինչ էլ չէր տեսել։ Նա շատ անուշադիր էր. արծվի նկարագրով սարյակ էր ցույց տալիս, փայտփորիկ էր տեսնում այնպիսի վայրերում, ուր երբեք փայտփորիկ չէր կարող լինել, նրա տեսած ճայերը համր էին, ձկնկուլները՝ անվիզ։ Ըստ երևույթին Էդվարդին կատարյալ ապուշի տեղ էր դրել ու կարծում էր, թե միտքն եկած ամեն մի անհեթեթության կհավատա։
Իսկ ինչու ոչ, եթե ամեն անգամ էդվարդը ենթարկվում էր։ Իսկ ինչու՞, ինչու՞ էր ընկնում երևակայական թռչունների ետևից՝ ձևացնելով, թե հավատում է կնոջը. միգուցե պատճառն այն էր, որ թեև հասկանում էր՝ ինչ է անում կինը, բայց չէր հասկանում, թե ինչու՞։ Միգուցե սովորական չարություն էր, վրեժ, որի համար բավարար պատճառներ ուներ։ Չէր ուզում իմանալ իսկական պատճառը, որն իր մտքում պատկերանում էր որպես տձև, վախեցնող մի բան։ Թռչունների մասին կնոջ սուտը այն բազմաթիվ ստերից մեկն էր, որը, ըստ էության, ամեն ինչ կարգավորում էր։ Վախենում էր հակադրվել կնոջը, դա կլիներ վերջը, բոլոր ձևացումները իրար ետևից ցրիվ կգային, ու իրենք կմնային բեկորների տակ՝ հայացքները միմյանց հառած։ Ասելու ոչինչ չէր մնա, իսկ Էդվարդը պատրաստ չէր դրան։
Բոլոր դեպքերում Սառան ամեն ինչ կժխտեր և ժայռի պես անհողդողդ, շիկահեր, հավասարակշռված հայացքով կասեր. «Ի՞նչ ես խոսում, իհարկե տեսնում եմ։ Հենց նոր այսպես անցավ։ Ինչո՞ւ պիտի հորինեմ»։
Էդվարդը հանկարծ պատկերացրեց, թե ինքը Քինգ-Քոնգի նման դուրս է գալիս մացառուտից, ափից բարձրացնում է Սառային ու նետում զոհաբերության ավազանը։ Սիայն թե խաթարեր Տիրամորն արժանի այդ անխռով արտահայտությունը՝ քնքուշ ու գունատ, կատարյալ ու վեհաշուք։ Սառան միշտ իրավացի էր, երբեք մեղավոր չէր։ Երբ իրենք հանդիպեցին, նա այդպիսին չէր։ Բայց ինչպես կարող էր այդպես շարունակվել, երբ հասկացավ, որ կարող է պարզապես մի հայացք գցել, ոչ թե վախեցնող, այլ մայրական-սաստող, ինչպես, օրինակ, ճերմակ սփռոցին կաթով սուրճ թափած երեխային են նայում։
Սառան ուղղել էր զգեստի փեշերը։ Նա միշտ մտահոգ էր իր արտաքինով։
Այնուամենայնիվ Սառային զոհաբերության ավազանը նետելն այնքան էլ հարմար չէր, թեկուզ այն պատճառով, որ հագին շատ շոր կար։ Նա ճամվտրդությունից առաջ կարդացած գրքերից մի քանի պատառիկներ հիշեց։ Սա էլ մի ուրիշ խնդիր էր։ Սառան չէր սիրում նախօրոք կարդալ այն վայրերի մասին, ուր ճամփորդելու էր։
- Չե՞ս ուզում իմանալ, թե ինչ ես տեսնելու,– հարցնում էր Էդվարդը։
- Միևնույն է՝ տեսնելու եմ, չէ՞,– պատասխանում էր նա։– Համ էլ իմ իմանալուց ոչ մի բան չի փոխվի։
Նման վերաբերմունքից Էդվարդը կատաղում էր։ Իսկ հիմա, երբ այստեղ էին, ինչ-որ բան բացատրելու բոլոր փորձերը մերժում էր իրեն բնորոշ պահվածքով՝ ձևացնելով, թե չի լսում։
- Նայիր, Չաք-Մոլի արձանն է, տեսնո՞ւմ ես։ Ստամոքսի վրա գտնվող սափորի մեջ սրտերն են դրել, իսկ գլխի վրայի թիթեռը նշանակում է, որ հոգին դեպի արև է թռչում։
- Էդվարդ, արևայրուքի քսուքը կտա՞ս, կարծեմ ուսապարկի մեջ է, ձախ կողմի գրպանում։
Ու նա, դարձյալ պարտված, մեկնում է քսուքը։ Չէ՛, ոչ քսուքով, ոչ էլ առանց քսուքի նա հարմար զոհ չէ։ Ջրի աստծո համար զոհաբերում էին, կամ հավանաբար կամովին էին նետվում, որպեսզի անձրև գար կամ տարին բերքառատ լիներ։ Զոհաբերվողները բանագնացներ էին, որ Աստծուն խնդրանք էին փոխանցում։ Սառան նախ պիտի մաքրագործվեր ավազանի առջև գտնվող քարե մատուռում։ Հետո մերկ պիտի ծնկեր իր առջև ու որպես հնազանդության նշան՝ ձեռքը դներ կրծքին։ Էդվարդը որոշ մանրամասներ էլ ավելացրեց, նեֆրիտե մեդալիոնով ոսկե վզնոց ու փետրազարդ, ոսկեձույլ թասակ։ Մազերը, որ սովորաբար հյուսում էր ու ծոծրակի վրա կապում, արձակ էին լինելու։ Մտածեց մարմնի մասին, այն դարձրեց նրբագեղ ու սլացիկ, անորոշ ցանկությամբ, որը սակայն ոչ մի առնչություն չուներ Սառայի հետ։ Սա այն ցանկությունն էր, որ ինքն այլևս չուներ Սառայի հանդեպ։ Ընդհանրապես, որպեսզի կարողանար նրան սիրել, հագուստները պիտի հաներ։ Հիշեց նախքան ամուսնանալն իրենց առաջին հանդիպումները։ Նա այնքան տարբեր էր, որ հիմա թվում էր, թե բոլորովին այլ կնոջ հետ է եղել։ Այն ժամանակ Սառայի մարմնին վերաբերվում էր որպես սուրբ մի երևույթի, ճենապակե ու ոսկե մի սափորի, որին ակնածանքով ու քնքշանքով պետք էր հպվել։ Եվ Սառային հաճելի էր դա. թեև երկու տարի մեծ էր Էդվարդից ու ավելի փորձառու, բայց նրա անտեղյակության ու երկյուղածության վրա չէր ծիծաղում։
Ի՞նչ էր փոխվել։ Երբեմն մտածում էր, որ պատճառը անկենդան ծնված երեխան էր։ Մի ժամանակ կնոջը համոզել էր, որ էլի երեխա ունենան, նա ասել էր՝ այո, բայց...
- Ահա, այսպես,– ասաց նա հիվանդանոցում։– Բժիշկն ասաց՝ հրաշալի երեխա էր, բայց երբեմն այսպես էլ է լինում։
Նա այլևս համալսարան չգնաց, ոչ էլ աշխատանք գտավ։ Նստեց տանը, ողջ օրը բնակարանն էր կարգի բերում՝ ուսի վրայից այնպես նայելով դռանը, լոաամուտից դուրս՝ ասես ինչ-որ բանի սպասեր։
Սառան գլուխը խոնարհեց իր առջև, ինքը փետրազարդ հագուստով էր, երկար քթով, երեսին՝ բարձրաստիճան քրմի ատամնաշար դիմակ, և բերանից ու առնանդամից արյուն էր շաղ տալիս վրան։ Իսկ բոլոր այն հարցերը, որ ուզում էր տալ, չքվել էին մտքից։ Այդ նույն պահին մտածեց, թե ինչ հրապուրիչ թեմա է VI դասարանի հատուկ դասընթացի համար... Նրանց համար տաճարների փոքր մանրակերտեր էր պատրաստել, սլայդներ էր ցույց տվել, մեքսիկական ճաշին պահածոյացված թորթիլա ու թամալ էր բերել, գունավոր թղթերից փոքրիկ Չաք-Մոլ էր պատրաստել... նաև գնդակով խաղ էին խաղացել ու թռցրել պարտվող թիմի պետի գլուխը։ Դա նրանց սիրած խաղն էր, այդ տարիքում արյունը եռում է երակներում։
Պատկերացնում էր, թե ինչպես է ինքնամոռաց խանդավառությամբ ցուցադրում ու խաղում երեխաների համար, ու նաև՝ նրանց վերաբերմունքը... Չնայած գիտեր, որ իրեն ծադրելու էին։ Հատուկ դասընթացներն ընդամենը զբաղվելու միջոց էին, հեռուստատեսային հավելվածի պես մի բան։ Իրեն սիրում էին, որովհետև պարում էր, նրանց համար զվարճալի տիկնիկ էր՝ անդուր ու փոքր ինչ անհեթեթ։ Զարմանալի չէ, որ Սառան արհամարհում է իրեն։
Էդվարդը ոտքը դրեց ծխախոտի քնթուկին։ Ետ տարավ լայնեզր սպիտակ գլխարկը, որ Սառան էր գնել շուկայից։ Ինքը փոքր երիզով կեպի էր ուզել, որպեսզի առանց ետ տանելու կարողանար հեռադիտակով նայել, բայց Սառան ասել էր, թե այդպես ամերիկացի գոլֆ խաղացողի կնմանվի, և այս մեկն էր գնել։ Եվ ինքը միշտ նույն բարեկիրթ, պահապան ծաղրածուն էր։
Համոզիչ լինելու համար նա մի քիչ էլ պիտի սպասեր ու հետո ետ գնար։
Սառան մտածում էր՝ արդյոք ինքն այդտե՞ղ կլիներ, եթե Էդվարդը հանկարծ մահացած լիներ։ Չէ, դա չէր նշանակում, որ ինքը նրա մահն էր ուզում։ Պարզապես նրան անհետացնելու ուրիշ միջոց չգտավ։ Էդվարդն ամենուր էր, տարօրինակ հոտի պես ներծծվել էր իր կյանքի մեջ. առանց նրան նկատի ունենալու՝ դժվար էր որևէ բան մտածել կամ անել։ Ինչ լավ ու հաճելի կլիներ մենակ ճամվորդելը։ Եվ Էդվարդին խնամքով առանձնացրեց այս պատկերից։ Իհարկե, մյուս կողմից էլ, եթե Էդվարդը չլիներ, դժվար թե ինքն այդտեղ հայտնվեր։ Նա կգերադասեր պառկել ճոճաթոռի մեջ, ասենք՝ Ակապուլկոյում, ու զովացուցիչ ըմպելիքներ խմել։ Մի քանի թուխ, լողազգեստով երիտասարդներ ավելացրեց ու անմիջապես էլ հանեց՝ այդպես հանգիստ չէր լինի, շատ էր մարդաշատ։ Շարունակ մտածում էր Էդվարդին դավաճանելու մասին, արժանի էր, թեև չգիտեր՝ ինչու։ Բայց երբեք գործնական քայլ չէր արել, ոչ էլ հարմար մեկը կար։
Այնուամենայնիվ, եթե ինքն այստեղ լիներ առանց Էդվարդի, նախ ավելի լավ հյուրանոցում կապրեր, այնպիսի հյուրանոցում, ուր լոգարանում վարդակ կար։ Իրենք դեռ վարդակով սենյակ չէին վարձել։ Անշուշտ այդպիսի հյուրանոցներն ավելի թանկ էին, բայց, իր կարծիքով, եթե Էդվարդը մահացած լիներ, ինքն ավելի շատ փող կունենար։ Էդվարդի ողջ աշխատավարձն իրեն կմնար, ոչ թե մի մասը։ Նա լավ գիտեր, որ եթե Էդվարդը իրոք մահանար, ինքը ոչ մի աշխատավարձ էլ չէր ստանա, բայց չարժեր մտածել. դա փչացնում էր երևակայական պատկերը։ Ինքը կճամփորդեր ինքնաթիռով, հնարավորության դեպքում՝ առաջնակարգ ավտոբուսով, ոչ թե Էդվարդի նախընտրած աղմկոտ ու խռիվ, երկրորդ կարգի ավտոբուսներով։ Նրա կարծիքով այդպես ավելի լավ ես հաղորդակցվում տեղական մթնոլորտին, օտար երկիր այցելելն ինչ իմաստ ունի, եթե ողջ ժամանակդ զբոսաշրջիկների հետ ես անցկացնելու։ Տեսականորեն նա համաձայն էր, բայց ավտոբուսից գլխացավ էր ունենում և կարող էր յոլա գնալ առանց այդ կեղտոտ թշվառության, եղեգնածածկ կամ թիթեղածածկ խղճուկ խրճիթների, հնդկահավերի ու կապկպած խոզերի։
Սա ռեստորաններին էլ էր վերաբերում։ Իրենց մնացած գյուղում մի լավ ռեստորան կար, ավտոբուսից էր տեսել, թանկ չէր երևում, բայց իրենք քրքրված, լինոլեումե հատակով ու պլաստիկե ծածկով խրճիթում պիտի ճաշեին։ Միակ այցելուներն իրենք էին։ Ետևում չորս դեռահաս տղաներ դոմինո էին խաղում, գարեջուր էին խմում ու նյարդայնացնում անընդմեջ հռհռոցով։ Մի քանի երեխա հեռուստացույց էին դիտում. Սառան նկատեց, որ 50-ականների կրկնօրինակած սերիալ էր։ Հեռուստացույցի հարևանությամբ, բարի վրա երեք իմաստունների արձանիկներ էին՝ մեկը փղի վրա, մյուսները՝ ուղտի։ Առաջին իմաստունը գլուխ չուներ, մսուրում գաճաճ Հովսեփն էր ու Մարիամը՝ մանուկ Հիսուսը գրկին։ Նա գրեթե փղի կեսի չափ էր։ Այս հսկային ինչպես կարող էր գրկել՝ մտածեց Սառան ու այդ մտքից անհարմար զգաց։ Ցուցափեղկի մյուս կողմում, առկայծող լամպերի մեջ Սանտա Կլաուսն էր, որի մոտ դրված ռադիոյից ամերիկյան հնամյա երգեր էին հորդամ։ «Օգնեցեք ինձ, օգնեցեք, խնդրու-ու-ու-ում եմ...»։
- Փոլ Անկան է, չէ՞,–հարցրեց Սառան։
Բայց սա Էդվարդի իմացած բաներից չէր, և նա անցավ ճաշի գովաբանությանը։
- Դեռ այսքան համով բան Մեքսիկայում չէինք կերել,– ասաց։
Սառան չպաշտպանեց նրա կարծիքը։ Ասաց, որ ռեստորանն ավելի ճնշող է, քան կարելի էր պատկերացնել, հատկապես ցուցափեղկը, ճնշող էր, նման էր հաշմանդամի, որ քայլելու ճիգ է անում, վերջին ջղաձիգ պոռթկում, որին ոչ ոք այլևս չի հավատում։
Ճանապարհով զբոսաշրջիկների մի խումբ էր գալիս։ Ձայներից դատելով՝ ամերիկացիներ էին։ Ուղեկցողը, որ մեքսիկացի էր, մագլցեց զոհասեղանին՝ պատրաստվելով ճառին։
- Եզրին շատ մի մոտեցեք։
- Ես շատ եմ վախենում բարձրությունից։ Այդտեղից ի՞նչ է երևում։
- Ջուր, ուրիշ ի՞նչ պիտի երևա։
Ուղեկցողը զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռելու համար ծափ տվեց։ Սառան ականջի պոչով էր լսում, այլևս որևէ բան լսելու ցանկություն չուներ։
- Ասում են, որ առաջներում միայն կույսերին են նետել ջուրը,– սկսեց ուղեկցողը,– բայց թե որտեղից գիտեն, դժվար է ասել։ Միշտ էլ դժվար է հաստատ իմանալը։– Նա լռեց՝ սպասելով ծիծաղի պոռթկումի, որը չուշացավ։– Բայց սա ճիշտ չէ։ Հիմա կասեմ, թե որտեղից գիտենք։
- Այստեղ անձրևի աստծո՝ Թլալոքի զոհասեղանն է... Սառայի հարևանությամբ երկու կին տեղավորվեցին։ Նրանք երկուսն էլ բամբակե լայն տաբատով էին, սանդալներով և լայնեզր ծղոտե գլխարկով։
- Այն մեծը բարձրացա՞ր։
- Չհավատաս։ Ալֆը բարձրացավ, ես նրան գագաթի վրա նկարեցի։
- Զարմանամ եմ, թե ինչո՞ւ են այս ամենը կառուցել։
- Նրանց կրոնն է այդպիսին, չլսեցի՞ր՝ ինչ ասաց։
- Հեչ որ չէ՝ մարդկանց միտքը զբաղված է պահում։
- Գործազրկության խնդիր են լուծում։
Նրանք երկուսն էլ ծիծաղեցին։
- Դեռ քանի ավերակ է մեզ բարձրանալ տալու։
- Էլ չեմ կարող, արդեն ես եմ ավերակ դարձել։ Ավելի լավ է՝ գնամ ավտոբուսում նստեմ։
- Ես էլ գնումների կգնամ, թեև առնելու բան էլ չկա։
Սառան, որ լսում էր խոսակցությունը, հանկարծ վիրավորված զգաց։ Սրանք հարգանք չունեն։ Նրանց մտքերն այնքան էլ հեռու չէին քիչ առաջվա իր մտածումներից, բայց լսելով այդ կանանց, որոնցից մեկն անճաշակ, ծղոտե ծաղիկով զարդարված ձեռքի պայուսակ ուներ, հանկարծ զոհաբերության ավազանը պաշապանելու ցանկություն ունեցավ։
- Բնությունը կանչում է,– ասաց պայուսակով կինը,– ուզում էի շուտ գնալ, բայց այնպիսի հերթ էր, չկարողացա մտնել։
- Անձեռոցիկ վերցրու,– խորհուրդ տվեց մյուսը։ - Այնտեղ թուղթ չկա։ Համ էլ գետնին այնքան ջուր է թափված, որ կսուզվես։
– Միգուցե թփերի տակ մտնեմ,– ասաց առաջին կինը։
Էդվարդը ոտքի կանգնեց՝ տրորելով ձախ ոտքը, որ թմրել էր։ Վերադառնալու ժամանակն էր։ Եթե երկար մնար, Սառան անշուշտ կկռվեր, չնայած ինքն էր ուղարկել նրան այդ հիմար փնտրտուքին։
Էդվարդը նույն ճանապարհով ետ էր վերադառնում։ Ճիշտ աչքի առջև նարնջագույն մի բան սուրաց։ Էդվարդը ձգվեց ու ձեռքն առավ հեռադիտակը։ Նրանք միշտ հայտնվում են, երբ գրեթե չես սպասում։ Ոսկեսարյակ էր, որ թաքնվել էր ճյուղերի ետևում, երևում էին նրա պայծառ նարնջագույն կուրծքն ու մուգ, փոքրիկ թևերը։ Երանի կատարով սարյակ լիներ, դեռ երբեք չէր հանդիպել դրանցից։ Նա շշնջալով խնդրում էր, որ դուրս գա թփերից։ Թռչունները հմայում էին նրան այնքան ժամանակ, քանի դեռ չէր տեսել։ Բայց հարյուրավոր տեսակներ կային, որ երբեք չէր տեսնելու ու, անկախ նրանից, թե որքան էր տեսել, միևնույն է՝ միշտ կլիներ դեռ չտեսած թեկուզ մի տեսակ։ Ահա թե ինչու էր շարունակում որոնել։
Թռչունը ցատկոտելով ավելի էր խորանում սաղարթների մեջ։
- Ետ արի,– լուռ ձայն էր տալիս Էդվարդը, բայց նա արդեն թռել էր։
Էդվարդը զարմանալիորեն ուրախ էր։ Միգուցե Սառան չէր խաբել իրեն, միգուցե իրոք տեսել էր այս թռչունին։ Եթե նույնիսկ չէր տեսել, այնուամենայնիվ, որպես իր ցանկության հատուցում, նա եկել էր։ Էդվարդը զգում էր, հավատացած էր, որ կտեսնի թռչուններին, երբ իրենք՝ թռչուններն ուզենան, երբ իրեն փոխանցելու բան ունենան՝ գաղտնիք կամ լուր։ Ացտեկները գտնում էին, որ կոլիբրիները զոհված մարտիկների հոգիներն են. բայց ինչո՞ւ ոչ բոլոր թռչունները, ինչո՞ւ հենց կոլիբրիները։ Իսկ միգուցե նրանք չծնվածների՞ հոգիներն են, ինչպես գտնում էին ոմանք։ «Ացտեկների կենցաղը» ժողովածուում չծնված երեխաներին գանձ, թանկարժեք փետուր էին կոչում։ Կեցալ նշանակում է փետուր։
- Ուզում եմ այս թռչունը տեսնել,– ասաց Սառան, երբ մեկնելուց առաջ թերթում էր «Մեքսիկայի թռչունները» գիրքը։
- Դա արքայական կեցալն է,– ասաց Էդվարդը։– Կանաչ-կարմիր թռչուն է՝ շքեղ, երփներանգ պոչով,– բացատրեց Սառային։– Կեցալ նշանակում է փետրե թռչուն։ Չեմ կարծում, որ բախտ վիճակվի տեսնել։– Նայեց դրանց բնակության վայրը՝ «Թխպոտ անտառներ»։– Դժվար թե թխպոտ անտառներում լինենք։
- Իսկ ես հենց դա եմ ուզում,– ասաց Սառան,– միայն դա եմ ուզում տեսնել։
Սառան միշտ ճշգրիտ գիտեր՝ ինչ է ուզում և ինչ չի ուզում։ Եթե ռեստորանի ճաշացուցակում իր համար բան չէր լինում, ապա ոչինչ չէր վերցնում, ոչ էլ թույլ էր տալիս, որ Էդվարդը պատվերի, ու ինքը կտցի կողքից, ինչպես անցած գիշեր։ Իմաստ չուներ ասել, որ իրենց ողջ ճամփորդության ընթացքում հանդիպած ամենալավ կերակուրն էր։ Նա երբեք հունից դուրս չէր գալիս, ոչ էլ ինքնատիրապետումն էր կորցնում, համառ էր։ Սառայից բացի ուրիշ էլ ո՞վ կպնդեր, որ այդ չոր եղանակին ծալովի անձրևանոց տանեն Սեքսիկա։
Էդվարդը համոզում էր, ասում՝ պետք չի գա, ավելորդ բեռ է, բայց նա միևնույն է՝ բերեց։ Իսկ երեկ կեսօրին իսկական հեղեղի պես անձրև տեղաց։ Բոլորն այսուայնկողմ վազեցին՝ պատերի տակ ու տաճարների մուտքերի մեջ ծածկ որոնելու, իսկ Սառան բացեց իր անձրևանոցն ու ինքնագոհ կանգնեց տակը։ Դա նյարդայնացրեց Էդվարդին։ Բայց նույնիսկ երբ նա սխալ էր, միևնույն է, այնպես էր ներկայացնում, թե ճիշտը դա է։ Եթե գոնե մեկ անգամ ընդուներ... ի՞նչը։ Այն, որ ինքն էլ կարող է սխալվել։ Ահա թե ինչն էր կատաղեցնում Էդվարդին՝ անսխալականության այդ համոզմունքը։
Նա գիտեր՝ երբ երեխան մահացավ, Սառան իրեն մեղադրեց։ Մինչև հիմա էլ չի հասկանում, թե ինչու։ Միգուցե այն պատճառով, որ դուրս եկավ ծխախոտ գնելու՝ չմտածելով, որ այդքան շուտ կծնվի։ Ինքն այնտեղ չէր, երբ Սառային հայտնել էին կատարվածը, և նա այդ պահին մենակ էր եղել։
- Ոչ մեկը մեղավոր չի,– շարունակ ասում էր Սառային։– Ոչ դու, ոչ բժիշկները, պորտալարն էր փաթաթվել։
- Գիտեմ,– պատասխանում էր Սառան ու երբեք չէր մեղադրում իրեն։
Բայց, այնուամենայնիվ, զգում էր վերաբերմունքը, որ մառախուղի պես ծանրացել էր վրան։ Կարծես թե մի բան կար, որ ինքը չարեց։
- Ես էլ, ինչպես դու, շատ էի երեխա ուզում,– ասում էր Սառային։ Եվ դա ճիշտ էր։ Նա Սառայի հետ ամուսնանալու մասին չէր մտածել։ Երբեք չէր ակնարկել, որովհետև չէր էլ պատկերացրել, թե կհամաձայնի, մինչև Սառան չասաց, որ հղի է։ Մինչև այդ պահը նա էր կապը պահում և համոզված էր, որ ինքը Սառայի համար պարզապես զվարճանք է։ Բայց ամուսնությունը ոչ թե նրա, այլ Էդվարդի առաջարկն էր։ Աստվածաբանությունից կտրվեց։ Այդ ամառ վերցրեց հանրային դպրոցի ուսուցչի վկայականը, որ կարողանան ապրել։ Ամեն երեկո շոյում էր նրա փորը, զգում երեխայի շարժումներն ու Սառայի մարմնի միջոցով հաղորդակցվում նրան։ Իր կարծիքով երեխան սուրբ էր, ու իր աղոթքներում դիմում էր նրան։ Վեցերորդ ամսում, երբ Սառան հարկադրված էր պառկել մեջքի վրա, սկսեց խռռացնել։ Եվ ինքն ամբողջ գիշեր արթուն էր մնում՝ լսելով այդ քնքուշ խռռոցը, որ իրեն ճերմակ ու արծաթագույն էր թվում, գրեթե երգի պես, խորհրդավոր թալիսման...
Դժբախտաբար դա սովորություն դարձավ, ու ինքն այլևս նույն զգացումը չէր ունենում։
Երբ երեխան մահացավ, միայն ինքն էր լաց լինում։ Սառան՝ ոչ, նա երբեք չէր լալիս։ Նա անմիջապես քայլեց, ոտքի վրա էր, ուզում էր որքան հնարավոր է շուտ դուրս գալ հիվանդանոցից։ Մանկական հագուստը, որ գնել էր, անհետացավ, երբեք չիմացավ, թե ինչ է արել, վախենում էր հարցնել։ Այդ ժամանակվանից էլ մտքում շարունակ նույն հարցն էր. ինչո՞ւ են դեռ ամուսնացած։ Անտրամաբանական էր։ Եթե ամուսնացել էին երեխայի պատճառով, հիմա երեխա չկար ու շարունակում էր չլինել, ուրեմն ինչո՞ւ չէին բաժանվում։ Բայց Էդվարդը համոզված չէր, թե ինքն այդ է ուզում։ Միգուցե հույս ուներ, թե ինչ-որ բան կպատահի, մի ուրիշ երեխա կծնվի: Բայց պահանջելն իմաստ չուներ։ Նրանք ծնվում են, երբ ուզում են, ոչ թե՝ երբ դու ես ուզում։ Նրանք գալիս են, երբ դու գրեթե չես սպասում։ Գանձ, թանկարժեք փետուր։
- Հիմա ես ձեզ կպատմեմ,– սկսեց ուղեկցողը։– Հնէաբանները սուզվել են ավազանը, նրանք ավելի քան հիսուն կմախք են դուրս հանել և պարզել, որ նրանցից մի քանիսը ոչ միայն կույսեր չէին, այլև տղամարդ էին։ Մի մասն էլ երեխաներ էին։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, այստեղ վերջանում է այդ տարածված «լեգենդը»։– Զոհասեղանի վրա կանգնած՝ գլուխ տալու պես ինչ-որ տարօրինակ շարժում արեց, որին սակայն ծափեր չհաջորդեցին։
- Սա պարզապես դաժանության համար չէին անում,- շարունակեց նա։– Նրանք հավատում էին, որ այս մարդիկ անձրևի աստծո բանագնացներն էին և հավերժ ապրելու էին նրա դրախտում, ավազանի հատակում։
Պայուսակով կինը ոտքի կանգնեց։
- Չէ մի՝ դրախտ,– դիմեց ընկերոջը։– Ես ետ եմ գնում, գալի՞ս ես։
Համարյա ամբողջ խումբը շարժվեց իրենց եկած խճապատ ճանապարհով։ Սառան սպասեց մինչև բոլորը հեռացան, բացեց դրամապանակն ու միջից հանեց մանուկ Քրիստոսի արձանիկը, որ անցյալ գիշեր ցուցափեղկից էր գողացել։ Անհավատալի էր, որ նա երբևէ այդպիսի բան կարող էր անել, բայց իրոք արել էր։ Նա նախապես չէր ծրագրել, մինչ Էդվարդը վճարելու համար խոհանոց էր գնացել– սպասավորը ուշացնում էր հաշիվը- ինքը մոտեցել ու կանգնել էր ցուցափեղկի առջև։ Իր կողմը ոչ ոք չէր նայել, տղաները կլանված էին դոմինոյով, իսկ երեխաները՝ հեռուստացույցով։ Նա հանկարծ, անսպասելի ձեռքը մեկնել էր ցուցափեղկին, շրջանցել էր իմաստունին, մսուրը, վերցրել մանկանն ու դրել դրամապանակի մեջ։
Ափի մեջ շրջեց, գաճաճ կույսից ու Հովսեփից բաժանելուց հետո այն անհեթեթ չէր երևում։ Խանձարուրի մեջ էր, որ ավելի շատ պարեգոտ էր հիշեցնում, աչքերն ապակե էին, իսկ գլխին նորածնի համար բավական շատ մազ կար, որ տղայական կարճ կտրվածքի էր նման։ Կատարյալ երեխա էր, չհաշված ճաքը, որ բարեբախտաբար ետևում էր ու չէր երևում։ Երևի ինչ-որ մեկը գետին էր գցել։
Հնարավոր չէ շարունակ ուշադիր լինել։ Հղիության ողջ ընթացքում բծախնդրորեն ուշադիր էր իր նկատմամբ, հաշվում էր բժշկի նշանակած բոլոր վիտամինները և ուտում այն, ինչ գրքով էր երաշխավորված։ Թեև ատում էր կաթը, բայց օրական չորս բաժակ խմում էր։ Վարժություն էր անում ու պարապմունքների գնում։ Ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ-որ բան այնպես չի արել։ Եվ, այնուամենայնիվ, շարունակ մտածում էր, որ երեխան ինչ-որ թերությամբ կծնվի, մոնղոլոիդ կլինի, հաշմանդամ կամ բորբոքված ուղեղով ու ջրակալած գլխով՝ այն երեխաների նման, որ մի օր տեսել էր հիվանդանոցի պարտեզում, անվասայլակների մեջ՝ արևի լոգանք ընդունելիս։ Բայց իր երեխան առողջ էր։
Նա այլևս երբեք այս փորձության մեջ մտնելու քաջություն չի ունենա։ Թող Էդվարդը կապտելու չափ կոտորի իրեն ու անունը դնի՝ «Մի անգամ էլ փորձենք», միևնույն է՝ ինքն առանց նրան ասելու, քնելուց առաջ հաբեր է կուլ տալիս, չէր պատրաստվում կրկին փորձել։ Որևէ մեկը չէր կարող պարտադրել իրեն։
Ի՞նչն էր սխալ արել։ Բանն էլ այն է, որ ոչինչ էլ սխալ չէր արել։ Էդվարդին անորոշ մեղադրելուց բացի ուրիշ ոչ մեկին չէր կարող մեղադրել։
Նրան կարելի էր մեղադրել երեխայի մահվան համար, որովհետև պարզապես այնտեղ չէր։ Բայց հենց այդ պահից Էդվարդը գնալով ավելի ու ավելի բնական էր դառնում։ Երբ երեխան իր ներսում չէր, Էդվարդն այլևս չէր հետաքրքրում իրեն, նա ամայացած էր։ Ահա թե ինչն էր բոլորից շատ վրդովեցնում Սառային։ Իրեն մենակ էր թողել դիակի հետ, դիակ, որը բացատրություն չուներ։
Մարդիկ դրան «կորուստ» են ասում։ Այնպես էին խոսում, ասես երեխան կորել էր և աղեկտուր լացելով իրեն էր ման գալիս, իսկ ինքն անտարբեր էր կամ ինչ-որ տեղ մոռացել էր նրան։
Բայց ո՞րտեղ։ Ո՞ր սատանայի դուռն էր գնացել կամ ո՞ր եդեմական դրախտը։ Երբեմն թվում էր, թե սխալ է եղել, երեխան ամենևին էլ չի ծնվել։ Իր ներսում զգում էր նրա խաղը։
Սառան մանկանը դրեց քարի վրա։ Ոտքի կանգնեց՝ իջեցրեց շրջազգեստի փեշերը։ Վստահ էր, որ հյուրանոցում, ուր վերադառնալու էին, մոծակներն ավելի շատ էին խայթելու։
Վերցրեց մանկանն ու դանդաղ քայլեց դեպի ավազանը՝ ընդհուպ մոտենալով եզրին։
Էդվարդը ճանապարհով իջնելով՝ տեսավ Սառային ավազանի եզրին՝ ձեռքերը գլխից վեր պահած։ Աստված իմ, նա պատրաստվում է ցատկել՝ մտածեց։ Ուզում էր ձայն տալ, ասել, որ կանգնի, բայց վախեցավ, թե կցնցի նրան։ Կարելի էր ետևից մոտենալ ու գրկել... բայց նա կարող էր լսել։ Ու մինչ Սառան կանգնած էր, նա այդպես տեղում սառել սպասում էր։ Սպասում էր Սառայի նետվելուն, իսկ հետո ինչ էր անելու։ Բայց նա աջ ձեռքը մի փոքր ետ տարավ և ինչ-որ բան նետեց ավազանը։ Հետո շրջվեց, մոտեցավ քարին, ուր Էդվարդը թողել էր նրան, և կռացավ։
- Սառա,– ասաց նա։
Սառան դեմքն առել էր ձեռքերի մեջ ու քարացել։ Ծնկեց, որպեսզի հավասարվի նրան։
- Ի՞նչ է պատահել, վա՞տ ես զգում։
Նա գլխով արեց։ Ափերով դեմքը ծածկած՝ լուռ ու անշարժ արտասվում էր։ Էդվարդը շփոթվել էր։ Սովորական Սառան, իր բոլոր կամակորություններով, կառավարելի էր։ Ինքը նրան կառավարելու բազմաթիվ ձևեր էր հայտնագործել։ Բայց այս մեկին պատրաստ չէր։ Նա միշտ կարողացել էր պահել իրեն։
- Լավ, գնացինք,– փորձելով թաքցնել հուզմունքը՝ ասաց Էդվարդը։– Մի բան կուտես ու քեզ ավելի լավ կզգաս։
Խոսելուն համընթաց մտածեց, թե ինչ հիմարություն էր ասածը, բայց առաջին անգամ ժպիտը հերթապահ չէր ու տոնը՝ ներողամիտ։
- Քեզ նման չես,– մեղավոր ասաց Էդվարդը՝ հույս ունենալով, որ այս վերջին փաստարկը կսթափեցնի, և նա դարձյալ կդառնա նախկին սառնարյուն Սառան։
Երբ Սառան ձեռքերը հեռացրեց դեմքից, Էդվարդի մարմնով սառը դող անցավ։ Համոզված էր, որ իր առջև ուրիշ դեմք էր լինելու, բոլորովին անծանոթ կնոջ դեմք, որին առաջներում երբեք չէր տեսել։Միգուցե ոչ մի դեմք էլ չէր լինելու։ Բայց իրականությունն ավելի վատթար էր. դա Սառան էր, ինչպես միշտ՝ իր նման։
Պայուսակից անձեռոցիկ հանեց ու մաքրեց քիթը։
«Այ, սա ես եմ»՝ մտածեց Սառան։ Ոտքի կանգնեց ու մի անգամ էլ ուղղեց փեշերը, հետո հավաքեց պայուսակն ու բացվող հովանոցը։
– Նարինջ եմ ուզում,– ասաց նա։ - Երբ գալիս էինք՝ տեսա, տոմսարկղի առջև վաճառում էին։ Գտա՞ր թռչունը։
թարգմանությունը՝ Լիլիթ Գալստյանի