Դենիզա Լևերտով / Denise Levertov























      Ճաշակեցեք և տեսեք


Աշխարհը
դեռ մեզ հետ չէ հիմնովին
-ճաշակեցեք և տեսեք*-
հուշում է մետրոյի ավետարանական պլակատը
ենթադրելով Աստված
և այն ամենը որ ապրում է
որ համտեսելի է երևակայական քիմքի համար

վիշտ խոսք գթություն
մանդարին եղանակ
շնչիր այդ ամենը կծիր
ըմբոշխնիր ծամիր կուլ տուր դարձրու այն

մեր մարմինը մեր
մահը փողոցի անցումը սալորը սերեկևիլը
որ ապրում են այգում և քաղցի պահին
պոկիր ճյուղից
միրգը

       Ինչպես նրանք մեռան

Օսիպ Մանդելշտամ
1
Կիսաեփ
ջրի բաժակով
կիսատաք
վառարանի
կողքին
նստած է նա

Ավինյոնում գրված
երկու կանաչ պատկեր
Լաուրա և դափնի
և
երբ մեռյալ
հունվարի խորքից
եկավ կանաչաթիկնոց մահը
տասը հազար մղոն
գնացքով և ոտքով
նա ձգտել էր գտնել այդ սահմանը
և մի կողմ քաշվելով
բանաստեղծը տեղ տվեց նրան կրակի մոտ
ողջունեց հյուրին
և հարցրեց ինչպես են
հեռուներում կորած հարազատներս

Սեսար Վալյեխո
2
Ճչած կրքոտ
մահը ականջին
որ ընկալում էր
ամենանուրբ և մեղմ
արցունքը որդերի
և հիացմունքը ճպուռների
և նույն հարգանքով
ինչպես վարվում էր
ամեն մի կենդանու
և խեղճ ու կրակ էակների հետ
որի մաշված կոշիկները
սայթաքում էին ամեն քայլին

            Այդպես
            Վալյեխոն հարգանքով բարևեց նրան
և սև շնչից չընկրկելով ոչ մի պահ
ձեռք տվեց
և մեկնեց այնտեղ որտեղից եկել էր
կտրուկ թեքվելով անկույնը փողոցի
























Օրն է սկսվում

Սկյուռի անգլուխ մարմին
արյունը դեռ հոսում է
անհավասար կտրված կոկորդից
ընկած է թրջված խոտի վրա
ցախատան դռան կիպ կողքին

Իսկ ճանապարհի երկայնքով
այգաբացին բացվել են
առաջին հիրիկները
պարուրված են
մանուշակագույն երանգով
որ բնորոշ չէր այդ ծաղիկներին

Նաև կիսաթափանցիկ-մոխրագույն են նրանք
իսկ մուգ միջներակը
արնակարմիր-կապույտ

      Երգ իշտարի համար

Լուսինը խոզ է
և խռնչում է կոկորդիս մեջ
նրա լույսը կտրում-անցնում է մարնիս
և կավը իմ սնամեջության
շողում-ճայթում է
արծաթ պղպջակներ սփռելով շուրջը

Լուսինը խոզ է
իսկ ես խոճկոր ու բանաստեղծ

Երբ նա բացում է սպիտակ
շուրթերը որ խժռի ես
պատասխանում եմ նույն ձևով
և քրքիջը ցնցում է լուսատուն

Ցանկություն խավարում
խռնչում ենք ճոճվում
և շողում
թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյան