Apple Rejete1
<<Սանտե>>բանտի
բակը2
Սա շեղբի կանխազգացումը չէ,
որ կանջատի ինձ ինձնից,
և ոչ վստահություն նրանում,
որ հետո կլինի ոչ այնպես,
ինչպես մենք ենք պատկերացնում:
Թող կատարվի այն անմենը,
ինչ պետք է կատարվի, և բավական
է:
Սակայն,
թող բոլոր մարդիկ քնեն այս ժամին,
իսկ խուլ պատերով շրջապատված բակը
արշալույսին կգան միայն հանդիսատեսները՝
արյան ծարավ,
և
նրանց ձայները կխլացնեն աղմուկը իմ արյան,
թող իսկապես չլինի ո՛չ մարդը,
ո՛չ ծառը,
ո՛չ էլ՝ արևը պատուհանում,
որովհետև պատուհան չի լինի,
թող ամեն ինչ կատարվի խավարում անաչք,
թող բոլոր մարդիկ քնեն խաղաղ,
երբ նրանց մի մասնկիկը անջատում են իրենցից:
Ո՛չ, ո՛չ,
մահապատժի զգացում չէ դա և ոչ էլ՝ մահվան սարսափի,
որ կքայքայի նյարդերը իմ,
ինչպես գոտիները, որոնցով ես կապված կլինեմ.
կանխազգացում չէ ակնթարթի՝
հավերժություն թվացող,
թե կիջնի գիլյոտինի եռանկյուն դանակը,
ոչ հույսի, թե կարող է
պատահել՝
ամեն ինչ անավարտ կմնա հետո.
ո՛չ, ո՛չ էլ ճիչը,
որ ակամա պատռում է բերանն իմ:
Ես մտածում եմ թմբուկների,
հանրային մահապատժի մասին,
և այն մասին,
թե ինչպես կանցնեմ երկու մոխրագույն շարքերի միջով՝
իմ արյանը ծարավ,
իմ անունն անիծող,
խելագար-աչքերի և
եղունգ-գայլերի մասին,
և՛ մարդկանց մասին, և՛ արևի,
որ չհոգնող հանդիսատես է տարբեր տեսարանների,
և ինչ-որ մեկի՝
հերոս դառնալու հնարավորության մասին,
և ուզում եմ հավատալ, որ
ահա այս փակ պատուհանից այն կողմ
ինչ-որ մեկը աղոթում է
կամ արտասվում,
և
այդ ինչ-որ մեկի հետ ամբողջացած եմ,
զոհ եմ մյուս զոհերի հետ,
և բաժանված եմ հազարավոր կտորների:
Ո՛չ, այդ իմ մահվան ժամը չէ՛,
դեռ պարանոցս մերկացած չէ դահճի առաջ:
Աստվածները
Աստվածները քայլում են մեր աշխարհով՝
գարշանքով բարձրացնելով փեշերը իրենց:
Կատուների քայքայվող դիակների կողքով,
տրորված որդերի կողքով,
նրանք անցնում են իրենց սանդալներով՝
խոնավ՝ ժամանակի թքից:
Նրանք արդեն չեն ապրում երկինքներում՝
տանջանքներից գահավիժած մեղավոր երկրի,
նրանք քայլումեն՝
տանջված ծանր երազից
և ճահճային տիղմից,
կանգ են առնում,
հաշվում են իրենց մեռելներին,
շներին՝
դուրս գցած լեզուներով,
և զգուշորեն ու ագահաբար
նայում են դեպի անդունդը,
ուր կռվում են առնետները միմիյանց հետ՝
դրոշակների պատառների համար:
Խոսե՛ք, դուք ունեք երեք րոպե
Ես քաղեցի ծաղիկը,
որ գոնե մի ակնթարթ
զգամ քեզ իմ ձեռքում,
խմեցի մի շիշ բոժոլե,3
որ նայեմ ջրհորի մեջ,
ուր անշնորհք կաքավում է Մայր Արջը՝ Լուսինը,
և ահա՝ տուն եմ դարձել,
լամպի ոսկեգույն կիսախավարում հանում եմ մաշկս՝
որպես բաճկոն,
ես չափազանց լավ գիտեմ,
որ միայնակ կլինեմ
նույնիսկ աշխարհի այս ամենամարդաշատ քաղաքում:
Դու ինձ կներես բողոքներիս համար,
երբ իմանաս, որ այստեղ ցուրտ է,
և անձևի կաթիլները
ընկնում են սուրճիս բաժակի մեջ,
և խոնավությունը սողում է
ամենուր՝ բորբոսնած թաթերով:
Կներես առավել, երբ իմանաս,
որ ես մտածում եմ քո մասին մշտապես,
ես՝ ինչպես լարված խաղալիք,
ես՝ ինչպես տենդի դող
կամ խեղկատակ, որ շոյում է
թակարդն ընկած աղավնուն,
և զգում՝
որքան քնքուշ են իրար հյուսում
մատերն ու փետուրները:
Հավատում եմ՝ դու գիտես,
որ ես զգում եմ ներկայությունը քո.
դու պոկեցիր գուցե այն նույն ծաղիկը,
որ ես էի պոկել,
իսկ հիմա վերադարձել ես տուն,
այո՛, այդպես է,
և մենք արդեն մենակ չենք՝
միասնական փետուր,
միասնական թերթիկ…
Թախանձում եմ
Ինձ հանգիստ մի՛տուր, ինձ մի՛
ներիր երբեք:
Հետապնդի՛ր ինձ աննահանջ, ինչ՝
իմ մեջ:
Մի՛ թող քնեմ, հանգիստ մի՛
տուր:
Այն ժամ կնվաճեմ թագավորություն նիմ,
այն ժամ լույսաշխարհ կգամ:
Մի՛ լսիր ինձ,
ինչպես թեթև երաժշտությունն են լսում,
ո՛չ քնքշանք, ո՛չ մեղմություն պետք չեն:
Ստացի՛ր ինձ,
ինչպես կայծքարից կայծ են ստանում, հույսից զրկի՛ր:
Պահպանի՛ր սերը մարդկային,
ժպիտը: Տուր ինձ դրանք:
Ե՛կ՝ սառցե քո աչքերում՝
զայրութ:
Ճչա՛: Լցրու՛ կոկորդս ավազով,
պատռի՛ր շուրթերս:
Եվ թող չճանաչեմ քեզ արևի լույսի տակ,
բայց վստահ լինեմ՝
չես թաքցնի աչքերդ ո՛չ մարդկանցից, ո՛չ արևից:
Տանջի՛ր:
Ես խնդրում եմ…
խնդրում եմ այն մասին,
ինչի մասին չի խնդրում ոչ ոք
մինչ ոսկրերս խրի՛ր ասեղներդ:
Պոկի՛ր ինձնից այս դեմքը,
ստիպի՛ր ճչալ անունն իմ իսկական:
Ժամանակի ընթացքը
Ինձ դուրս են մղում շրջանի կենտրոնից,
իմ հոգին տանջում են,
տենդ՝ անկրակ, մետաղադրամ՝չնշելով նրա արժեքը,
և դատարկ կոշիկներ՝
տրամվայներում:
Ի՜նչ ուրախություն ինձ համար,
որ երկնայինը հասանելի դարձավ բոլորին,
քանզի, չլինելով անշնորհակալ,
չես դառնա երջանիկ,
և
կիրակին չի հաջորդի երեքշաբթի օրվան:
Հարցեր, պատասխաններ,
ծրար՝
կուբայական դրոշմանիշով,
և
որքան լավիկն էր դաշնակահարուհին՝
բարեգործական երեկոյին,
Մայիսյան հրապարակում4 կինը պաստեղ էր վաճառում,
տե՛ս՝ օրը բավականաչափ հաջող
է:
Ենթարկվի՛ր, քաղաքացի՛,
հայրենակի՛ց:
Մասնակիցի՛ր քվեարկությանը,
չէ՞ որ ամպիկները թռչում են,
իսկ թռչունները՝ երգում,
խորհիր մի քիչ՝ չէ՞
որ սա մեղր չէ, փսխվածք է,
և շունը փսխվածը լափում է,
իսկ մեզ ի՞նչ կտան ճաշին,
խորհիր մի քիչ՝ բերանդ բացած:
Ամեն ինչից զզվել եմ,
և աճում է անընդհատ զզվանքս,
ինչպես ջերմաստիճանը հիվանդի,
բայց ահա պատեհ առիթ է,
և ես ուզում եմ տեսնել քեզ:
Քաղաքացի՛, հայրենակի՛ց,
ի՞նչ գույն ուներ Սան Մարտինի
ճերմակ նժույգը:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.
Apple Rejete-Բողոքարկումը մերժավծ է:
2.
<<Սանտե>>-բանտ փարիզում
3. Բոժոլե-ֆրանսիական գինի
4. Մայիսյան հրապարակ-
(Plasa-del-Mayo)-հրապարակ Բուենոս Այրեսի կենտրոնում, որը այդպես կոչվել է 1810թ.-ի
Մայիսյան հեղափոխությունից հետո: Մայիսի 25-ը ազգային տոն է Արգենտինայում: