լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի |
Ագռավներ
- Ի՞նչ եղար,-դուռը
կիսաբաց անելով` հարցնում է.
-Գալիս եմ ,պապի°,-պատասխանում ու կացինը վերցնելով` դուրս եմ գալիս:
Իջնում ենք անհարթ ճանապարհով, պապս առջևից է գնում, շուրջբոլորը
ծաղկած ծիրանենիներ են:
-Թու,թու,թու,էս տարի լավ բերք է լինելու,-ծառերին
նայելով` ոգևորված ասում է,-բա, ես վաղը չեմ լինի, դու պիտի գաս,նայես,ջրես
ծառերը...
Ձայն չեմ հանում,նա շարունակ խոսում է,իջնում ենք:
-Սա° է,-մատնանշելով բարդին` ասում է, ու մոտենում ենք
ծառին,- միայն զգույշ,մի վնաս չտա°ս քեզ...,-
Պապս գնում է, նայում եմ բարդուն. հաստ չէ, բայց բարձր է. <<երկու ժամում
կվերջացնեմ>> մտածում ու սկսում եմ
կացնահարել:
Մեկ ժամ անցել է .<<մի քիչ հանգստանամ>>. նստում
եմ մի քարի ու վառում ծխախոտը:Նայում եմ
երկինք՝ ագռավները պտտվում,աղմկում են <<ինչ սկսել եմ, պտտվում են>>նկատում,սակայն
նշանակություն չտալով` վերջացնում եմ ծխելը ու շարունակում կտրել:Մի քանի հարվածից
հետո ուշադրությունս գրավում է ագռավը,որ իջնում ու կանգնում է քիչ հեռվում:Ոչ
այդքան մեծ ագռավ է. մի աչքը չկա, բարակ ոտքերը շարժելով մոտենում է, կռանում եմ,այնքան է մոտեցել,որ
ձեռքս երկարելու դեպքում կբռնեմ:Աշխատում եմ հնարավորինս անշարժ մնալ՝ չվախեցնելու
համար,նայում եմ դատարկ ակնախոռոչին:<<Երևի ձագ է>>մտածում եմ, ագռավը
մի քանի քայլ էլ է անում, հետո կանգնում,նայում աչքերիս և հանկարծակի
նետվելով դեպի ծխախոտատուփը,որ գետնին էի թողել, վերցնում է ու թռչում:
<<Փաստորեն ճիշտ է >>,-հիշելով,որ պապս միշտ
ասում է,թե ագռավները գող են ու արդեն որերորդ օճառն են գողացել իրենից, ժպիտը
դեմքիս հետևում եմ ագռավի թռիչքին:Նա բարձրանում, ճարպիկ շարժումով անհայտանում է
բարդու ճյուղերի մեջ,հետո շատ չանցած նորից հայտվում օդում:Հայացքիցս չի վրիպում ծխախոտատուփի
բացակայությունը, << տարավ բույնը >> նկատելով,որ ծառի
միջնամասում բույն է հյուսված` ասում եմ
քթիս տակ ու ոգևորությամբ շարունակում կացնահարել,ասես պատժում եմ փոքրիկ գողին...
Ծառը ճարճատյունով տապալվում է:Անհամբեր մոտենում
եմ՝գտնելու բույնը,հետաքրքիր է՝ տուփը արդյո՞ք այնտեղ է...<<Գուցե
հարձակվեն>>անցնում է մտքովս,նայում եմ երկինք. ոչ մի ագռավ չկա,սկսում եմ
ուսումնասիրել բույնը:Հայելու կտորներից ու այլ մանր-մունր անպիտան իրերից բացի
ոչինչ չկա, հանկարծ շղթա հիշեցնող ինչ-որ բան է երևում: Զգուշությամբ քաշում
եմ,իրոք շղթա է,արծաթագույն շղթա՝ վրան էլ ոսկեգույն կոպեկի նման կլոր...
-Բախտ եմ ասել, է՜,-թաշկինակով տրորելով գտածոն`
ոգևորված ասում եմ,-տեսնես ոսկի՞ է:
Կլոր զարդի վրա փորագրված է<<Արամ>> նայում
եմ, փորձում մտապատկերումս ստեղծել նրա կերպարը,պատկերացնել՝ինչպիսին եղած կլինի
դեմքը վզնոցի բացակայությունը նկատելիս ...<<Գող են, էլի,գող >> ժպիտը
դեմքիս մտածում ու նայում եմ երկինք,նորից ոչինչ...
Վզնոցը գցելով գրպանս,վերցնում եմ կացինն ու
հեռանում:Պապիս ոչինչ չեմ ասում ,մտնելով տնակ`արագ փոխում եմ հագուստս ու շտապում
կայարան:Գնացքում՝ամբողջ ճանապարհին մտածում եմ վզնոցի մասին,փորձում կռահել՝ինչ
կարժենա...
-Մա°մ,-մտնելով տուն բղավում եմ,անցնում սենյակից
սենյակ,<<երևի խանութ է գնացել>>մտածում ու պառկելով բազմոցին` սկսում
եմ խաղալ վզնոցի հետ:Գցում եմ վիզս,շուռումուռ տալիս,անընդհատ նայում եմ
գրությանը... շուտով հոգնում եմ ,կոպերս ավելի ու ավելի են ծանրանում...
-Լռությու°ն...,- լսվում է ձայնը.
- Լռություն պահպանե°ք,- մուրճը մի
քանի անգամ հարվածելով սեղանին` նորից բղավում է մեջտեղի ագռավը,-
- Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,-նայելով իմ կողմը` հարցնում
է.
Նայում եմ
շուրջս՝ մեծ դահլիճ է,ամենուր ագռավներ...
-Ամբաստանյա°լ, ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,- կրկնում է.
Ձայն չեմ հանում,շարունակ կողքերս եմ նայում:
-Դատարանը հեռանում է վճիռ կայացնելու,-լռությունիցս
զայրացած` բղավում է մեջտեղի ագռավը ու երեքով հեռանում են:
Դահլիճում աղմուկ է բարձրանում,բոլոր ագռավները իրար
հրելով մոտենում են ճաղերին,հետին շարքինները ցատկոտում են գոնե մեկ
հայացք գցելու համար...
-Գրազ կգամ` երկու րոպե հազիվ ձգի,-ճաղերի մոտ կանգնած
ագռավներից մեկը ասում է կողքինին:
-Նախորդին էլ էիր նույնը ասում,-արհամարհական
պատասխանում է կողքինը...
Հանկարծ լսվում է մուրճի մի քանի հարված ու բոլորը
ակնթարթորեն հեռանալով ճաղերից՝գրավում են նախկին տեղերը:Երեք ագռավները նորից
նստարանի հետևում են.
-Կառ,կառ...-ինչ-որ թղթի նայելով`սկսում է մեջտեղինը.
Ոչինչ չեմ հասկանում, շուրջս եմ նայում,ասես փնտրում եմ
մեկին,ով կմեկնի՝ ինչ է կարդում...
-Դատապարտել մահապատժի° ,-ավարտելով
երկար ճառը ասում է, ու բոլոր ագռավները իմ կողմ են նայում:
-Ի՞նչ,-շփոթված հարցնում եմ,թվում է սխալ լսեցի,սակայն
մահապատիժ բառը դեռ հնչում է ականջներումս,-չեմ հասկանում,ի՞նչ եք ուզում ինձնից,-
- Վճիռը բեկման ենթակա չէ°,-անկիրք
պատասխանում է,-ի կատար ածել:
Չեմ հասցնում ձայն հանել,ագռավները աղմուկով նետվում են
դեպի ինձ,հաջորդ պահին արդեն կանգնած եմ դահլիճի կենտրոնում՝աթոռի վրա,ձեռքերս
կապված են:Ագռավները շրջանի մեջ են առել,սպասում են...Հանկարծ նրանցից մեկը
թռչելով դեպի առաստաղ՝ ուղիղ գլխիս վերևում ամրացնում է ծայրը օղ արած պարանը.
- Ի՞նչի համար,-հասկանալով,որ պատրաստվում են ինձ կախաղան
հանել՝ սարսափած բղավում եմ,- ի՞նչ եմ արել:
-Վերջին ցանկությու°նդ,-թիկունքից
լսում եմ ու մեկը օղը անցկացնում է վիզս.
-Ախր ի՞նչ եմ արել...,-բղավում եմ անզորությունից .
-Վերջին ցանկությու°նդ,-կրկնում է
ձայնը.
Փորձում եմ տեսնել՝ով է թիկունքումս,չի ստացվում...
-Ծխել եմ ուզում,-համոզված լինելով,որ ագռավները չեն
ծխում,ասում եմ՝ փորձելով անախորժ վիճակի մեջ գցել նրանց:
<<Ստացվեց>>մտածում եմ՝նկատելով,որ շփոթված
իրար են նայում ու ոչ-ոք տեղից չի շարժվում:
-Փոքրիկ գո°ղ ,դու ե՞ս,-տեսնելով միաչքանի
ագռավին,որը ճեղքելով շրջանը դեպի ինձ է շտապում , ուրախ բղավում եմ,ասես վաղեմի
ծանոթի եմ հանդիպել,ասես փրկված եմ...
-Գողը ե՞ս եմ,թե դու,-թռչելով ուսիս` արհամարհական ասում
է ու բերանիս մոտեցնելով բաց ծխախոտատուփը` ավելացնում,-վզնոցը,որ չգողանայիր այս
օրը չէիր ընկնի,դե հիմա մեռիր:
-Չէ...,-նկատելով ծխախոտատուփը, իմ ծխախոտատուփը՝ բղավում
եմ,փորձում ազատվել :
Ինչ-որ մեկը հարվածում է աթոռին, անտանելի ցավ եմ զգում պարանոցի
շրջանում,մարմինս ճոճվում է օդում,ագռավները մոտեցել,ագահ հայացքով նայում են,ասես
վախենում են աչքերը թարթել,որ չկորցնեն և ոչ մի ակնթարթ :
-Ասում էի չէ՞ երկու րոպե հազիվ ձգի,հիմա ուշքը կգնա-լսում
եմ.
Արցունքը լցվել է աչքերս, լավ չեմ տեսնում,շունչս
կտրվում է, սկսում է մթնել...հեռվից ինչ-որ մեկը անունս է տալիս,ձայնը ավելի ու
ավելի է մոտենում, ծանոթ ձայն է...
-Մա՜մ,-խորը շունչ քաշելով բղավում ու աչքերս բացում եմ:
Տանն եմ՝բազմոցին,ագահաբար օդ եմ կլանում, մայրս վախեցած
ինձ է նայում,արտասվում է...
-Ի՞նչ է եղել,- հարցնում եմ,-մա°մ ի՞նչ է եղել:
-Փաթաթվել էր...փաթաթվել էր վզիդ, խեղդում էր,-ցույց
տալով գետնին ընկած վզնոցը հեծկլտում է,-հազիվ պոկեցի...
Ելնում ու շտապում եմ միջանցք, գլուխս պտտվում է, ինձ
թույլ եմ զգում, նայում եմ հայելուն՝վզիս շղթայի հետքն է տպված,տեղ-տեղ արյուն
է...Մայրս շարունակ ինձ է նայում ու արտասվում,աչքերում անսահման վախ կա...