*
ես չշտապեցի քեզ տեսնելու,
երբ անգամ վերջացավ
վերջին հատ սիգարեթը,
ու դեռ անքնության
մի ամբողջ վեց ժամ կար
խշշում էր ծովի հին ռադիոն,
ափը դատարկ էր,
ու քեզնից բացի ոչ ոք չկար,
ում կարելի էր
փնտրել,
սպանել
ու ներողություն խնդրել
և այն, ինչ մնաց
երամներով հեռացող
երկու թև հագած օրերից հետո,
սենյակներն էին՝
բետոնե խորանարդները,
որ մեզ կուլ էին տալիս
անմիջապես դուռը փակելուց հետո,
պարանից ու այրունազեղումերից
շարած վզնոցները,
ու մենակությունը
երկու կաթլի պես
առաստաղից կախ դողացող մարմինների
սեղանին խշշում էր ռադիոն,
ճայերը կտցում էին մեր մարմինները,
մենք քարեր չէինք նետում նրանց վրա,
ու միս ու արյուն կար նրանց բերանում,
այնքան, որ կհերիքեր
մի ամբողջ բանաստեղծության
երակներ լցնել
արևածագին ափը խեղդվեց
շնչահեղձ խեցգետինների
աճապարանքի մեջ,
խեցգետինների,
որ մասնատում էին մեզ
կտոր առ կտոր,
տող առ տող
փրկելով ավազը
հնարավոր բանաստեղծությունից
հետո նրանց փոքրիկ կարմիր կմախքները
անհետացան ալիքներում՝
մեզ թողնելով սառնությունը
դիակիզարան սահող մարմինների,
ու գիշերը լուսացավ
առանց ծխախոտ,
առանց գլխացավ,
առանց քեզ