Վիլյամ Կառլոս Վիլյամս / William Carlos Williams
















Ամառային երգ

Թափառական լուսինը
հեգնանք է
ժպտում այս 
շողուն, ցողաթաթախ
ամառային լուսաբացին.
թափառական ժպիտ՝
անհաղորդ,
անտարբեր, քնատ,-
եթե վերնաշապիկ գնեմ քո գույնի
ու կապեմ երկնագույն փողկապ,
ո՞ւր կհասցնեն ինձ դրանք:

Ամուսնություն

Ինչ տարբեր են այս կինն
Ու տղամարդը այս.
Մի առու է
դաշտում հոսում:

Ձմռան ծառեր

Ավարտված են հագնվելու և հանվելու
բոլոր մանրամասները բարդ:
Հեղուկ լուսինը
մեղմորեն սահում է
երկար ճյուղերն ի վեր:
Իրենց բողբոջները նախապատրաստելով
հաստատուն ձմռան դեմ՝
իմաստուն ծառերը
քնած կանգնել են սառնամանիքին:

Ձմեռնամուտ

Խոնահվել են
քամուց խփված
ծառերը կիսամերկ,
տերևները դողում են չոր
ու հրաժարվում թողնել գնալ
կամ քշվել որպես կարկուտ,
դառնորեն մի կողմ քաշվելով
այնտեղ, ուր
եղեսպակները՝ կարմրաբորբ
ասես երբևէ տերև չունեցած՝
եզրափակում են այգին մերկացած:

Գարնանային փոթորիկ

Երկինքը հանձնել է իր դառնությունը:
Մթության փոխարկված ողջ օրվա միջով
թափվում ու թափվում է անձրևը
ասես երբեք էլ չի ավարտվելու,
իսկ ձյունն
իր գիրկն է փայփայում
Երկրի երեսին
մինչդեռ ջուրը, ջուրը՝
հազարովոր շիթերից
հավաքվում է արագ,
ծածկվում է սևով,
իր ճանապարհն է կտրում
ջրափոսերի կանաչ սառույցի մեջով,
ու կաթիլ-կաթիլ ընկնում թմբի
սմքած խոտերից:





















Խաղաղություն Երկրի վրա


Աղեղնավորն արթուն է,
Կարապը՝ թռչում,
Ոսկին կապույտի վրա՝
Աղեղը՝ մոտենում:
Որս կա երկնքում-
Քնիր հանգիստ մինչ վաղը:

Արջերն անդին են,
Արծիվն է ճչում,
Ոսկին կապույտի վրա՝
Նրանց վարսերը փայլում են,
Քնի՛ր,
Հանգիստ քնիր մինչ վաղը:

Թևերն իրար հյուսած՝
Քույրերն են երևում:
Ոսկին կապույտի վրա՝
Վարսերն են փայլում:
Օձը ոլորվում է,
Օրիոնը՝ լսում:
Ոսկին կապույտի վրա՝
Նրա թուրն է շողշողում:
Քնի՛ր:
Որս կա երկնքում.
Քնի՛ր հանգիստ մինչ վաղը:

Արդարացում


Ինրո՞ւ եմ գրում այսօր.
մեր աննշան մարդկանց
ահավոր դեմքերի
գեղեցկության պատճառով.
սևամորթ կանանց,
ծեր ու փորձառու
օրավարձու
բանվորների համար,
ովքեր վերադառնում են մթնշաղին
դեն գցելու հագուստները.
ու ծեր ֆլորենցիական կաղնու հնագույն
դեմքերի համար:
Նաև՝
ինձ հուզում են ձեր՝
առաջնորդ-քաղաքացիների
դեմքերի հավաքածուները,
սակայն՝ ուրիշ կերպ:

Ազնիվ այր


Ես զգում եմ սեփական մատներիս փաղաքշանքը
պարանոցիս վրա՝օձիքս դնելիս
ու կարեկցանքով մտածում
իմ ճանաչած բոլոր բարի կանանց մասին:

Մտածողը 

Կնոջս նոր մաշիկներն ունեն
վառվռուն փոմփոլներ.
ոչ բիծ կա ոչ հետք նրանց ատլասե երեսին:
Ամբողջ գիշեր պառկած են միասին
նրա մահճակալի տակ:
Դողալով հայացք եմ գցում նրանց կողմն
ու առավոտյան ժպտում:
նայում եմ նրանց ավելի ուշ՝
աստիճաններից իջնելիս,
դռնեդուռ շտապելիս
ու սեղանի շուրջ.
հպարտ շարժվում են
վառվռուն փոմփոլների թրթիռի հետ:
Իսկ ես մտքումս գաղտնի
զրուցում եմ նրանց հետ՝
անբասիր երջանկությամբ:

Հինգշաբթի


Ինչպես բոլորը՝ ես երազանք եմ ունեցել,
որը ոչնչի չի հասցրել
ու հիմա ես անտեր եմ
գետնի վրա աճած ոտքերով.
նայում եմ երկնքին՝
զգալով շորերս ինձ վրա,
մարմնիս ծանրությունը կոշիկներիս մեջ,
գլխարկիս եզրը, քթիցս ներսուդուրս անող օդը-
ու որոշում եմ այլևս չերազել:







Ուղղակի տեղյակ լինես


Ես կերել եմ
սալորները որ սառնարանում էին
և որոնք հավանաբար
պահում էիր
նախաճաշի համար

Ներիր ինձ
սալորներն այնքան համեղ էին
այնքան քաղցր
ու այնքան սառը:

անգլերենից թարգմանեց Արմենուհի Սիսյանը