Էդուարդ Հախվերդյան / Edward Hakhverdian

ԳՆՈՒՄ ԵՄ ԷՏՅՈՒԴԻ


Գնում եմ էտյուդի
Նկարում եմ երկինք
Ծառ
Սար 
Քար
Բայց նախքան նկարելը
Դառնում եմ երկինք
Ծառ
Սար
Քար
Ու խմում եմ ու խմում եմ
Որ չամաչեմ երկնքից
Ծառից
Սարից
Ու քարից

***
Գնում եմ էտյուդի
Բնությունը անառակ կնոջ նման
Գայթակղում է
Խմում եմ
Մերկանում եմ բնության գրկում
Եվ տևականորեն
Դվաճանում եմ կնոջս

***
Գնում եմ էտյուդի
Բայց նախքան նկարելը
Խմում եմ
Խմում եմ բնությունը
Խմում եմ ծիրանի օղին
Ու հետո
Երկինքը քսում եմ կտավիս
Ու հետո
Ծառը ու ծաղիկը քսում եմ կտավիս
Ու հետո
Պառկում եմ հողին
Ու դառնում եմ
Բնաքար

***
Գնում եմ էտյուդի
Փոշու նման մեղմ անձրևը
Տարածվել է օդում
Խճաքարերը կամաց կամաց թափանցում են
Խոտերի վրա ցողի է վերածվում անձրևի փոշին

Բարձրանում եմ բլուրները
Ափիս մեջ
Նուշի ցոգոլներ են

Նստում եմ ժայռաբեկորին
Խմում եմ ծիրանի օղի
Համտեսում նուշի ցոգոլները
Աչքերս դանդաղ փակվում են

Հիշում եմ Լուսիկին
Սև ակնոցով
Անձրևի տակ կանգնած
Ասացի
Անձրև է
Ինչու ես արևի ակնոց դրել
Ժպտաց
Ասաց ամաչում եմ

Անձրևի կաթիլները
Շողշողուն մարգարիտների պես
Սահում էին սև մազերի միջից
Թափվում էին պարանոցից
Մերկ ուսերին
Եվ իմ ծարավ հայացքի ուղեկցությամբ
Գլորվում էին
Երանելի անհայտ դաշտերը
Ասացի
Ուզում եմ անձրևի կաթիլ լինեմ
Քո մազերի մեջ ու ցած գլորվեմ

Եղիր ասաց

Խոսքն ու ծիծաղը լսեցի հեռվից
Երբ հրեղեն ճերմակ ձիու պես
Սլանում էր
Իմ երազների կանաչ դաշտերով

Ես անձրևի կաթիլ էի
Գլորվում էի Լուսիկի պարանոցից ներքև
Հևասպառ վեր էի մագլցում
Թրթռուն ճերմակ բլուրներից
Դեպի վարդաբույր
Պիրկ գագաթները
Հետո իջա
Ոսկեղեն հովիտները շուշանների
Գլորվեցի ավելի ներքև
Իսկ հետո ինչ-որ մացառուտներում
Մոլորվեցի 
Մնացի

Վեր կաց կսառես
Վեր կաց
Ես անձրևի կաթիլ եմ
Ասացի
Գնում եմ էտյուդի

***
Գնում եմ էտյուդի
Բայց նկարելու փոխարեն
Սկսում եմ գրել
Ծոցատետրս լցնում եմ պատահական տողերով
Ոչ մի կարգին տող
Որ համեմատվի
Այս շաղակրատ թռչնի
Ծլվլոցի հետ

***
Առաջին տողը չեմ գրում
Արդեն գիտեք որ
Գնում եմ էտյուդի

Թռչունները ծլվլում են
Մորեխները ցատկոտում են իմ ճանապարհին
Օձերին չեմ տեսնում
Հեռվում արածում են կովերը
Ցորենի դեղնականչավուն ծովը
Ծփում է
Ագռավներ չկան
Կողքից նայում եմ ինքս ինձ
Խաղողի այգիների
Ու ցորենի արտերի միջև ընկած ճանապարհով
Գնում է նկարիչը
Հեռվում ծիրանի այգիներն են
Եվ միայնակ
Հսկա փշատենին

Ժպտում եմ
Վան Գոգը չեմ
Գոգենը չեմ
Ոչ էլ խեղճ ու կրակ մի նկարիչ
Գնում եմ էտյուդի
Գնում եմ բնության հետ խմելու
Ես իրեն
Ինքը ինձ

***
Գնում եմ դտյուդի
Բնությունը հրճվանքի մեջ է
Ծառերը նազում են
Հազար ձեռքերով ինձ են կանչում
Ու ես կախարդված խաղամոլի պես
Նստում եմ խաղի

Վայրի մեծ կակաչները
Ախ են քաշում
Դեղին մանր ծաղիկները
Ինչ-որ բան են փսփսում
Մանուշակների ականջին

Բացում եմ էտյուդնիկս
Ներկապնակի վրա
Բազմագույն թիթեռնիկները
Համբերատար սպասում են
Սպիտակ կտավը
Նորահարսի պես
Իր կուսության տագնապի մեջ է
Հայացքս
Քննախույզ շրջում է աջ ու ձախ
Չեմ նկարում
Խմում եմ ծիրանի օղի
Մեկ 
Երկու
Երեք
Հետո համարձակ
Ասես գնում եմ մարտի
Վերցնում եմ վրձիններս

Բնությունը փռթկում է
Ձեռքը բերանին դրած ծիծաղում է
Հետո սկսում է անզուսպ ծիծաղել
Այնքան է ծիծաղում
Որ ի վերջո
Ուշաթափ ընկնում է կտավիս վրա