Երեկո
Իսկ անձրևոտ երեկոն հոգնության մեջ
դեռ անձրևում է երկար:
Ու ծառերն են մերկացած:
Ու սենյակս՝ միայնակ:
Ու նկարներ հնաբույր,
ու այս գիրքը չբացված:
Ու տխրությունն է հոսում իրերի միջով,
ու լցվում է հոգուս մեջ: Ախ, նա, կուզենար,
որ բնությունը երբեք, երբեք ինձ սնող
բյուրեղյա կուրծք չունենար:
Եվ ցավում է իմ սիրտը,
և ցավում է իմ հոգին,
ու թե կանչեմ ես նրան,
բառերը օդում կկախվեն, կմնան օդում,
ինչպես խցանն է մնում ջրերի վրա:
Քո աչքերով եմ հիմա
տանում ես ցավն իմ տկար,
թախիծը իմ անցած,
և նրանք, որ դեռ կգան:
Իսկ անձրևոտ երեկոն գորշ հոգնության մեջ
դեռ անձրևում է երկար:
Գիթառ
Սկսվեց ահա
լացը գիթառի
և լուսաբացի
գավաթը ջարդվեց:
Սկսվեց ահա
լացը գիթառի,
և անօգուտ է
լռեցնել արդեն:
Լալիս է, ինչպես
ջրերն են լալիս,
ինչպես քամին է
ձյուներում լալիս,
և անհնար է լռեցնել արդեն:
Լալիս է անհուն
կարոտը հեռվի-
այդպես հարավի ավազն է հրե
տենչում պաղ շունչը կամելիաների,
այդպես լալիս է նետն աննպատակ,
և երեկոն, որ լուսաբաց չունի,
այդպես առաջին թռչունն է մեռնում
ճյուղին միայնակ:
Օ, գիթառ,
սիրտս, որ հոշոտում ես
հինգ դաշույնի տակ:
Մալագենյա
Մահը
մտնում է, ելնում
պանդոկից:
Սև ձիեր անցան
ու կորած մարդիկ
խորունկ կիրճերով
մութ գիթառների:
Եվ աղի բույր կա
ու կնոջ արյան
բրաբիոններում
տենդոտ ափերի:
Մահը
մտնում է, ելնում է մահը,
ելնում է, մտնում,
բայց չի հեռանում
մահը պանդոկից:
Պոետը խնդրում է իր սիրուն,
որ նա գրի իրեն
Սերն իմ հոգու հոգեվարում է նորից,
զուր եմ մնում ես խոսքերին քո գրած,
ու խորհում եմ այս ծաղկի հետ թառամած.
թե քեզ կորցնեմ, պիտի ապրեմ առանց քեզ:
Օդն անմահ է: Եվ այս քարը համր ու խուլ
չի վախենում ստվերներից, չի փախչում,
ու իր խորքում սիրտը արդեն չի տենչում
սառցե մեղրը, որ լուսինն է ցնցուղում:
Ողջը տարա: Ես երակս հատեցի
կռվում օձ ու ծաղկի, վագռ ու աղավնու,
դու լողացար իմ տաք արյան մորմոքում:
Լցրու ինձ ուրեմն խենթավուն բառերով,
կամ թող, կամ թող ինձ դեռ ապրել անխռով
հավերժ մթին գիշերվա մեջ իմ հոգու:
Իսպաներենից թարգմանությունը՝ Ֆրունզիկ Կիրակոսյանի