Թորսթըն Օլե / Torsten Olle

Յոթերորդ զգայարան

Ես քեզ այնպես հաճույքով էի
նայում
երբ դու ծիծաղում էիր
մազերդ չորացնում 
մաքուր սավան գցում:

Ես այնպես հաճույքով էի
լսում,
երբ դու զարթուցիչն էիր դնում,
քնի մեջ շնչում
ու առավոտյան ցածրաձայն անիծում:

Ես քեզ այնքան հաճույքով էի
հոտոտում
ինչպես օրն էր քո-
վախը, ուրախությունը,
քրտինքը:

Ես այնպես հաճույքով էի 
համտեսում՝
լեզվով իմ
մաշկը քո շուրթերը
ցանկությանդ հետևում:

Ես քեզ այնպես հաճույքով էի
զգում,
ինչպես էիր դու
քեզ համահունչ
հավասարակշիռ ապրում:

Ես քեզ այնպես հաճույքով էի 
սիրում
բայց կար մի բան
որ հազիվ
մղում էր ինձ բանականության:

Հին երգ

Քեզ հետ ուզում եմ
լսել ձայնը անձրևի
կեչու մատղաշ տերևների մեջ
ու կաթիլները շուրթերից քո համբուրել:

Ուզում եմ քեզ մոտ լինել
երբ մոլորված ես:
Ծանր ծով: Նավը հատակին:
Երբ ջուրը կոկորդին է հասնում
ու չի լսվում որևէ ռադիոհաղորդագրություն:

Ուզում եմ պառկել կողքիդ
երբ շնչառությունը մեր հանդարտվի
երբ սիրենք իրար հպվենք իրար
մեջտեղում կյանքի:

Ուզում եմ քեզ մոտ լինել
երբ մոլորված ես:
Ծանր ծով: Նավը հատակին:
Երբ ջուրը կոկորդին է հասնում
ու չի լսվում որևէ ռադիոհաղորդագրություն:

Քո կողքին ուզում եմ ես
մեր սրտերի վրա ծիծաղել:
Քեզ հետ հանուն սիրո
ներում հայցել:

Ուզում եմ քեզ մոտ լինել
երբ մոլորված ես:
Ծանր ծով: Նավը հատակին:
Երբ ջուրը կոկորդին է հասնում
ու չի լսվում որևէ ռադիոհաղորդագրություն:

SMS

Ես չեմ գրում
ես չեմ կարդում
ես չեմ ապրում
ես սիրում եմ
քեզ

Փորի վրա

պառկած է կինը
ղունղունում է
ինչպես աղավնիներն են
երբեմն ղունղունում:

Մանուկն է ճկված
նրա մեջքին:

Ես նայում եմ դուրս
հեռու
հեռու ծովին:

Հավերժահարս

Միջօրեին նայում եմ ծովին,
եզրագծին հողի ու ջրի,
հազվադեպ են, իհարկե, Ֆրանսիայում կենդանիները:
Սեփական շղթաներն են կրում նեղ,
բրոնզե կմախքը շատ թեթև:
Թաց են մազերը գլխին
լողանալուց հետո ու բոլոր
որսորդները թախտերին.
հայացքն է նրանց արևահարվում
թավշե մորթուն:
Երեկոները լուսավոր ծիծաղ է հնչում:
Մեկը հավաքում է որսորդներին
ու սպանում նրանց արագ:

թարգմանությունը՝ Հերմինե Նավասարդյանի