Հասմիկ Սիմոնյան / Hasmik Simonyan


Աղոթք
ակվարիումային քաղաք 
բացիր թևերդ
ինձ նման 
և
ինչպես ֆիլմի դանդաղեցված կադր
դեմքիդ անփույթ կհալվի արցունքների պաննոն
բոբիկ ոտքերդ կիջնեն ջրի մեջ
և Հիսուսը երկրորդ անգամ կքայլի ջրերի վրայով
և ցանցը 
ցանցում ձկնորսների կհայտնվես դու
հեքիաթային երկար մազերով
առանց պոչի իսկական ջրահարս

ակվարիումային քաղաք 
բացիր թևերդ
և ընդունիր քո գիրկը անառակ քո դստերը
շիկացած տանիքների լռության մեջ վազող
և փողոցների
գոլորշու պես բարձրացող տաք աղմուկը
հեքիաթային երկար մազերին
38 համարի կոշիկի մեկը կորցրած
կիսափուչիկ վարդագույն վերարկուով
անառակ քո դստերը ընդունիր քո գիրկը քաղաք
և հեռացիր պատուհաններից
դրանք նետվելու համար չեն

տանիքները
հորիզոնով ծանրացած տանիքներին թող քո վազքը
և ցանցը
քամուց փռփռացող ցանցը
մարմինդ որ դեռ հավատում է հրաշքների
գոռա բարձրաձայն բոլոր մեռյալների անունից
դանակ-գդալի նման իրար կողքի քնած մարդկանց
ստիպիր արթնանալ
ստիպիր շոշափել դեմքերին անփույթ հալվող արցունքների 
պաննոն
և վերջապես աղբարկղը նետիր
մանկական հիստերիաների պես կրկնվող գիշեր-ցերեկը
տոների ծերացող հերթափոխը
սատկած թռչուններին
ձկների փշերը
մարմնիցդ քամված մեղքն ու դեղին տերևները

ակվարիումային քաղաք
բացիր թևերդ
և ընդունիր քո գիրկը անառակ քո դստրերին
հեքիաթային երկար մազերով
38 համարի կոշիկի մեկը կորցրած
վերարկուով կամ անցանց


*
առավոտ 07:20 անկողին
սիրային ոտանավոր
օրվա պատուհանը շրջանցող ծիծեռնակի պես
մտքերդ դանդաղ մերսող ատամնացավ
դանդաղ կյանք որ մերսում է մարդկանց

սկզբում սերն էր
հետո խղճահարությունը
հետո ամեն ինչ անորոշ էր շատ
ու կինը բաժանվեց չստացած գիշերներից
զարդուցիչի ձայնով սկսվող ու տեղնուտեղը վերջացող
առավոտներից
ամեն ինչով գործազուրկ ամուսնուց

կինը մնաց կին
կինը մնաց ծննդաբերությունից մնացած հետքերի
օրվա հետ
ինչ տարբերություն առավոտ թե
07:20 անկողին
կանգնեց ձգեց գոտին նստեց ծխեց կանգնեց
                                                  քայլեց հետ եկավ
(ինչ-որ մեկը լվացքը հավաքեց առավոտ է 07:28)
նստեց հայացքը գնաց հեռու
հետո ինքն էլ գնաց հայացքը հետ բերելու ու չեկավ
կանգնեց կանգնեց գրկեց բաց թողեց
լինեիր դիակ
գնա մեռի արի սիրեմ
բաց թողեցիր գնացի չեկա
ու կինը մնաց

իջանք աստիճաններով
կանգառով փողոցով
փակ բաց խանութների դռների կողքով
շենքերի բակով
գրկիր ինձ
զոմբիացած
ապշած
շոկի մեջ
խղճահարությունից դրդված
անորոշ
կշտացած հիասթափությամբ
անտարբերությամբ
մայթով բաց թող ձեռքս
սոված սրտով տանը
նստեցի գրելու
կանգնեց նկարելու
ամբողջ գիշեր
մինչև առավոտ
07:34
մեր սերերի մասին չստացված հետևաբար մեզ միշտ շատ մոտ
ու կինը մնաց երկուսի փոխարեն պարտվելու

ծննդաբերությունից մնացած հետքեր
փոքրիկ ծիծեռնակների պես թափառող մարմինդ երկնքում
դանդաղ կայնք
առավոտ
դանդաղ կյանք

*
Ես չգիտեմ ինչպես ապրել, աղջիկ,
այս քաղաքում, ուր մոլեգնում է նոյեմբերի թախիծը...
պատուհանիս տակ հարբած ուրվականները թափառում
են ձմռանը,
և մեռելներն ինձ ուղեկցում են մնիչև շենքի բակ,
աղջիկ ես, կին ես, ինչ ես, լսո՞ւմ ես,
ես մենակ եմ հիմա...

Ես միայն մի առասպել գիտեմ.
պատուհանից կթռչեն մարդիկ՝ թարգմանելու քաղաքը,
խոնավ փողոցներով կվազեն գժանոցից փախած
հիվանդները,
և դեղահաբերի հոտից թմրած ծառերը կքայլեն...

ես միայն մի առասպել գիտեմ.
այս քաղաքում մոլեգնում է բանաստեղծությունը:
ու ես գիտեմ, որ մարդիկ թռչում են, բայց չեմ հիշում՝ ոնց...

գժերը թավալվում են ձյուների մեջ,
ես ոտքերով դոփում եմ գետնին,
նոյեմբեր է,
թախիծ է ու տոն,
ու ես չգիտեմ՝ ինչպես ճիշտ ապրել...

աղջիկ ասաց չար ձայնով
ուրիշ քաղաքի մի հին ուրվական,
քո խելքի բանը չի պոեզիան,
էսօր տոն է, արի գինի խմենք
ու մեռնենք ևս մի օր

այս քաղաքում,
այս քաղաքի սեղանների տակ շարվում են դատարկ շշերը
իմ սիրած մեռելը պառկեց մերկ աղջկա կողքին,
ու ես հեծկլտում եմ մինչև շենքի բակ
ու սեղմում բռունցքներս ճակատիս
մենակությունս՝ գինեհոտ ու կեղտոտ
ո՞ւմ գլխին ջարդեմ հիմա...

քաղաքում մոլեգնում է իմ սիրտը՝ դատարկ շիշ,
ուր որ է կբացեմ պատուհանը,
և նոյեմբերյան անձրևը կներծծվի ոտքերիս մեջ,
ուժեղ, շատ ուժեղ կթափահարեմ թևերս,
և հինգերորդ հարկից քաղաքը ավելի հին կթվա,
քաղաքին թարգմանելը՝ դժվար,
բայց ես ուժեղ, շատ ուժեղ կթափահարեմ թևերս,
որովհետև գիտեմ, որ թևեր ունեմ,
և մարդիկ թռչում են,
հետո ի՞նչ, որ չեմ հիշում՝ ոնց...

նոյեմբեր է, թախիծ է ու...


*
եղունգի ծայրով գծում եմ գորշ հմայքը
քաղաքի ներկած հին նստարններին
ծնունդդ շնորհավոր պապ
և
ներիր
իզալենթով ամրացված անհաջողությունների համար
ես դրանք նորից գողացել եմ
անգույն ստի ու սենտիմենտի կիսակառույց
աշտարակները ամբողջացնելու համար

այս ամառը մեր հագով չէր
այս ամավա շոգին մեզ նորից խափեցին պոնչիկով
ծխախոտի տեսքից խելքներս չավելացավ
ու մենք առաջվա պես ատում ենք մոխրամնները ու գարեջուրը
միայն մատները ղարաբաղի սահմանագիծը հիշեցին
նաև անձրևի մրսող ակորդները փշաքաղված մաշկին

ես ծիծաղեցնում եմ Աստծուն
ու սարսափելի վախենում պա գիշերվա բաց լուսամուտներից
ներիր եթե կարող ես
պարզապես քո դուստրը անհաջողակի մեկը դուրս եկավ
և ատամները անզորությունից կրճտացնելուց բացի
ավելի լավ ոչինչ չի ստացվում նրա մոտ
բոլոր խեղկատակների կարիերան երևի հենց այսպես է սկսվում

ես հարգում եմ Աստծուն
նրա մտադրությունները իրենից բարի են
թեև հաճախ է ինձ ցավեցնում
ինչպես բոլոր վերևում գտնվողները
որ շարունակ հավատացնում են թե մեր կողքին են մեռածների նման
պապ
մենք չկարդացած հագուստների նման
ուրիշներինն ենք դառնում

փոխում եմ գույներս փողոցի լուսացույցից արագ
փորձում ծիծաղելով հեռանալ

չէիր սպասում
գիտեմ


*
շոգի մեջ ստվերները հետ-հետ էին քաշվում
ես աչքերս փակ գնում եմ նրանց հետևից ու հասնում մանկությունից ներս

գյուղ շիկացած տանիքներ քարե ցածր աստիճան շուն
շների արտասահմանյան անուններ ոնց որ ջոնիի անունը
Ջոնի
կանաչ խոտերի մեջ տատդ աքլոր էր մորթում
մատաղ
արյունով խաչ էր արել ճակատիդ
ու դու ժպտում էիր
հետո քո ընտրած ամենասիրուն աքլորի գլուխը
խոտերի ու արյան մեջ տեսար
զգացիր մահը ու փախար հեռու
չոր խոտերի դեզի մոտ
ուր քեզ գտան
շոգի մեջ դու խոսում էիր ստվերներիդ հետ

կացինն ու շոգը
որ իջնում են անաղմուկ ու նուրբ
գիլյոտինի պես որ գրեթե չի հպվում մարմնիդ
որ գործում է անաղմուկ ու ակնթարթորեն
խլացնելով
միջնադարյան թամաշան տանջանքների

միջնադարյան կովկասի ժողովուրդ
քրիստոնեական մատաղն ու
մահմեդականների կուրբան-բայրամը
մզկիթներում մորթած անասուններ
ջրի հաստ շեթերով մաքրվող մզկիթ
ու փողոցներով հոսող արնախառը ջուր

դու շատ փոքր էիր
չալմայով ծածկված մարդ հետ անցնում էիր փողոցով
երբ արնաջուրը սղաց ոտքերիդ տակով
դու վախեցար ու ճչացիր
պատերազմ էր շուրջբոլորը
ռմբակոծություններ
դու պատկերացրեցիր քեզ ու մորդ մորթած
ու ճչում էիր

հետո մորդ ստվերը խոսեց քեզ հետ
նրա ստվերը մոտ էր հողին
խոսում էր կյանքից ու սիրում էր կյանքը

ալլահ ակբար կրկնեց մայրդ
նրա ստվերը երկար էր ու ձգվում էր դեպի մահը
ալլահ ակբար շարժվեցին շուրթերդ ու դու զգացիր որ
աստված շատ մեծ է

հետո մի օր հայրդ չվերադարձավ իսկ աստված էլի մեծ էր
դու էլի շատ փոքր

շոգ
գիլյոտինի պես
արագ
հատու
նուրբ ու անաղմուկ կյանքի պես ինջնող շոգ
ու թունավոր կանաչ խոտերի մեջ նետված կյանք
ամէն

*
նստեցի քո առաջ
և վարդը մերկացավ սիրուց
սեղանի մենակության մեջ և ալկոհոլի
որ ցնդում էր անթերթիկ ձանձրույթի ծնկներում

ես հոգնել եմ
քո մեծամտության շուրթերը համբուրելուց
վախով լցված ձեռքերի մեջ ինձ ուժեղ զգալուց
երևի նայեմ պատուհանից
որովհետև դռների մեջ սեղմված քմծիծաղի ստվերոտ անկյունում
ես նկարել եմ քեզ ամենաանտաղանդ կավիճով

լինել հոգնած և մտածել քո մասին նստած ծնկներիդ
մոռացկոտ ներկել շուրթերը
հագնել կոշիկներն ու նետվել դուրս դրանք մաշելու
առանց քեզ

մոռացա քեզ զգուշացնել որ տանել չեմ կարողանում
բոլոր տեսակի կանացի վերնաշապիկները
դրանցից պոկված կոճակների հոտ է գալիս
և տղամարդու օծանելիքի
որ լվանալուց հետո ավելի ես զգում
դու իմ ամենահիմար վերնաշապիկն էիր իմ սեր

երևի փակեմ վարագույրները
մարդիկ ուզում են քնել վախերով լցված անկողիններում
լույսը շփոթեցնում է նրանց
ծանր ռոքը ավելի շատ
ու կոնյակով թեյի վայելումը քո ներկույությունն է ակնկալում
նրանց և իմ առավել քան հիվանդ երևակայության մեջ

երևի գնամ քո մասին երազներ նայելու
կծկվելու անգույն սարսափներով լցված անկողնում
փնտրելու ձեռքերդ որ չեղան
որովհետև վախենում էին կամ են

ավելի ուշ պատերի հետևում սպսող հարևաններին կհայտարարեմ
որ անհոգ գնան քնելու
որովհետև բաժանորդը այլևս անհասանելի է
կամ գտնվում է եզրածածկույթից խիստ ներս























*
ջրերի մեջ ծեծված մատներով տող գրելը
կորցնելու հաջորդ քայլն է

որոնեմ զքեզ, տող
ու ջուրը գցեմ
արած լավության պես

ունենամ քեզ շատ աշխատավարձի նման
և խանութները լքեմ գների տեղատարփից չհուզված

հագնեմ քեզ նոր կոշիկի պես
ու մաշեմ՝ ընթերցողի աչքի վրա

մանավանդ, որ գիշերն անձրև է եկել
ես քնած-քնած
մի տող
կանաչու հետ եմ տապակել
թևիցս քաշող մեկին լավ քամել-փռել եմ պարանից
երրորդին դնգստել եմ ավելով՝ կեղտ-փոշու մեջ
չճանաչելով

հետո մի երկու շենք էն կողմ
կուշտ ու կուռ կերած մի շուն ձենը գլուխն է գցել
տողերս թողել եմ տանն ու վազել դուրս՝
դաս ու գործի
սիրել-սիրվելու

և օրն էլ ապրիլ էր՝ սենտիմենտով, քաղցր ու տհաճ քաղցր
չարդուկված շորի պես, չծխված ծխախոտի
չունեցած կրքի
դառը սուրճի ու մորս լացի պես…

էհ, ունենեայի քեզ, տող, ու ինձ լավ զգայի
բայց ես զանգում եմ մորս ու հարցնում
թե եկուշաբաթի զատիկի չամով փլավը ոնց սարքեմ
սոխի կճեպով ինչքան հավկիթ ներկեմ…

ձայնս գլուխս գցած
իմ հանարապետությունում հայտարարված է լավցք

գիշերվա հազարին ոտքի թաթերի վրա ներս է սողոսկում
տողս ու ասում,
որ սոված է,
որ ինտերնետում ոչ մի հետաքրքիր բան չկար
որ վաղը գնում ենք կինո նայելու

հետո մատները խրում է մատներիս մեջ
ու շշնջում ականջիս, որ կսպանի ամուսնուս
ես ծիծաղում եմ ու ձեռքի հետ մտածում,
որ եթե այսպես շարունակվի, ես կմնամ տանը,
իսկ տատս չի զլանա կրկնել, որ իմ տարիքում երեք երեխա ուներ…





բանաստեղծությունները Հասմիկ Սիմոնյանի 
<<թափթփված սենյակներ>> գրքից են