Մանե Գրիգորյան / Maneh Grigoryan


խոցված թռչունների երկինքը



Ժաննա դ'Արկ


մարմինդ հում-հում տվեցիր կրակին,
քեզնից վախեցավ Կարլը՝ քո թագավորը,
քեզ ուրացավ Կարլը՝ քո արքան


վհուկ աղջիկ,
որ ոչ մի թուրմ չգտար
քեզ սպանելու համար

խոցված թռչուն Ժաննա,
որ ձայների մեջ չլսեցիր ձայնը քո,
աչքերիդ մեջ մի-մի թուր խրեցին,
լերդացած արյունը կախվեց կոպերիցդ,
արյունը ծանր ու անբառ թվաց

դահիճի ձեռքը չհասավ,
չոլորեց վիզդ,
աղաղակդ օդում կրակված փամփուշտ թվաց,
հոլի պես չպտտեցրեց մեռնող գլուխդ
ուսերիդ, որոնք նվազ էին քեզ համար

ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու դ'Արկ,
ինչ պարզ էր հայացքդ լճի պես,
որտեղ խեղդվեց մանուկ Ժաննան,
հորդ ու մորդ աչքերի մեջ,
որտեղ խեղդվեց աղջիկ Ժաննան՝
բարի աղջիկ դ'Արկը,
որ ձեռքերից փշեր էր հանում,
կրակ դառնում դեկտեմբերյան օրերին,
երբ արևը սպանվում էր
դաշտերում ու անտառներում,
ախոռում ու տանը

ու հորդ ձայնի ներքո,
օր օրի վրա, ժամ ժամից հետո
մեռնում էիր դու.
ինչ հիվանդ աղջիկ էիր դու Ժաննա

դու կորցրեցիր հնարավորությունը
դառնալու մայր նման մորդ,
կողքիդ կլիներ տղամարդը քո՝
կացնահարված փայտի պես կիսատ քեզ համար,
կողքիդ կլինեին երեխաները քո՝
գաճաճ թփերի պես փոքր քեզ համար

դու ընտրեցիր տղամարդկանց քո բաժինը՝
մռնչացող արուներ,
որ զգում էին
պոեզիան մեռնող մարդու պարտությունն է,
ու նրա չտեսած օրերը ռթիմն էին քո,
որ բարձրանում ու ծածկում էին ականջներդ

ու դու գեղեցիկ ու պարտված տղամարդ էիր,
Ժաննա,
ում մարմինը կերան դանդաղ
աստիճանաբար նոսրացող ամբոխի մեջ,
ծափերի ու լացի ներքո

ի վերջո սա հիանալի խաղացված
գործողություն է .
շնչասպառ դողացող ձայնդ
մի վերջին անգամ տարածվեց օդում,
բառերդ գլորվեցին ու գոլորշիացան

հանուն Ֆրանսիայի, Ժաննա,
հանուն քո թագավոր Կարլի,
որ կուլիսների ետևում համբուրում է
Ագնեսի ձեռքը,
և աստիճանաբար լղոզվում է պատկերը
մեռնող կույսի

երեկոն հանդարտվում է Ֆրանսիայում,
օ, ինչ գեղեցիկ,
ինչ գեղեցիկ տղամարդ էիր դու, Ժաննա

***

ես խաղում եմ, Արթուր թագավոր,
չգիտեմ՝ կհաղթահարես խաղը ու խաղից հետո
ում կսիրես

թագավորների մեջ ամենաթագավոր,
որ թիթեղե մատները սահեցնում է
մարմնիս երկայնքով
ու շերտ առ շերտ,
բարակ-բարակ մաշկս մնում է
ձեռքերիդ տակ

Արթուր թագավոր, ես քո թագը կուլ կտամ
ու վրայիցդ պատռելով շորերդ՝
կգոռամ՝ ալելուիա, ալելուիա,
թագավորը մերկ է

ես սիրում եմ քեզ,Արթուր, սիրելիս
ու հասկանում, որ քեզ չսիրող
միաչքանի կռունկները
ինձ մի օր հեռու կտանեն

աչքերի փոխարեն կոճակներ կլինեն,
չենք տեսնի,
ականջների փոխարեն՝ խեցիներ,
չենք լսի

դու,Արթուր, թագավոր կդառնաս

ոտքդ առաջ մեկնիր
իմ վախկոտ արքա,
ոտքդ դիր հատակին ու շան պես հաչա
ծառաներիդ ետևից

թող ոռնոցդ ցնցի ամրոցդ,
թող ոռնոցդ քեզ գայլ դարձնի

դղյակդ պատեր չունի

իմ տղամարդը Արթուր արքան է,
որին քարկոծում են երեխաները,
և ես ամեն անգամ ուղղում եմ թագդ,
շորերիդ վրայից դեղին փոշի է թափվում,
ժանգ է,Արթուր, ժանգ, իմ արքա

Արթուր թագավոր՝
թագավոր բոլոր թագավորների,
հողը փախչում է,
դղյակը ավազ առ ավազ ծորում,
թագդ կուլ տվեցին գայլերը

դու ոչինչ չունես կորցնելու,
ոտքդ առաջ դիր, արքա,
ոտքդ, որ էլ չկա

Հորս


մեռիր, տղամարդ,
քո գոյությունը պատռած երակի
պատմություն ունի,
զգում ես մանրիկ քայլերը ձմռան,
թաց մազերով կինդ կգրկի քեզ,
ձյունը կավլի, կտանի մարմինդ,
աչքերդ սառած կլինեն,
կժպտաս, ինչպես երբեք

մաշկդ կզգա ծանրությունը հեռացումի,
ոտքերդ կապտած ու ծանր կլինեն,
աչքերդ՝ ձյան պես սպիտակ

կինդ մարմինը, ինչպես դաշտ,
կփռի վրադ,
շուրթերը թաց ու երկչոտ կլինեն,
դողացող մատը  կսահեցնի
որովայնիդ վրայով,
մատը ասեղ կլինի

կինդ համառորեն չի հեռանա,
կփորձի մեղմ սիրել քեզ,
մեղմ համբուրել աչքերդ,
քթի ծայրով կբարձրացնի կոպերդ,
քիթը թաց ու ծակող կլինի,
նա կփորձի ուսերին քեզ դնել,
փահլևանի պես ճոճվելով կքայլեք,
պարանը բարակ ու կտրված կլինի

նա չի հանձնվի,
քեզ կհենի պատին,
կթվա՝ ժայռ ես,
մինչդեռ սովորական ավազի պես
դանդաղ կծորաս  ոտքերի մոտ,
սկզբում կծալվեն մեծ ու ուռած ոտքերդ,
ձեռքերդ անզոր կգրկեն սենյակը,
կինդ խաչի պես կտարածվի գետնին,
հուսահատ ու հոգնած կշշնջա.
-այ մարդ, հերիք է, հոգնեցի

նրան կթվա՝ Հիսուսը դու ես,
նա կդադարի քո խաչը լինել

մի պահ կշփոթվես,
սառցի պես ապակե աչքերդ
կսկսեն հալվել,
կուրծքդ աննկատ վերև կբարձրանա

խշշշշշշշշշշ
նրան կթվա՝ ծովն է,
կբարձրացնի աչքերը,
կզգաս հայացքի կորուստը

նա կփակի ականջները,
կնայի ձյան պես սպիտակ բիբերիդ,
նա չի հավատա,
որ այս դին լացել գիտի

շշշշշշշշշ, կամաց,-կասի մայրս,
ու ես կհասկանամ՝
մի սենյակ այն կողմ հայրս էլ չկա



Կալասին


սիրտս բաց է, Կալաս,
աշխարհ եկող թռչնի երազով
հավատում եմ կապույտի անմահությանը,
սպանիր երկինքը,
թե չէ քո փոխարեն, քեզնից առաջ
ու ավելի դաժան կգնդակահարեն նրան,
ինչպես գնդակահարեցին հորս խաչի վրա,
ինչպես սպանեցին հորդ խաչի վրա

Կալաս, սիրելիս, սիրտս թպրտացող
ձկան պես անհանգիստ է,
սատկացրու նրան,
վերջացրու անվերջ հիասթափությունների
այս երկինքը,
ձմռան սրտի մեջ արնաքամ արա մարմինս,
ու հավատա,Կալաս,
ցուրտ ու փշաքաղվող թևերով,
մեծ ու սև աչքերով,
անմազ ու տխուր,
մենակ ու խելագարված
ագռավուհիները ծնեցին իմ ու քո տղամարդուն

անեծքից հեռու,Կալաս, դու հավերժ ես

խելագարեցնող էս ձմռան մեջ
մի թող ինձ մենակ,
մի մեռիր

ձեռքս աստվածամոր ափերի մեջ,
գլուխս թաղած էս անիծյալ աշխարհի
երկաաաար ձմռան մեջ,
ես աղոթում եմ քեզ,Մարիա

մի հավատա հույներին,
շարունակիր սիրել Հունաստանը,
մոռացիր չծնված զավակներիդ,
ապրիր, Մարիա…

սիրտս բաց է,Կալաս,
աշխարհ եկող թռչնի երազով
խոսիր սիրո մասին,                               
խոսիր նրա մասին, Մարիա

ճապոնացի չղջիկ


աչքերիդ մեջ աճած բարդիները
առյուծի թաթեր ունեն,
կրծքերդ անմխիթար նետված են
մարմնիդ,
կրծքերիդ արանքում Լենոնի սիրտն է

քեզ սիրեցին տղամարդիկ
օտար ափերից,
քեզ խոցեցին ու թալանեցին,
դու նկարեցիր նրան, Յոկո,
ծուռ ու մեծ աչքերով,
ատամները դուրս ցցած մարդակեր,
որ կերավ միայն քեզ,
ու սիրեց միայն քեզ,
ու ատեց ու հրաժարվեց քեզնից

սպիտակ պատերից ներս,
սպիտակ սավանին,
սպիտակ Լենոնը բռնել էր
ճապոնացի ճերմակ չղջիկի ձեռքը,
ու ձեռքը խաղաղությամբ թպրտում էր,
ու ձեռքը խոսում էր կյանքի մասին

դու քո սիրած խաղալիքը,
սրտիդ մեջ ասեղ խրելով,
տվեցիր ուրիշին,
որ հետո հասկանա՝
տերերին չեն լքում

անմխիթար կրծքերով  կին,
լաթի կտորի մեջ սեղմված
ու համակ տխրությամբ լացող
կրծքերով կին,
քո տղան,
քո Ջոնը մեռավ

դու նկարեցիր նրան՝

տաշտի մեջ կուչ եկած
տկլոր Ջոնին,
սպունգը սահեցրիր մարմնի վրայով,
փրփուրի մեջ խեղդվող Ջոնը
տղամարդու աչքեր ուներ,
հասկացար՝մեռնող ու արտասովոր
այս տղամարդը Լենոնն է

ու սիրեցիր նրան ջրի հողող
ու մեռնող մարմնի մեջ

ու հասկացար, Լենոնի թիկունքին խրված,
հինգ փամփուշտից մեկը
դու էիր

կրծքիդ մեջ խլրտաց մարմինը նրա,
կրծքերիդ արանքում նրա սիրտն էր