Արփի Ոսկանյան / Arpi Voskanyan

բանաստեղծությունները՝ Արփի Ոսկանյանի <<Անտերուդուս>> գրքից
Երևան 2010
















ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Ես կավ եմ՝ անձև զանգված,
հլու անձրևին, արևին, քամուն, մատերին,
ամեն ոք կարող է վրաս թողնել իր ոտնահետքը,
ժամանակն այն անպայման կլվանա,
վերցրու ու ծեփիր ինձնից քո
դժբախտությանը:

ԱՆՀՆԱՐ

Ես պատմում էի նրան իմ սիրո մասին՝
                                                 շփոթված, հևասպառ,
ինչպես կապավորը՝ այլմոլորակայինների հետ
                                                 ունեցած իր հանդիպման,
նա լսում էր ինձ ու ժպտում՝
                                                թերահավատ, ներողամիտ,
մանանեխի հատիկի չափ հավատ
                                                չունեցող մարդկանց նման՝
աչքերը լայն փակած իրականության դեմ,
                                                որում իրենք անհնար են:

ԱՆՏԵՐՈՒԴՈՒՍ

Հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
ապրում է վարձով,
ծերը ծերին հասցնելով, մի կերպ,
անընդհատ վտարման սպառնալիքի տակ,
խուսափելով տան տիրոջ հետ հանդիպումներից
և անհամբեր սպասելով նրա այցին,
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
իրեն պահում է տնվորի պես.
մեխեր է խփում պատերին,
աղմկում, դեբոշներ սարքում,
քայլում վարագույրների վրայով,
չանգռտում կահույքը,
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ,
որ ընդունում է հոգուս չափերը,
իսկ ես մեծահոգի եմ ու լայնախոհ.
ինձ չի հաջողվում գտնել իմ տեղն աշխարհում
և հարմար դիրք բազմոցի վրա,
ինչ-որ տեղ ինչ-որ բան ցավում է՝
հիվանդ հոգիս հիվանդ մարմնիս մեջ
փակվել է տանտիրոջը հանդիպելու ահից,
սպասում է անակնկալ այցի՝
երազելով վռնդվել տնից ավեր,
վաղուց կարոտ կապիտալ վերանորոգման
և սեփական ճիրաններով բզկտված,
հոգնած, քանդուքարափ մարմինն այս
հանձնել մեկի, ինչպես մայր հողին:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐԵԼՈՒ ԴԱՍԸՆԹԱՑ


Սկզբում ցորեն ցանիր,
կարևոր է, որ ժողովուրդը սովից չմեռնի,
կարևոր է նաև, որ կուշտ լինի,
թե չէ ո՞վ կաշխատի դաշտում,
քարհանքերում ու շինարարության վրա:
Ապա գիշերային ակումբ ու խաղատուն կառուցիր,
որ նաև զվարճանք լինի ու
վաստակը քամուն տալու տեղ:
Պատվիրիր սիրել զմիմիանս ու բազմանալ,
բարգավաճման համար աշխատուժ է պետք,
ինչպես և կանոնավոր բանակ
սահմանները պաշտպանելու համար,
հարմար առիթի դեպքում՝ ընդարձակելու:
Չմոռանաս եկեղեցի կառուցել,
որ ժողովրդին ահուսարսափի
և հնազանդության մեջ պահի
և խանձարուրում խեղդի ամեն ընվզում,
որ սեր քարոզի աշխատանքի հանդեպ
և չափավորություն սննդի ու սիրո մեջ,
որ պսակի մարդկանց ու օրհնի միությունը
և առանձնացումն ու մենակությունը նզովի,
քանզի մենակ մարդը մտածում է ու նրանցից
ոչ մի օգուտ չկա, այլ միայն վտանգ:
Նույն այդ նպատակով ուշ դարձրու կրթությանը.
մարդուն պետք է հիմարացնել վաղ մանկությունից:
Գիտությանը փող հատկացրու,
խոսիր մշակույթի կարևորության մասին,
բայց գրողներին, նկարիչներին
ու այլևայլ թափթփուկներին երես մի տուր.
առ մրցանակով, մի քիչ փողով, պստիկ փառքով,
պանթեոնում հողհատկացման խոստումով:
Ծաղրածուներին, աճպարարներին,
ծիծաղելի ատրաքինով մարդկանց
և հատկապես նրանց, որ օժտված են
լավ խոսելու և ոչինչ չասելու ունակությամբ,
քշիր ընդիմադիր դաշտ,
որ զվարճացնեն ժողովրդին
և չկարողանան արդարացնել հույսերը:
Ինքդ քեզ ընդիմություն դարձիր,
խոսիր ժողովրդավարությունից, մարդու
իրավունքներից, խոսքի ու խղճի ազատությունից:
Գերտերությունների աչքին թոզ փչիր
ու պարտքեր վերցրու գույքի դիմաց:
Իսկ երբ վերջապես կայունություն հաստատվի,
ուրեմն իսկական ժամանակն է պատերազմի,
պետական գանձարանն ու սեփական
գրպանները թեթևակի ծանրացնելու:
Մտավորականներին քշիր միտինգի,
թող հայրենասիրական ճառեր ասեն,
թարմացնեն ապուպապերի մահվան վրեժը,
արթնացնեն ազգային արժանապատվությունը:
Թող եկեղեցին սրբացնի մարդասպաններին,
<<մահ իմացյալ անմահություն է>> քարոզի,
<<մահ կամ ազատություն>> ու նման բաներ:
Հեռուստատեսությամբ կռիվ-կինոներ ցուցադիր
բռնության արյունոտ տեսարաններով:
Հիշիր՝ պատերազմը պետության համար
նույնն է, ինչ մուլտֆիլմը մանկան
ու <<PLAYBOY>>ը՝ պզուկոտ պատանու.
առանց դրա այս հիմար խաղը
ոչ մի իմաստ չունի:


















ՀԻՆ-ԲԱՐԻ ՀՅՈՒՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ՝
ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ՈՒ ԱՄԵՆԵՎԻՆ ՈՉ ԱՆՎՏԱՆԳ

Սկզբում սերն է գալիս,
հետևից՝ ավել, ժավել, լուգա, լողակ
ու մաքրության այլ պարագաներ վաճառողները,
հետո հարևանուհին է գալիս՝ սուրճ խմելու,
լույսի, ջրի ու գազի մարդիկ իրար հետևից,
մուրացկաններ՝ օժտվածության տարբեր աստիճաններով,
անկապ երեխաներ են գալիս,
ծնողներ՝ որտեղից որտեղ,
հանկարծ սկսում է ճաշի հոտ ու լացի ձայն գալ,
ապա լացն ինքը,
ծիծաղը լացի վրա,
հետո՝ հարբեցող ընկերներ,
արաղի հոտ առած հիսուն տարին,
բոբոների դերակատարներ ճերմակ տենդի համար,
գոդոների գործակալներ՝
փրկության տարբեր պրոյեկտներով,
վերջապես հնձվորներ են գալիս
ու հնձում եղած-չեղածը:

Այ սենց՝
սխալվեցիր, դուռը բացեցիր՝ քաքն ընկար:

ԱՌԱԿ ԱՆԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սերմնացանը հողին սերմ է պահ տալիս,
կատուն՝ կաղնք,
շունը՝ ոսկոր,
թաղման թափորը՝ դի:

Չնայած առակին վայել հագուկապին՝
այս բանաստեղծությունը ոչնչի չի հանգում,
առավել ևս՝ ճշմարտությանը,
այն կատարելապես անիմաստ է: