Հենրիկ Էդոյան / Henrik Edoyan















Մի կենսագրություն, որ կարող էր լինել նաև իմը

Նա եկավ,
հագավ վերարկուն,
բարձրացրեց օձիքը,
կանգնեց անձրևի տակ,
մի սիգարեթ վառեց,
ծխեց,
(մոխրամանում Պրևերի
մոխիրը թողեց),
սպասեց,
սպասեց,
մեռավ:

Առարկաներ

Դու մի փնտրիր անունը առարկաների,
նրանք քեզ կտանեն իրենց լռության մեջ,
և դու կլռես,
չես կարող խոսել,
և կդառնաս առարկա
մակերեսների խորքից նայող:

Վախ և սեր

Երբ նա քեզ հետ է, դրանից
դու ավելի մենակ ես դառնում
քան եթե մենակ լինեիր, սակայն
գիշերը քեզ կանչում է իր համր 
շուրթերով, դու գնում ես
նրա հետ, և քեզ հեղեղում են
ալիքները վախի, բայց միայն
վախն է չափում սերը, հետո
ծնվում է մենությունը երկուսի միջև,
և օտարացման ծառն է աճում դանդաղ
վախի և սիրո պտուղները վրան:

Պարադոքսներ

Երբ խոսքը ուժգին է ու բարձր չափազանց, ես լռում եմ:
Երբ լռությունը չի ձգտում բառերին, ես խոսում եմ:
Երբ անհայտն ավելի անհայտ է դառնում, ես նրան ճանաչում եմ:
Երբ աշխարհը վազում է ժամանակի դաշտով, ես կանգնած եմ:
Երբ ժամանակը դառնում է ճահիճ, ես վազում եմ:
Երբ զգացմունքը ողողում է ինձ, ես դատարկվում եմ:
Երբ ասում են -<<որտեղի՞ց ես դու>>, ես օրն եմ ցույց տալիս:
Երբ ջուրը հոսում է անմահ գիտակցությամբ, ես դա չեմ:
Երբ արևն անցնում է ապակու միջով, ես այդ ապակին եմ:
Երբ ապագան դատում է ներկային, ես ներկայի մեջ եմ:
Երբ գույնը անջատվում է իրերից, ես այդ գույնի մեջ եմ:
Երբ ներսուզում է պահանջում խոսքը, ես դրանից դուրս եմ:
Երբ խոսքը հնչում է տերևի միջից, ես ներսուզման մեջ եմ:
Երբ սերը ելնում է ծովից, մարդիկ վախենում են:
Որքան շատ եմ սիրում, այնքան հեռանում եմ:
Ես միայն ինձ եմ նման, բայց ես ինձ չեմ գտնում:
Թե ուզում ես կայնք տալ իրերին, ինքդ իր դարձիր:
Որպիսզի տեսնես հարստությունը, պետք է աղքատ լինես:
Եթե ուզում եմ ասել անասելին, նորից հնարավորն եմ ասում:
Երբ տնից ելնում եմ փողոց, տունը լցվում է, փողոցը դատարկվում:
Անցյալը հիշում եմ, որպիսզի ազատվեմ նրանից:
Որքան մոտենում ես մանկությանդ, այնքան ծերանում ես:
Որքան խավար է սիրո հատակը, այքան լուսավոր է նրա վերևը:
Ով փախչում է մեղքից, նա դրախտ չի տեսնի:
Ես ելնում եմ անվերջ և իջնում, ես Սֆինքսի քարն եմ:
Ես մի հնչյուն եմ սպառնալիքի ու ներման միջև:
Բոլոր իրերը նույն անունն ունեն, ես դա եմ:
Մյուսները վերև են ելնում, ես իջնում եմ ներքև:
Ով ցանում է փոքրը, նա հնձում է մեծը:
Ես ասում եմ՝ խոսքը կդառնա քար, քարը կդառնա սիրտ:
Ես ասում եմ՝ հրաժարվիր խուլ տրտունջներից դժգոհության:
Հույս ունեցողը հույսից դուրս է, հույս ունեցողը՝ հույսի մեջ:
Ես ասում եմ՝ Դոն Կիխոդը նորից բռնվել է խելագարությամբ:
Ես ասում եմ՝ ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես որ կլինի:

Երկու հրեշտակներ

Երկու հրեշտակներ անցնում էին ճանապարհով,
և նրանց ոտքերից մնում էին տառեր
ճանապարհի վրա:
Մի երաժիշտ խոսում է սիրո մասին,
մի կին շիկացած նայում էր նրան:
Ես տեսա իմ կայնքը մի ձգված պարանի պես
և տեսա թռչուններ,
զննող աչքերով: Մի երաժիշտ
խոսում էր սիրո մասին և ասում էր - <<նա լուռ է>>,
մի կին խմում է այդ լռությունից
և քիչ-քիչ հարբում:
Երկու հրեշտակներ անցնում էին ճանապարհով
և նրանց ոտքերից մնում էին տառեր
ճանապարհի վրա:

Այսքան առավոտներից հետո

Այսքան առավոտներից հետո
ցերեկը դատարկ է մնում:
Ցերեկը, որի վրա,
դու ուզում էիր կարել քո խոսքը,
փշրվում է քո դեմ,
և մնում է միայն խոսքը,
միայն խոսքը,
որից դու փախչում ես:
Դու փողոցում կորցնում ես
քո հարստությունը և աղքատանում:
Հետո փողոցի վրա կարելով քո դեմքը
դու հեռանում ես:
Ցերեկը նորից դատարկ է մնում
առանց քեզ: