Աշոտ Գաբրիելյան / Ashot Gabrielyan

















***
Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ,
Ու մերկացած բառերդ քեզ հետ տարար,
Որ քեզ արտասվելու ժամանակ լինի...

Ծիածանից այն կողմ իմ գույներն են քո աչքերի մեջ.
Մեզ իրար կապող բոլոր կամարները
Աշխարհից այն կողմ են...


***
Երբ քունս տանի,
Կշարունակես իմ կիսատ մտքերն ու երազները՝
Չթողնես սահմանին մնան,
Թե չէ նորից տխուր կարթնանամ
Ու ամբողջ օրը աչքերիդ չեմ նայի...

Եթե քնով ընկնեմ,
Ինձ ավելի հեռու տար.
Եվ եթե հեռվից չվերադառնամ,
Աչքերս չփակես,
Որովհետև նրանք դեռ երկար երազելու են
Քո հավերժ կիսատ արցունքները...


***
Չեմ գրում՝
Քեզ եմ տեղավորում ասված տողերի մեջ,
Եվ խոսքս դառնում է չլսված պատմություն...

Սիրո մասին այլևս չեմ գրում,
Գրում եմ հանուն սիրո...

Նկատել եմ արցունքներ թաքցրած աչքերդ,
Որոնք իմ սրտում են արտասվում...

Սիրուց պոկվելը
Նման է կիսատ բանաստեղծության,
Որը ոչինչ չարժե,
Բացի նրանում եղած
ՍԵՐ բառից...

Ես այլևս չեմ գրում սիրո մասին...
Ներիր,
Չեմ գրում, քանզի անավարտ է մնում,
Չեմ գրում, որ սերը չավարտվի...


***
Ես միշտ խոսել եմ քեզ հետ.
Դու չկաս...

Սերը եղունգների տակ է,
Որոնք պատսպարում եմ հայացքներից
Ու սրբորեն հավատում
Իմ երազներին...

Ես միշտ լիաբառ եմ խոսում քեզ հետ,
Երբ չես մերկացել...


***
Ամեն օր իմ կողոսկրից
Նույն աղջիկն է պոկվում,
Որպեսզի չզգա
Իմ դավաճանության սարսուռը...


***
Ես կրում եմ շրշյունը
Մեր սավանի,
Ճմրթված ամպեր են
Ազդրերիս վրա...

Հստակությունը
Չի ամբողջանում...


***
Մոռացա դիակդ այրել,
Որպիսզի չհանդգնեմ լիզել այն...

Կիսատ տողերի արանքից
Քո պաղ աչքերն եմ հանում
Սիրուց ծանրացած աչքերով
Եվ խոնարհվում եմ...

Կրակիցդ մոխրացած մարմինս է
Ոտքերիդ տակ...


***
Քեզանից հետո
Կիսատ ճանապարհներն են գծագրում իմ հետագիծը,
Ես միշտ վերադարձել եմ
Քեզ հետ անցած ճանապարհը կրկնելու հույսով...